«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

2008-ից սկսվեց մեր անկման ու ինքնասպանության վերջին փուլը

2008-ից սկսվեց մեր անկման ու ինքնասպանության վերջին փուլը
14.07.2023 | 08:20

Քանի դեռ կրքով-ցասումով, սկզբունքային ու անշիջելի ատելությամբ ենք նայում նախկիններին, քանի դեռ յուրօրինակ ուրախությամբ, խանդավառությամբ ու անմիտ ոգևորվածությամբ մեղադրում ենք նախկիններին, ուրեմն չենք զղջում, որ թավիշներ բերեցինք երկրի իշխանության գագաթ, ուրեմն չի եղել ու չկա «ապաշխարած հեղափոխական»:

Գործակալ ընդդիմադիրներն անընդմեջ, հետևողականորեն մարդկանց գլխին կաթեցնում են այս միտքը.

- Նախկիններն իշխանությունը կամովին հանձնեցին թավիշներին, ընդ որում թավիշներ սնեցին ու աճեցրին հենց նախկինները՝ Կրեմլի պատվերով. Սերժի ու Կրեմլի նախագիծ թավիշները, Սերժի անմիջական ցուցումներով ու հրահանգներով, ձեզ խաբեց, մոլորեցրեց. հիմա էլ երկիրը կառավարում է Սերժը՝ Պուտինի պատվերով. իսկ դու, ժողովո՛ւրդ, անմեղ ես, նախկիններն ու ռուսներն են մեղավոր, դու, Սերժից ու Սաշիկից հոգնած, զզված, պայքարում էիր հանուն արդարության ու բարեկեցության, հանուն ազգի ու երկրի փրկության, հանուն արժանապատիվ ու հայեցի կյանքի, բայց քանի որ միամիտ ես, այս անգամ էլ խաբվեցիր:

Այնքան միամիտ ես, որ պատերազմում ծանր պարտությունից հետո էլ՝ արտահերթ ընտրություններում, թավիշ ընտրեցիր. Նիկոլի մասին և՛ ասացիր՝ Սերժի դրածոն է, և՛ ասացիր՝ լավատես եմ, վստահում եմ... նախկինների վերադարձ չի լինելու:

Մարտակերտցի երկու երեխաների առեղծվածային մահվան մասին հազվադեպ խոսելիս հռետորական հարց են տալիս՝ մի՞թե Հայաստանի իշխանությունները մեղավոր չեն. բայց ոչ ոք չի հարցնում՝ իսկ Հայաստանի այս իշխանությունները որտեղի՞ց եկան և ինչպե՞ս դարձան իշխանավոր. բանից պարզվում է՝ տարիներ շարունակ՝ 2008 թ-ից սկսած, մեծ խանդավառությամբ ու ոգեշնչվածությամբ ամեն տեսակի ստորություն, նենգություն անելուց հետո, առարկողներին մոլեգնաբար հայհոյելուց, պարսավելուց հետո, «Հայաստանը ես եմ», «Մենք ենք տերը մեր երկրի», «Պետք լինի՝ Նիկոլին էլ կփոխենք» և նման բաներ գոչելուց հետո բավական է ասելը՝ միամիտ եմ, ինձ կրկին խաբեցին... Այդպիսով՝ ամբողջ պատասխանատվությունը թոթափում ես քո ուսերից. ամբողջ արածդ արդարացվում է, կերածդ մարսում ես, զվարճանքդ անխափան վայելում ես:

Մոտավորապես 100 տարի առաջ էլ է նույնը եղել՝ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք պատասխանատվության չկանչվեց,- հառաչում է Թումանյանը: Ենթադրաբար՝ 200, 300, 600,1000 տարի առաջ էլ են եղել նման բաներ:

«Լավատեսորեն սպասելու», «թավշյահեղափոխականներին վստահելու» փուլում էլ էին անխնա մեղադրում «անհամբերներին», թե՝ երկիրը քսան տարի քանդել են, 1-2 տարվա ընթացքում ավերակները վերականգնել հնարավոր չէ...

թուրքերը կրակում էին համարձակորեն ու անխնա, դիրքերն առաջ են բերում ինքնավստահորեն, իսկ գիտակից քաղաքացին տեղեկացված էր, ուստի և համարձակորեն հայտարարում էր՝ որովհետև նախկիններն արդեն թուրքերի հետ պայմանավորվել էին, որ այսպես պիտի լինի:

Թավշյա հեղափոխությունից նույնիսկ երկու տարի անց «էշի չափ» մարդիկ զռնչում էին՝ դու տեղյակ չես, ես տեղյակ եմ՝ Սերժը երկրի բյուջեն իր հետ տարել է...

Թե երկրի բյուջեն ինչ է, չէր հասկանում ու մինչև հիմա էլ չի հասկանում, բայց ինքնավստահորեն բառաչում էր ու պետք լինի՝ էլի կբառաչի՝ նախկիններն իրենց հետ տարել են...

Այսպիսին միամի՞տ է, սուրբ պարզամի՞տ է, անմե՞ղ է, թե՞ լկտի անասուն է. ինքը չգիտե՞, որ տգետ է և որ ոչ մի բանից էլ տեղյակ չէ, հապա ինչպե՞ս է լինում, որ գոռում է, գոչում է՝ գիտեմ, տեղյակ եմ...

Սա՞ է անմեղությունը, սա՞ է կոչվում միամտություն:

Չէի՞ն լսում, որ Նիկոլի «հազարավոր նոր աշխատատեղերը» անտառում է՝ հատապտուղ քաղելու վայրում, նաև իրենց բնակարաններում՝ ոչխար պահելու վայրում. տեղյակ չէի՞ն, որ թավիշները հայտարարեցին՝ առայժմ թոշակն ավելացնելու հնարավորություն չկա. հետո էլ՝ թոշակը 3-4 հազար դրամով ավելացրին և ասացին՝ ահա՛, այլևս չքավոր չես, աղքատության շեմն անցար ու 18-20 հազարանոց նպաստից զրկեցին. թե՝ ծույլ եք ու անբան, աղքատությունը ձեր գլխում է...

Լավատեսները չտեսա՞ն, որ սփյուռքահայ ներդրողները չեկան, բայց հնդիկներ լցվեցին երկիր. չիմացա՞ն, որ երկրի արտաքին պարտքն ու պաշտոնյաների աշխատավարձը սրընթաց աճում է. լավատեսները միայն տեսնում էին, որ նախկինները բանակի համար ներքնաշոր ու ելակ չէին առնում, բանակին երեք տեսակի աղցան չէին մատակարարում: Բոլորը խիստ լավատես էին ընդհուպ պատերազմի ավարտը. պատերազմի սկզբին թավշյա Նիկոլն ազդարարեց՝ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք համարի:

Իմ հրամանատարական կարողություններին չկասկածեք:

Վերջում էլ հայտարարեց՝ որոշումները գեներալներն էին կայացնում, ես Երևանում էի... հազիվ 25-35 հազար զինվորի շրջապատման մեջ ընկնելուց փրկեցի:

Իսկ պատերազմից առաջ 5 գունդ ո՞վ կրճատեց, գնման ենթակա զենքերի տեսականին ո՞վ փոխեց. պարզ չէ՞, որ նախկիններն ու Պուտինն արեցին՝ Նիկոլի ձեռքով:

Միշտ գիտակից, միշտ ինքնագոհ, միշտ ինքնավստահ և ամեն ինչից միշտ խորապես տեղյակ քաղաքացին հիմա էլ հպարտ-հպարտ հայտարարում է՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում:

Սա միամտությու՞ն է, սա անմեղությու՞ն է. այդ նույն մարդը հայտնի գրությամբ գլխարկով, Նիկոլի նկարով մարզաշապիկով հանդիսավորապես ոռնում էր՝ բանակ չունենք, տնտեսություն չունենք, թոշակառուները, բազմազավակ ընտանիքները սովամահ են լինում, մարդիկ անհետաձգելի վիրահատման համար փող չունեն, արտաքին պարտքն ավելանում է, Արցախը ծախում են, ժողովրդավարություն չկա, կանանց իրավունքները ոտնահարվում են, մարդու իրավունքները ոտնահարվում են, ծառ են կտրում, սկյուռիկ ու նապաստակ են սպանում... հա՜յ-հավա՜ր, հասեք, երկիրը կործանվում է... ես էլ գիտակից ու ըմբոստ քաղաքացի եմ:

2008-ից սկսվեց մեր անկման ու ինքնասպանության վերջին փուլը, երբ «ամեն տեղ լավն էլ կա, վատն էլ», «ամեն ինչ աստիճանաբար լավանում է», «պետք է սերունդներ անցնեն, արժեհամակարգ բարելավվի» ասողները մի շաբաթվա ընթացքում դարձան բուռն ու կրքոտ հեղափոխական, թե՝ ժողովուրդը սովամահ է լինում:

Այս բացահայտ ստախոսությունը միամտության ու անմեղությա՞ն դրսևորում էր:

Քանի դեռ շնչասպառ լինելով մեղադրում ենք նախկիններին, մեղքի ու պատասխանատվության ամբողջ բեռը գցում ենք նախկինների վրա, ուրեմն չենք զղջացել մեր անամոթ ստախոսության, զրպարտությունների համար. հիմա էլ նույնքան անամոթաբար չքմեղանում ենք: Քանի դեռ մեղադրում ենք ռուսներին, քանի դեռ ոմանք մի շնչով արտասանում են՝ մասոնները, սիոնիստները, Հռոմի Պապը, Անգլիայի թագուհին, Չինգիզ խանը և այլն, և այլն, ուրեմն «ապաշխարած հեղափոխական» չկա ու չկա:

Կա սնապարծ, ինքնագոհ, հայհոյախոս, ճշմարտության ու արդարության վրա թքա՛ծ ունեցող, ճշմարտության բացահայտմամբ չշահագրգռվող, դիվայնացած, անասնացած զանգված:

Մի քանի օրից՝ Վարդավառին, իրար կջրենք վայրենաբար ու կասենք՝ այս ջուրը օրհնություն է:

Բայց հենց մեկը հայտարարի՝ քրիստոնեությունը մեր բոլոր դժբախտությունների պատճառն է... այն բնակչությունը, որի

92-94 տոկոսն ասում է՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ, համոզված ու վճռական թվացողի նկատմամբ անասնական վախից ու հաճոյանալու, քծնելու տենդով բռնված՝ կձայնակցի, կհաստատի և կբառաչի՝ քրիստոնեությունը քանդեց մեր հեթանոսական շեն ու շքեղ տունը, աշխարհակալ պետություն էինք, դարձանք ոչինչ:

Կզռնչա՝ Լուսավորիչն ու Տրդատը քանդեցին Գառնին:

Թեև Գառնին քանդվել է երկրաշարժից՝ սուրբ Լուսավորչից ու սուրբ Տրդատից մոտավորապես 13 դար հետո. բայց գիտակից քաղաքացին միշտ իրավացի է, դրա համար էլ ոռնալով կհայտարարի՝ Լուսավորիչին ու Տրդատը հայկական գրերը ոչնչացրին:

Թեև անհնար է, որ գրեր լինեին և այնպես ոչնչացվեին, որ 100 տարի անց՝ 405 թվականին, այդ գրերից հետք մնացած չլիներ՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Պարսկաստանում, ո՛չ Հռոմեական կայսրությունում. եթե գրեր ունեինք, հապա ինչու՞ Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին արձանագրության մեջ նաև հայերեն չի գրվել, բազում սեպագիր արձանագրությունների հետ գոնե մի տող հայերեն արձանագրություն չի գտնվել առ այսօր. բայց դա կարևոր չէ, գիտակից ու տեղեկացված քաղաքացուն, բացի թվացյալ ուժեղին հաճոյանալուց, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում ու շահագրգռում. շողոքորթում է, համամիտ է ձևանում, որ իր կաշին ազատի հայհոյանքից. ասում է՝ թքած ճշմարտության, տրամաբանության վրա, ես հայհոյեմ, մեղադրեմ, որ ինձ չհայհոյեն, պաշտպանվելու ամենալավ եղանակը հարձակում լինելն է, առաջինը ես պարսավեմ, որ ինձ պարսավանքի, թուքումրի հեղեղի տակ չգցեն:

Մինչդեռ հենց այսօր էլ թուրքերը կարող են հարձակվել մեզ վրա, ցավոք, նույնքան անպաշտպան ենք, որքան երեք տարի առաջ, և նույնիսկ ավելի անպաշտպան ենք, քան երեք տարի առաջ, քանի որ հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք տվեցինք թուրքին, թուրքն ունի հոգեբանական առավելություն, այսօր մենք Ռուսաստանի հետ ավելի վատ հարաբերություն ունենք, քան երեք տարի առաջ. ասել են՝ այս պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը չենք, արդարամիտ ենք և ուկրաինացիների, Արևմուտքի կողմից ենք:

Անօդաչուի այն տեսակը, որ ծակեց Շուշիի եկեղեցու գմբեթը, կարող է մի ժամ հետո ծակել նաև սուրբ Սարգիս եկեղեցու գմբեթը.

- Բայց եկեք վատ բաներ չասենք, որպեսզի վատ բաներ չլինեն, ես տեղյակ եմ՝ մտքերը կանխորոշում են ապագան, եկեք լավատես լինենք, լավ բաներից խոսենք, որ լավ բաներ լինեն:

Արմեն ՔԵՇԻՇՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2004

Մեկնաբանություններ