ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հաջորդ կանգառը. Արմեն Հակոբյան

Հաջորդ կանգառը. Արմեն Հակոբյան
12.06.2022 | 10:57

Պողոսը անբացատրելի երջանիկ ժպիտով տեղավորվեց նստարանին:
Կոշտ էր: Բայց ուշադրություն էլ չդարձրեց: Ուրախ էր: Էժանով, կիլոն՝ 1000 դրամով կարտոֆիլ էր ձեռք գցել, ամբողջ երեք կիլո: Ու մի լիտր էլ սփրթնած ձեթ՝ 1500-ով: Եվ դեռ մի քանի հարյուր դրամ էլ մնացել էր՝ վաղվա տրանսպորտի փող:


Պողոսը գրեթե երջանիկ էր: Հարմարավետ, միալար դզզացող, մաքուր ավտոբուս, կապույտ երանգներով, զանազան կնոպկաներով: Ինքը՝ նստած: Բաց պատուհանից, շարժմանը համընթաց, դեմքին խփող գիշերվա զով…
Պողոսն արդեն ձևերը սովորել էր: Պետք էր առջևի դռնից բարձրանալ, վարորդի մոտ դրված արկղի մեջ հարյուր դրամանոց գցել, լսել ծնգոցը, ապա ամբողջ սրահով անցնել վերջնամաս: Ազատ էլ տեղ կար ամենավարջում: Քի՞չ է, որ Պողոսն իրեն երջանիկ զգա:
Կանգառ էր: Երևի: Դուրս նայեց:


Հեռվում ինչ-որ մարդիկ էին, ինչ-որ դրոշներով, ինչ-որ բաներ էին վանկարկում: Քամին պատառիկներ հասցրեց Պողոսի փրչոտած ականջներին. «…կոլ, …վաճան», «…անց .ուրքի …յաստան»: Պողոսը հասկացավ, թե ինչ էին հեռվում վանկարկում: «…անց .ուրքի աստան»-ից բորբոքվեց, ասես դա իր ճակատին էին ճպպացրել: Կարտոֆիլաձեթային երջանկության ալիքները մարեցին…
«Օ՜ֆ, դե նադայել արեցին, էլի էս թալանչի, փողով միտինգ անողները: Թե ասա՝ ուզածներդ ի՞նչ ա, աբրըմ ենք, էլի… Թե բա՝ «առանց թուրքի Հայաստան»: Թե ասա՝ թուրքը ձեզ ի՞նչ ա արել, տունդ ա ձեռիցդ խլե՞լ, թե՞ էրեխեքիդ ա կոտորել: Աբրեք, էլի: Հեսա, ինչ լավ, ինչ հարմար ավտոբուսներ են բերել: Բա առաջ սենց բաներ կայի՞ն…»,-ինքն իր մեջ բորբոքվեց Պողոսը, «դուխը» տեղն եկավ ու, մի կարևոր բան արածի զգացողությամբ, սկսեց տնտղել սրահում գտնվողներին:


Բոլոր նստածները, ասես՝ մեկ մարդու նման, գլուխները կախ, խորասուզվել էին իրենց տափակ հեռախոսների մեջ, մեկը խաղում էր, մեկ ուրիշն ինչ-որ տեսանյութ էր դիտում, երրորդը մատներով արագ շարժումներ էր անում…


Մի երիտասարդ աղջիկ հեռախոսի պատյանը փակեց: Պատյանի վրա սոսնձված դրոշը Պողոսի աչքը ծակեց: «Հա՜, սա դրանցից է…»,-արձանագրեց Պողոսն ու միայն այդ պահին նկատեց դռների մոտ կանգնած կարմիր բերետավորին, որ մարմնով համարյա ամբողջ դուռը փակել էր: «Պետք ա ոստիկանին ասել, որ էստեղ նրանցից կա, թող մի հատ մազերը քաշի...»:
Պողոսն իրեն լավ ու ապահով զգաց: Նորից ընկղմվեց կարտոֆիլաձեթային երանության թմբիրի մեջ: Քունը տանում էր: Ավտոբուսն էլ, միալար դզզոցով, գլորվում էր հարթ ասֆալտի վրայով: Վարորդը բարձրախոսով ասում էր՝ «Հաջորդ կանգառը…»:
Պողոսի հայացքը մշուշվեց: Աչքը կպավ:
«Պիիի՜-յուո՜ւ, պիիի՜-յո՜ւ…»: Սուր, ականջ ծակող ձայն էր, ծղրտոցի նման: Պողոսը վեր թռավ: Սկզբում նույնիսկ խուճապի մեջ ընկավ: Եվ միայն արթնանալուց հետո հասկացավ, որ քնել էր, ու գլուխը հակվել, դիպել էր նստարանի կողքն ամրացված վթարային մուրճիկի մոտի տագնապի կոճակին:


Շուրջը նայեց: Արհեստական ծղրտոցի ձայնը կարծես ոչ մեկին չէր հուզել, միայն ինքն էր իրար խառնվել, իսկ մյուսները, ամենքն իր հեռախոսի մեջ մտած, անխռով նստած էին, միգուցե նրանք է՞լ էին քնել:
«Տեսնես ո՞ւր ենք հասել»,-թեթևակի անհանգստացավ:
Իսկ ավտոբուսը, արդեն մի փոքր ավելի արագ, ընթանում էր: Պատուհանից այլևս շենքեր չէին երևում: Ու վարորդն էլ արդեն երկար ժամանակ ոչ մի «հաջորդ կանգառ» չէր հայտարարել:
-Էս ո՞ւր ենք գնում, է՜, էս ի՞նչ չոլերում ենք,-հանկարծ տագնապեց Պողոսն, ու ցանկացավ սեղմել բռնակի վրա եղած «Stop» կոճակը: Բայց կոճակ չկար:
Հետո սարսափով նկատեց, որ կողքինները մահացած են: Չեն շարժվում, այլ ավտոբուսի ընթացքից օրորվում են: Աչքերը կլորացան, ուզում էր բան ասել, բայց ձայնը կոկորդից չելավ: Սարսափահար նկատեց, որ մեքենայի ղեկին արդեն վարորդ էլ չկար:
...Ու միայն կարմիր բերետովն էր իր նույն տեղում կանգնած, մի տեսակ տարօրինակ քմծիծաղով ուղիղ իրեն էր նայում: Ավտոբուսը վերջապես կանգ առավ: Դռները բացվեցին:
-Գյալ բուրայա, գյա՛լ բուրայա,- ուղիղ Պողոսին նայելով, ասաց կարմիր բերետավորը:
-Նիյա...Խի՞,-մի կերպ, խեղդված ձայնով ասաց Պողոսն ու ինքն էլ զարմացավ, որ հա՛մ հասկանում է թուրքերեն, հա՛մ ինքն էլ է կարողանում խոսել:
Պողոսը սառած-կարկամած մնացել էր կապույտ նստարանին գամված: Կարմիր բերետավորը մոտեցավ, բռնեց նրա թևից ու քարշ տալով պոկեց նստարանից:


Պողոսը նկատեց դրոշով աղջկան, ում մազերն ուզում էր, որ կարմիր բերետավորը քաշի: Աղջկա կոկորդը կտվրած էր, արյան մեջ կորած: Պողոսը դեռ չլերդացած արյան վրա սայթաքեց դռան մոտ ու ավտոբուսից ոչ թե իջավ, այլ բերանքսիվայր ընկավ: Բայց այդ ամբողջ ընթացքում ամուր բռնել էր կարտոֆիլով ու ձեթով հաստ ցելոֆանե տոպրակի բռնակները: Այնքան ամուր, որ մատները չէր կարողանում բացել:
Անհասկանալի տեղում էին: Ինչ-որ ձոր կար մոտակայքում: Տարբեր կողմերից էլի ավտոբուսներ էին մոտենում: Ուրիշ կարմիր բերետավորներ դրանց միջից սպանված մարդկանց դիեր էին հանում ու նետում ձորը:
-Յաթմա՛կ... Պառկի՛, արա,-գոռաց կարմիր բերետովն ու մեջքին հարվածելով, սեղմեց գտնին: Պողոսը փորձեց նայել նրան ու հանկարծ նրան թվաց, որ կարմիր բերետավորի դեմքը ծանոթ է, ոնց որ իր հարևանը լիներ:


Բան էր ուզում ասել, բայց կարմիր բերետովը գոռաց.
-Սա՛սդ,-ու դուրս քաշեց արյունոտված բռնակով սուր, մեծ, կիսալուսնաձև դանակը:
-Ես Նիկոլի կողմից եմ, ես Պողոս-Նիկոլն եմ, ես...,- հազիվ ասաց նա ու կտրված կոկորդով սկսեց խռխռացնել:
-Գյավուրը գյավուր ա,- քմծիծաղը դեմքին ասաց թուրքը՝ Պողոսի շապիկի վրա դանակի արյունը մաքրելով:
Վերջին բանը, որ հասցրեցին տեսնել Պողոսի աչքերը, մի քանի մետր հեռու կանգնած մյուս ավտոբուսի մոտ մորթվող իր տնեցիներն էին և իր արյան ու ծակված շշից ծորացող ձեթի մեջ գլորվող էժան կարտոֆիլները...

Դիտվել է՝ 11721

Մեկնաբանություններ