ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

0038 գաղտնի հրամանը

0038 գաղտնի հրամանը
04.07.2018 | 09:09

Երեկվա երկու սենսացիաներից մեկը պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին էր առնչվում: 2008-ի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարը հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008-ի փետրվարի 23-ից մարտի 2-ին ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ` տեղեկացնում է Հատուկ քննչական կոմիտեն։ Քրեական գործը միացվել է 2008-ի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին: Պաշտոնական տեղեկությամբ` որոշում է կայացվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավել` նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:


Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք սահմանադրության խախտմամբ ՀՀ- ում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Պնախարար Միքայել Հարությունյանը 2008-ի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով:

Պնախարար Միքայել Հարությունյանի 2008-ի փետրվարի 23-ի 0038 հրամանի համաձայն՝ Երևանում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ՝ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր: Մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Նախաքննությունը շարունակվում է:


Որտե՞ղ է Միքայել Հարությունյանը: Եվ` որքա՞ն է 10 զոհերի պատճառ դարձած բախման մեջ նրա մեղքը: Ակնհայտ է, որ նա կատարել է Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը` ունենալով մեկ ընտրություն` հրաժարական տալ: Իսկ թե ինչ կլիներ հետո, ոչ ոք վստահ չի կարող ասել: Կադրային զինվորականը հրամանը կատարել է: Իսկ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ` նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասել է, որ գրասենյակը Մարտի 1-ի գործով հարցաքննության ծանուցագիր չի ստացել: ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով հարցաքննության էր կանչել Ռոբերտ Քոչարյանին: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ևս հարցաքննվել է մարտի 1-ի գործի շրջանակում։ Նա այն ժամանակ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր: Քաղաքակա՞ն, թե՞ իրավական հարթության մեջ է մարտի 1-ի գործը վերաբացվում: Թերևս` երկու, հետաքննությունը փակվել էր քաղաքական պատճառներով ու իրավական հարցերին չէր պատասխանել: 10 զոհերի հարազատներն առաջինը իրավունք ունեն ճշմարտության բացահայտում պահանջելու: Եվ ոչ միայն նրանք` պետությունը իր պատմության մեջ փակ էջեր չպիտի ունենա: Կոնկրետ այս պատմության մեջ Միքայել Հարությունյանը մեկ էջ է, ոչ վճռորոշ: Հրաման տվողների ու հրաման կատարողների ամբողջ խումբ կա և փաստացի` հետաքննությունը նոր միայն սկսվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 2008-ին քաղաքական կամք չկար մարտի 1-ի իրադարձությունները հետաքննելու: 2018-ին քաղաքական կամք կա, բայց կա նաև վտանգ, որ մեղավորները ի սկզբանե նշանակված են: Թեպետ որևէ մեկի համար գաղտնիք չէ` ո՞վ իրավունք ուներ և ո՞վ է տվել կրակելու հրամանը:

Դիտվել է՝ 9129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ