Սիդնեյի Նոր Հարավային ՈՒելսի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ բացասական մտածելակերպը օգնում է մարդկանց ավելի սթափ դատելու` նրանք ավելի զգուշավոր են։ Հետազոտության հեղինակ Ջո Ֆորգեսը հայտարարել է, որ բարդ բնավորությամբ և վատ տրամադրությամբ մարդիկ որոշումներ կայացնելու համար լավագույն վերլուծական հատկություններն ունեն։ Փորձի ընթացքում գիտնականները կամավորներին տարբեր տրամադրության ֆիլմեր են ցուցադրել, իսկ հետո քննարկել են նրանց կյանքում դրական և բացասական երևույթները։ Այս ամենի նպատակը փորձի մասնակիցների տրամադրության փոփոխությունն էր լավից՝ վատի։
Դրանից հետո նրանց համար կարդացել են մտացածին և իրական պատմություններ, խնդրել են վերլուծել պատմությունները և կռահել՝ իրականություն են, թե ոչ։ Արդյունքը ցույց է տվել, որ բացասական հոգեվիճակով մարդիկ ավելի քիչ են սխալվել և ավելի տրամաբանական են մտածել։ Հետազոտողները եզրակացրել են, որ եթե դրական տրամադրությունը նպաստում է ստեղծագործելուն, բացասական մտածելակերպը մարդուն ավելի ուշադիր և զգույշ է դարձնում։