Եթե տարածքները պետք է անցնեին Ադրբեջանի վերահսկողության ներքո, այդ տարածքներում ներդրումներ չպետք է արվեին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ասվել է, որ բանակցում ենք ձգձգելու համար և չենք տալու ոչ մի բան: Նախագահ Սարգսյանը հիմա ասում է, որ միշտ եղել է էն գծի մեջ, որ պետք է գնալ այդ ճանապարհով, և «ոչ մի թիզականությունը» քննադատում է: Հիմա ես էլ հարց եմ բարձրացնում՝ եթե այդպես էր՝ էդ խնդիրը պետք ա արագ լուծվեր, ոչ թե հայ ժողովրդի, սփյուռքի, հարկատուների գումարները ներդրվեին էն տարածքներում, որոնք պետք է տայինք Ադրբեջանին», - նշեց պատգամավորը: Նա հիշեցրեց, որ Արցախի Սահմանադրությամբ 7 շրջանը Արցախի տարածք է համարվում:
«Արցախում գրվել է Սահմանադրություն, էդ Սահմանադրությունը գրել է Հրայր Թովմասյանը: Գրվել է ՀՀ իշխանության բարձր հովանու ներքո: Սահմանադրության մեջ գրվել է, որ բոլոր 7 շրջանը Արցախի տարածք է համարվում, և դա անքակտելի է», - ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ ժողովրդին մատուցվել է, որ տարածքներն իրենցն են, բայց մյուս կողմից այդ տարածքները փոխանցելու բանակցություններ են եղել: