Իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին
03.06.2020 | 13:33
Դիվանագետ չեմ, բայց լիահույս եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն օրենքով սահմանված կարգով և չարգելված եղանակով անխտիր բոլոր միջազգային հարթակներում կբարձրաձայնի հարևան երկրի առաջին դեմքի մակարդակով հնչեցրած այն քաղաքական հայտարարությունների մասին, որ չկա Արցախի հարց, կա Ազրբեջանի հարց: Կամ աշխարհը գնում է ուժով իր խնդիրները լուծելուն, կամ ավագ Ալիևի օրոք (ողորմի կողքի մեռելներին) հայերը միշտ զգաստ (նկատի ունի` կզած) էին ման գալիս:
Որպես իրավաբան փաստում եմ հետևյալը.
1. Իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին, ուստի տվյալ դրվագով միջազգային իրավունքի խախտման ցանկացած դրվագ, անկախ երկրային օրենքներից, կառավարիչների բարբաջանքներից, պետք է առաջացնի իրավական հետևանքներ՝ բոլոր բացասական հետևանքներով տվյալ երկրի համար: Այսինքն, երբ հարևան երկրի կառավարիչը հայտարարում է, որ չկա արցախցիների հարց, կա «ազիկների» հարց, ուժային մեթոդներով եմ հարցը լուծելու, դուք նախկինում կզած եք ման եկել, հիմա էլ պիտի այդպես ման գաք, այդ կառավարիչը լուրջ մարտահրավեր է նետում ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, Եվրոպական կոնվենցիայի հիմնարար դրույթներին, ընդհուպ մինչև Հաագայի դատարան:
Այստեղ լրջագույն անելիք ունեն Հայաստանի պետական ինստիտուտները, այն էլ՝ միավորված պետական, ոչ պետական բոլոր կառույցներով, անհատներով՝ ներգրավելով նաև սփյուռքի համապատասխան ներուժը:
Հիմա` էս կառավարչի փաստացի շարադրանքների վերաբերյալ:
1. Եթե հայրդ արցախցիներին «կզցրած» էր պահում, Արցախյան հերոսամարտի օրերին իր թագավորական բարձունքից ինչի՞ էր ցածրանում ու զանգում ոչ թե իր գործընկերոջը՝ ՀՀ առաջին նախագահին, այլ զինադադար էր աղերսում հայ հրամանատարներից։ Ո՞րն էր պատճառը, որ ՆԱՏօ-ի վեհաժողովի ժամանակ, երբ ձեր խանության պաշտպանության նախարարը լուսահոգի Վազգեն Սարգսյանից իմանում է, որ իր կողքին Մանվել Գրիգորյանն է (ասում են` Վազգենը հատուկ էր տարել Մանվելին), այնքան է վատանում, որ այլ պատվիրակները նկատում են ու... Կան ականատեսներ` և հայ, և «ազիկ», և այլ, որոնք դեռ չեն մահացել:
Իմ սերունդը, ավելի ավագ սերունդը Հերոսամարտի օրերին տեսել է և ձեր հոխորտալը, և դրանից հետո ձեր ողորմելի վիճակը: Ցավում եմ, որ Հայաստանի վայ դիվանագիտության պատճառով այսօր ուժ կիրառելուց եք խոսում: Նաև ցավում եմ, որ այս ամենի մասին ես եմ խոսում, այլ ոչ Հայաստանի Հանրապետությունը՝ պետական մեքենան, և քանի իմ Պետությունը չի խոսում, իմ ու ինձ պես շատերի մեջ խոսելու է դիմադրության իրավունքը:
Օրենքի և իրավունքի ուժով յուրաքանչյուրս մեր մասով ունենք պարտավորություն՝ արժանապատիվ դիմակայելու և չարն արմատախիլ անելու, որը հնարավոր է բացառապես միասնական ձևաչափով Հայաստանի պետության և պետականության կողքին կանգնելու միջոցով:
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Նախկին դեսանտային, Հերոսամարտի մարտիկ- ինստրուկտոր
«Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի» գլխավոր տնօրեն,
գործող փաստաբան
«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 8/1
Մեկնաբանություններ