Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

POSTNIKOL. Ի՞նչ անել՝ ազգ մնալու համար

POSTNIKOL. Ի՞նչ անել՝ ազգ մնալու համար
19.07.2023 | 08:23

Հ.Գ.-ն սկզբում. Քաղբանտարկյալ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ կալանավայրից նոր հոդվածաշար է սկսել, տեղեկացնում է «168.am+»-ը:

Ի՞նչ տեսլական է ունենալու վերածնվող հայ հասարակությունը:

Ո՞րն է մեր իղձը, ազգային երազանքը:

POSTNIKOL. Ի՞նչ անել՝ ազգ մնալու համար

Periculum in mora! Կամ՝ հապա ղումը մահաբեր է

(մաս առաջին)

Անգամ մինչև բանտարկվելս հաճախ էի ներկա գտնվում քննարկումների, որոնց թեման պայմանականորեն կարելի է անվանել «այլընտրանքային ծրագիր»: Հասարակության մոտ անելանելիության և ֆատալիզմի զգացողություն ձևավորելու և ամրապնդելու նպատակով իշխանական տոքսիկ քարոզչությունը սերմանում է «մենք այն վիճակում ենք, որ ով էլ գա իշխանության, նույն բանն է լինելու» արատավոր և կեղծ թեզը` կանխելու համար աղետի ելքն իշխանափոխության մեջ փնտրելու բնական ցանկությունը:

Քանիցս համոզվել ենք, որ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օր էլ ավելի է վատթարացնում Հայաստանի և Արցախի վիճակը` հետևողականորեն ձգելով մեր պարանոցի շուրջ կախաղանի պարանը: Սատանեական չարությամբ նրանք համառորեն բարձրացնում են դժոխքի կրակի ջերմաստիճանը՝ քմծիծաղելով, թե բա՝ «տեսնենք՝ հիմա՞ ինչ եք առաջարկելու»:

Այսպես, հայկական շահերը պաշտպանելու հնարավորությունները շատ ավելին էին 2020թ. նոյեմբերի 9 -ից անմիջապես հետո, քան 2021թ. արտահերթ ընտրություններից հետո: Շատ ավելին էին այդ ընտրություններից անմիջապես հետո, քան «Դիմադրության» շարժման մեկնարկին: Շատ ավելին՝ այդ շարժման ընթացքում, քան մինչև 2022թ. Պրահայի հանդիպումը: Շատ ավելին էին այդ հանդիպումից անմիջապես հետո, քան մինչև «Արցախը Ադրբեջան է, և վերջ» նիկոլական անբարոյականությունը:

Այս շարքը կարելի է շարունակել՝ ամեն անգամ համոզվելով, որ հայ ժողովուրդը վատնում է իր ամենակարևոր ռեսուրսը՝ ժամանակը, վիժեցնելու համար սեփական քաղաքակրթության վերջնական կործանումը:

Իշխանությունների ջղաձիգ արձագանքները վերջին այլընտրանքային հատվածական նախաձեռնություններին (Օսկանյան, «Հայաքվե», և այլն), որոնք անգամ աղետի նոր level-ի պարագայում որոշակի լուծումներ են առաջարկում, հենց այդ հիմնավորումներն ունեն. «ո՞նց, դուք դեռ թպրտո՞ւմ եք, թեժացնե՛լ դժոխքի խարույկը»:

Բնական է, որ մի օր Փաշինյանի իշխանությունը կնքելու է իր մահկանացուն, և հարց է առաջանալու` ի՞նչ անել: Այս հարցի հնարավոր արժանահավատ և հիմնավոր, համակարգված և կոնցեպտուալ պատասխանը, սակայն, կարևոր է հենց հիմա և այստեղ՝ բյուրեղացված հայկականության շուրջ համախմբելու համար հասարակության առավել լայն զանգվածներ և այդքան բաղձալի և օրհասական իշխանափոխությունը մոտեցնելու նպատակով:

ՈՒստի, այո՛, «Հայաստանն առանց Նիկոլ» կարգախոսն օրգանապես շաղկապված է «Հայաստանը Նիկոլից հետո» տեսլականի հետ:

Առաջարկում եմ կոչել այդ տեսլականը POST-NIKOL և միասին վերլուծել այն հիմնական բաղադրիչները, որոնցից բաղկացած է բազմաթիվ անհայտներով այս հավասարումը:

«Ի՞նչ անել Նիկոլից հետո» հարցին պատասխանելու համար դիտարկենք մի քանի կարևոր հանգամանքներ:

1. Առաջին կարևոր խնդիրը հետևյալն է. Կոնկրետ ի՞նչ վիճակում է լինելու Հայաստանը Նիկոլի հեռանալու պահին: Չէ՞ որ ցանկացած հիվանդի բուժումը նախ և առաջ պայմանավորված է հիվանդանոց տեղափոխվելու պահին հիվանդի կլինիկական վիճակով և համալիր հետազոտություններով:

2. Հաջորդ կարևոր խնդիրը. Ի՞նչ է թաքուն խոստացել Նիկոլը, որ մենք դեռ տեղյակ չենք: Ի՞նչ այս պահին դեռևս չպայթած ականներ է նա դրել Հայաստանի և Արցախի ապագայի տակ: Այս հարցը ոչ տեսական է,ոչ էլ կոսնպիրոլոգիական, քանզի նա քանիցս ապացուցել է, որ հայ ժողովրդի մեջքի հետևում դավադիր բանավոր խոստումների մեծ վարպետ է:

3. Մյուս հարցը, որն անխուսափելիորեն ազդելու է «Ի՞նչ անել»հարցի պատասխանի վրա. ինչպիսի՞ն է լինելու աշխարհն այդ ժամանակ, ազդեցությունների ո՞ր բևեռներն են եղանակ թելադրելու երկրագնդին, ինչպիսի՞ն են լինելու նրանց փոխհարաբերությունները, ինչպիսի՞ն է լինելու համաշխարհային դինամիկ ճարտարապետությունը:

4. Եվս մեկ հանգամանք է կանխորոշելու «Ի՞նչ անել»հարցի պատասխանը. ո՞վ է անելու: Այս հարցը շատ ավելի լայն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այն չի վերաբերում հաջորդ իշխանությունների անվանական կազմին, նոր ղեկավարի կերպարին, պատասխանատվություն ստանձնող քաղաքական ուժերին: Հարցս շատ ավելի ունիկալ է և համապարփակ. Ո՞վ ենք մենք՝ որպես ժողովուրդ, ինչպիսի՞ արժեքների շուրջ է կրկին համախմբվելու Հայը, ինչպիսի՞ բարոյահոգեբանական նկարագիր է նա ունենալու, ինչպիսի՞ բաղադրություն է ունենալու նրա՝ այս պահին ճաքեր տված և ջլատված ողնաշարը:

5. Նախորդ հարցիս հետ օրգանապես շաղկապված է իմ վերջին հանգուցային հարցադրումը. մենք ի՞նչ ենք ուզում: Որո՞նք են լինելու մեր նպատակները: Ի՞նչ տեսլական է ունենալու վերածնվող հայ հասարակությունը: Ո՞րն է մեր իղձը, ազգային երազանքը:

Թվարկածս հինգ հիմնական հանգամանքներից առաջին երեքն ակնհայտորեն կամ մեզանից քիչ են կախված, կամ ընդհանրապես մեր հավաքական ջանքերի գործադրման տիրույթից դուրս են: Սակայն վերջին երկու հարցադրումներիս պատասխանները հստակեցնելը, եփելը, բյուրեղացնելը թե մեր հասանելիության հորիզոնում են, թե ռազմավարական առումով՝ կանխորոշիչ մեր ապագայի համար:

ՈՒստի «Ի՞նչ անել» հարցին պատասխանելուց առաջ կենսական է «Ո՞վ ենք մենք» և «Ի՞նչ ենք ուզում» հարցերի շուրջ հնարավորինս ազնիվ, ներառական և կոնսոլիդացիոն պլատֆորմի ձևավորումը, ինչն իրականում ոչ թե ինտելեկտուալ մտավարժանք է, այլ ազգային-հավաքական ինքնությունը վերագտնելու և դրանից կախված՝ հեռանկար ունենալու, գործողություններ իրականացնելու, ոլորտային քաղաքականություններ մշակելու և իրագործելու հնարավորությունը:

Առաջարկված մեթոդաբանության շրջանակներում հաջորդ հրապարակումներում կփորձեմ շարադրել այդ երկու անկյունաքարային հարցադրումների շուրջ իմ համեստ պատկերացումները՝ հանրային քննարկումներ ծավալելու համար:

(շարունակելի)

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

17.07.2023

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ