ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

«ՄԵՆՔ ՆՊԱՏԱԿ ԵՎ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՌԱՏՈՆ ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ»

«ՄԵՆՔ ՆՊԱՏԱԿ ԵՎ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՌԱՏՈՆ ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ»
08.07.2011 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին


«Իրատես de facto»-ի հյուրն է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: 8-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկից առաջ զրույցի ենք հրավիրել փառատոնի երեք հիմնադիրներից մեկին` նպատակ ունենալով հայ կինոսերներին իրազեկել երևանյան ծիրանափայլի այս տարվա նրբերանգների, ինչպես և դրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ածանցվող խնդիրների մասին:
«ՄԵՆՔ, ԻՀԱՐԿԵ, ՄԻՇՏ ԷԼ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ ՖԻԼՄԵՐ ԲԵՐԵԼ, ԲԱՅՑ ԼԱՎԻՑ ԼԱՎՆ ԷԼ ԿԱ»
-Տիկին Սուսաննա, Դուք պարբերաբար ներկա եք լինում տարբեր քաղաքներում անցկացվող, տասնամյակների ավանդույթ ձևավորած միջազգային կինոփառատոներին: Այս համայնապատկերում ի՞նչ առանձնահատկություն է վերագրվում երևանյան «Ոսկե ծիրանին»:
-«Ոսկե ծիրանը» նախ և առաջ առանձնանում է իր ձևաչափով: Այն սեղմ չափերի կինոփառատոն է, և ես ճիշտ չեմ համարում այլ, հատկապես մեծ (Կաննի, Բեռլինի և այլ) կինոփառատոների հետ համեմատելը: Դրանք, այսպես կոչված, «A» դասի կինոփառատոներ են, որոնք ունեն կինոշուկային, կինոբիզնեսին առնչվող խնդիրներ: Իսկ մեր, ինչպես և եվրոպական տասնյակ քաղաքներում անցկացվող տարբեր կինոփառատոներ սևեռված են դեպի արվեստի ֆիլմերը, հեղինակային ֆիլմերը, և ոչ դեպի կոմերցիոն կինոն: Այսինքն, կինոն ընկալվում է որպես արվեստի շատ հզոր ճյուղ, հեղինակային խոսք, հեղինակի արտահայտչամիջոց: Մենք նման կինոյի գաղափարախոսն ու ջատագովն ենք: Դա շատ կարևոր է, որովհետև մեր ազգային կինոն, ըստ իս, այդ նշաձողը պիտի կարողանա պահել և իր տեղն ունենալ համաշխարհային կինոյի պատկերի մեջ: Մենք չենք կարող գրավել աշխարհը մեծ բլոկբաստերներով, մեծ բյուջե ունեցող ֆիլմերով, կոմերցիոն մեծ նախագծերով: Մենք մեր ազգային, մշակութային առանձնահատկությունները պիտի ցույց տանք, քանի որ մեր կինոն տասնյակ տարիների ավանդույթ ունի և իր թեև փոքր, բայց ուրույն տեղը կինոյի համաշխարհային պատկերի մեջ: Այս առումով, կարծում եմ, կապակցված են մեր փառատոնի ձևաչափը և հայկական կինոյի ձևը, չափը, զբաղեցրած տեղը համաշխարհային կինոյի համայնապատկերում: Դրանով էլ պայմանավորված է ֆիլմերի ընտրությունը «Ոսկե ծիրանում»: Ես, տարբեր երկրների կինոփառատոների մասնակցելիս, այդ պրիզմայով եմ հետևում ցուցադրվող ֆիլմերին: Ինձ հետաքրքրում են այն ֆիլմերը, որոնք պատմում են մարդկանց մասին, նրանց առօրյա կյանքի, հուզումների, տվյալ երկրի մշակութային, մենթալիտետային առանձնահատկությունների մասին: Ես նախընտրում եմ ֆիլմեր, որոնք ասելիքը աշխարհին են հասցնում մարդու անձնական ապրումների, ազգային ձևաչափի միջոցով: ՈՒ հենց դրանցից` առանձին մարդկանց, ինչպես և հեղինակի ապրած կյանքից, հուզումներից, մտորումներից է կազմվում աշխարհի պատկերը: Մյուս առանձնահատկությունը փառատոնի տարածաշրջանային նշանակությունն է: Այո՛, մենք նպատակ և հավակնություն ունենք դառնալու (և արդեն իսկ դարձել ենք) կարևոր փառատոն այս տարածաշրջանում: Այս առումով մեր հետաքրքրությունները նաև սևեռված են տարածաշրջանի վրա` լայն իմաստով. ոչ միայն Անդրկովկասը, այլև Թուրքիան, Պարսկաստանը, Իսրայելը, Արևելյան Եվրոպան ունենք մեր աչքի առաջ: Նախկին Խորհրդային Միության հանրապետությունների ժողովուրդները, կինոգործիչներն ապրում են միևնույն դաշտում, նույնն են հուզումները, զարգացումները, խմորումները: Մեզ համար շատ կարևոր է այս ընդհանուր դաշտում ներկայացնել Հայաստանը տարբեր դրսևորումներով` մշակույթ, առաջադեմ տեխնոլոգիաներ, այլ ոլորտներ: Հայաստանը ձգտում է դառնալ տարածաշրջանի ակտիվ կետերից մեկը, և այս առումով մեր փառատոնն ունի իր ուրույն առաքելությունը: Այսօր ո՛չ Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Պարսկաստանում լուրջ, հեղինակավոր կինոփառատոն չկա, որը կարողանա ներկայացնել տվյալ տարածաշրջանի կինոպատկերը: Իսկ մեր փառատոնն իրագործում է այս կարևոր ֆունկցիան: Եվ ինձ թվում է` վատ չի իրագործում: Այդ են վկայում մեր ստացած տասնյակ հայտերը Թուրքիայից, Պարսկաստանից, Վրաստանից, այլ երկրներից: Մենք արդեն ակտիվ կետ ենք:
-Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանն ու ադրբեջանական կինոն կարո՞ղ են երբևէ հյուրընկալվել «Ոսկե ծիրանին»:
-Մենք պատրաստ ենք հյուրընկալելու նրանց: Ամեն տարի փորձում ենք հետևել կինոյի զարգացումներին ողջ տարածաշրջանում: Լավագույն վրացական, ռուսական, պարսկական, թուրքական ֆիլմերն են ներկայացվում «Ոսկե ծիրանի» շրջանակներում: Ի դեպ, Թուրքիան շատ հետաքրքիր զարգացումներ է ապրում կինոյում: Թուրքական կինոն ոչ միայն մեր, այլև շատ խոշորագույն փառատոներում գրավում է առաջնակարգ տեղեր: Նույն կերպ հետևում ենք նաև ադրբեջանական կինոյին, թեև այնտեղ մեզ համար հետաքրքիր բաներ քիչ են պատահում: Փորձում ենք կապվել նրանց հետ, հրավիրել, բայց առայժմ չի ստացվում:
-Իսկ եթե նրանց կողմից հրավեր լինի մասնակցելու իրենց երկրում անցկացվող որևէ կինոիրադարձության, կընդունե՞ք հրավերը, անվտանգության հետ կապված մտահոգություններ չե՞ք ունենա:
-Երբևէ չի եղել նման հրավեր: Իսկ եթե լինի էլ, իհարկե, կծագեն անվտանգության հետ կապված անհանգստություններ: Անվստահության, վախի մթնոլորտն առկա է, որովհետև մենք, փաստորեն, միմյանց հետ չենք հարաբերվում: Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի մեր դիրքորոշումը, բայց թող մեկ անգամ հրավեր լինի նրանց կողմից, որպես նմուշ, հետո կփորձենք հասկանալ` գնա՞լ, թե՞ չգնալ:
-Այս տարվա «Ոսկե ծիրանն» ունի նորություն` «Կորիզ» անվանակարգի տեսքով: Իսկ ի՞նչ նորություններ են լինելու արտասահմանից ժամանած հյուրերի ցուցակում:
-Թվարկումն սկսենք հանրահայտ ֆրանսիացի ռեժիսոր, ժամանակակից դասական Բերտրան Տավերնիեից: Նա Եվրոպայում մեծ հեղինակություն և հարգանք վայելող անձնավորություն է, դասվում է մեզ մոտ հյուրընկալված այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք էին Թեո Անգելոպուլոսը, Մարկո Բելոկիոն, Վիմ Վենդերսը, այլք: Ֆրանսիական կինոյի հետ մեր կապերը շատ սերտ են: Եթե հետադարձ հայացք գցենք, կտեսնենք, թե ֆրանսիական քանի՜-քանի նշանավոր դեմքեր են եղել մեր փառատոնի հյուրերը` Կլեր Դենի, Բրունո Դյումոն, Լեո Կարակս: Սա իսկապես ինձ հպարտություն է ներշնչում: Բերտրան Տավերնիեն ավելի տարեց սերնդի ներկայացուցիչ է, բայց շատ ակտիվ գործող ռեժիսոր է: Մյուս անունը, որ անպայման պիտի շեշտեմ, Բելա Տարն է: Հունգարացի ռեժիսոր է, շատ առեղծվածային մի անուն: Վաթսունին մոտ անձնավորություն է, նկարել է ընդամենը հինգ ֆիլմ, բայց ամեն մի ֆիլմը երևույթ է, դասական և մաքուր կինոմտածողության իսկական նմուշ: Իմ կարծիքով` նրա վերջին ֆիլմը` «Turin horse» («Թուրինյան ձի»), որի պրեմիերան եղավ Բեռլինի 2011 թվի կինոփառատոնում, և որը ստացավ լավագույն ֆիլմի համար սահմանված գլխավոր մրցանակը, ինձ համար` որպես կինոգետի, երևի վերջին հինգ տարվա կինոարվեստի, հեղինակային կինոյի լավագույն նմուշներից է: Այդպիսի ֆիլմեր շատ հազվադեպ են ստեղծվում: Մենք, իհարկե, միշտ էլ փորձում ենք լավ ֆիլմեր բերել, բայց լավից լավն էլ կա: Այս ֆիլմը դրանցից է:
«ՄԵՐ ՀՅՈՒՐԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ»
-Մեր քաղաքին և հանրապետությանը ի՞նչն է պակասում միջազգային նշանակության ծրագրեր իրագործելու, համաշխարհային մեծության դեմքեր ընդունելու համար:
-Կարող է տարօրինակ հնչել, բայց մեր հյուրերի համար Երևանում ու Հայաստանում ոչինչ չի պակասում, որովհետև մենք ապահովում ենք նրանց համար լավագույն պայմանները` ոչ միայն փառատոնում աշխատելու, այլև լայնորեն Հայաստանն ու Երևանը ճանաչելու համար: Մենք ունենք նաև մշակութային ծրագիր: Սեղմ են ժամկետները, մարդիկ ժամանում են երկու-երեք օրով, թեև ոմանք, օրինակ` Քիառոսթամին, Վիմ Վենդերսը, հյուրընկալվել են ավելի երկար ժամանակով` 10 օրով: Այսպիսի դեպքերում ևս մենք ապահովում ենք նրանց համար լավագույն պայմաններ` մեր երկիրը տեսնելու, պատմամշակութային վայրեր այցելելու համար: Մեր հյուրերը Հայաստանից մեկնում են վերադառնալու մտադրությամբ: Մեզ հետ կապը միշտ պահում են, և Հայաստանը նրանց համար մնում է մի երանելի վայր, որտեղ ձգտում են վերադառնալ և աշխատել: Վին Վենդերսը, օրինակ, իր կնոջ հետ ֆոտոսեսիաներ էր արել Հայաստանում, ապա տեղադրել իր կայքում, և մենք հույս ունենք, որ նա մի օր կվերադառնա Հայաստան ու այստեղ ֆիլմ կնկարահանի: Նաև Քիառոսթամին է շրջել Հայաստանում, հասել Հաղպատ, որտեղ Փարաջանովն է նկարել իր ֆիլմը: Այս ամենը իրենց և մեզ համար շատ կարևոր է: Մեր հյուրերը կապվում են Հայաստանի հետ, ճանաչում Հայաստանը` որպես տարբեր մշակութային հարստություններ կրող երկիր:
«ՊԻՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾՎԵՆ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ԴՐՍՈՒՄ ՎԱՍՏԱԿԱԾԸ, ԿՈՒՏԱԿԱԾԸ ԿԱՐՈՂԱՆԱՆ ԲԵՐԵԼ ԱՅՍՏԵՂ ՈՒ ՆԵՐԴՆԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ»
-Հայերի մեջ ընդունված կարծիք կա, որ մենք առավելապես կայանում ու բարձունքների ենք հասնում դրսում, օտար միջավայրում: Համամի՞տ եք:
-Այո՛, մենք միշտ այդ մասին մտածում ենք, և ասվածն ապացուցող օրինակները բազմաթիվ են: Պարզապես, ես մի քիչ այլ կերպ եմ նայում այդ հարցին: Աշխարհում և արվեստում սահմանները բացելու միտումն է հիմա գերիշխում: Այս առումով, գուցե, փոքր Հայաստանի սահմաններից դուրս գալու մեր ձգտումը պետք չէ ընկալել իբրև դավաճանություն, իբրև հայրենիքը լքելու փաստ: Ընկալումը մի քիչ ավելի լայն շրջանակի մեջ պետք է լինի: Այո՛, հիմա աշխարհը մարդուն բազմաթիվ հնարավորություններ է տալիս, ու նաև կյանքի ընթացքն է արագացել: Եվ եթե մարդն զգում է, որ ինքը կարող է դրսում ավելի ճիշտ կայանալ ու վերադառնալ և իր շնորհքը, գործը ծառայեցնել հայրենիքին, ձեռք բերած կապերն օգտագործել ի շահ հայրենիքի, ինչո՞ւ չանել:
-Իսկ այդ վերադարձը որքա՞ն է ռեալ: Գնացածների քանի՞ տոկոսն է վերադառնում ֆիզիկապես կամ բարոյապես:
-Պիտի պայմաններ ստեղծվեն, որ մարդիկ դրսում վաստակածը, կուտակածը կարողանան բերել այստեղ ու ներդնել համապատասխան ոլորտներում: Սրանք պրոբլեմներ են, որոնց հիմքում և՛ քաղաքական, և՛ սոցիալական, և՛ տարբեր այլ պատճառներ են: Մենք ունենք այդ պրոբլեմները և չենք կարող աչք փակել դրանց դեմ: Բայց եթե այստեղ պայմաններ լինեն, մարդիկ հետ կբերեն թե՛ այստեղից տարած, թե՛ դրսում ձեռք բերած գիտելիքները:
-Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանը հայաթափելու գործընթացն ավելի շատ օտար երկրներում որակյալ աշխատուժ և մտավորական պոտենցիալ հավաքելու նպատակին է միտված, քան բուն Հայաստանը վնասելուն, ներսից թուլացնելուն:
-Չեմ կարծում, որ աշխարհը մտադիր է թուլացնել մեզ: Խնդիրն այն է, որ մենք, այստեղ ապրելով, իսկապես պիտի մտածենք ուժեղ լինելու մասին: Այս դեպքում ոչ ոք չի կարող մեզ թուլացնել: Որևէ դեպքում պատճառը պետք չէ փնտրել ուրիշների մեջ: Ինձ թվում է, որ մենք շատ ենք պարփակվում մեր փոքր սահմանների մեջ, շատ ենք սևեռվում մեր նեղ խնդիրների վրա: Ես այդ ամենին այլ տեսանկյունից եմ նայում և կարծում եմ, որ սահմանները բացելը ոչ միայն քաղաքական խնդիր է, այլև մեր մենթալիտետի, աշխարհընկալման խնդիր: Աշխարհը հիմնովին փոխվել է վերջին տասնամյակներին: Անկախության քսան տարում մենք ևս շատ փոփոխություններ ենք կրել: Գլոբալիզացիան պարզապես բառ չէ` օդում սավառնող, դա աշխարհընկալման ու մտածելակերպի փոփոխությանն առնչվող հարցերի ամբողջություն է: Մենք իսկապես պիտի դուրս գանք նեղ սահմաններից. նկատի ունեմ և՛ աշխարհագրական սահմանները, և՛ այն սահմանները, որ կրում ենք մեր մեջ, մեր ուղեղներում: Եթե դուրս չգանք այդ սահմաններից, աշխարհում տեղ չենք ունենա:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ