ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Կա՞ անհանգստություն` մատ բարձրացրեք»

«Կա՞ անհանգստություն` մատ բարձրացրեք»
31.05.2012 | 15:18

Երեկ մեկնարկեց հինգերորդ գումարման ԱԺ առաջին նիստը: Մեկ բառով եթե ձևակերպենք ընդհանուր մթնոլորտը, ապա «չկար աղջիկ վախտվա էնտուզիազմը»: Սենյակ չունեցող պատգամավորները ձկան վտառների պես այս ու այն կողմ էին շարժվում պառլամենտի միջանցքներով. ջավախքցիները` մի խումբ, անկախ նրանից` ԲՀԿ-ից, թե ՀՀԿ-ից են, ապարանցիները` մի խումբ, չգիտես ինչու, նրանց էր միացել պարոն Նուշիկյանը, չնայած ինքն էդ կողմերում քավոր է կարծես. նա իրեն շատ օտար էր զգում, հարցին էլ` չե՞ն ընդունում ՀՀԿ հնաբնակները նորերիդ, թե` դեռ ոչ. ինչո՞ւ` նորից հարցրինք, ասաց` պետք է արժանանանք դրան:
Ամենատեսարժանը Սեյրան Սարոյան-Մանվել Գրիգորյան գեներալական զույգն էր. Սարոյանը որպես էդ կողմերում, իմա` պառլամենտում, կռված «տղա», տանում-բերում էր իր «մեծ ախպորը», հսկում` հանկարծ լրագրողները «նապադենյա» չանեն, իսկ ԲՀԿ-ի դռանը հերթ էր. էդ հերթի միջով Բժեզինսկու իմաստնությամբ, պուտինյան ինքնավստահությամբ ներս ու դուրս էր անում նորընծա Տիգրան ՈՒրիխանյանը, իսկ Օսկանյանն այնպես սահուն անցավ կողքներովս, որ լավ չհասկացանք` ինքը եկե՞լ է, թե՞ չի եկել: Բոլորն սպասում էին Ծառուկյանին. ԲՀԿ-ին «особо приближенные» լրագրողները պնդում էին` գալու է, սպասեք: Մենք հաշվել էինք` չի գա:
Չեկավ: ՈՒ ողջ օրը ԲՀԿ-ի պատգամավորները նման էին չուն կորցրած թռչունների. նրանցից ոչ մեկը չգիտեր, թե ինչու չի եկել «վոժդը»: Լրագրողների հարցերին չպատասխանելու համար` պնդում էին շատերը: Ավելի «խորագետներն» էլ թե` էսօր էս պառլամենտում նախագահն էր ելույթ ունենալու, ինքն էլ դեռ չի հայտարարել, որ ընդդիմություն է, ինչու չի եկել։ Ի՞նչ է սա նշանակում` բոյկո՞տ, ո՞ւմ դեմ:
Ծառուկյանն էլ չէր եկել, ՀԱԿ-ն էլ: Հա, «Ժառանգությունն» էլ: Նիստն սկսվեց առանց Ծառուկյանի, ստուգեցին քվեարկության-գրանցման կոճակները` մի հարյուր անգամ. նիստը վարող ամենատարեց պատգամավոր Մկրտիչ Մինասյանի նյարդերը տեղի էին տալիս, նա արդեն հարյուր անգամ կրկնում էր` «քվեարկության հետ կապված ով անհանգստություն ունի, թող մատ բարձրացնի»: Բարով-խերով գրանցվեցին: Հետո երդվեցին, երդման պահին Թոխմախի Մհերը գրպաններն էր ստուգում, իսկ «Հայր մեր» ու «Պահպանիչ» աղոթքներից հետո սկսեց ակտիվ ծափ տալ Հովիկ Աբրահամյանը, ու բոլորը հետևեցին նրա օրինակին: Հետո բոլորն աշխուժացան, երբ ընթերցվում էին պատգամավորների անունները, առավել աշխուժացան հայրանունները լսելիս` Գարմեն, Լիմինդր, Մանաֆաս…
Ամեն ինչ պառլամենտում խիստ կանխատեսելի հունով էր ընթանում, առանց այլընտրանքի թեկնածու` ԱԺ պաշտոնի համար, որն ընտրվելուց հետո մեր թերթից մեջբերում արեց. «Հովհաննեսը հիվանդանում, բայց չի մեռնում», պարզապես բառն էր փոխել:
Միակ անկանխատեսելին ԱԺ նախագահի թեկնածուի «անջիգյար» պաշտպանությունն էր, նույնիսկ ՀՀԿ ֆրակցիայի ներկայացուցիչների կողմից. ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչներն էլ «մատ բարձրացրին ու ներկայացրին իրենց անհանգստությունը». այն է` ԱԺ նոր նախագահը պիտի էնպես անի, որ այլևս մեկը «մույսի» փոխարեն չքվեարկի:
Այլ անհանգստություններ երեկ ԱԺ-ում չհնչեցին, որ «մատ», էլ ո՜ւր մնաց` ձեռք «բարձրացվեր»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ