Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Տիրոջ ոտքերի մոտ

Տիրոջ ոտքերի մոտ
03.05.2013 | 12:00

(սկիզբը` այստեղ)

ԱՇԱԿԵՐՏ- Տե՛ր, եթե Քեզ հստակորեն բացահայտես աշխարհին, մարդիկ այլևս չեն կասկածի Աստծո գոյությանն ու Քո աստվածությանը, այլ բոլորը կհավատան և կկանգնեն արդարության ճանապարհին:
ՏԵՐ- 1. Որդյա՛կ իմ, յուրաքանչյուր մարդու ներաշխարհը ես լավ գիտեմ և յուրաքանչյուր սրտին դրա կարիքներին համապատասխան եմ հայտնի դարձնում ինձ. մարդկանց արդարության ճանապարհին կանգնեցնելու համար ավելի լավ միջոց չկա, քան ինձ ճանաչել տալը: Մարդու համար ես մարդացա, որ նա ճանաչի Աստծուն ոչ իբրև զարհուրելի և օտար ինչ-որ մեկի, այլ մեկին, որը լի է սիրով և նման է իրեն, քանի որ ինքը նման է Նրան և ստեղծված է Նրա պատկերով:
Մարդն ունի նաև բնական ցանկություն` տեսնելու Նրան, որին հավատում է, և որը սիրում է իրեն: Բայց Հորը հնարավոր չէ տեսնել, քանզի Նա էությամբ անըմբռնելի է, և նույն էությունն ունեցո՛ղը կարող է ըմբռնել Նրան: Սակայն մարդն ըմբռնելի արարած է և, լինելով այդպիսին, չի կարող տեսնել Աստծուն: Այնուամենայնիվ, քանի որ Աստված Սեր է և մարդուն տվել է սիրո նույն շնորհը, ուստի, որպեսզի հագենա սիրո այդ փափագը, Նա ընդունեց գոյության մի ձև, որը մարդը կարողանա ըմբռնել: Նա մարդացավ, և Նրա զավակները բոլոր սուրբ հրեշտակների հետ կարող են տեսնել և վայելել Նրան: Դրա համար ես ասացի, որ ով ինձ տեսավ, տեսած եղավ Հորը: ՈՒ թեև կերպարանավորված լինելով մարդու տեսքով` Որդի կոչվեցի, ես հավիտենական և մշտագո Հայրն եմ:
2. Ես, Հայրը և Սուրբ Հոգին Մի ենք: Արևի մեջ և՛ ջերմություն, և՛ լույս կա, սակայն լույսը ջերմություն չէ, և ջերմությունն էլ լույս չէ, ու թեև տարբեր կերպ են դրսևորվում, բայց երկուսը մի են: Նմանապես ես և Սուրբ Հոգին, որ Հորից ենք ելնում, լույս ու ջերմություն ենք բերում աշխարհին: Սուրբ Հոգին, որը մկրտության մաքրագործող կրակն է, մոխրի է վերածում հավատացյալների սրտերում եղած մեղքերն ու անօրենությունները՝ նրանց մաքուր և սուրբ դարձնելով: Ես, որ Ճշմարիտ Լույսն եմ, ցրում եմ բոլոր մութ ու չար ցանկությունները և նրանց առաջնորդում արդարության ճանապարհով՝ հասցնելով իրենց հավիտենական տունը: Եվ մենք երեք չենք, այլ Մի, ինչպես որ արևն է մի:
3. Ինչպիսի արժանիք, կարողություն և բարձր ընդունակություն Աստված շնորհել է մարդուն, պետք է գործի դրվեն, այլապես դրանք աստիճանաբար փտում և անհետանում են: Նմանապես և հավատը. եթե այն ճշմարտորեն խարսխված չէ կենդանի Աստծո վրա, թուլանում է մեղքի հարվածով և փոխակերպվում կասկածանքի: Մարդ հաճախակի է այսպիսի արտահայտություն լսում. «Եթե իմ այս կամ այն կասկածը վերանա, պատրաստ եմ հավատալու»: Դա նույնն է, թե կոտրված վերջույթով մեկը բժշկին խնդրի վերացնել ցավը, նախքան կոտրվածքը բժշկելը: Անշուշտ, սա անմտություն է, որովհետև ցավն առաջանում է կոտրված վերջույթից, և երբ այն բժշկվի, ցավն ինքնիրեն կանհետանա: Արդ, մեղքի պատճառով կտրվել է մարդու կապն Աստծո հետ, և առաջացել են կասկածներ, որոնք հոգևոր ցավեր են: Հետևաբար, նախ անհրաժեշտ է վերականգնել միությունն Աստծո հետ, և իմ աստվածության ու Աստծո գոյության վերաբերյալ կասկածներն իրենք իրենց կանհետանան: Ապա տառապանքին կփոխարինի այն հրաշալի խաղաղությունը, որն աշխարհը չի կարող ո՛չ տալ և ո՛չ էլ վերցնել: Ահա ես մարմին դարձա, որպեսզի Աստծո և խեղճ, կոտրված մարդկանց միջև միություն լինի, և նրանք հավիտյան երջանիկ լինեն Նրա հետ երկնքում:
4. Աստված սեր է, և սիրելու կարողությունը Նա դրել է յուրաքանչյուր կենդանի արարածի, հատկապես մարդու մեջ: Հետևաբար, առավել քան արդարացի է, որ Սիրողը, որը մեզ կյանք, բանականություն և սեր է պարգևել, ստանա սիրո Իր տուրքը: Նրա փափագն ուղղված է բոլորին, որոնց Նա ստեղծել է, և եթե այդ սերը ճիշտ չօգտագործվի, եթե մենք ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ զորությամբ չսիրենք Նրան, որը մեզ օժտել է սիրով, ապա այդ սերը կգահավիժի իր բարձունքից ու կդառնա եսասիրություն: Դա կործանարար է թե՛ մեզ և թե՛ Աստծո մյուս արարածների համար: Յուրաքանչյուր եսասեր մարդ, որքան էլ տարօրինակ թվա, դառնում է ինքնասպան:
Նաև սա՛ եմ ասել. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»: Եվ չնայած բոլոր մարդիկ որոշ իմաստով մերձավորներ են միմյանց, բայց և այնպես հորդորն ուղղված է հատկապես նրանց, ովքեր ապրում են կողք կողքի, որովհետև հեշտ գործ է մի քանի օր խաղաղ ապրել մեկի հետ, որը կողքիդ է, նույնիսկ եթե նա անբարյացակամ է: Սակայն այն դեպքում, երբ մեկը քեզ հետ նույն հարկի տակ է ապրում և օրեցօր անախորժության պատճառ է դառնում, չափազանց դժվար է հանդուրժել նրան և սիրել քո անձի պես: Բայց երբ հաղթես այս մեծ պայքարում, ավելի հեշտ կլինի քո անձի պես սիրել ուրիշներին:
Երբ մարդ ամբողջ սրտով, ամբողջ մտքով և ամբողջ հոգով սիրի Աստծուն և իր անձի պես սիրի իր մերձավորին, կասկածների համար որևէ տեղ չի մնա. նրանում կհաստատվի Աստծո հավիտենական արքայությունը, և նա, հալվելով ու ձուլվելով սիրո կրակի մեջ, կդառնա պատկերն իր երկնային Հոր, որը սկզբում նրան ստեղծել էր Իր պատկերով:
5. Նաև իմ Խոսքի (Աստվածաշունչ) միջոցով եմ ինձ հայտնի դարձնում նրանց, ովքեր անկեղծ սրտով փնտրում են ինձ: Ինչպես մարդկանց փրկության համար ես մարդկային մարմին հագա, նույնպես և իմ Խոսքը, որը Հոգի և Կյանք է, գրված է մարդկանց լեզվով, այսինքն` դրանում միավորվել են [Աստծուց] ներշնչված և մարդկային տարրերը: Բայց ինչպես մարդիկ ինձ չեն հասկանում, այդպես էլ իմ Խոսքը չեն հասկանում: Այն հասկանալու համար եբրայերենի և հունարենի իմացության անհրաժեշտություն չկա, այլ ինչ որ անհրաժեշտ է, Սուրբ Հոգու ընկերակցությունն է, որի մեջ մնալով` մարգարեներն ու առաքյալները գրի առան իմ Խոսքը: Անկասկած այդ Խոսքի լեզուն հոգևոր է, և Հոգուց ծնվածն է միայն ի զորու ամբողջովին հասկանալու այն. նշանակություն չունի` նա ծանո՞թ է աշխարհի քննադատությանը, թե՞ պարզապես երեխա է: Հոգևոր լեզուն հասկանալի է նրա համար, որովհետև այն իր մայրենի լեզուն է: Բայց հիշի՛ր. նրանք, որոնց իմաստնությունը միայն այս աշխարհից է, չեն կարող հասկանալ այն, քանզի նրանք բաժնեկից չեն Սուրբ Հոգուն:
6. Բնության գրքում, որի հեղինակը նույնպես ես եմ, առատորեն ի ցույց եմ դնում ինձ: Բայց այդ գիրքն ընկալելու համար նաև հոգևոր խորաթափանցություն է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ կարողանան գտնել ինձ, հակառակ դեպքում ինձ գտնելու փոխարեն կարող են մոլորվել:
Օրինակ` կույր մարդը մատների ծայրերն է օգտագործում իբրև աչքեր և միայն շոշափելու միջոցով է գիրք կարդում, բայց սոսկ շոշափելով չի կարող դրա ճշմարտացիության մասին իրական պատկերացում կազմել: Ագնոստիկների և սկեպտիկների ուսումնասիրությունը սրա ապացույցն է. կատարյալի փոխարեն նրանք միայն թերություններ են տեսնում: Մանրախնդիր քննադատները հարցնում են. «Եթե կա աշխարհի Ամենակարող Արարիչ, ինչո՞ւ աշխարհում կան այնպիսի թերություններ, ինչպիսիք են փոթորիկները, երկրաշարժերը, խավարումները, ցավը, տառապանքը, մահը և այլն»: Այս քննադատության անմտությունը նման է այն տգետ մարդու պահվածքին, որը սխալներ է փնտրում կիսակառույց շենքի կամ անավարտ նկարի վրա: Որոշ ժամանակ անց դրանք ամբողջովին ավարտված տեսնելով` նա ամաչում է իր անմտությունից և ի վերջո նրանց գովքն է երգում: Այսպես և Աստված աշխարհին մեկ օրում չի տվել նրա ներկայիս ձևը, ոչ էլ այն մեկ օրում կհասնի կատարելության: Ողջ արարչությունը շարժվում է դեպի կատարելություն, և եթե այս աշխարհի մարդու համար հնարավոր լիներ հեռվից՝ Աստծո աչքերով տեսնել կատարյալ աշխարհը, որում ոչ մի թերություն չկա, նա նույնպես գովաբանելով կխոնարհվեր Նրա առաջ և կասեր. «Ամենը շատ լավ է» :
7. Մարդկային հոգին ապրում է մարմնի մեջ, ճիշտ այնպես, ինչպես ճուտը կճեպի ներսում: Եթե հնարավոր լիներ կճեպի ներսում գտնվող թռչունին պատմել, որ դրանից դուրս կա հսկա, լայնատարած մի աշխարհ` ամեն տեսակ մրգերով ու ծաղիկներով, գետերով ու բարձր լեռներով, որ իր մայրը նույնպես այնտեղ է, և որ ինքը կտեսնի այդ ամենը, երբ դուրս գա կճեպից, միևնույն է՝ նա չի կարող հասկանալ կամ հավատալ դրան: Նույնիսկ եթե ինչ-որ մեկն ասի, որ օգտագործելու պատրաստ նրա փետուրներն ու աչքերը նրան տեսնելու և թռչելու հնարավորություն կտան, նա չի հավատա դրան, և ոչ էլ որևէ ապացույց է հնարավոր, մինչև նա դուրս չգա կճեպից:
Նույն կերպ շատերն անվստահ են ապագա կյանքի և Աստծո գոյության վերաբերյալ, որովհետև իրենց կճեպանման մարմնից անդին չեն կարողանում տեսնել, ու նրանց մտքերը, թույլ թևերի նման, ի զորու չեն ուղեղի նեղ սահմաններից վեր բարձրացնելու դրանք: Նրանց թույլ աչքերը չեն կարող գտնել այն հավիտենական և անկորնչելի գանձերը, որոնք Աստված պատրաստել է նրանց համար, ովքեր սիրում են Իրեն: Հավիտենական կյանքին արժանանալու անհրաժեշտ պայմանն այն է, որ մինչ մարմնի մեջ ենք, Սուրբ Հոգուց հավատքով ընդունենք կենարար ջերմությունը, ինչպես ճուտն է ստանում իր մորից, այլապես մահվան և հավիտենական կորստի վտանգը կա:
8. Շատերն ասում են, որ բանը կամ կյանքը, որն ունի սկիզբ, անհրաժեշտաբար պետք է նաև ավարտ ունենա: Դա ճշմարիտ չէ, քանզի Ամենակարողը չէ՞, որ ի վիճակի է Իր կամքով ոչնչից բան ստեղծելու, որն արել է, ինչպես և Իր զորության խոսքով անմահություն շնորհելու նրան, ինչ ստեղծել է: Եթե ոչ, Նա չի կարող Ամենակարող կոչվել: Կյանքն այս աշխարհում ենթակա է քայքայման և կործանման, քանի որ կախման մեջ է այն բաներից, որոնք իրենք էլ ենթակա են փոփոխության և քայքայման: Բայց եթե այս կյանքն ազատագրվի այդ փոփոխական, քայքայվող ազդեցություններից և բերվի հավիտենական ու անփոփոխ Աստծո խնամքի տակ, Նրա, որ աղբյուրն ու ակունքն է հավիտենական կյանքի, այն կխուսափի մահվան ճիրանից և հավիտենություն ձեռք կբերի:
Ինչ վերաբերում է նրանց, ովքեր հավատում են ինձ. «Ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի»: «Ես եմ Ալֆան և ես եմ Օմեգան, նա, որ Է, որ Էր եւ որ գալու է. Ամենակալը»:

ՄԵՂՔ ԵՎ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
ԱՇԱԿԵՐՏ- Տե՛ր, գրեթե յուրաքանչյուրին պարզ է, որ Աստծուն չհնազանդվելը և Նրան երկրպագելուց դադարելը մեղք է, և դրա սոսկալի հետևանքն ակնհայտ է աշխարհի ներկա վիճակում: Բայց թե ի՛նչ է մեղքն իրականում, միանգամայն պարզ չէ: Մեղքն ինչպե՞ս կարող է առաջանալ Ամենակարող Աստծո ներկայությամբ, Նրա կամքին հակառակ, Նրա ստեղծած աշխարհում:
ՏԵՐ- 1. Մեղքը Աստծո կամքն անտեսելն ու սեփական կամքով ապրելն է, լքելն է այն, ինչը ճիշտ և օրինավոր է՝ բավարարելով սեփական ցանկությունները, կարծելով, թե այդպես կերջանկանան: Սակայն այդպես մարդը ո՛չ իրական երջանկություն է ձեռք բերում, ո՛չ էլ ճշմարիտ հաճույք վայելում: Մեղքը ինքնություն չունի, այնպես որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ-որ մեկն է ստեղծել այն: Այն պարզապես վիճակի կամ դրության անունն է: Կա միայն մեկ Արարիչ, և Նա բարի է: Եվ բարի Արարիչը չէր կարող վատ բան ստեղծել, որովհետև դա կհակասեր հենց Իր էությանը: Արդ, միակ Արարչից զատ չկա ուրիշ մեկը, որը կարող էր մեղք ստեղծած լինել: Սատանան կարող է միայն փչացնել այն, ինչ արդեն ստեղծվել է, բայց նա որևէ բան ստեղծելու կարողություն չունի: Այսպիսով` մեղքը արարչագործության մաս չէ, ոչ էլ անկախ գոյություն ունի, որ կարող էր ստեղծված լինել: Այն պարզապես գոյության մոլորեցնող և կործանարար վիճակ է:
Օրինակ` լույսը մի բան է, որն ունի իրական գոյություն, իսկ խավարը չունի. այն պարզապես վիճակ է, լույսի բացակայություն: Այնպես որ մեղքը կամ հանցանքը ինքնագո բան չէ, այլ պարզապես բարու բացակայությունը կամ անգոյությունն է: Չարի այդ խավար վիճակն ամենասարսափելին է, որովհետև դրա պատճառով շատերը կորցնում են ճշմարիտ ուղին և սատանայի ժայռերին բախվելով` գահավիժում են դժոխքի խավարն ու կորսվում: Այդ իսկ նպատակով ես, լինելով Լույսն աշխարհի, մարդացա, որպեսզի նրանք, ովքեր ապավինում են ինձ, չկորչեն, քանզի ես նրանց ազատում եմ խավարի իշխանությունից և անվտանգ հասցնում այն բաղձալի, երանավետ երկինքը, որտեղ խավարի ո՛չ անունը կա, ո՛չ էլ նշանը:
2. Դու կհարցնես, թե Տիրոջ ներկայությամբ ինչպե՛ս կարող էր գոյանալ արարչության մեղքի այդ խավար վիճակը: Դա առաջացավ, որովհետև սատանան և մարդիկ իրենց սեփական մղումով, անթույլատրելի և սխալ ճանապարհով փորձեցին իրագործել իրենց ցանկությունները: Եվ եթե հարցնես, թե Աստված ինչո՛ւ մարդուն չի ստեղծել այնպիսին, որ նա չընկներ նման վիճակի մեջ, պատասխանն այս է. եթե մարդը ստեղծվեր մեքենայի նման, երբևէ չէր կարող հասնել երջանկության այն վիճակին, որին հասնում են սեփական ընտրությամբ արված գործողությունների արդյունքում: Ադամն ու Եվան ընկան սատանայի խաբեության և խորամանկության որոգայթը, քանի որ իրենց անմեղ վիճակում չգիտեին, որ կան այնպիսի բաներ, ինչպիսիք են սուտն ու խաբեությունը: Դրանից առաջ սատանան ինքն էլ չգիտեր այն հպարտության գոյության մասին, որի պատճառով դուրս նետվեց դրախտից. նրանից առաջ այնպիսի բան, ինչպիսին հպարտությունն է, գոյություն չուներ: Եվ չնայած մեղքի այս վիճակում հայտնվեցին թե՛ մարդիկ և թե՛ սատանան, Աստված Իր ամենակարող զորությամբ փոխակերպեց այդ վիճակը` նույնիսկ դրանից հիասքանչ պտուղներ գոյացնելով:
Նախ՝ Աստծո անսահման սերը ի ցույց դրվեց մարմնանալու և փրկագնելու մեջ, որն այլ հանգամանքներում կմնար անհայտ: Երկրորդ՝ ճաշակած լինելով մեղքի դառնությունը` փրկագնվածն ավելի առատորեն կվայելի դրախտի երջանկությունը, ճիշտ ինչպես դառնահամություն ճաշակելուց հետո մեղրի քաղցրությունն առավել հաճելի է: Դրախտում նրանք այլևս չեն մեղանչում, այլ խոնարհությամբ ու հնազանդ սիրով ծառայում են Հայր Աստծուն և Նրա հետ ապրում անվախճան ցնծության մեջ:
3. Մարդիկ չեն հապաղում արևի և լուսնի վրա արատներ գտնել, ինչպիսիք են բծերն ու խավարումները, բայց իրենց մեղքի առաջացրած բծերին ու խավարումներին ուշադրություն չեն դարձնում: Սրանից կարող ես պատկերացնել, թե խավարը որքա՜ն մեծ է մարդկանց մեջ, եթե լույսը, որ նրանք ունեն, խավար է: Ինչպես բորոտի մարմինն է հիվանդության պատճառով դառնում ընդարմացած և անզգա, նույնպես և մարդու սիրտն ու միտքն են մեղքի պատճառով դառնում բութ և անբանական՝ նրան զերծ պահելով նողկանքի կամ ցավի որևէ զգացումից: Բայց կգա ժամանակ, երբ նա կգիտակցի դրա սոսկալի արհավիրքները, և կլինի լաց ու ատամների կրճտոց:
4. Շատերը, ովքեր ընկղմված են մեղքի մեջ, չեն գիտակցում դրա ծանրությունը, ճիշտ ինչպես ջրի մեջ սուզվողի վրա կարող է տոննաներով ջուր լինել, բայց նա, միանգամայն անտեղյակ այդ ծանրությանը, շնչահեղձ է լինում: Սակայն ով դուրս է գալիս ջրից և փորձում է ջուր տեղափոխել, անմիջապես զգում է դրա ծանրությունը, որքան էլ այն քիչ լինի: Նա, ով գիտակցելով իր մեղքի ծանրությունը` զղջումով դեպի ինձ է գալիս, առատորեն ճշմարիտ հանգիստ կստանա, քանզի ես եկա փնտրելու և փրկելու այդպիսիներին:
5. Պարտադիր չէ, որ մահվանից առաջ մարմնի յուրաքանչյուր առանձին մաս թույլ կամ անկարողունակ դառնա: Սրտի կամ ուղեղի հիվանդությունը կամ կաթվածը բավական է կյանքին վերջակետ դնելու համար, որքան էլ մարմնի մյուս մասերը ուժեղ և առողջ լինեն: Նույնպես էլ մի մեղքը մտքի կամ սրտի վրա իր թունավոր ազդեցությամբ բավական է` կործանելու ոչ միայն մեկի, այլև ողջ ընտանիքի կամ ազգի, նույնիսկ ողջ մարդկության կյանքը: Այդպիսին էր Ադամի մեղքը: Բայց ինչպես իմ մի խոսքը Ղազարոսին հարություն տվեց գերեզմանից, նույնպես և այն բավական է` հավիտենական կյանք պարգևելու բոլորին:
6. Հաճախ է պատահում, երբ կենդանին կամ թռչունը մարդուն երկար ժամանակ ընկերակցելուց հետո վերադառնում են իրենց հարազատ միջավայր, ջերմորեն ընդունելու փոխարեն հարձակվում են նրա վրա և սպանում: Պատճառը մարդու հետ երկար ժամանակ ապրելու և մտերմության արդյունքում նրա սովորույթների, ապրելակերպի ամբողջովին փոխվելն է: Այնպես, ինչպես կենդանիներն իրենց շարքերում չեն ընդունում իրենց նմաններից նրանց, որոնք մարդկանց ազդեցությունն են կրել, սրբերը կամ հրեշտակները երկնքում ինչպե՞ս կարող են ողջունել այն մեղավորներին, որոնք մտերմիկ հարաբերությունների մեջ են ապրել չարակամ մարդկանց հետ: Սա չի նշանակում, որ սրբերը կամ հրեշտակները սեր չունեն մեղավոր մարդկանց հանդեպ, այլ դրախտի սուրբ մթնոլորտն այդպիսիների համար ինքնին տհաճ է լինելու: Պարզ է, որ եթե այս աշխարհում մեղավորները խորշում են լավ մարդկանց միջավայրից, ինչպե՞ս կարող են նրանց միջավայրում երջանիկ լինել մի ողջ հավիտենություն: Նրանց համար այդպիսի դրախտը դժոխքի պես զազրելի է լինելու:
Մի՛ կարծիր, թե Աստված կամ Նրա մարդիկ մեղավորներին դուրս կհանեն դրախտից և դժոխք կնետեն, որովհետև Աստված, որ Սեր է, երբեք ոչ մեկին դժոխք չի գցում, ոչ էլ երբևէ կանի դա: Մեղավորի աղտեղի կյանքն է նրան դժոխք բերում: Շատ ավելի վաղ, քան կյանքի ավարտը, դրախտը կամ դժոխքը կմոտենան մեզ. յուրաքանչյուր մարդու սրտում, նրա բարի կամ չար բնույթին համապատասխան, արդեն դրվել են դրախտի կամ դժոխքի հիմքերը: Հետևաբար, ով փափագում է փրկվել այդ մշտնջենական տառապանքից, անկեղծորեն թող զղջա իր մեղքերի համար և իր սիրտը նվիրի ինձ, որպեսզի իր մեջ իմ ներկայությամբ և Սուրբ Հոգու ներգործությամբ կարողանա ընդմիշտ Աստծո արքայության զավակ դառնալ:
7. Թագավորի կամ կառավարության դեմ ըմբոստացածն այս աշխարհում իրեն կարող է փրկել այլ երկրում ապաստան գտնելով, բայց փրկվելու համար ո՞ւր կարող է փախչել Աստծո դեմ ըմբոստացածը: ՈՒր էլ նա գնա, նույնիսկ դրախտում կամ դժոխքում, կզգա Աստծո մշտագո ներկայությունը: Իր անվտանգությունը միայն զղջման և իր Տիրոջը հնազանդվելու մեջ կգտնի:
8. Ադամի և Եվայի համար թզենու տերևները շատ խղճուկ էին ծածկվելու համար, և Տերը նրանց կաշվե հագուստ տվեց: Նմանապես մարդու լավ գործերն այնքան անօգտակար են, որքան թզենու տերևները՝ փրկելու նրան գալիք ցասումից: Ոչինչ չի բավականացնի, բացի արդարության իմ թիկնոցից:
9. Գիշերաթիթեռը չի մտածում կրակի այրող և կործանարար ուժի մասին, այլ հրապուրվելով դրա պայծառությամբ` նետվում է կրակի մեջ ու ոչնչանում: Նույնպես մարդը, անկախ մեղքի կործանարար և թունավոր ուժից, միայն դրա հրապուրանքը զգալով, նետվում է դեպի իր հավիտենական կործանումը: Բայց իմ լույսը մեղավորին փրկում է մահից՝ կյանք և հարատև երանություն շնորհելով նրան: Մարդն ստեղծվել է այնպես, որ ունակ լինի յուրացնելու իմ ճշմարիտ լույսի թանկագին նվերը:
10. Մեղքը պատրանք չէ կամ երևակայության արդյունք, այլ հոգևոր խավարի այդ վիճակում, մարդու չար կամքի գործադրմամբ, կյանքի են կոչվում չարի կենդանի սերմեր, որոնք անընդհատ կվնասեն նրա հոգին և ի վերջո կկործանեն այն: Այդպես ծաղիկ հիվանդությունը կարող է կարճ ժամանակում ընդմիշտ ոչնչացնել մարդու գեղեցկությունը՝ այն վերածելով գարշելի տգեղության: Քանի որ Աստված չի ստեղծել չարը, հետևաբար չի ստեղծել նաև հիվանդություն կամ մարմնական ցավեր: Դրանք պարզապես մարդու անհնազանդության բնական հետևանք են: Ցավն ու հիվանդությունը նույնպես երևակայական չեն, այլ մեղքի թաքնված, անտեսանելի ախտի արտաքին և տեսանելի պտուղներն են, անկախ նրանից` դա տվյալ մարդո՞ւ, թե՞ նրա ընտանիքի մեղքն է: Երբ ընտանիքի բոլոր անդամները զղջում և միավորվում են ինձ հետ, իմ առողջարար արյունը շրջանառում է ամենքի միջով` բուժելով նրանց ներքին և անտեսանելի բոլոր հիվանդություններն ու հավիտյան առողջություն պարգևելով: Առողջական այսպիսի վիճակի համար է մարդը ստեղծված, որպեսզի իր Տեր Աստծո հետ ցնծության մեջ ապրի հավիտյան:

(շարունակելի)


Անգլերենից թարգմանեց
Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Նկարիչ`
Մայիս ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1979

Մեկնաբանություններ