Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Պատերազմը չավարտվող թեմա է. Տիգրան Աբրահամյան

Պատերազմը չավարտվող թեմա է. Տիգրան Աբրահամյան
20.11.2022 | 09:27

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբանը պատերազմի մի քանի դրվագների վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել։
Սոցիալական ցանցում այն հիմնականում քննարկվում էր ՊԲ նախկին հրամանատարի՝ պատասխանատվությունն ու մեղավորությունը ՀՀ քաղաքական ղեկավարությանը և անձամբ Փաշինյանին վերագրելու, ինչպես նաև ռազմական գործողությունների տապալումը զինված ուժերի տարբեր օղակների վրա բարդելու համատեքստում։
Այն, որ Նիկոլ Փաշինյանն է պատերազմի, ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը՝ որևէ կասկած չկա, իսկ մնացածի հետ կապված հարցերը՝ իշխանափոխությունից հետո։
Պատերազմի դրվագներին, ռազմաճակատի տարբեր ուղղություններում իրականացված գործողություններին, տապալումներին, սխրանքներին և ամենակարևորը՝ ըստ պատասխանատվության փայաբաժնի մեղավորներին, առավել օբյեկտիվ հնարավոր կլինի անդրադառնալ, պարզել, երբ Հայաստանում քաղաքական փոփոխություն կլինի, և բարենպաստ դաշտ կձևավորվի պատերազմի հանգամանքները պարզելու համար, սակայն մի քանի դիտարկումներ այս առումով, այնուամենայնիվ, կանեմ։
ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանն ասում է, որ հոկտեմբերի 7-ի հակահարձակման օպերացիան (Լելե-թեփե) եղել է գործողություն, որը համապատասխան փաստաթղթերով նախատեսվել էր տարիներ առաջ։ Ըստ այդմ՝ եղել են փաստաթղթեր, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում, առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։


Նախ, որքան ես եմ տեղյակ, նախնական պլանավորումներ տեղի են ունեցել միայն պաշտպանողական գործողությունների համար որովհետև շատ բարդ է կանխատեսել, թե հակառակորդի հնարավոր հարձակման պարագայում ո՛ր ուղղությամբ կլինի մխրճում, ո՛ր ուղղությամբ բանակը խնդիր չի լուծի, ո՛ր հատվածում հնարավոր կլինի կանգնեցնել հակառակորդին ու, ըստ այդմ, անցնել հակահարձակման։
Եթե նույնիսկ նախկինից եկող փաստաթղթերով, հրամաններով նախատեսված էլ լինեին հակահարձակման օպերացիայի սցենարներ, ապա դրանք պատերազմական գործողությունների դեպքում՝ իրադրությունից ու մեծ թվով գործոններից կախված, միանշանակ փոփոխությունների պետք է ենթարկվեին։
Եթե չեմ սխալվում՝ պաշտպանության վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվներում սահմանվում է կորպուսների, դիվիզիաների, զորամասերի գործողությունները, սակայն հակահարձակողական գործողությունները պլանավորվում և իրականացվում են ըստ իրադրության դասավորությունների։


Որպես կանոն՝ նախապես պլանավորվում են նաև այն օպերացիաները, որոնք տարբեր սցենարային զարգացումների դեպքում ենթադրում են զորքերի բարենպաստ դիրքեր դուրս գալը, տարբեր մարտավարական, ռազմավարական բարձունքներում տեղակայվելը, անրաժեշտության դեպքում՝ թշնամու որոշ ուղղություններով նախատեսված դիրքերը գրոհով վերցնելն ու դիրքավորվելը, բայց ոչ երբեք հակահարձակողական գործողությունները։
Երկրորդ, ասուլիսում խոսվում էր այն մասին, որ հակահարձակողական գործողություններ սկսելու անհրաժեշտություն և համապատասխան պայմաններ եղել են։
Սակայն հակահարձակողական գործողություններ սկսելու առաջին նախապայմաններից մեկը գրոհող ուժերին կանգնեցրած լինելու հանգամանք է, որը, սակայն, հակահարձակման պահին չի եղել։
Այսինքն՝ մեր ուժերը հակահարձակում են սկսել այն դեպքում, երբ հակառակորդը ոչ միայն կանգնեցված չի եղել, այլև զարգացնում էր իր հարձակողական գործողությունները։
Երկրորդ, հակահարձակում իրականացնելուց առաջ պետք է համոզվել, որ թշնամու հարձակումը կանգնեցնելուց բացի սպառված են նրա հարձակողական հնարավորությունները, ինչը ևս ակնհայտորեն չի եղել, որովհետև Ադրբեջանն այդ ժամանակահատվածում ընդլայնում էր մխրճման ճակատը և զարգացնում հաջողությունը։


Երրորդ, հակահարձակում սկսելուց առաջ պետք է համոզվել, որ թշնամու՝ այդ ուղղությամբ ռեզերվային ուժերը սպառված են, ինչը ակնհայտորեն այդպես չէր, ավելին՝ այդ օրերին Ադրբեջանը լրացուցիչ ռեզերվներ էր տեղափոխում ռազմաճակատի հարավային ուղղություն, այսինքն՝ ռեզերվները ոչ միայն սպառված չէին, այլ գնալով համալրվում էին։
ՀՕՊ-ի, հրետանու, մնացած ուժերի գերակայության մասին դեռ չեմ խոսում։
Հակահարձակում իրականացվել է մի փուլում, երբ միայն Ջեբրայիլ-Արա Լեռ հատվածում, Ադրբեջանն արդեն 2 բրիգադ ուներ, որոնք թարմ ուժերով առաջ էին բերվել, դեռ չեմ խոսում այդ բրիգադների և, այսպես կոչված, ՊԲ հակահարձակման արդյունքում մեր ուժերի հակառակ հատվածում գտնվող մեծաքանակ ադրբեջանական խմբավորումների մասին։
Երբ խոսվում է ՊԲ ռեզերվային որոշ ուժերի ժամանակին մատնանշված վայր չհասնելու կամ առաջացած տեխնիկական խնդիրների մասին, ապա պետք է նշել, որ կային զորամասեր, որոնք մարտի մտցվելուց անմիջապես առաջ միջինը 80-90կմ շարժ էին արել և միջանկյալ տեխնիկական սպասարկման անհրաժեշտություն ունեին։
Այդ ուժերը չէին կարող զրահատանկային ստորաբաժանումներով այդքան երկար շարժ անել ու առանց նախապատրաստման մտնել մարտի մեջ։ Եթե չեմ սխալվում, գործող նորմատիվներով, 20-40 կմ-ի սահմաններում պետք է լիներ շարժը, որի պայմաններում մարտի մեջ մտնելը նորմալ կդիտվեր։


Երբ խոսվում է անձնակազմի, հրամանատարների բարոյահոգեբանական վիճակի և դրանից բխող տապալումների մասին, ապա հիշեցնեմ, որ ինչպես անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, այնպես էլ դրա վերականգնման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատասխանատուն ՊԲ հրամանատարն է։
Եթե անձնակազմը բարոյահոգեբանական առումով նման խնդիրներ է ունեցել, ապա այդ զորքը մարտի մեջ չպետք է մտցվեր։
Փաստաբանն անընդհատ փորձում էր տապալումների պատասխանատվության բաշխում անել՝ նշելով, որ ներքևի օղակների ձախողումների պատճառով մտահաղացումը չի իրականացվել, իսկ նրանց կատարողականի, չիրագործած խնդիրների կամ մարտական պատրաստության անհրաժեշտ մակարդակի բացակայության պատասխանատվությունը ներքևի օղակի հրամանատարներինն էր։


Դժվար է պնդել, որ ՊԲ հրամանատարից ներքև՝ հրամանատարի տեղակալներ, դիվիզիա, զորամաս, գումարտակ, վաշտ օղակում խնդիրներ չեն եղել, սակայն նրանց մարտական պատրաստության պատասխանատուն պաշտպանության բանակի հրամանատարն է, և նրան դուրս բերել այդ օղակների տապալումների պատասխանատվության դաշտից ուղղակի անհնար է։
Եթե ՊԲ հրամանատարն այդ օղակների պատրաստության հարցում պատասխանատվություն չունի, այդ դեպքում ինչի՞ համար են ՊԲ բաժինները, ծառայությունները, ըստ ուղղությունների համակարգող տեղակալները և այլն։
Սպառազինության մասով երկար կարելի է խոսել, սակայն ասել, թե ՊԲ հրամանատարը տեղեկացված չի եղել կամ չպետք է տիրապետեր զորամասերի սպառազինության վիճակին, ուղղակի լուրջ չէ։
Հենց միայն այն հանգամանքը, որ ամեն շաբաթ ՊԲ-ում զեկույցներ են պատրաստվել սպառազինության ընդհանուր վիճակի մասին՝ տեխնիկական պատրաստության գործակից և այլն, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ՊԲ հրամանատարը մինչև պատերազմն էլ շաբաթական կտրվածքով ստացել է զեկույցներ և ներկայացրել վերադասին։
Ըստ զեկույցների, կարծես, դրանք եղել են նորմալ վիճակում։
Եթե եղել են խնդիրներ, ապա դրանց փաստման մասին պետք է լինեն համապատասխան զեկույցներ։


Պատերազմը չավարտվող թեմա է՝ երկար քննարկումների, վերլուծությունների ու եզրահանգումների համար, սակայն թեման, ըստ կոնկրետ հագամանքների, մանրամասների կունենանք, երբ Հայաստանում իշխանություն կփոխվի։

Դիտվել է՝ 7366

Մեկնաբանություններ