Լոռու մարզի երբեմնի արդյունաբերական հսկան՝ Ալավերդին, 250 տարեկան է: Երկուսուկես դար ապրած քաղաքն այսօր ալեհեր ծերունու նման մտահոգ հայացքով է նայում աշխարհին՝ արդյունաբերական եռուզեռը քաղաքում կանգ է առել: Կովկասում պղնձարտադրության հիմնադիր քաղաքն այսօր կարծես արհեստական շնչառությամբ է շնչում: Դեռևս 1770-ին վրաց թագավոր Հերակլ II-ի հրավերով Պոնտոսից հույներ եկան Լոռի, որ վերսկսեն պղնձարտադրությունը, որ ընդհատվել էր միջնադարում՝ Զաքարյան իշխանապետության անկումից հետո: Հույների` Լոռի գալուց հետո Հայաստանում մեկնարկեց հայկական առաջնեկի՝ մեր երկրում առաջին արտելային ու մանուֆակտուրային արտադրությունը: Պղնձարտադրությունը, սակայն, այսօր կանգ է առել, ու հայտնի էլ չէ, թե երբ կվերականգնվի:
«Էսպես ո՞նց կլինի, Ալավերդին, որ պղնձարտադրության բնօրրանն է, այսօր պարապուրդի է մատնված: Ո՛չ աշխատանք կա, ո՛չ ֆինանս կա, կարծես մեռյալ կյանք լինի: Մի կերպ է շնչում քաղաքը, մարդիկ ծերը ծերին են ապրում: Էս վիրուսը եթե չլիներ, ճամփեքը բաց լինեին, հիմա էստեղ մարդ մնացած չէր լինի, սաղ արտագաղթած կլինեին»,- «Իրատեսի» հետ զրույցում ասում է քաղաքի բնակիչներից մեկը, հուսալով, որ գործարանի փակ դարպասները, այնուամենայնիվ, մի օր բացվելու են, մետալուրգները հնոցների մոտ են վերադառնալու, ու Ալավերդին վերականգնելու է պղնձագործների քաղաքի երբեմնի համբավը:
Ոչ այնքան չաշխատող գործարանի ու օր օրի վատացող սոցիալական վիճակի պատճառով են սրտնեղած ալավերդցիները, որքան այն բանի, որ քաղաքի տոնի առթիվ որևէ պաշտոնյա չի շնորհավորել իրենց: «Սա ոչ միայն Ալավերդի քաղաքի, այլև Հայաստանում 250-ամյա պղնձարտադրության հոբելյանն է: Եթե ոչ վարչապետի ու նախարարի, գոնե մարզպետի շնորհավորանքին հաստատ արժանի էինք»,- ասում են առանց տոնախմբության քաղաքի տոնի մասին հիշող լոռեցիները:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ