Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Տիրոջ ոտքերի մոտ

Տիրոջ ոտքերի մոտ
30.04.2013 | 11:01

Սադհու ՍՈՒՆԴԱՐ ՍԻՆԳՀ


ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ

Քրիստոսի խոսքերը. «Դուք ինձ Վարդապետ եւ Տէր էք կոչում. և լաւ էք անում, քանի որ իսկապէս է՛մ»: «Իմ լուծը ձեզ վրայ վերցրէ՛ք և սովորեցէ՛ք ինձնից… եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք»:
Աշխարհում չկա ավելի կատարյալ բան, քան հակառակությունից և քննադատությունից ամբողջովին վեր լինելը: Նույն ինքը արևը, որը լույս և ջերմություն է տալիս մեզ, զերծ չէ բծերից, ու, չնայած այդ արատներին, այն չի դադարում իր կանոնավոր պարտականությունները կատարելուց: Այդպես էլ մենք մեր ուժերի ներածի չափով պետք է շարունակենք կատարել այն, ինչ վստահվել է մեզ, և մշտապես ջանանք բեղմնավոր դարձնել մեր կյանքը:
Երբ այս գրքում շարադրված ճշմարտությունները Տիրոջ կողմից բացահայտվեցին ինձ, խորապես ցնցեցին իմ կյանքը. դրանց մի մասն օգտագործել եմ Եվրոպայում, Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում և Ասիայում իմ քարոզների ու ճառերի մեջ: Շատ ընկերների խնդրանքով դրանք ժողովել եմ այս փոքրիկ գրքում, ու թեև հնարավոր է, որ շարադրանքում որոշ թերություններ լինեն, վստահ եմ, որ նրանք, ովքեր կկարդան աղոթքով ու անաչառ մտքով, օգուտ կքաղեն, ինչպես ես եմ քաղել:
Ինձ համար անհնար կլիներ ինձ բացահայտված այդ ճշմարտությունները շարադրել առանց այլաբանության. առակների օգտագործմամբ իմ խնդիրը համեմատաբար հեշտ է դարձել:
Իմ աղոթքն է, որ ինչպես ինձ է Աստված իր ողորմածությամբ ու գթասրտությամբ երանություն պարգևել այդ ճշմարտություններով, դրանք երանություն լինեն նաև յուրաքանչյուր ընթերցողի համար:

ԱՌԱՋԻՆ ՏԵՍԻԼՔ
Մի մութ գիշեր մենակ գնացի անտառ՝ աղոթելու: Նստելով մի քարի վրա` Աստծո առաջ բացեցի իմ խոր կարիքներն ու խնդրեցի Նրա օգնությունը: Քիչ անց ինձ մոտեցող մի աղքատ մարդու տեսնելով` կարծեցի, թե եկել է ինձնից օգնություն խնդրելու, քանի որ քաղցած էր և մրսում էր: Ես ասացի նրան. «Ես աղքատ մարդ եմ և, այս ծածկոցից բացի, ուրիշ ոչինչ չունեմ: Ավելի լավ է` գնաս մոտակա գյուղն ու այնտեղ օգնություն խնդրես»: Եվ ահա այս խոսքերիս հետ նա փայլատակեց կայծակի նման ու օրհնության կաթիլներ շաղ տալով` անմիջապես անհետացավ: Ավա՜ղ, ավա՜ղ. հիմա է ինձ համար պարզ, որ իմ սիրելի Տերն էր, որը եկել էր ոչ թե մուրալու ինձ նման խեղճ արարածից, այլ օրհնելու և հարստացնելու ինձ: Արդ, սկսեցի լալ ու ողբալ իմ անմտությունն ու անխորաթափանցությունը:

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԻԼՔ
Մեկ ուրիշ օր, ավարտելով աշխատանքս, կրկին գնացի անտառ՝ աղոթելու: Նստելով նույն քարին` սկսեցի խորհել, թե ի՛նչ շնորհներ աղերսեմ: Այդ ժամանակ կարծես մեկ ուրիշը մոտեցավ և կանգնեց ինձ մոտ: Դատելով նրա պահվածքից, հագուստից ու խոսելաձևից՝ Աստծո պատկառելի և նվիրյալ ծառա էր երևում. բայց նրա աչքերը փայլում էին խորամանկությամբ ու նենգությամբ, և հենց սկսեց խոսել, թվում էր, թե նա դժոխքի հոտ է բուրում:
Եվ ահա դիմեց ինձ. «Սուրբ և պատվակա՛ն պարոն, ների՛ր ինձ աղոթքներդ ընդհատելու և մենությանդ մեջ խուժելու համար, բայց յուրաքանչյուրի պարտքն է փորձել բացահայտել մյուսների առավելությունը, ուստի եկել եմ կարևոր հարց բարձրացնելու քո առջև: Քո պարզ, անձնուրաց կյանքը խոր հետք է թողել ոչ միայն ինձ, այլև բազմաթիվ բարեպաշտ մարդկանց վրա: Եվ չնայած հանուն Աստծո ուրիշների համար մարմինդ ու հոգիդ ես զոհաբերել, երբևէ ճշմարտորեն գնահատված չես եղել: ՈՒզում եմ ասել, որ քրիստոնյա լինելով` ընդամենը մի քանի հազար քրիստոնյաներ են ենթարկվել քո ազդեցությանը. ոմանք նույնիսկ չեն վստահում քեզ: Որքա՜ն ավելի լավ կլիներ, եթե հինդու կամ մահմեդական դառնայիր և այդպիսով իսկապես մեծ առաջնորդ դառնայիր: Նրանք այդպիսի հոգևոր առաջնորդի են փնտրում: Եթե ընդունես իմ առաջարկը, երեք հարյուր տասը միլիոն հինդուներ և մահմեդականներ կդառնան քո հետևորդները և ակնածալից հարգանք ցույց կտան քեզ»:
Սա լսելուն պես շուրթերիցս հետևյալ բառերը դուրս թռան. «Դու, սատանա՛, հեռացի՛ր հենց հիմա: Ես անմիջապես հասկացա, որ դու ոչխարի մորթով գայլ ես: Քո միակ ցանկությունն է, որ ես թողնեմ խաչն ու դեպի կյանք տանող նեղ ճանապարհը և ընտրեմ մահվան լայն ճանապարհը: Իմ Տերն է իմ բախտն ու ճակատագիրը, Նա Իր կյանքը տվեց ինձ համար, և դա պարտավորեցնում է ինձ զոհել իմ կյանքն ու ամենը, ինչ ունեմ, Նրա համար, որ ամեն ինչ է ինձ համար: Հետևաբար հեռացի՛ր, որովհետև քեզ հետ ոչինչ չունեմ անելու»:
Սա լսելով՝ նա հեռացավ փնթփնթալով ու մռնչալով իր կատաղության մեջ: Եվ ես, արցունքների մեջ, հոգիս բացեցի Աստծո առաջ աղոթքով. «Տե՜ր իմ Աստված, իմ ամե՛ն ինչ, կյա՛նք իմ կյանքի, հոգի՛ իմ հոգու, գթությա՛մբ նայիր ինձ և այնպե՛ս լցրու ինձ Քո Սուրբ Հոգով, որ սիրտս, Քո հանդեպ սիրուց բացի, այլ սիրո համար տեղ չունենա: Քեզնից որևէ այլ նվեր չեմ խնդրում, այլ միայն Քեզ, որ Շնորհողն ես կյանքի ու դրա բոլոր բարիքների: Քեզնից չեմ խնդրում աշխարհն ու դրա գանձերը, ոչ էլ դրախտն եմ հայցում, այլ միայն Քեզ եմ տենչում ու փափագում. որտեղ Դու ես, այնտեղ է երկնային արքայությունը: Սրտիս քաղցն ու ծարավը կարող է հագենալ միայն Քեզնով, որ կյանք է տվել դրան: Ո՜վ իմ Արարիչ. սիրտս ստեղծել ես միայն Քեզ համար և ոչ ուրիշների, հետևաբար իմ այս սիրտը միայն Քեզանում կարող է անդորր ու հանգիստ գտնել, Քեզանում, որը և՛ ստեղծել է սիրտս, և՛ դրանում հաստատել տենչանքն այդ անդորրի: ՈՒստի հեռացրո՜ւ իմ սրտից այն ամենը, ինչ հակառակ է Քեզ, և մտի՛ր, մնա՛ և իշխի՛ր հավիտյան: Ամեն»:
Երբ վեր կացա այս աղոթքից, պայծառակերպված Էություն տեսա իմ առջև կանգնած` լույսով և փառքով զգեստավորված: Թեպետ որևէ բառ չասաց, և արտասվալից աչքերով այնքան էլ պարզորոշ չէի տեսնում Նրան, Նրանից կենարար սիրո պայծառ լույսի շողեր էին հորդում այնպիսի զորությամբ, որ թափանցում և ողողում էին հոգիս: Անմիջապես հասկացա, որ իմ սիրելի Փրկիչն է կանգնած իմ առջև: Իսկույն վեր կացա քարից, որտեղ նստած էի, և ընկա Նրա ոտքերի մոտ: Նրա ձեռքում իմ սրտի բանալին էր: Իր սիրո բանալիով սրտիս աշխարհը բանալով՝ լցրեց այն Իր ներկայությամբ. ուր էլ նայեի` ներս թե դուրս, միայն Նրան էի տեսնում:
Այդժամ հասկացա, որ մարդու սիրտը Աստծո գահն ու ամրոցն է, և երբ Նա մտնում է այնտեղ՝ մնալու, երկնային արքայությունն է սկսվում: Այդ մի քանի ակնթարթում Նա այնպե՜ս լցրեց իմ սիրտը և այնպիսի՜ հրաշալի խոսքեր ասաց, որ եթե ես նույնիսկ շատ գրքեր գրեմ, չեմ կարող այդ ամենը պատմել: Քանզի երկնային բաները միայն երկնային լեզվով կարող են բացատրվել, և երկրային լեզուները բավարար չեն դրանց համար: Այնուամենայնիվ, կփորձեմ շարադրել այդ երկնային բաներից մի քանիսը, որոնք տեսիլքի միջոցով Տիրոջից տրվեցին ինձ: Նա նստեց քարին, որի վրա ես էի նստել, իսկ ես՝ Նրա ոտքերի մոտ, ու հետևյալ զրույցը սկսվեց Տիրոջ և աշակերտի միջև:

ԱՍՏԾՈ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ

ԱՇԱԿԵՐՏ- Տե՜ր, կյանքի՜ Աղբյուր, ինչո՞ւ ես Քեզ թաքցնում նրանցից, ովքեր երկրպագում են Քեզ, և չես ուրախացնում աչքերը նրանց, ովքեր փափագում են տեսնել Քեզ:

ՏԵՐ- Իմ ճշմարի՛տ զավակ, իսկական երջանկությունը կախված չէ աչքերի տեսողությունից, այլ գալիս է հոգևոր տեսողության միջոցով և կախված է սրտից: Պաղեստինում հազարավորները նայեցին ինձ վրա, բայց բոլորն էլ այդպես ճշմարիտ երջանկություն ձեռք չբերեցին: Մահկանացու աչքերով միայն այն բաները կարող են ընկալվել, որոնք մահկանացու են, քանզի մարմնի աչքերը չեն կարող տեսնել անմահ Աստծուն և հոգևոր գոյությունները: Օրինակ` դու ինքդ չես կարող տեսնել քո սեփական հոգին, հետևաբար ինչպե՞ս կարող ես տեսնել այն Ստեղծողին: Բայց երբ հոգևոր աչքերը բացված են, այն ժամանակ, անշուշտ, կարող ես տեսնել Նրան, որ Հոգի է, և այն, որ դու հիմա տեսնում ես ինձ, ոչ թե մարմնի աչքերով, այլ հոգու աչքերով ես տեսնում:
Եթե, ինչպես դու ես ասում, հազարավոր մարդիկ տեսան ինձ Պաղեստինում, ուրեմն բացվեցի՞ն նրանց բոլորի հոգևոր աչքերը, կամ ես ինքս մահկանացո՞ւ դարձա: Պատասխանն է` ոչ: Ես մահկանացու մարմին հագա, որպեսզի դրանով կարողանամ փրկանք վճարել աշխարհի մեղքերի համար, և երբ փրկության գործն ավարտված էր մեղավորների համար, այդ ժամանակ անմահի միջոցով մահկանացուն փոխակերպվեց փառքի: Հետևաբար, հարությունից հետո միայն նրանք կարող էին ինձ տեսնել, ովքեր հոգևոր տեսողություն էին ձեռք բերել:
2. Այս աշխարհում շատերը գիտեն իմ մասին, բայց ինձ չգիտեն, այսինքն` չունեն անձնական փոխհարաբերություն ինձ հետ, հետևաբար չունեն ճշմարիտ ընկալում կամ հավատ իմ նկատմամբ և ինձ չեն ընդունում որպես իրենց Փրկչի և Տիրոջ:
Նույնն է, թե ի ծնե կույր մարդու հետ խոսես տարբեր գույների մասին` կարմիր, կապույտ, դեղին: Նա բացարձակապես անտեղյակ է մնում դրանց հմայքին ու գեղեցկությանը, նա չի կարող որևէ կարևորություն տալ գույներին, որովհետև միայն գիտի դրանց մասին ու տեղյակ է դրանց զանազան անուններին: Եվ գույների մասին ճշմարիտ պատկերացում չի ունենա, մինչև չբացվեն նրա աչքերը: Նմանապես մինչև չբացվեն մարդու հոգևոր աչքերը, որքան էլ գիտուն լինի նա, չի կարող ճանաչել ինձ, չի կարող տեսնել իմ փառքը, չի կարող հասկանալ, որ ես Մարմնացյալ Աստված եմ:
3. Շատ հավատացյալներ կան, որոնք գիտակցում են իմ ներկայությունն իրենց սրտերում, որ հոգևոր կյանք և խաղաղություն է բերում, բայց չեն կարող պարզորոշ տեսնել ինձ: Նույնպես և աչքը կարող է տեսնել շատ բաներ, սակայն երբ ինչ-որ մեկը դեղ է կաթեցնում աչքի մեջ, աչքը չի տեսնում դա, բայց դեղի ազդեցությունը զգացվում է. աչքի ներսը մաքրվում է՝ նպաստելով տեսողության ուժեղացմանը:
4. Իսկական խաղաղությունը, որը իմ ներկայությունից ծնվում է ճշմարիտ հավատացյալների սրտերում, նրանք չեն կարող տեսնել, բայց զգալով դրա ուժը` երջանիկ են դառնում դրանով: Նրանք ոչ էլ կարող են տեսնել մտքի կամ սրտի այդ երջանկությունը, որի միջոցով վայելում են իմ ներկայության խաղաղությունը: Նույնն է նաև լեզվի և քաղցրավենիքի դեպքում: Համի զգացողությունը, որը գտնվում է լեզվի վրա, և քաղցրությունը, որն այն զգում է, անտեսանելի են: Նմանապես ես եմ կյանք և ուրախություն պարգևում իմ զավակներին անտեսանելի մանանայի միջոցով, որն աշխարհն իր ողջ իմաստնությամբ չգիտի ու չի կարող իմանալ:
5. Երբեմն հիվանդությունը խաթարում է համի զգացողությունը, և հիվանդին տրվող կերակուրը որքան էլ համեղ լինի, նրա համար վատ համ ունի: Նույն կերպ մեղքն է խաթարում հոգևոր բաների համը: Նման դեպքերում իմ խոսքն ու ծառայությունը, իմ ներկայությունը կորցնում են իրենց գրավչությունը մեղավոր մարդու համար, և դրանցից օգուտ քաղելու փոխարեն նա սկսում է վիճարկել ու քննադատել դրանք:
6. Դարձյալ շատ հավատացյալներ, տեսողություն ստացող ի ծնե կույր մարդու նման, կարող են Հիսուսին տեսնել որպես մարգարեի կամ Մարդու Որդու, բայց չընդունել Նրան որպես Քրիստոսի և Աստծո Որդու, մինչև ես երկրորդ անգամ զորությամբ չբացահայտվեմ նրանց:
7. Մի անգամ մայրը թաքնվեց պարտեզում՝ խիտ թփերի մեջ: Փոքրիկ որդին լալով այստեղ ու այնտեղ նրան էր փնտրում: Փնտրեց ամբողջ պարտեզում, բայց չկարողացավ գտնել մորը: Աղախինն ասաց փոքրիկին. «Որդյա՛կ, մի՛ լար: Նայի՛ր այս ծառի մանգոներին և պարտեզի գեղեցիկ, սքանչելի ծաղիկներին: Հիմա դրանցից կբերեմ քեզ համար»: Բայց երեխան բղավեց. «Ո՛չ, ո՛չ, ես մայրիկիս եմ ուզում: Նրա տված կերակուրն ավելի համեղ է, քան բոլոր մանգոները, և նրա սերն անհամեմատ ավելի քաղցր է, քան այս բոլոր ծաղիկները: Դու գիտես, որ այս ամբողջ պարտեզն իմն է. ինչ որ իմ մայրիկն ունի, իմն է: Ո՜չ, ես մայրիկիս եմ ուզում»: Երբ մայրը, որ թաքնված էր թփերի արանքում, լսեց սա, դուրս ցատկեց և երեխային ամուր սեղմելով իր կրծքին՝ համբույրներով ծածկեց նրան: Եվ այդ պարտեզը երեխայի համար դրախտ դարձավ: Նույն կերպ իմ զավակները աշխարհի այս մեծ պարտեզում, որն այնքա՜ն լի է սքանչելի և գեղեցիկ բաներով, չեն կարող ճշմարիտ բերկրանք գտնել, մինչև ի՛նձ չգտնեն: Ես նրանց Էմանուելն եմ, որը միշտ նրանց հետ է, և ես ինձ հայտնում եմ նրանց:
8. Ինչպես սպունգն է դրվում ջրի մեջ, և ջուրը ներծծվում է սպունգի մեջ. բայց ջուրը սպունգ չէ, և սպունգն էլ ջուր չէ, ու երկուսն էլ միշտ տարբեր են, նմանապես երեխաներն ապրում են իմ մեջ, և ես՝ նրանց մեջ: Սա պանթեիզմ չէ, այլ Աստծո արքայությունն է, որը հաստատված է այս աշխարհում ապրողների սրտերում, և ինչպես ջուրն է սպունգում, ես ամեն տեղ եմ և ամեն ինչի մեջ եմ, բայց դրանք ես չեմ:
Վերցրո՛ւ ածուխի մի կտոր. ինչքան էլ լվանաս այն, միևնույն է, սևությունը չի անցնի: Բայց բավական է կրակը մտնի ածուխի մեջ, և նրա մռայլ գույնն անհետանում է: Նույնպես էլ երբ մեղավոր մարդը ստանում է Սուրբ Հոգին (այն իմ Հորից և ինձնից է, քանզի Հայրս և ես մի ենք), որը մկրտություն է կրակով, մեղքի ողջ սևությունը քշվում է, և մարդը լույս է դառնում աշխարհի համար: Ինչպես կրակն է ածուխի ներսում, նույնպես ես եմ իմ զավակների մեջ, ու նրանք՝ իմ մեջ, և նրանց միջոցով եմ ինձ հայտնի դարձնում աշխարհին:
(շարունակելի)

Անգլերենից թարգմանեց
Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Նկարիչ` Մայիս ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3176

Մեկնաբանություններ