«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-8

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-8
07.11.2023 | 16:01

Անուղղակիորեն և ուղղակիորեն վտանգված է նաև Հայաստանը

(սկիզբը՝ այստեղ)

Իսրայելը, պաղեստինցիներին չորս ժամ է տվել Գազայի հյուսիսային հատվածից հարավ տարհանման համար: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչեւ 14:00-ն (Երևանի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 16:00-ն) Սալահ-ադ-Դին մայրուղով միջանցք կբացի դեպի Գազայի հատվածի հարավային մաս, որպեսզի հյուսիսային շրջանների բնակիչները կարողանան անվտանգ տարհանվել: Այս մասին X (նախկինում Twitter) սոցիալական ցանցում հայտնել է ՑԱՀԱԼ- ի մամուլի քարտուղար Ավիհայ Էդրին:

Ըստ ԱՄՆ-ի ԿՀՎ տեղեկագրքի (CIA World Factbook) տվյալների, Գազայի հատվածի տարածքում 2023թ. դրությամբ, մինչև պատերազմը, բնակվում էր 2,1 մլն մարդ, ՄԱԿ-ի նոյեմբերի 5-ի գնահատականի համաձայն՝ պաղեստինյան անկլավի իրենց տները ստիպված լքել են մոտ 1,5 մլն պաղեստինցիներ։ Իսրայելցի զինվորականները դեռ հոկտեմբերի 13-ին խաղաղ բնակիչներին խորհուրդ էին տվել շտապ մեկնել Գազայի հատվածի հարավ: Որոշումը հարուցել է ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի քննադատությունը։

Նախօրեին իսրայելցի զինվորականները շրջապատել են Գազան և առաջ շարժվել մինչև ծովի ափ՝ Գազայի հատվածը բաժանելով հյուսիսային և հարավային մասերի: ՑԱՀԱԼ-ը քանիցս հայտնել է, որ Գազայում խոշոր ռազմական գործողություն չի սկսի (խոսքը ցամաքային լայնածավալ գործողության մասին է), քանի դեռ դրա համար պայմաններ չեն ստեղծվել: Եվ, ահա, երեկ Գազան շրջապատելով ու Գազայի հատվածը երկու մասի բաժանելով, այսօր էլ փորձելով հասնել հյուսիսային մասից խաղաղ բնակիչների հեռանալուն, դրա համար, ըստ էության, 4- ժամյա վերջնագիր տալով, Իսրայելը փորձում է ամբողջացնել Գազայի հատված ցամաքային լայնածավալ ներխուժման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Հորդանանի վարչապետ Բիշեր Ալ-Հասաունան, «Коммерсантъ»– ի փոխանցմամբ , հայտարարել է, որ Գազայի հատվածից կամ արևմտյան ափից պաղեստինցիներին դուրս մղելու ցանկացած փորձ Հորդանանի կողմից կհամարվի պատերազմի հայտարարում: Հորդանանի վարչապետը հայտարարել է նաև, որ Իսրայելը Գազայի հատվածին հարվածներ հասցնելիս «չի տարբերակում քաղաքացիական և ռազմական թիրախները», և որ իսրայելական բանակի գործողությունները «չեն համապատասխանում ինքնապաշտպանության սկզբունքներին»:

«Հորդանանի կառավարությունը իրենց տարածքներից պաղեստինցիների վտարումը կհամարի հավասարազոր պատերազմ հայտարարելուն,- ասել է վարչապետը:-Սեղանին են Գազայում իսրայելական ագրեսիայի էսկալացիայի դեպքում արձագանքման բոլոր տարբերակները» (ընդգծումը՝ մերը):

Ինչպես հայտնել է «The New York Times»-ը՝ վկայակոչելով դիվանագետներին, վերջին շաբաթներին Իսրայելը ոչ հրապարակային փորձում է միջազգային աջակցություն ստանալ Գազայի հատվածից պաղեստինցիներին Եգիպտոս տեղափոխելու հարցում: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս- Սիսին հոկտեմբերին մերժել էր պաղեստինցիների բռնի տեղահանման հնարավորությունը։

Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հըզբոլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան նույնպես իր համերաշխությունն է հայտնել պաղեստինցիներին: Նրա խոսքով՝ լիբանանցի գրոհայիններն իրենց վրա են բևեռել Իսրայելի «ռեսուրսների մոտ մեկ երրորդը» և «ռազմածովային ուժերի կեսը»: Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ասել է, որ Իսրայելի գործողությունները «յուրաքանչյուրին կարող են ստիպել միջոցներ ձեռնարկել»:

Հոկտեմբերի 7- ից Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 10 022 պաղեստինցի, որոնցից 4104- ը՝ երեխաներ: «Ведомости»– ի փոխանցմամբ , այս մասին հայտնել է «Al Jazeera» հեռուստաալիքը՝ վկայակոչելով անկլավի առողջապահության նախարարությանը: Բացի վերոնշյալ 10 022- ից, 152 հոգի սպանվել է Արևմտյան ափին։

Հոկտեմբերի 30- ին ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին հայտնել է, որ Գազայի հատվածում զոհվածների 70 տոկոսը կանայք և երեխաներ են: Իսրայելը տարածելով այն հրեշավոր կեղծիքը, թե պահպանում է «պատերազմի օրենքները» և գործում է միջազգային իրավունքի բարձրագույն չափանիշներին համապատասխան, ըստ էության, զբաղվում է Պաղեստինի արաբների վատ սքողված ցեղասպանությամբ:

Իսրայելական կողմից էլ ավելի քան 1400 մարդ է զոհվել հրեական պետության վրա ՀԱՄԱՍ- ի հարձակման ժամանակ (որքան տեղյակ ենք, բանակի շարքերում զոհերի քանակն այս թվից դուրս է):

Ինչպես երեկ հայտնի դարձավ RT- ի հաղորդումից , Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Խանիյեի հետ: Այս մասին հայտնել է իրանական «Fars» գործակալությունը: Նշվում է, որ Խամենեին և Խանիյեն քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին: Իսլամական Հանրապետության առաջնորդն ընդգծել է իսլամական երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից վճռական գործողությունների անհրաժեշտությունը:

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ավելի վաղ զգուշացրել էր, որ Իսլամական Հանրապետությունը չի հետևի պաղեստինա-իսրայելական հակամարտությանը չմիջամտելու մասին ԱՄՆ-ի զգուշացումներին: Նրա խոսքով՝ «ամերիկա-իսրայելական ռումբերի բոցը» շուտով կկլանի Իսրայելը (հավանաբար նկատի ունի հրթիռային հարվածների արդյունքում հրեական պետության զինամթերքի պահեստներում ամերիկյան և իսրայելական ռումբերի պայթյունները)։

Իրանն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց հետո հանդես եկավ պաղեստինյան շարժման գործողությունների աջակցությամբ և մեղադրեց ԱՄՆ-ին հակամարտությանը միջամտելու մեջ: Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, ըստ «Al Arabiya»- ի հաղորդման, ԱՄՆ-ին սպառնացել է «ծանր հարվածով», եթե Վաշինգտոնը պատերազմը չդադարեցնի և Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ չհաստատի:

«Ամերիկացիներին մեր խորհուրդն է անհապաղ դադարեցնել Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմը, ինչպես նաև ապահովել հրադադար, հակառակ դեպքում դուք (ԱՄՆ) ծանր հարված կստանաք»,- РБК- ի փոխանցմամբ , ասել Է գեներալը:

Աշտիանին նախկինում բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելի հետ ՀԱՄԱՍ-ի պատերազմին ուղղակի միջամտելու մեջ: Նա ասել է, որ Վաշինգտոնը, հակամարտության մեջ կանգնելով Թել Ավիվի կողքին, «ռազմավարական սխալ է թույլ տվել և անպայման կտուժի»։

Իրանի իշխանությունները բազմիցս Իսրայելին լուրջ հետեւանքներով են սպառնացել, եթե վերջինս ցամաքային գործողություն սկսի Գազայի հատվածում: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում ավելի վաղ, ի պատասխան այն հարցին, թե արդյոք Թեհրանը միջոցներ կձեռնարկի՞ Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողության դեպքում, հայտարարել էին, որ երկրի՝ հակամարտության մեջ մտնելու պայմանը կլինի իրանական տարածքի վրա հարձակումը:

Հոկտեմբերի 29-ին՝ Գազայի հատվածում ՑԱՀԱԼ-ի ցամաքային գործողության մեկնարկից մի քանի օր անց, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել էր Իսրայելի կողմից կարմիր գիծը հատելու մասին:

«Սիոնիստական ռեժիմի հանցագործություններն անցել են կարմիր գիծը, ինչը բոլորին կարող է ստիպել միջոցներ ձեռնարկել։ Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, բայց նրանք շարունակում են լայն աջակցություն ցուցաբերել Իսրայելին»,- ասել է Ռաիսին այն ժամանակ։

CNN- ը, հղում անելով ամերիկյան հետախուզությանը, ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը պատասխան է պատրաստում Գազայի հատվածում ՑԱՀԱԼ-ի գործողություններին, որը, սակայն, չի ենթադրում ուղղակի բախում Իսրայելի և ԱՄՆ-ի հետ: Նկատի ունենանք, որ խոսքը ցամաքային լայնածավալ գործողությունների մասին է, որոնք կարող են սկսվել շատ շուտով:

Եթե CNN- ի հրապարակած վերոնշյալ տեղեկությունը ճիշտ է, ապա Իրանի պատրաստած պատասխանը, կարծում ենք, կարող է լինել Լիբանանի և Սիրիայի տարածքներից Իսրայելին հարվածները «Հըզբոլահ»-ի և դիմադրական այլ շարժումների միջոցով: Ամբողջ խնդիրն այն է, թե դրանից հետո ի՞նչ կանի Իսրայելը՝ կբավարարվի՞ «Հըզբոլահ»-ին ու մյուս դիմադրական շարժումներին հարվածելով, թե կհարվածի նաև Իրանին, Լիբանանին և Սիրիային՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Սիրիային և Իրանին Իսրայելի հնարավոր հարվածները կարող են հանգեցնել նույնիսկ պատերազմում Ռուսաստանի և Չինաստանի ներգրավմանը:

Հոկտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արաբական երկրների կողմից առաջ քաշված բանաձևը, որով կոչ է արվում անհապաղ զինադադար հաստատել հակամարտության գոտում: Այն դատապարտում է երկու կողմերի խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնությունը, ինչպես նաև կոչ է անում ազատ արձակել ապօրինի պահվող գերիներին, պահպանել մարդասիրական իրավունքը՝ չհարվածել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներին։ Ցավոք, ինչպես ՄԱԿ- ի ընդունած այլ բանաձևեր, այն ևս մնում է ձայն բարբառո անապատի:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ