Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Լուծում միշտ կա, եթե լուծում ցանկանում ես գտնել

Լուծում միշտ կա, եթե լուծում ցանկանում ես գտնել
15.01.2023 | 10:45

Անընդունելի են ու հակահայկական են Ն․ Փաշինյանի մտքերը, խոսքերն ու գաղափարները։ Նա իրավունք չունի շարունակել որևէ բանակցություն, նա չի ներկայացնում հայ ժողովրդի կամքը, իսկ եթե հայ ժողովուրդը շարունակում է հանդուրժել նրան, ապա մոտակա նոր պատերազմի աղետալի հետևանքները մեզ համար լինելու են հերթական պատմական դասը։


Միջազգային հանրությունը, այո, չի ընդունել Արցախի անկախությունը, բայց այն նաև չի ընդունել Արցախի բնակչությանը տեղահանելու Ադրբեջանի իրավունքը։ Որևէ երկիր իրավունք չունի վերջնագիր ներկայացնելու՝ դառնալ քաղաքացի կամ լքել երկիրը։ Դա չլսված վայրագություն է հենց նույն միջազգային հանրության համար, ինչու՞ դրա մասին չի խոսում Ն․ Փաշինյանը։


Աշխարհը չի ընդունել զենքով հարցեր լուծելու քաղաքականությունը, բայց ընդունում է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքները, քանի որ միջազգային հանրություն կոչվածը պետություն չէ, միատարր զանգված չէ, այն չունի բանակ կամ զինված ուժեր և չի կարող պարտադրել իր կամքը։ Այն ընդունում է ուժեղի լուծումները։
Իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքը որևէ մեկը չի վերացրել, այն ունի, սակայն, զենքի ուժով պաշտպանության կարիք։


Ռուս խաղաղապահները Արցախից հեռանալու են, այսպես թե այնպես, ուստի Արցախը պետք է ինքնակազմակերպվի, զինվի, հզորանա ու դիմակայի՝ անկախ ամեն ինչից։
Որքան էլ տարօրինակ կարող է թվալ, բայց աշխարհում չկա որևէ հստակ կանոն, բացի ուժից կիառումից կամ դրա սպառնալիքը ցուցադրելուց. ըստ էության, ամեն ինչ կախված է քո տնտեսական ու ռազմական ուժից։ Նույնիսկ ԱՄՆ-ի նման հզոր երկիրը կիրառում է ուժ կամ ուժի սպառնալիք, ռազմական կամ տնտեսական, իր հակառակորդներին զսպելու համար։
Նիկոլը իր քաղաքական տկարությունը և իր տնտեսական ու ռազմական սնանկությունը փորձում է արդարացնել միջազգային հանրություն եզրույթով, հայտարարելով, թե միջազգային հանրությունը չի ընդունում Արցախը, հետևաբար այն պետք է հայաթափվի՝ ըստ նիկոլական տրամաբանության։


Ինչ է արվել վերջին 5 տարին Հայաստանը տնտեսապես ու ռազմական առումով հզորացնելու համար։ Ոչինչ։ Չեմ ասում՝ վերջին 30 տարում, ասում եմ՝ վերջին 5 տարում, երբ Նիկոլն էր իշխանության։ Այսինքն՝ ներկա թե նախկին, ինչ տարբերություն, ի՞նչ է արվել հզորանալու համար, ոչ մի բան։
Ալիևն իր հարցազրույցում հստակ հայտարարեց (ինչպես միշտ է անում), թե ինչ նպատակներ ունի, հայաթափման ինչ գործիքակազմ է կիառելու, և, ի վերջո, ինչ վերջնանպատակ է հետապնդում Ադրբեջանը արցախահայության մասով, որը հայտի էր դեռ Սումգայիթից։ Բայց այս ամենին Նիկոլը պատասխանում է խաղաղության դարաշրջանի մասին բարբաջանքներով։
Արցախի իշխանությունները ևս անգործություն են դրսևորում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, և թե՛ ռազմական առումով։


Ինչ ենք առաջարկում մենք։
1․ Արցախում ընդունել Զենքի ու Զինապարտությանա մասին օրենք, 18 տարին լրացած իգական և արական սեռի Արցախի քաղաքացիներին օժտել զենք կրելու իրավունքով և ամեն ամիս իրականացնել պարտադիր վարժական հավաքներ։ Արցախը առնվազն կունենա մի քանի տասնյակ հազարանոց մարտունակ զինված միավոր։
2․ Նույն կարգավորումը կիրառել Հայաստանում, ինչը Նիկոլի օրոք բացառվում է, որ իրականություն կդառնա։
3․ Բոլոր հնարավոր, մասնավոր և պետական եղանակներով ու միջոցներով ձեռք բերել զենքի հնարավոր լայն տեսականի։ Արցախը կամ հայաթափվելու է, կամ լինելու է պատերազմ, այո, կրկին լինելու է պատերազմ, և եթե ուզում ենք Արցախը պահպանել հայաբնակ, պետք է զինվել, զինվել և նորից զինվել, 18-65 տարեկան բոլորը պետք է իմանան զենքի օգտագործման կանոններն ու ունենան զենք՝ կցագրված իրենց զինկոմին։
4․ Ալիևի հարցազրույցի մեծ մասը ցեղասպանական նկրտումների մասին խոստովանություն է, մի մասը՝ ազգային հողի վրա ատելության քարոզ։ Միջազգային բոլոր ատյաններում շատ արագ սա պետք է իրավական ընթացակարգ ստանա և ընթացք ունենա։ Ու սա պետք է անի հենց Արցախը։
5․ Այս իրավիճակը պետք է օգտագործել Արցախի անկախություն պահանջելու համար, եթե մայր երկիրը, որի վարչական հսկողության տակ բնակվող էթնիկ խումբը կյանքի ու գոյատևման վտանգ ունի, ապա այն կարող է անկախանալ, միայն զենքի ուժով, ոչ թե միջազգային հանրության ճառերով, ինչպես դա արեցին քրդերը՝ ԱՄՆ-ի օգնությամբ։
Միայն Ռուսաստանի վրա հույս դնելը կատարյալ հիմարություն է այլևս։ Պետք է գտնել Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներ և բոլորից ռազմական աջակցություն ստանալ, ոչ թե խնդրել, այս ստանալ փոխադարձ շահերի վրա հիմնված դաշնակցային կապերի միջոցով, իսկ նման երկրները շատ են։ Ինչն է խանգարում զենքի արտադրություն սկսել, ի վերջո, խոսելու փոխարեն գործ անել, չէ՞ որ ողջ պետական ռեսուրսը և Սփյուռքի աջակցությունը կարող են ստանալ, եթե հայանպաստ մի գործ անեն։


Օրինակի համար ասեմ, որ դեռ 2020թ սեպտեմբերին եմ դիմել ՊՆ՝ զենքի արդադրության համար, բայց որևէ արձագանք չեմ ստացել։ Ու նման անարձագանք դեպքերը չափազանց շատ են։ Ու թող չասեն՝ լուծում չկա, լուծում միշտ կա, եթե լուծում ցանկանում ես գտնել։ Չկա ցանկություն, չկա կամք, ու այդ պատճառով էլ քարոզվում է պարտություն, թուլություն, խաղաղություն։


Հայկ Գրիգորյան

Դիտվել է՝ 11618

Մեկնաբանություններ