ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ինքնորոշման իրավունքի պահանջատեր լինելն ավանտյուրա չէ. Վարդան Օսկանյան

Ինքնորոշման իրավունքի պահանջատեր լինելն ավանտյուրա չէ. Վարդան Օսկանյան
17.10.2022 | 07:32

Այս օրերին Հայաստանում է Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունենում Հայաստանի իշխանությունների հետ։ Անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները ինչ փաթեթավորմամբ կներկայացնեն հատկապես վերջին օրերի բանակցություններն ու դիվանագիտական ակտիվ գործունեության արդյունքները, մեկ բան ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում։ Մի բան, որ, համոզված եմ, Արցախի իշխանությունները շատ լավ հասկանում են։


Հայաստանի իշխանություններն իրենք իրենց խճճել են ադրբեջանական օրակարգային եռանկյունու մեջ՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս, միջանցք և անկլավներ, և փորձ են անում մեկի հաշվին բարենպաստ լուծումներ ստանալ մյուս հարցերում։ Իշխանությունների տրամաբանությունն իհարկե այստեղ հետևյալն է՝ հրաժարվենք Ղարաբաղից, «փրկենք» Հայաստանը։
Խնդիրն այն է, որ Ղարաբաղի իշխանություններն էլ կարծես ինչ-որ չափով մտել են այս տրամաբանության մեջ։ Չնայած դա նշանակում է իրենց իսկ երկրից հրաժարվել՝ նրանք, սակայն, չեն ուզում գնալ որևէ տեսակի «ավանտյուրայի», որը կարող է վնասել Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը։
Իհարկե, Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների նման մոտեցումը ամենակարճ ճանապարհն է Լեռնային Ղարաբաղն անվերադարձ կորցնելու՝ առանց որևէ երաշխիք ունենալու Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության վերաբերյալ։
Այսօր «ավանտյուրան» ոչ թե ինչ-որ քայլ անելը կլինի, այլ ոչինչ չանելը։ Ինչպես նախորդ երեսուն տարում Արցախն իր ֆիզիկական գոյությամբ, տարածքով ու պետական կառույցներով Հայաստանին տվել է անվտանգության լայն պաշար, այսօր ևս Հայաստանի անվտանգությունը շատ բանով կախված է, թե հմուտ և համարձակ ինչ քայլեր կանեն արցախցիները։


Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք ամբողջությամբ կորցրել ենք նախաձեռնությունն ու առհասարակ բովանդակային նարատիվը թե՛ բանակցություններում, թե՛ միջազգային հանրության ընկալումներում․ ինքնորոշման իրավունքն ամբողջությամբ դուրս է եկել բանակցային բառապաշարից։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունների բերանից չի լսվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք բառակապցակությունը։
Ինքնորոշման իրավունքի նարատիվը ամեն գնով պետք է վերականգնել, ու քանի որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են դրանից, դա կարող են անել հենց արցախցիները։


Ինքնորոշման իրավունքի պահանջատեր լինելն ավանտյուրա չէ, եթե դա արվում է խաղաղ, հմուտ և ճիշտ ճանապարհով։ Դա Արցախի ժողովրդի իրավունքն է միջազգային իրավունքի տառին ու ոգուն համահունչ։
Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական չորս նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են։
Առաջին՝ Ղարաբաղում ապրող հայերը ոչ թե Ադրբեջանի կազմում ինչ-որ փոքրամասնություն են, այլ իրենց պատմական հողի վրա ապրող ժողովուրդ, որը էթնիկապես, կրոնով, ավանդույթներով տարբերվում է «մետրոպոլիայից» և ունի ինքնորոշման հավաքական ու աներկբա ձգտում։


Երկրորդ՝ Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզումից հետո, առավել ևս՝ 44-օրյա պատերազմի ու վերջին այս ագրեսիաներով Արցախի ժողովուրդը մշտապես ենթարկվել է Ադրբեջանի վայրագություններին, այլ կերպ ասած՝ շարունակաբար ոտնահարվել են նրա բոլոր տեսակի իրավունքները։
Երրորդ՝ անկախ նրանից, որ Արցախի ժողովուրդը երբեք չի ընդունի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ Բաքուն թերևս հրաժարվում է նրանց առաջարկել անգամ ինչ-որ ինքնավար կարգավիճակ իր կազմում։ Այս մեկը միջազգային իրավունքում հենց այն խախտումն է, որի դեպքում որևէ ժողովուրդ իրավունք կունենա արդեն հռչակելու իր անջատումը կամ ինքնորոշումը։


Չորրորդ՝ հաշվի առնելով բոլոր վերոնշյալ կետերը՝ պարզապես այլ լուծում չկա, քան ճանաչել Արցախի ժողովրդի անջատում հանուն փրկության իրավունքի իրացումը։
Արցախի ժողովուրդը շատ մոտ ապագայում նախ պետք է կազմակերպի առնվազն 50-75 հազար մարդկանց մասնակցությամբ հավաք Ստեփանակերտի հրապարակում, որտեղ հստակ պետք է ասվի և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, և՛ միջազգային հանրությանը, որ իրենք հետամուտ են լինելու իրենց ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Դրանից անմիջապես հետո Հայաստանը ՄԱԿ-ում պետք է նախաձեռնի բանաձևի ընդունում, որով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հայց կներկայացնի Արդարադատության միջազգային դատարան, ինչպես որ արվել է Կոսովոյի դեպքում՝ խորհրդատվական կարծիք հայտնելու, թե արդյոք 1991-ի Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն հակասում է միջազգային օրենքին։


Այսօր տեղի ունեցողի հիմքում ընկած է Ադրբեջանի այն համոզումը, որ ինքն արդեն լուծել է Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն և անցել է իր պահանջատիրությանը Հայաստանից։ Այն պահին, երբ Ալիևը հասկանա, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, և Արցախի ժողովուրդը պարզապես բացառում է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի հավակնությունները Հայաստանից ոչ միայն կնվազեն, այլև կդառնան անիրատեսական։

Դիտվել է՝ 9352

Մեկնաբանություններ