ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սերժ Սարգսյանը պատրաստ է ամեն ինչի, որ պահպանի իշխանությունը Հայաստանում

Սերժ Սարգսյանը պատրաստ է ամեն ինչի, որ պահպանի իշխանությունը Հայաստանում
19.04.2018 | 08:22

Պետության հեռացող ղեկավարը երեքշաբթի օրը նշանակվել է վարչապետ` չնայած բազմահազանոց հանրահավաքներում, որ սկսվել են ուրբաթ օրը, նրանից պահանջում են հեռանալ` գրում է Աուրելիա Աբդելբոստը Liberation-ում:


«Աննախադեպ իրադարձություն է Հայաստանի համար` միևնույն մարդը ցանկանում է երկիրը ղեկավարել երեք ժամկետ անընդմեջ»` հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարը: «Այսօր ես հայտարարում եմ խաղաղ, թավշե հեղափոխության սկիզբը Հայաստանում»` բացականչեց Փաշինյանը ցուցարարներին` հղում անելով ընդվզումը, որ արագացրեց Կոմունիստական կուսակցության անկումը Չեխոսլովակիայում 1989-ին: Երեքշաբթի երեկոյան Հայաստանի մայրաքաղում ցույց էր անում 10000-ից ոչ պակաս մարդ: Սակայն ժողովրի դժգոհությունը չխանգարեց 63-ամյա Սերժ Սարգսյանին երեքշաբթի առավոտյան վարչապետ դառնալ իր Հանրապետական կուսակցությունից, որ մեծամասնություն ունի խորհրդարանում: «Որպեսզի ապրեք բարգավաճ Հայաստանում, երկրում, որտեղ իշխում է օրենքը, պետք է, որ հանգած հրաբուխները չժայթքեն: Իսկ հրաբուխները չեն ժայթքի, եթե բզբզողներ չլինեն»` ասաց Սարգսյանը` ելույթ ունենալով խորհրդարանում քվեարկությունից առաջ: Հասնելով հնարավոր առավելագույնին` նախագահական երկու ժամկետի, նա ամեն ինչ նախատեսեց, որ մնա երկրի ղեկավար: «Սցենարը նախապես էր գրված, նախագահը ինքն իրեն էր ցանկանում իրավահաջորդ տեսնել, բայց քանի որ չէր կարող դա անել, 2015-ին հանրաքվեի դրեց սահմանադրական բարեփոխման հարցը, որը նախագահական կառավարումը վերափոխեց խորհրդարանականի,- բացատրեց Արա Թորանյանը` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը, Nouvelles d'Armenie ամսագրի գլխավոր խմբագիրը:- Շնորհիվ իշխանության այս անցումի, որ ուժի մեջ է մտնում 2017-ին, Սարգսյանին միայն մնում էր ինքն իրեն վարչապետ նշանակել, որ իր կուսակցությունը պահպանի իշխանական լծակները»:

«Նույնիսկ եթե բողոքները բավարար չլինեն իրավիճակը փոխելուն, այս հանրահավաքները դրական դեր են խաղում: Նրանք ՀՀԿ-ին ցույց են տալիս, որ քաղաքական կուսակցությունը պետք է պաշտպանի ժողովրդավարությունը և չի կարող իրեն թույլ տալ ինչ ցանկանա` չհանդիպելով որևէ խոչընդոտի»` գտնում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Թորանյանը այս բողոքական ալիքում նոր քաղաքական դեմքի ձևավորում է զգում` Նիկոլ Փաշինյանի, որ շարժման նախաձեռնողն է: «Նա իրեն դրսևորում է դինամիկ ու խիզախ, գուցե և կարողանա փոխել դասավորությունը ու հաստատվել իբրև ընդդիմության ղեկավար»: Սաֆարյանի կարծիքով` խնդիրը արժանավոր քաղաքական այլընտրանքի բացակայությունն է. «Հայերը իշխանության նկատմամբ համակրանք չունեն, բայց Սարգսյանին ու նրա կուսակցությանը հաջողվեց նրանց ստիպել մտածել, որ այլ հնարավոր ընտրություն չկա»:
Libération


Հ.Գ. Պատկերացնու՞մ եք ֆրանսիացիների զարմանքը` փոխել Սահմանադրությունը` երրորդ անգամ պաշտոնավարելու համար: Նրանք պարզապես դատի կտային իրենց նախագահին: Իսկ եթե հավատային, որ Ֆրանսիային պետք չէ այլևս նախագահ, ռացիոնալ է խորհրդարանական կառավարումը, ինչպես Գերմանիայում է ու առաջարկեին հանրաքվե, ոչ ոք նախապես չէր կարող ասել, թե ինչպես կքվեարկեին և կանցնե՞ր նոր սահմանադրությունը: Առավելևս ոչ ոք երաշխիք չէր տա, որ անցնելու դեպքում նախորդ նախագահը կարող է վարչապետ դառնալ: Ֆրանսիայում կուսակցությունների բաժանումը իշխանության ու ընդդիմության կատարվում է ընտրությունների միջոցով: Ինչպես և Գերմանիայում, որտեղ Անգելա Մերկելը չորրորդ անգամ դարձավ կանցլեր, բայց ոչ մեկի մտքով չանցավ Սահմանադրություն փոխել, որովհետև սեպտեմբերից մարտ երկրում քաղաքական ճգնաժամ էր ու Բունդեստագ անցած քաղաքական ուժերը չէին կարողանում կոալիցիա կազմել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ