Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Մեղքի վարձը մահ է

Մեղքի վարձը  մահ է
19.04.2013 | 12:01

Սկսած խոսքը ավարտին հասցնելու համար նախ եղեռն ու կոտորած տեսածների ողբերգերից կարդանք մի հատված.
«Եփրատ գետի կամուրջը նեղ է, անցնել չի լինի,
Ջրերն արնոտ են, մի թաս խմել չի լինի,
Հայերի արյունով ջուրը խմել չի լինի,
Հայերն են մեռնում հանուն հավատքի»։

Հանուն այն նույն Հիսուս Քրիստոսի հավատի, ՈՒմ անունով հենց այդ նույն Եփրատի ջրերում 301-ին մկրտվեցին առաջին բյուր հայերը։ Բայց ահա 16 դար անց, այդ սուրբ գետի (քանզի, ըստ Ագաթանգեղոս պատմիչի, դրա ջրերի մեջ Գրիգոր Լուսավորիչը սուրբ մեռոն լցրեց, որը պտտվելով մկրտվողների շուրջ` օծում էր նրանց) ջրերը նորից բյուրավոր հայեր մտան, բայց այս անգամ ոչ թե մկրտվելու, այլ հանուն Քրիստոսի մահվան մկրտությամբ նահատակվելու և այդպես հավիտենական կյանք մտնելու։ ՈՒ այս անգամ ոչ թե սուրբ մեռոնով օծվելու, այլ սեփական արյամբ։
Կատարվածը տիեզերախորհուրդ բնույթ ու զորություն է կրում, ինչն առայժմ անհնար է, որ հասկանա մարմնի և արյան մեջ բնակվողը, մինչև չգա արարչական արդար Դատաստանի օրը, ու յոթ կնիքով կնքված Կյանքի գրքի էջերը չբացվեն։ Հավատանք ու սպասենք, այդ Օրվան էլ կհասնենք, բայց մինչ այդ կարդանք եղեռնախորհուրդ գիշերներից մեկի այս դրվագը (վկայող՝ Բարունակ Փափազյան, ծնված 1906 թ.). «Երբ թուրքերը մի գյուղ հայաթափ էին անում, լուր էին տալիս շրջակա ամբոխին, որ գան թալանեն։ Մեկ էլ տեսանք սև մրջյունների պես` ամաններով, կացիններով, դանակներով զինված «մարդիկ» հարձակվեցին մեզ վրա. ոչ մեծի կնայեին, ոչ փոքրի, սկսեցին կոտորել։ Շուրջս դիակներ, սպանված մայրերի կրծքերի վրա ընկած երեխաներ։ Ես շվարած նայում էի։ Իմ ոտքերին կարմիր կոշիկներ կային, հայրս էր բերել քաղաքից։ Մի տղա տեսավ կոշիկներս, աղանայով խփեց գլխիս, ես ուշագնաց ընկա։ Կոշիկներս հանել էր։ Գիշերն ուշքի եկա, ուզեցի աչքերս բացել, բայց չէին բացվում, գլխիս վերքի արյունը չորացել էր մեջը։ Լսեցի երեխաների ձայներ, որոնք սպանված մայրերի կրծքերի վրա ընկած՝ արյուն էին ծծում կաթի փոխարեն։ Մինչև առտու դրանք էլ մեռան…»։
Հիմա էլ կարդանք եղեռնը վերապրած, 1893 թ. ծնված Հայկո Վարդանյանի վկայությունը. «1918 թ. ամռան մի երեկո ես դաշտային աշխատանքից տուն չէի վերադարձել, երբ հայր Դանուղը, մորս ու չորս երեխաներով, լավաշ թխելուց հետո թոնրի շուրջը նստած ընթրում էին։ Բակ են մտնում թուրք ասկյարները և հրամայում նստածներին չշարժվել տեղից։ Երկու քույրերիս սենյակի տարբեր անկյուններում անարգում են։ Պղնձյա թասը գցում են թոնրի մեջ և շիկացած դնում հորս գլխին։ Երկու փոքր եղբայրներիս մտցնում են թոնրի մեջ, խուփը դնում թոնրին ու կանգնում վրան։ Ներսից լսվում է երեխաների աղիողորմ ճիչն ու լացը, ապա լռում է, և սենյակը լցվում է կենդանի խորովված երեխաների մսի հոտով։ Երբ թուրք ասկյարը քաշքշելով փորձում է մորս գետնին տապալել և բռնաբարել, նա հաջողեցնում է թուրքի սուրը խլել նրա գոտիկից և խրել ասկյարի փորը։ Մյուս մարդակերները կտրում են մորս գլուխը։ Երբ ես տուն եկա, տեսա այդ սոսկալի տեսարանը։ Այնպես որ այդ սոսկալի տեսարանից հետո միայն երկու դժբախտ քույրերս ու ես ողջ մնացինք»։
Եթե ուշադրություն դարձրեց ընթերցողը, այս վկայությունը պատմում է արդեն եղեռնից երեք տարի հետո կատարված դեպքերի մասին։ Այնպես որ, 1915 թվականը ոչ սկիզբ է եղել, ոչ էլ վերջ, քանի որ մերձակա և Թուրքիայի հետ սիլի¬բիլի անող տերությունների աչքի առջև է կատարվել այդ ամենը. նախ Գերմանիայի, ապա Ֆրանսիայի և Անգլիայի, էլ չեմ ասում մեծ Ռուսաստանի, որը մինչ այդ արդեն Թուրքիայի հանդեպ հաղթանակներ էր տարել, ու շատ լավ գիտեր, որ ողջ հայ ժողովուրդը կմասնակցեր ազատագրական կռիվներին, եթե Ռուսաստանը կամենար օգնության գնալ հայերին։
Չմոռանանք նաև ԱՄՆ-ի միջամտությունը մեր խնդրին։ ԱՄՆ-ից առաջին բողոքական քարոզիչներն են գալիս Արևմտյան Հայաստան ու որոշակի հայերի հրապուրում` միանալ իրենց ու կապ չպահպանել Հայ առաքելական եկեղեցու հետ։ Կարդանք եղեռնի վկաներից մեկի հետևյալ պատմածը. երբ գյուղի բոլոր հայերին իրենց ընտանիքներով տեղահանեցին ու դեպի անապատներ ուղղեցին, հանկարծ ճանապարհին նրանց ուղեկցող ձիավոր ասկյարներին մոտեցավ մի ուրիշ զինվորական և ինչ¬որ բան հաղորդեց։ Աքսորյալների քարավանը կանգնեցրին ու թե` որ հայերի միջից ովքեր բողոքական են դարձել և Հայ առաքելական եկեղեցուց հեռացել, թող իրենց ընտանիքներով դուրս գան քարավանից ու իրենց օջախները վերադառնան։ Մոտ տասն ընտանիք առանձնացավ, իսկ մնացածները շարունակեցին իրենց մահվան տաժանքի ուղին, մինչև հայոց Գողգոթա։
Այնպես որ, աշխարհի քրիստոնյա մեծ պետությունները, այդ թվում և` Ամերիկան, շատ էլ լավ տեղյակ էին, թե ինչ է կատարվում հայերի հետ, բայց այդպես էլ չմիջամտեցին Թուրքիայի կառավարության գործերին, չհաշված մի քանի պաշտոնական գրությունները։ Մահմեդական Թուրքիան, երբ տեսավ, որ հայերի «եղբայր» քրիստոնյա պետությունները չէին միջամտում քրիստոնյա հայերի նկատմամբ իրագործվող արյունոտ խրախճանքին, ավելի ոգևորվեց ու դավանակից քրդերի և չեչենների հետ մեկտեղ անարգել կոտորեց մի ժողովրդի, որն առաջինն էր «համարձակվել» Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունել։
Այժմ մի պատմական տեղեկություն. «1919-1920 թթ. հույները գրավեցին Թուրքիայի Բուրսան։ Հայերից շատերը տեղափոխվեցին այնտեղ։ Բայց երբ հույները պարտվեցին, նահանջի ժամանակ հայերը նորից գաղթի ճամփան բռնեցին։ Ճամփին Մուտանիա նավահանգստում ֆրանսիական նավատորմը եկավ և հույն նահանջողների վրա կրակեց։ Հայերս նորից մնացինք անպաշտպան, ու այնտեղ էլի մեզ կոտորեցին»։
Այն մասին, որ ֆրանսիացիները Թուրքիայի թիկունքին են կանգնել եղեռնի տարիներին, ես անձամբ լսել եմ 103 տարեկան Պողոս վարդապետ Կիլիկեցուց, երբ ես դեռ «Լուսավորիչ» թերթում էի աշխատում։ Նա պատմեց, որ ինքն Արևմտյան Հայաստանի Չորքմազան գյուղից էր, որտեղ նրա հայրը քահանայություն էր անում, իսկ ինքը որպես սարկավագ օգնում էր նրան։ Իսկ երբ սկսվեցին հայերի կոտորածները, նրանք գյուղի մի քանի տղամարդկանցով որոշեցին լեռները բարձրանալ ու ինքնապաշտպանությամբ դիմանալ մինչև որևէ քրիստոնյա պետություն կմիջամտի, ու երբ ֆրանսիական նավատորմը երևաց, թուրքերը ահաբեկված թողեցին դիրքերն ու փախան այնտեղից։ Բայց երբ ֆրանսիացիները Թուրքիայի հետ ինչ¬որ ներքին բանակցություններից հետո, կամ գուցե իրենց համար աշխարհագրական այդ տարածքում շահավետ խոստումներ ստանալուց հետո սկսեցին հայերի, հույների ու մնացած քրիստոնյաների հանդեպ ծաղրանքով ու թշնամաբար վարվել, այդպիսով արյունարբու թուրքերին հասկացնելով, որ ինչ ուզում են անեն։ Այս առիթով դարձյալ մեկ այլ վկայություն կարդանք. «Չաթ գյուղի բնակիչ Սամվել Ինճեյանը 360 հայ քաջերով հինգ տարի դիմադրեց թուրքական զորքերին, մինչև որ Քեմալը խոստացավ, որ նրանք վերադառնան իրենց տները, բայց Սամվելը, լավ իմանալով նրանց խորամանկությունը, գնում և իր զինվորներով հանձնվում է ֆրանսիական բանակին, որ այդ ժամանակ այնտեղ էր գտնվում։ Նրանց զորահրամանատարը ստրատեգիական կարևոր մի կամրջի պայթեցումը նրանց հանձնարարելով, շատ զարմացավ, որ մի օր անց նրանք կարողացել են ոչնչացնել այն։ ՈՒ գեներալը դրանից հետո վախեցավ Սամվելից ու նրա զինվորների քաջությունից և զենք չտվեց նրանց։ Սամվելը բարկացած ասել է գեներալին. «Ես որպես քրիստոնյա քեզ հանձնվեցի, բայց դու ինձ դավաճանեցիր, դռները բա՛ց, ես կհրամայեմ տղաները կցրվեն», ու հենց այդ պահին նա սրտի կաթված է ստանում ու տեղում մահանում է»։
Իսկ երբ ֆրանսիական շահերն էլ չեն գործում Թուրքիայում, նրանք, թողնելով Կիլիկիայի անպաշտպան հայերին, թաղիքներ կապելով իրենց ձիերի սմբակներին, գիշերով գաղտագողի փախչում են այնտեղից։ Հաջորդ օրն իսկ թուրքերը սկսում են հայերի ջարդը Կիլիկիայում։
Այս մասին առավել սահմռկեցուցիչ մի վկայություն էլ է հայտնի։ Պատմում է ականատես Վերգինե Մայիկյանը, Մարաշից. «1918¬1920 թվերին ֆրանսիական իշխանությունը Կիլիկիայում էր։ Ֆրանսիական և հայկական թերթերը գրում էին, որ Ֆրանսիան հավիտյան կմնա Կիլիկիայում։ Բայց խաղաղությունը երկար չտևեց։ Կամաց¬կամաց զգացինք, որ թուրքերը սկսեցին ատել մեզ։ Մի օր էլ ֆրանսիացիներն իրենց ձիերի սմբակների տակ քեչա կապելով, սուսուփուս հեռացել, փախել էին Մարաշից։ Առավոտյան ելանք ու զարմացանք եղածի համար, նույնիսկ հայտնի աղա Հակոբ Խռլաքյանին չէին զգուշացրել, ով ֆրանսիական բանակին ձրի պարեն էր մատակարարում։ Թուրքերը երևի արդեն լուր ունեին, քանի որ գիշերվանից արդեն հրացանների կրակոցներ էին լսվում։ Ամուսինս տեսավ, որ օրեցօր վիճակը վատանում է, ադամանդե մատանին փոխեց ու տեղը երկու հրացան առավ, քանի որ հայերը ինքնապաշտպանության մասին էին մտածում։ Շատերն իրենց կանանց ու երեխաներին, մոտ երկու հազար հոգի, Քառասուն մանկանց եկեղեցին տեղափոխեցին, որը բարձունքի վրա էր ու պարիսպներով շրջապատված։ Բայց մի օր էլ թուրք խուժանը եկեղեցու պարսպի շուրջը շղթայի պես շրջապատեց, ու դռները բացել անգամ չէին թողնում, ասելով, որ հրաման կա մինչև գիշեր փակ պահել։ ՈՒ կեսգիշերից հետո (դե, գիշակեր գազանները գիշերով են, չէ՞, որսի ելնում) թուրքերը նավթոտած վառվող փալասներ էին շպրտում պարսպից և եկեղեցու գավթից ներս։ Կրակը մինչև երկինք ելավ։ Եկեղեցուց եկող ձայները մարդու սիրտն էին փլցնում։ Հազարավոր ձայներ գոռում, գոչում, աղերսում էին դուռը բացել, ու նրանց ձայները կարծես գետնի տակից էին գալիս, երկրաշարժի տնքոցի պես, որը մինչև մեր տունն էր հասնում, որտեղ մենք վախից պահմտել էինք։ ՈՒ ժամառժամ նրանց աղիողորմ ձայները նվազեցին, բայց վառվող մարդկանց խանձահոտը աշխարհը բռնեց (երանի՜ ողջ աշխարհը բռնած լիներ, ու մինչև պոռնիկ ֆրանսիացիների իշխանավորներին հասներ, որ տեսնեին իրենց քար անտարբերության ու սեփական սրտի ու խղճի դավաճանության հետևանքը)։ Հրեշներն իրենց անելիքն արեցին։ Եկեղեցու շուրջը սալահատակված մի քանի հարյուր մետր տարածքը կարծես օճառի հաստ շերտով էր ծածկվել, մոտ երկու մատ հաստությամբ մարդկանց ճարպը հալել, հոսել էր ու թանձրացել։ Մեկ էլ տեսանք թուրք կնիկները ձեռներին մեկ¬մեկ մաղ առած՝ եկեղեցի են վազում։ Ես չդիմացա և ուզեցի գնալ, տեսնել կատարվածը, ու ֆարաջայի պես մի բան հագա, գլխիս մի չարշաֆ անցկացրի, քիթ ու բերանս փակեցի ու ելա։ Եկեղեցու միայն մրոտված ու փլատակ պատերն էին մնացել, իսկ դռան տակից մարդկանց հալած յուղը հոսել էր բարձունքն ի վար։ Կողքիցս քայլող թուրքի կինն ինձ առանց մաղի տեսնելով, ասաց. «Բաջի, ինչո՞ւ հետդ մաղ չես վերցրել»։
Ես առանց շփոթվելու ասացի, որ կվերադառնամ ու կվերցնեմ։ Նա էլ ծիծաղելով ասաց. «Վերադարձից հետո ի՞նչ կմնա»։
Արդեն երրորդ օրն էր, բրուտի փռի պես կարմրած պատերը դեռ տաք էին։ Ներս մտա եկեղեցի և ի՞նչ տեսնեմ։ Թուրք կնիկներն ամեն մեկը մի տեղամաս էր զավթել ու իրար չէին թողնում միմյանց սահմանը մտնել ու իրար վրա բղավում էին. «Ով իմ սահմանը մտնի, կսպանեմ»։
Ինձ հետ եկող թուրք կինն ասաց. «Գյավուրը պիղծ է, բայց նրա ոսկին մաքուր է»։
ՈՒ հրեշի կերպարանքով այդ կանայք նստած մաղում էին հայ կանանցից ու երեխաներից մնացած դիամոխիրը, ու երբեմն¬երբեմն ուրախությունից բացականչում էին, երբ մաղված մարդկային մոխրի միջից հալած ոսկու մի կտոր էին գտնում...»։
Չնայած այդ կանայք հայ չէին սպանել կամ բռնաբարել, բայց նրանց արածն առավել քստմնելի էր ու սրբապիղծ, քանզի հենց նոր այրված ու մահացածների մոխիրն էին մաղում, այն մանուկների ու երեխաների, որոնց հոգիները դեռ երկրի վրա էին ու տեսնում էին, թե ինչ են անում իրենց աճյունամոխրի հետ (քանզի, ըստ սուրբ հայրերի խոսքի, մեռածների հոգիները երեք օր իրավունք ունեն երկրի վրա մնալու և գնալու ուր որ ուզում են, հետո նոր տարվում են երկինք՝ Աստծո առջև կանգնելու)։
Այս ամենն իմանալուց հետո, եթե ես էլ Աստծո խոսքին անտեղյակ լինեի ու չհավատայի, որ յուրաքանչյուր մեղքի համար արդար Աստծո առաջ պատասխան ունենք տալու, ինքս էլ մեր հանրահայտ երգչի պես կասեի. «Ո՞Ւր էր Աստված, երբ այս բանն էր կատարվում...»։ Իսկ հիմա ասում եմ, որ մինչև վերջ համբերենք ու այդ ամենի արդար դատաստանը կտեսնենք մեր իսկ աչքերով։ Միայն թե մի ասեք, որ ահա մոտ 100 տարի է անցել, բայց դեռ չենք տեսնում Աստծո պատիժը թուրքերի վրա, բայց մի՛ մոռացեք, որ այդպես էին ասում նաև Նոյի ժամանակների ամբարիշտ մեղավորները, ու ճիշտ 100 տարի հետո Տերը կատարեց Իր խոստումը։ ՈՒրեմն հավատանք անտեսանելի, զորավոր ու նաև ամեն առումով ահավոր Արարչական այն Ձեռքին, որը դարերի արհավիրքների միջով մեզ պահել ու հասցրել է մինչև այս վերջին ժամանակները, չմերժենք անհուսությամբ, այլ մեր սուրբ նախնիների քրիստոսաբույր հավատով ամո՛ւր բռնենք մեզ ապրեցնող սուրբ Խաչի կենարար խարիսխը, մինչև կգա բոլորի հատուցման ժամը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, չես հավատում Աստծո խոսքին, ապա քո մարդկային վրեժխնդրությունն ընդամենը սեփական հոգիդ կմաշեցնի, ու չարի հերթական ծաղրանքին կարժանանաս, և ոչ ավելին։
Իսկ անպաշտպան հայոց ժողովրդին ոչխարների նման հոշոտող այդ մարդասպան գայլերը, հավատում եմ, ըստ Աստծո անսուտն խոսքի, որ հենց հիմա դժոխքի հավիտենական կրակների մեջ հազարապատիկ առավել դաժան ու աներևակայելի տառապանքների ու լլկումների են ենթարկվում դևերի կողմից։ Իսկ նրանց զոհերը՝ Աստծո հայորդի գառները, հիմա դրախտի մարգագետիններում ուրախությունից թռչկոտելով, տրտինգ են տալիս։ Ո՜վ ընթերցող հայորդի, կարծում ես, թե սրտի մխիթարանքի խոսքե՞ր եմ փնտրում ինձ և քեզ համար, մի՛ սխալվիր, քանզի մարդկային մխիթարանքը ժամանակավոր է ու սին, իսկ ահա Աստծո հավիտենական խոսքն այսպես է ասում. «Ահա պիտի գա Տիրոջ օրը` հնոցի նման բորբոքված, և պիտի այրի բոլոր անօրենություն գործողներին: Եղեգնի նման պիտի վառվեն նրանք այն օրը, որը պիտի գա,- ասում է Ամենակալ Տերը,- և նրանցից ոչ մի արմատ և ոչ մի ճյուղ չի մնալու: Բայց ձեզ՝ Իմ անունից երկյուղ կրողներիդ համար արդարության Արեգակը պիտի ծագի, բժշկություն պիտի լինի Նրա շողերի մեջ, և դուք պիտի ելնեք ու խայտաք, ինչպես կապից արձակված հորթեր: Պիտի տրորեք անօրեններին ու նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ Ես եմ պատրաստելու» (Մաղաքիա 4.1-3)։
Եթե կա մեկը, ով չի հավատում Աստծո այս իրական խոսքին և համարում է այն ընդամենը մի գրվածք, ապա թող նման մեկը քննի իր հավատի անաղարտությունը, քանզի խոսքը մեր սուրբ նախնիների դավանած Սուրբ գրքի մասին է։
Ժամանակ առ ժամանակ տկարացող ու ցամաքող աղբյուրի նմանվող մեր ազգը մեկ էլ հորդահոս բխել է՝ ապացուցելով իր անկորնչելի ու անսպառ ապրելու ունակությունը: Երբեմն էլ հայոց ազգը նմանվել է այն կրակին, որին օտար փոթորիկները փորձել են հանգցնել, - և կարծես այդ նրանց առժամանակ հաջողվել է, բայց մեկ էլ հայի ոգին առասպելական փյունիկի պես հառնել է մոխրից՝ ի հեճուկս սանդարամետի բոլոր չար զորությունների: Եվ դարձյալ մեր ազգը նմանվում է այն հունդին, որը հողի մեջ կորած՝ մեռած է թվում, բայց գարնան արևի կանչող զորությանն ընդառաջ գնալով նուրբ մի ծիլի նման, ժայռեր փշրողի զորությամբ դուրս է գալիս մայր հողից, ազգեր կոտրատող ուժ կրելով իր մեջ: Ասվածը հաստատելու համար անաչառ պատմության հինավուրց էջերը բացենք. ո՞ւր են մեզ վրա հոխորտանքով եկող Ասորեստանը, մինչև երկինք հասնող պարիսպներով Բաբելոնը, Չինգիզ Խանի օձագալար հորդաները, չարախորհուրդ բուղաներ (Հայաստանում արաբ ոստիկան՝ կուսակալը) ծնող արաբական խալիֆաթը, երկաթե օրենսդրությամբ Հռոմեական կայսրությունը, աշխարհի միտքն իր փիլիսոփայությամբ նրբացնող հելլենիստական Բյուզանդիան, Սիբիրի աքսորավայրերում ազգեր լլկող ու հոշոտող մեծ պոռնիկը` կարմիր վիշապ Սովետը: Եղեռնական տարիներին հայի արյուն հեղող թրքի յաթաղանն իր իսկ փորը պիտի մտնի, այն քաջարի կնոջ պահվածքի հանգով, որն իր պատիվը փրկելու և վրեժն առնելու համար հենց իրեն լլկող թուրքի որովայնը խոցեց նրա իսկ յաթաղանով։ Իսկ մնացած կամակից ազգերն արդեն իրենց փորած փոսերի մեջ են մեկիկ¬մեկիկ ընկնում։
Գայանե Ադուրյանի այս վկայությունն ունենք. «Բավականին քալելեն վերջ, գիշերվա մութն արդեն իյնալու վրա էր, հրաման ելավ, որ Եփրատի եզերքը մի բաց տեղ նստինք։ Անոթի էինք։ Հոն տեղը մի քանի մարդիկներ եկան մամայիս հետ սկսան խոսիլ, հասկցնել, որ քու ամուսինդ և մյուս երեխաներդ արդեն մեռել են, աս երեխային չես կարող պահել, անոթի աս ալ կմեռնի, տուր տանինք որբանոց, հոն կուտացնեն։
Ադ մարդիկ ինձ առին, ուրիշ մի քանի երեխաներու հետ տարին, հանձնեցին քյուրդ մարդու։ ՈՒ ախոռի պես սենյակ տարան, մեջը դարմանի դեզ կար, վրան երկու-երեք հարյուր երեխա, երեքեն յոթ տարեկան։ Անոնք քնացած էին, մեկին կոնքը մյուսին գլխի տակ։ ՈՒ բոլորս անոթի փորով քուն մտանք։ Առտուն աչքս բացի աղմուկով մը։ Այդ քյուրդ վերակացու կնիկներեն մեկը մի հաց ձեռքը բռնած, կտոր¬կտոր էր անում ու շպրտում, ոնց որ շուներուն առջև լափ կնետեն։ Երեխեքը, ով ճարպիկ էր, հարձակվեց, խլեց կերավ, ով չէ, անոթի մնաց։ Ետքը եկան երեսուն, քառասուն երեխայի առանձնացրին, ֆուրգոնի մեջ լեցուցին, քշեցին տարին, ո՞ւր` չգիտենք։ Հոնտեղը ինձմե քիչ մը մեծ տղա մը կար, եկավ ականջիս փսփսաց. «Գիտե՞ս, ասոնց կտանին մեռցնելու։ Եփրատին քովը ղազան մը ջուր է դրված, կրակի վրա կեռա։ Աս չոջուխներուն կտանին ոտքերեն բռնելով՝ խաշած ջուրին մեջ կմտցնեն, կհանեն, որ մեռնին, հետո էլ Եփրատը կնետեն։ Ես անոնց մեջն էի, տեսա, փախա՛, եկա։ Եթե կրնաս դուն ալ փախի՛ր»։
Ես չնայած շատ փոքր էի, բայց խե՜լքս նայե։ Երբ մթնելու վրա եղավ, գնացի դռան մոտը, մամայիս տված մի բուռ չամիչները ափիս մեջ լցրի, դուռին քովը կանգնած պահակ քյուրդ կնոջը ցուցի ու ըսի. «Ա՛ռ աս, դուռը բաց, դուրս գամ»։
Սա վերցրեց չամիչները, դուռը բացեց, իմ գլխուս ալ մեկ հատ չափալախ տվեց ու ըսավ. «Գնա՛, կորի՛»։
ՈՒ վկայության այս պատմողը Աստծո հրաշքով գտնում է մորը, հետո մի չեչեն լամուկ, մոր ձեռքից խլելով այդ երեխային, տանում է Իրաք և վաճառում մի արաբի, ով նրա դեմքին դաջվածքներ անելով, պահում է որպես ստրուկ, բայց անգլիացիները, որոնք սկսել էին հայ որբեր հավաքել, գտնում են նրան, ու այդպես փրկվում է այս վկայագրի հեղինակը։
Չնայած մարդկային կերպարանքով բորենի Թալեաթը հրամայել էր. «Մեկ մետրից բարձր բոյ ունեցող հայերին սպանե՛ք», բայց այս մարդակեր գայլերը մանուկներին էլ չէին խնայում։
Այդ օրերից հետո անցավ կես դարից ավելի, ու խաբված քրդերը, որոնք թուրքերից խոստումներ ունեին իրենց ազգի անկախության վերաբերյալ, հասկանալով, որ սուտ էին այդ խոստումները, սկսեցին ուժային պայքար թուրքական պետության դեմ, բայց մինչև հիմա արդեն 40000 զոհ են տվել ու ոչ մի արդյունքի չեն հասել, ու չեն էլ հասնի, որովհետև հայի արյան գնով են ուզեցել անկախանալ։
Հայ պատանու վկայությունը չեչենների մասին. «Ինձ մի չեչեն մղդար (գյուղապետ) իր տավարածը դարձրեց։ Մի օր էլ գարնանը չեչենները մեր տունը հավաքվեցին։ Նստած իրենց զենքերն էին սրում ու իրար ասում. «Պիտի երթանք Դեր Զորի հայերին ջարդելու»։ Էդ գարնանն էր։ Մնացի մինչև աշուն։ Էդ նույն չեչեններն աշնանը եկան բեռնված ապրանքներով։ Էլ Պոլսի կողմերեն, էլ Կոնիայի կողմեն, երկրի ամեն կողմերեն բերված հայերուն հարստությունը, հագուստնե՜րը, զարդե՜րը, ոսկինե՜րը, փողե՜րը, լի՜քը, ի՜նչ ուզես։ Ի՜նչ մտքեդ կանցնի։ Ի՜նչ ապրանք էր։ Ես տեսնում էի աչքիս պոչով, որ ամանով էին չափում ոսկի դրամը ու բաժանում իրարու մեջ, այնքա՜ն շատ էր»։
Եվ չեչենները, որոնք բորենիների նման հետևել են հայերի մահվան քարավաններին ու իրենց պատառները փախցրել, նույնպես անպատիժ չմնացին, քանզի Ստալինը Բերիայի միջոցով 1944 թ., աքսորի հանեց մոտ կես միլիոն մարդու և տարավ Ղազախստանի ու Կիրգիզիայի անապատները։ Աքսորի ճանապարհին 144000-ը մահացան։
Իսկ հիմա էլ իրենց երկիրը՝ Չեչնիան, կիսավեր, դեռ սեփական արյան մեջ թավալվող մի տարածքի է վերածվել, իրենց հազարավոր սպանվածներով ու էլի սպանվողներով։ Այս գրվածքի վերնագրի խոսքը կատարվեց նաև սրանց համար, քանզի իրենց հայրերի մեղքի հետևանքը զավակները կրեցին։
Հերթը շնաբարո ցեղերին մեզ վրա քսի տվող թրքերինն է: (Թող ընթերցողը չզարմանա, որ թուրքերի մասին երբեմն թրքեր եմ գրում, քանի որ եղան թուրքեր, որոնք խիղճները չկորցրին Հայոց եղեռնի ջարդերի ժամանակ, այլ մահվան վտանգի տակ իրենց տներում հայերի պահեցին ու կյանքերը փրկեցին, իսկ թրքեր էլ կային, որոնք մի օրում մարդակեր գազանների վերածվեցին)։ ՈՒ թող ոչ ոք չասի, բա ինչո՞ւ Աստված նրանց չի պատժում, քանզի ասացինք, որ հավատով համբերենք՝ այդ օրն էլ կտեսնենք, որովհետև Տերն է ասել. «Վրեժխնդրությունն Իմն է»: Բայց մինչ այդ մենք մեզ քրիստոնեավայել պահենք ու մութ վրեժխնդրությամբ չկուրանանք ու մաշվենք, ինչպես ոմանք են տառապում, այլ ըստ Տիրոջ պատվիրանի՝ թշնամիների համար աղոթք անենք, քանզի վրեժխնդրությունը Աստծունն է, այլապես անմտաբար կհեռացնենք մեր թշնամիների գլխից Տիրոջ բարկության հավիտենական կրակի կայծերը:
ՈՒ դրա հետևանքներն արդեն իսկ տեսնում ենք, քանզի Թուրքիայի շատ մտավորականներ ու դեռևս խիղճ ունեցող մարդիկ հասկացել են իրենց ազգի սրբապղծությունը հայերիս հանդեպ, մանավանդ Հրանտ Դինքի սպանությունից հետո, այդ պատճառով հազարավոր ցուցարարներ «Ես հա՛յ եմ, ես Հրանտ Դինքն եմ» բացականչություններով փողոցներն էին ելել ու արդար վճիռ էին պահանջում մարդասպանների համար։
Որ կա Աստծո պատիժը, առավել հաստատող մի օրինակ ևս. վկայում է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ»-ում, թե` «Նախիջևանի Ագուլիս գյուղի այն հայերի տները, որոնք բռնազավթել են ադրբեջանցիները, և որտեղ սպանություններ են եղել, հայի արյուն է թափվել, լի են անհասկանալի դրսևորումներով. ադրբեջանցի ընտանիքների երեխաները կամ դիվահարվում են, կամ անհասկանալի հիվանդություններով են տառապում, որպես հատուցում հայ անմեղ զոհերի։ Թափված արյունն անհետ չի կորչում, այն իր վրեժն է պահանջում»։
Վերջում մի քանի խոսք ժամանակակից հայորդիներիս կեցվածքի վերաբերյալ, նկատի ունեմ քրիստոնեավայել դիրքի մասին, քանզի ասացինք, որ շատերս մեր սրտերում վրեժի կրակով ենք բորբոքվել եղեռնի զոհերի համար, բայց այդ նույն մարդիկ այնպիսի մեղքերի ու անօրենությունների մեջ են հարատևում, որ այժմ էլ սպիտակ ու անարյուն եղեռնի պատճառ են դառնում ապրող այս սերնդի համար, քանզի Աստծո պատվիրաններից դուրս ամեն արարք անեծքի ու մահվան դուռ է բացում, թե մեր անձերի ու ընտանիքների համար և թե համայն հայոց ազգի։ Այդ պատճառով այս գրվածքի վերնագիրը Աստծո խոսքով այդպես էլ գրվեց. «Մեղքի վարձը մահ է»։ Եղեռնի զոհերի համար քննադատելով ուրիշներին, ասես չենք նկատում, հարկադրված պանդխտության գնացած մեր հարյուրավոր կանանց ու աղջիկների, ովքեր թուրք ու մահմեդական այլ ազգերի մեջ մարմնավաճառության արհեստով իրենց ընտանիքների «հացի փող» են վաստակում։ Արդյո՞ք դա ժամանակակից եղեռն չէ։
Ականատես վերապրողների բազմաթիվ վկայություններով հարուստ «Հայոց եղեռն» ստվարածավալ գրքի հեղինակ Վերժինե Սվազլյանը հիշյալ գրքի համար վկայությունները անարգել հավաքելու նպատակով Ստամբուլի հիվանդանոցում ստիպված նարկոզ է ընդունում, կեղծ վիրահատման է պառկում, որ կարողանա զրուցել այդ հիվանդանոցում պառկած եղեռնի մասնակից կանանց հետ (այդ գրքի շնորհիվ կարդացիք այս հոդվածում եղած վկայություններից մի քանիսը)։ Իսկ անգլերենով իր այդ օգտաշատ աշխատությունը հրատարակելու համար, կարիքից դրդված, սեփական ականջօղերն ու այլ զարդերն է վաճառքի հանել գործը գլուխ բերելու համար։ Ի՜նչ անենք այն հայ չինովնիկին, որը թանկարժեք մեքենայով «աշխատանքի» է գնում, բազմամիլիոն դրամ արժողությամբ գործուղումների մեկնում, քաղաքային վտանգավոր հրավառության բազմածախս ու փուչ շոուներ սարքում, բայց անտարբերությամբ է վերաբերվում ազգի սիրտն ու ոգին պահպանող հարցերին, մեղմ ասած` սառն ու քարացած սրտի անտարբերությամբ է նայում։ Էլ անարյուն եղեռնը ինչպե՞ս է լինում։
Այս առիթով հիշեցի տարիներ առաջ Երուսաղեմում հրեական հոլոքոստի` Յադ վաշեմ, այսինքն` իրենց եղեռնի համալիրի այցելության տպավորություններս։ Ասեմ, որ մեր համալիրի նման հոյակերտ շինություն չունեին, բայց այն, ինչ կար, խիստ տպավորիչ էր ու ազդեցիկ, մանավանդ այն մոտ տասը քառակուսի մետր մակերեսով ու մեկ մետր խորությամբ ապակե «տուփը», որտեղ իրար վրա, խառնիխուռն լցվել էին խեցեգործության արվեստի բարձր վարպետությամբ պատրաստված մարդկանց կոշիկներ, որ հագել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների հրեա ընտանիքների զոհերը՝ սկսած տղամարդկանց ու կանանց մեծ չափսի կոշիկներից, վերջացրած հազարավոր զույգ մանկական պստլիկ «փափուջներով»։ Բոլոր այցելուները հատկապես այդ տեսարանից էին ազդվում, քանզի այնտեղ անմեղ մանուկների եղեռնի հիշողություններ էին արթնանում։ ՈՒ երբ այդ կոշիկի ապակե տուփի մոտ մի քանի իրար անծանոթ հրեաներ հավաքվեցին, նրանք կարծես նախապես պայմանավորվածության համաձայն, մի առաջնորդող ընտրեցին, ու բոլոր այցելուների աչքի առջև իրենց ազգի զոհերի համար կիդուշ, այսինքն` երգեցիկ տոնով աղոթքի արարողություն արեցին, իրենց ազգին յուրահատուկ հետ ու առաջ օրորվելով։ Իսկ հրեաների եղեռնի օրը, որ հիշատակվում է ապրիլի 8-ին, նույնպես խիստ յուրահատուկ էր, քանզի այդ օրը, եթե չեմ մոռացել` ցերեկվա ժամը 12-ին, ամբողջ Հրեաստանում երկու րոպեով դադարում է բնականոն կյանքի ռիթմը, ու պատերազմական ժամանակների համար նախատեսված տագնապի ահազդու և բարձրաձայն շչակներով հիշատակվում է այդ հիշարժան պահը, ու բոլորն այդ պահին պարտավոր են կանգնած վիճակում երկու րոպեով հարգել եղեռնի իրենց զոհերի հիշատակը։ Ես այդ պահին Երուսաղեմի կենտրոնական փողոցներից մեկում էի, ու հանկարծ շչակների ձայնից կարծես քաղաքը մի պահ քարացավ, մեքենաներն իրենց տեղերում, թեկուզ խաչմերուկի մեջտեղում, կանգ առան, վարորդներն իջան ու փողոցում բոլորն արձանացան իրենց տեղերում։ Խիստ տպավորիչ էր այդ երկու րոպեն, շչակների ահազդու ոռնոցների ուղեկցությամբ, կարծես մի պահ վերհիշվեր այն ժամանակվա պատերազմի դժնդակ ու եղեռնախորհուրդ օրերը։ Այդ ընթացքում իրավունք էր տրված շարժվելու միայն ֆոտո, կինո լրագրողներին, ովքեր 120 վայրկյանի ընթացքում պետք է հասցնեին ֆիքսել ու աշխարհին փոխանցել հրեական եղեռնի զոհերի հիշատակի պահը։
Իսկ երբ մի անգամ ինձ ծանոթ արտասահմանցիների հետ այցելեցինք մեր եղեռնի հիշատակի զոհերի համալիրը, այնտեղի թանգարանի դահլիճում ուզեցինք նկարահանել տեսածներս, ի զարմանս մեզ, արգելեցին, ասելով, որ այստեղ նկարահանումներ թույլ չեն տրվում ինչ¬ինչ քաղաքական պատճառներով։ Մինչդեռ Երուսաղեմում, մեր Հայոց պատրիարքարանի և սուրբ Հակոբյանց վանքի բոլոր պատերին Հայոց եղեռնի մասին քարտեզ¬պլակատներ էին փակցված, որպեսզի սուրբ քաղաք այցելող բոլոր զբոսաշրջիկները ծանոթանան մեր ազգի հետ կատարված բարբարոսությունների պատմությանը։ ՈՒ հավատում եմ` նաև այդ պատճառով է, որ աշխարհի շատ երկրներում այժմ հարցեր են բարձրացվում հայոց եղեռնի վերաբերյալ։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ