ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թողել ենք՝ քաղաքապետն աշխատի

Թողել ենք՝ քաղաքապետն աշխատի
19.04.2019 | 02:31

«Մաքրելու ենք»: Այս նախադասությունը Երևանի ներկա քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի ժամանակ նախատեսվող «քայլերթի» երկրորդ քայլն էր, որ հաջորդում էր «Հաղթելու ենք, ձեզ հետ միասին» և նախորդում «Կառուցելու ենք», «Բարեկարգելու ենք», «Վերականգնելու ենք», «Կանաչապատելու ենք» և «Փոխելու ենք» կարգախոսներին:


Այն, որ առաջինն ստացվեց Հայկ Մարությանի մոտ, տեսնում ենք, բայց մնացած խոստումները՝ չիք, ինչը կասկածի տակ է դնում առաջին կետի իսկությունը, որովհետև, եթե մյուս վեց կետերը չեն իրականանալու, ուրեմն առաջին կետը պետք է խմբագրել՝ «Եկա, տեսա, հաղթեցի»: Եվ սա թող ոչ մեկի համար հակահեղափոխականություն, «տարոնականություն» կամ «սևություն» չընկալվի, որովհետև վերոհիշյալ իրար հաջորդող վեց կետերից ոչ մեկին չհասած քաղաքացին չի կարող առաջինի տերը լինել, անհնար է: Այսքան ժամանակ քաղաքապետարանը ո՛չ կառուցել է, ո՛չ բարեկարգել, ո՛չ վերականգնել, ո՛չ փոխել, իսկ կանաչապատման ժամանակը դեռ չի եկել: Եվ որպեսզի այս ամենը չհամարվի զուտ մեղադրանք, Հայկ Մարությանի «վկաներին» առաջարկում եմ մոտիկից նայել վերջինիս ղեկավարության ընթացքում փլուզված՝ Արամի 23 հասցեում մասամբ և նախկին լուսավորության՝ հիմնովին քանդված շենքերին ու վերանայել «Կառուցելու ենք» կետը՝ «ՈՒզենք՝ կկառուցենք»: Դրանից հետո բոլորին կխնդրեի ինձ ցույց տալ վերջին մեկ տարվա ընթացքում հիմնովին բարեկարգված որևէ այգի կամ շինություն, չի՛ եղել նման բան, ժամանակ մի՛ վատնեք: Մարությանը քաղաքապետ է դարձել անցած տարվա աշնանը, իսկ հիմա դեռ կանաչապատելու ժամանակը չէ, հետևաբար շրջանցենք այդ մեկը, բայց աչքի առաջ ունենալով մյուսները. հավատացնում եմ, մեկ ամսից «հետ ենք գալու» և արձանագրելու ոչինչ չարվածը՝ դարձնելով «Հնձելու ենք»: Իսկ դրանից հետո շատ կերազեի տեսնել փոխված տրանսպորտը, որը քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի գլխավոր խոստումներից մեկն էր, կցանկանայի տեսնել քաղաքում վազվզել պատրաստվող քաղաքապետի՝ հասարակական տրանսպորտի բարելավմանն ուղղված գեթ մեկ քայլ, գործով, շոշափելի, թղթերից ու մամլո ասուլիսներից դուրս: Կրկին ձեռնունայն ենք մնալու:


Իսկ հիմա անդրադառնանք նրան, ինչով սկսեցինք՝ երկրորդ կետով՝ «Մաքրելու ենք», խոստացված ու չարված մի կետ, որն այսօր ուղղակի պատուհաս է Երևանի բնակիչների համար: Տպավորություն է, որ Տարոն Մարգարյանը ոչ թե քաղաքապետ է եղել, այլ աղբի մեքենայի վարորդ, որովհետև նրա հրաժարականից հետո, հետանկախության շրջանում մի կարգին չմաքրված քաղաքն ուղղակի թաղվեց աղբի մեջ: Կես տարուց ավելի է, որ «թողել ենք՝ քաղաքապետն աշխատի», բայց կարծես նրա հեչ պետքն էլ չի: Բայց քաղաքը լցված է աղբով, փողոցներ կան, մանավանդ ծայրամասային, որտեղով քայլել չի լինում՝ օրերով չդատարկվող աղբամանների պատճառով: Նույն պատկերը նաև ձմռանն ենք ունեցել, բայց այն ժամանակ վիճակը միայն հակաէսթետիկական էր, իսկ հիմա եղանակները տաքացել են, և էսթետիկայի բացակայությունից ընկել ենք տարատեսակ համաճարակների վտանգի գիրկը: Չնայած ձմռանը Երևանի ավագանու ՔՊ-ական մի կին աղբի առատությունը բացատրում էր, ո՛չ ավել-ո՛չ պակաս, ժողովրդի շատակերությամբ:


Անցյալ դարասկզբի առաջին քառորդից հետո, մինչև քսանականների սկիզբը, տարատեսակ համաճարակները հանգիստ չեն տվել երևանցիներին, որի գլխավոր պատճառներից մեկը եղել է հենց քաղաքի աղտոտվածությունը: Իհարկե, այսօրն անհամեմատելի է այդ ժամանակաշրջանի հետ, բայց բնության հետ կատակ չեն անում, ոչինչ բացառված չէ:
Պետք է նկատի ունենալ նաև, որ հիմա անձրևային սեզոն է, առատ տեղումների դեպքում նման աղտոտվածությունից կարող են վնասվել նաև ջրային պաշարները:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 20050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ