ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

«ՀՀ ՑԱՆԿԱՑԱԾ ՆԱԽԱԳԱՀ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՎԵՐՋԱԿԵՏԸ ԿԴՆԻ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ, ՔԱՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՎՆԱՍԵԼՈՒ ՄԻ ՔԱՅԼ ԿԿԱՏԱՐԻ»

«ՀՀ ՑԱՆԿԱՑԱԾ ՆԱԽԱԳԱՀ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՎԵՐՋԱԿԵՏԸ ԿԴՆԻ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ, ՔԱՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՎՆԱՍԵԼՈՒ ՄԻ ՔԱՅԼ ԿԿԱՏԱՐԻ»
01.07.2011 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին


«Իրատես de facto»-ի հյուրը հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆՆ է
«ԵՐԲԵՄՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԲԱԽՏԱԳՈՒՇԱԿՆԵՐԻՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՀՈԳԵԲԱՆ»
-Տիկի՛ն Նալչաջյան, հոգեբանությունը գիտություն է հիվանդ մարդու, հիվանդ հասարակության, աշխարհում առկա հիվանդագին դրսևորումների մասի՞ն, թե՞ հոգեբանի տեսադաշտում նաև առողջներն են ներառվում:
-Շատ ակտուալ հարց եք տալիս, որովհետև պատկերացումները հոգեբանության մասին մեզանում հստակ չեն: Մարդիկ հոգեբանին սովորաբար բժիշկ են համարում, իսկ երբեմն նույնիսկ բախտագուշակներին են համարում հոգեբան: Պատկերացումը պետք է ճշգրիտ լինի. հոգեբանությունը գիտություն է մարդու, նրա հոգեկան աշխարհի մասին: Ըստ որում, նախ և առաջ` առողջ մարդու: Այն բոլոր հարցերը, որ կապված են մարդու ներաշխարհի հետ (էություն, խորքային առանձնահատկություններ, գիտակցություն, ենթագիտակցություն, հոգեկան այլևայլ պրոցեսներ), կազմում են հոգեբանություն գիտությունը: Հոգեբանությունը բազմաճյուղ գիտություն է: Օրինակ, կա սոցիալական հոգեբանություն, որն ուսումնասիրում է մարդկանց խմբերի միջև եղած հարաբերությունները: Կա ազգային հոգեբանություն, ռազմական հոգեբանություն: Այս բոլոր առանձին ոլորտներում մարդն է` իր օրինաչափություններով: Իհարկե, կա նաև կլինիկական հոգեբանության ոլորտը, որտեղ արդեն մարդն է` իր խնդիրներով, ախտաբանական երևույթներով: Այստեղ արդեն թերապիայի ոլորտն է ներառվում: Շատ բազմազան ու բազմադեմ է հոգեբանությունը:
-Ո՞րն է հոգեբանություն գիտության ամենասենսացիոն բացահայտումը վերջին ժամանակաշրջանում:
-Դժվար է խոսել կոնկրետ սենսացիոն հայտնագործության մասին: Բայց ընդհանուր առմամբ վերջին շրջանում հոգեբանությունը մեծ թափով զարգացավ: Ընդ որում, կան բազմաթիվ ինստիտուտներ, հոգեբանական լաբորատորիաներ, այլ հաստատություններ, որոնք հայտնագործություններ են անում մարդու մասին, միջանձնային հարաբերությունների մասին: Օրինակ` հոգեկանի շերտերի (գիտակցություն, ենթագիտակցություն, անգիտակցական, խորքային համակարգ) մասին օրինաչափությունների բացահայտումը սենսացիա չէ, ի՞նչ է: Այնպիսի խնդիրներ կան, որոնց պատասխանը հոգեբանությունն ունի, բայց քանի որ դրանք դեռ շատ հանրայնացված չեն, մարդիկ հակված են դրանց պատասխանները գտնելու միստիկ ոլորտներում, վերերկրային հասկացությունների դաշտում: Երբ մենք անդրադառնում ենք հոգեբանությանը, տեսնում ենք, որ այդ հարցերի ճշգրիտ պատասխաններն ունի այն: Իհարկե, կան նաև հարցեր, որոնց պատասխաններն առայժմ չունի հոգեբանությունը:
-Կարելի՞ է ասել, որ եթե շատ խորանաս հոգեբանության մեջ, կարող ես նաև հեռանալ Աստծու, աստվածայինի գաղափարից:
-Ընդհակառակը: Սկզբում հոգեբանությունը մի քիչ հեռանում է Աստծու, աստվածայինի գաղափարից` տալով ճշգրիտ լուծումներ, հայտնաբերելով օրինաչափություններ և մեզ կողմնորոշելով ոչ թե դեպի Աստծու հավատը, այլ ճշգրիտ դիրքորոշումները: Կանխատեսումներ ենք անում մարդկանց հնարավոր վարքի մասին, մատնանշում ինչ-ինչ գործոնների փոխազդեցությունը, որոնց արդյունքում մենք կարողանում ենք պրոգնոզներ տալ: Սա, իհարկե, բարդ գիտահետազոտական աշխատանք է պահանջում: Իսկ երբ շատ ես խորանում, հասնում ես այնպիսի գաղտնարանների, որտեղ գիտությունն իր միջոցներով կանգ է առնում, ու դու տեսնում ես, որ արդեն քո դեմ հառնում է հոգեկանի, հոգու գաղափարը` դառնալով շատ ռեալ և շոշափելի: Ալբերտ Նալչաջյանի վերջին աշխատանքները, օրինակ, ուղղորդված են հոգեկան էներգիայի բացահայտմանը: Կա հոգեկան էներգիա կոչվածը: Եվ ընդհանրապես, հոգեբանությունը կարծես թե գնում է դեպի հոգու ճանապարհը: Ինչքան էլ ճշգրիտ լինի, ինչքան էլ գիտական բացահայտումներ ունենա, այնուամենայնիվ, հոգու գաղափարի լիարժեք մերժմանը ժամանակակից հոգեբանությունը չի հանգում: Կտրուկ, կոպիտ մեկնաբանություններ չի տալիս այս առումով:
-Ինչո՞վ բացատրել, որ Արևմուտքում հոգեբանի ծառայություններից օգտվելն օրինաչափ է, իսկ Հայաստանում դա համարվում է, մեղմ ասած, արտառոց: Եթե չասենք, որ որոշակի միջավայրի համար հոգեբանին դիմողը համարվում է աննորմալ, լուրջ շեղումներ ունեցող մեկը:
-Իսկապես, մեղմ ասած, արտառոց է համարվում: Ես դա նախ կբացատրեի մշակույթի բացակայությամբ: Պետք է մեզանում ձևավորվի հոգեբանին դիմելու մշակույթը: Ըստ որում, վստահաբար կարող եմ ասել, այն արդեն ձևավորվում է: Հոգեբանի մոտ գնալը, որպես կանոն, գաղտնի է պահվում: Մարդը բարձրաձայն չի հայտարարում, որ ինքը գնում է հոգեբանի մոտ:
-Ինչպես, ասենք, վնասվածքաբանի մոտ գնալիս կաներ:
-Այո՛: Մենք ունենք հոգեբանական ծառայություն, որտեղ հաճախում են մարդիկ: Բայց այդ այցերը որևէ կերպ չեն հրապարակվում: Մարդը կարող է անգամ չասել, թե ինքը որտեղ է աշխատում, ապրում: Նա գալիս է իր խնդիրներով, իր մտահոգություններով, և այդ ամենը մնում է գաղտնի: Բայց կան նրբություններ` կապված ազգային մշակույթի, մարդկային փոխհարաբերությունների, մտածելակերպի հետ: Եվրոպան, ընդհանրապես Արևմուտքը, ինդիվիդուալիստական, անհատապաշտական մշակույթի կրող է: Մարդիկ մի քիչ ավելի են կտրված իրարից, քան Արևելքում: Այս իմաստով մենք ավելի շատ հակված ենք դեպի Արևելք: Մենք շատ կապված ենք իրար հետ:
-Եվ, փաստորեն, հոգեբանի գործառույթը մեզանում իրականացնում են հարևանը, ազգականը, գործընկերը, այո՞:
-Այո՜, այո: Այդ կերպ կարծես թե բավարարվում են մարդու պահանջմունքները, և նա այլևս չի գնում հոգեբանի մոտ: Բայց այստեղ թյուրըմբռնման հարց կարող է առաջանալ: Եթե մարդն ունի խնդիր, լարվածություն ու գնում, դրանց մասին պատմում է հարևանուհուն` սուրճ խմելու ընթացքում, ապա հարևանուհին, լավագույն դեպքում, կարող է ունկնդրի դեր կատարել: Որքան էլ կենցաղային զրույցներն օգտակար են, նույն հարևանուհին կարող է ինքն էլ իր խնդիրներին անդրադառնալ ու խոսակցությունը տեղափոխել բոլորովին այլ դաշտ: Այսինքն` հոգեբանական իմաստով միջամտություն չի կատարվի: Այդ զրույցներն ընդամենը կարող են ինչ-որ չափով փոխարինել հոգեբանական ծառայությանը, լուծել գոնե այն խնդիրը, որ մարդը կիսվի իր անհանգստություններով: Ո՛չ ավելին: Այնինչ դա դեռ շատ քիչ է, ինչ-որ մասնիկն է հոգեբանական ծառայության: Մասնագետը լսում է մարդուն, օրինաչափություններ է տեսնում, հասկանում է, թե որտեղ է տրավման, ինչ հոգեբանական նորմեր են խախտված, ինչն է իր հունից դուրս եկել, ինչը պետք է շտկել: Այսինքն` հոգեբանը ոչ թե խորհուրդ է տալիս (թեկուզ և կոչվում է հոգեբանական խորհրդատվություն), այլ նայում-վերլուծում է, փորձում շտկել վիճակը: Որովհետև խորհուրդ տալը մի քիչ անշնորհակալ բան է: Երբ մարդուն խորհուրդ ես տալիս, տպավորություն է, թե դու իրենից բարձր ես կանգնած և բարձր դիրքից իրեն խորհուրդ ես տալիս:
«ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ԷՐ ԴՐՍԻ ՈՒՆԿՆԴՐԻՆ»
-Վերջին շաբաթվա ընթացքում մենք ականատեսը և ազգովին մասնակիցը դարձանք աշխարհաքաղաքական նշանակալի իրադարձությունների: Ըստ Ձեզ` ինչպե՞ս ներկայացան Հայաստանը և ՀՀ նախագահը Ստրասբուրգում:
-Մենք նախագահի ելույթը դիտում էինք մեր տեսանկյունից: Բայց ես համամիտ եմ այն կարծիքներին, որ այդ ելույթն ավելի շատ ուղղորդված էր դեպի դուրս, հասցեագրված էր դրսի ունկնդրին: Նույնիսկ ելույթում կային բառեր, արտահայտություններ, հասկացություններ, որոնք ավելի շատ ընկալելի էին դրսի ականջի համար: Բառերը շատ կարևոր են: Հաճախ խոսում են մենթալիտետների, մտածողության տարբերությունների մասին: Այն, ինչը մեզ հասկանալի է, դրսի ականջին ուղղակի կարող է անըմբռնելի լինել: Օրինակ, երբ մենք խոսում ենք մեր հայրենիքի զգացողության, արմատների, պապենական հողերի մասին, դրսի մարդն ընդհանրապես կարող է չհասկանալ դրա բուն էությունը: Այն, ինչը մեր մեջ շատ խոր հույզեր է առաջացնում, դրսի համար ոչինչ չի նշանակում: Բայց երբ ասում ես «հանդուրժողականություն», «մարդու իրավունքներ» և այս կարգի այլ բառեր ու արտահայտություններ, արևմտյան լսարանը հասկանում է: Եվ Սերժ Սարգսյանն ավելի շատ խոսեց այդ լեքսիկոնով, որովհետև դա էր ընկալելի դրսի մարդկանց:
-Զարուհի Փոստանջյանի հարցադրումը` ուղղված Սերժ Սարգսյանին, պետք է դիտարկել սեփական երկրի նախագահին խոցելի դարձնելո՞ւ, թե՞ Հայաստանում դեմոկրատիայի բավարար հիմքեր արձանագրելու տեսանկյունից:
-Նախագահը լավ և արագ կարողացավ կողմնորոշվել իր պատասխանում: Իսկապես, ստեղծվեց այնպիսի կոնտեքստ, որ եթե մեր ընդդիմադիրը, նախագահին ամենասուր հարցը տվողը եկել-հասել է Եվրախորհրդարան, ուրեմն մեր երկիրն այնքան էլ ավտորիտար երկիր չէ: Չնայած այդ հարցի մեջ հենց մեր երկրի ավտորիտարությունն էր շեշտվում: Բայց դրսի հայացքի համար ստեղծվեց այն տպավորությունը, որ ընդդիմադիր գործիչն իր երկրի նախագահին նման հարց է տալիս Եվրոպայի կենտրոնում, հետևաբար, այդ երկիրը դեմոկրատիայի հարցում այնքան էլ հետ չի մնում: Այնպես որ, եթե Զարուհի Փոստանջյանին պետք էր ցույց տալ, որ ավտորիտար է Հայաստանը, ապա, իմ կարծիքով, նա իր բուն նպատակին չհասավ:
«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԱՅՆ ՎԵՐԲԱԼ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ»
-Կազանյան հանդիպումը (9-րդն իր տեսակի մեջ) շոշափելի ոչինչ չտվեց, ինչպես նախորդները: Սա վկայո՞ւմ է արդյոք այն մասին, որ աշխարհի հզորներն ի վիճակի չեն ԼՂՀ ճակատագիրը տնօրինելու ըստ սեփական նպատակների:
-Ես նույնիսկ մտածում եմ, որ աշխարհի հզորները` մտածելակերպի տարբերության բերումով, մինչև վերջ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է մեր ուզածը, թե ինչու մեզ համար այդքան թանկ է Ղարաբաղը, թե ինչու ՀՀ ցանկացած նախագահ իր պաշտոնավարման վերջակետը կդնի ավելի շուտ, քան Ղարաբաղին վնասելու մի քայլ կկատարի: Իրենք, իմ կարծիքով, չեն կարողանում այդքան խորքով պատկերացնել հարցը: Եվ եթե իրենց նպատակը խաղաղությունը պահպանելն է, ուրեմն այս պահին մեր շահերը համընկնում են: Այս պահին, կարծես թե, սուր, պատերազմային իրավիճակ ոչ ոքի պետք չէ:
-Նաև Ադրբեջանի՞ն:
-Եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ հաղթելու է, ոչ մի րոպե չէր հապաղի. ո՛չ Եվրոպային կնայեր, ո՛չ Ամերիկային, ո՛չ էլ այլ մեկի: Ադրբեջանը հաղթանակի հույս չունի: Եթե ունենար, ինչո՞ւ պիտի չպատերազմեր: Ադրբեջանը միայն վերբալ մակարդակում է պատերազմում: Բայց ես ուզում եմ ասել, որ իրենց մոտ քարոզչական աշխատանքը շատ ավելի լավ հիմքերի վրա է, քան մեզանում: Անընդհատ խոսակցություններ են լինում այս մասին: Եվ ավելորդ չէ ևս մեկ անգամ անդրադառնալ: Մեզ մոտ շատ հեղհեղուկ է վիճակը: Ամեն բան լինում է ինքնըստինքյան, ինչպես կստացվի: Գուցե որոշ մարդիկ, անկախ ամեն ինչից, լավ են աշխատում: Բայց պիտի լինի կազմակերպված քարոզչություն, մի բան, որ մեզ մոտ բացակայում է: Պատճառն այն է, որ չեն հասկանում քարոզչության բուն իմաստը: Կարելի է այնքա՜ն մտածված ձևով քարոզչություն իրականացնել` ուղղված թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի, թե՛ Արևմուտքի հետ կապված անհամաձայնությունների դեմ: Մենք այս հարցերը համակարգելու շատ լուրջ խնդիր ունենք: Օրեր առաջ կարդում էի Արկադի Տեր-Թադևոսյանի ռեպլիկի մասին, որ քաղաքական գործիչներն անընդհատ խանգարել են ռազմական գործիչներին: Հիմա պետք է այնպես անել, որ չխանգարեն: Մեր նախագահի ելույթը Ստրասբուրգում լավ էր, կատարվում էին ճիշտ շեշտադրումներ: Թեև որքա՜ն մեծ էր տագնապը մեր մեջ: Բոլորս ուշի ուշով հետևում էինք նրա ելույթին, հետո Կազանի հանդիպմանը: ՈՒ բոլորս թեթևացած շունչ քաշեցինք, երբ պարզ դարձավ, որ ոչինչ չի ստորագրվել, ճակատագրական ոչինչ չի պատահել: Բայց ի՞նչ իմանաս, թե հետո ինչ կլինի, ինչպիսի փոփոխություններ կլինեն: Այսինքն` մենք պիտի մեր` և՛ դեպի ներս, և՛ դեպի դուրս ուղղված քաղաքականությունը շատ ճշգրիտ քարոզչությամբ զուգորդենք:
-Ինչպե՞ս կսահմանեք հաղթողի և պարտվողի հոգեբանությունը արցախյան պատերազմի համատեքստում:
-Այսօրվա իրավիճակն ակնառու կերպով ցույց է տալիս հաղթողի և պարտվողի հոգեբանությունը: Ադրբեջանն անընդհատ ատամներն է կրճտացնում, և ատելության էսկալացիան նրանց մոտ հենց պարտությունից է բխում: Իրենք կորցրել են, պարտվել են: Մինչդեռ այնքա՜ն վստահ են եղել իրենց հաղթանակի հարցում:
-Դե՜, բնական է, հայերին իբրև գենետիկորեն մորթվելու դատապարտված ազգ են ընկալել, չէ՞:
-Այո՜, այո: Նրանց թվում էր, թե հայերի հետ այնքա՜ն հեշտ է հարցեր լուծելը: Բայց բախվեցին իրականության հետ, տեսան, որ հայ մարդն ամեն ինչ մոռանում է, երբ հայրենիքի հարցն է կանգնում իր առաջ: Նույնիսկ այսօր` արժեզրկումների ու անկումների այս ժամանակում, ես հավատում եմ, որ եթե շատ կոնկրետ վտանգ սպառնա մեզ, մարդիկ նորից ամեն ինչ թողնելու են և նետվելու են հայրենիքը պաշտպանելու: ՈՒղղակի պետք չէ, որ մենք վիճակը հասցնենք այդպիսի ծայրահեղությունների: Ներսից առողջ պետք է լինել: Այսօր Հայաստանը կանգնած է ներքին առողջության պահպանման խնդրի առջև, սա է մեր ամենակարևոր հարցերից մեկը: Մենք պիտի կարողանանք կայուն լինել դրսի ազդեցությունների նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է հաղթողի հոգեբանությանը, ասեմ, որ մենք ավելի հանգիստ ենք: Բոլոր տեսակի հետազոտությունները ցույց են տալիս, որ հայերն այնքան ուժեղ թշնամանք չեն տածում թուրքի, ադրբեջանցու նկատմամբ, ինչպես վերջիններս` մեր: Բայց բոլոր դեպքերում ես ուզում եմ, որ մենք ատելությունից առանձնապես չվախենանք: Եթե թշնամուդ նկատմամբ բացասական զգացումներ չունենաս, կկորցնես ռեալության զգացողությունը, ինքնապաշտպանական պոտենցիալը կթուլանա: Պետք է շատ զգոն գիտակցել, թե ով է թշնամիդ, ով` բարեկամդ, ով քեզնից ինչ է ուզում, ով է պատրաստ քեզ հարվածելու: Ես չեմ կարծում, որ այդքան թուլացած է մեզանում թշնամական զգացողությունը հարևանների նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, իրենց մոտ ատելությունը կենդանական մակարդակի վրա է: Թեև դա դեռ հաղթանակի գրավական չէ: Մենք շատ ակնառու կորուստներ ունենք` կրթական մակարդակի անկումը, արդարության, օրենքի գերակայության հետ կապված բացթողումները: Եթե այս ներքին հարցերը լուծվեն, ու մենք առողջ լինենք, կարծում եմ, կդիմանանք: Իսկ եթե ոչ, շատ վտանգավոր կլինի վիճակը:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ