ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

«ՃԻՇՏ ՊԱՀ ԸՆՏՐԵԼԸ ՃԻՇՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԵՆՔՆ Է»

«ՃԻՇՏ ՊԱՀ ԸՆՏՐԵԼԸ ՃԻՇՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԵՆՔՆ Է»
04.06.2010 | 00:00

Ազատության հրապարակի «վերաբացումից» հետո Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները որոշել են վերսկսել խաղաղ ակցիաները, նստացույցերը, որոնք այս անգամ էլ ուղեկցվել են ոստիկանական բռնի ուժի կիրառմամբ, և ակտիվիստները բերման են ենթարկվել։ Զավեշտալին այն է, որ ոստիկանների աչքին «հասարակական կարգը խանգարող» են երևացել նաև ակցիաները լուսաբանող լրագրողները։ Խնդրի շուրջ մեկնաբանություններ խնդրեցինք Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ։
-Լոռեցիները շատ լավ խոսք ունեն` էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու,- ասաց պարոն Մանուկյանը։- Հրապարակ փակելը սխալ էր, ազատ խոսքի դեմ հանցագործություն։ Չպետք է փակեին, քանի որ Ազատության հրապարակը ժողովրդի ազատ խոսքի ամբիոնն է։ Բացելն էլ նրանց կողմից սխալ էր, որովհետև եթե նպատակ ունեին, որ այնտեղ չպետք է ազատ խոսք հնչի, ուրեմն պիտի փակ պահեին մինչև իշխանափոխություն։ Եթե հիմա բացել են, իհարկե, մարդիկ պիտի գան ու իրենց խոսքը հնչեցնեն։ Ազատության հրապարակն ասոցացվում է ազատ խոսքի, ազատ կամարտահայտման հետ։ Հայաստանում կա ընդդիմադիր դաշտ, որն ասելիք ունի ու կարիք ունի ակցիաներ անցկացնելու, և դա պետք է փորձի անել Ազատության հրապարակում։ Չբացեի՛ք, բացել եք, հիմա էլ մենք փորձում ենք գրավել մեր ազատ խոսքի ամբիոնն ու պայքարել դրա համար։ Այսօրվա չինովնիկն իրավունք չունի որոշելու, որ այդ կայացած, ավանդական ազատ խոսքի ամբիոնը պիտի փակվի։ Իրենք ավելի շուտ կհեռանան իրենց պաշտոններից, քան այդ ավանդույթը կմարի։
-Տևական մի ընթացք հասարակությունը չէր զգում ՀԱԿ-ի «զարկերակը», մի տեսակ ապատիայի վիճակում էր հայտնվել ընդդիմությունը։ Այս ակցիաներով ակտիվության նոր շրջանի հի՞մք է դրվում, ի հեճուկս ամռան «մեռյալ սեզոնի»։
-Գուցե կողքից այդպես է դիտվել ՀԱԿ-ի գործունեությունը, սակայն ամեն ինչ ընթացել է հավասարաչափ գործընթացներով։ Հարկ եմ համարում հիշեցնել դատավարությունները, գազի սակագնի բարձրացման առնչությամբ կազմակերպված ակցիաները, Գյումրիում կազմակերպված միտինգը։ Իշխանությունները ևս նպաստել են ակտիվ գործողությունների ծավալմանը` գների բարձրացում, հարկային տեռոր, արտաքին ազդակներ։ Դրսից եկող բոլոր բանաձևերը, որոնց պարբերականությունը մեծացել է, խիստ հակահայկական են։ Վերջին տասն օրվա ընթացքում միջազգային կառույցները 4-5 լուրջ հարված են հասցրել Հայաստանի իշխանություններին` Ղարաբաղը ռիսկային գոտի հռչակելու ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարությունը, ռուսների հայտարարությունները ռուս-թուրքական տանդեմի հետ կապված, Վրաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը, Սերժ Սարգսյանի կիքսերն արտերկրում։ Այսօր ընդդիմության ակտիվ լինելու պատճառները շատ են, որոնք գնալով լայն հասարակական աջակցություն են ստանում։ Հայաստանում հասարակական ակտիվ և ոչ ակտիվ շերտերն ընդդիմադիր են, քանի որ դժգոհ են առկա իրավիճակից։ Չեմ բացառում դեպքերի անկանխատեսելի զարգացումները, որովհետև դրսից հարվածները կարկուտի նման տեղում են Հայաստանի վրա, իսկ ներսում իշխանություններն իրենք են նպաստում իշխանափոխությանը։
-Ոստիկանների գործողություններից հետո ՀԱԿ-ը կշարունակի՞ իր ակտիվ գործողություններն Ազատության հրապարակում, թե՞ «կխնայի» իր համակիրներին։
-Այսօր ՀԱԿ-ն ավելի շատ զսպում է իր համակիրներին, քանի որ նրանց շրջանում ակտիվ գործողություններ ծավալելու ցանկությունն ավելի մեծ է, քան ՀԱԿ-ի ղեկավարության։ Սա չի կարող երկար ձգվել։ Վերջին հաշվով, ընդդիմության լիդերները միշտ չէ, որ կարող են ժողովրդին զսպել։ Մի օր էլ նույն ժողովուրդը կասի` դու այլևս իմ ղեկավարը չես, նոր լիդեր կընտրեմ, որը գործնական քայլերի կդիմի։ Ասել է, իշխանությունը չպետք է հույսը դնի այն հանգամանքի վրա, որ ընդդիմությունը զուսպ դիրքորոշում է որդեգրել, ու դա կարող է անվերջ ձգվել։ Բացառված չէ, որ ըմբոստությունը լինի նաև քաղաքական հողի վրա։
-Նույն այդ հողի վրա ՀԱԿ-ի համակիրների շրջանում դժգոհություններն ու հիասթափությունները չե՞ն խորացել։
-Հիասթափություն չկա, կան առաջարկներ, հատկապես արագ գործողություններ ձեռնարկելու առնչությամբ։ ՀԱԿ-ն ընդդիմադիր դաշտում, մի տեսակ, մոնոպոլ վիճակում է, քանի որ ժողովուրդը փոփոխությունների հույսը կապում է միայն ՀԱԿ-ի հետ։ Պարզապես ճիշտ պահին արված գործողությունը կարող է տասն անգամ ավելի արդյունավետ լինել, քան շտապողականությունը։ Ճիշտ պահ ընտրելը ճիշտ քաղաքական գործչի լավագույն զենքն է։
-Ընդդիմության տարբեր թևերի առաջարկած ելքերը տարբեր են. Ստեփան Դեմիրճյանը հայտարարում է, թե միակ ճանապարհն ազատ, արդար ընտրություններով սահմանադրական կարգի վերականգնումն է։ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն էլ համոզված է, որ ընտրությունների կազմակերպման մեխանիզմը սպառվել է, անհրաժեշտ է այլընտրանքային խորհրդարան ստեղծել։
-Կարծում եմ` այդ երկու մոտեցումները չեն հակասում միմյանց։ Բոլոր դեպքերում էլ իշխանափոխությունը քաղաքական իրավիճակի հասունացման արդյունքում է լինելու, որը բխելու է Սահմանադրությունից։ Բայց, ի վերջո, այդ ամենին հաջորդելու են ընտրությունները, ինչը պարտադիր գործընթաց է անցումն ապահովելու համար, դա պարտադիր մեխանիզմ է։ Մեզ համար սահմանադրական կարգի վերականգնումը վերջնական արդյունքում ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունն է։ Մենք կփորձենք արագ իրականացնել սահմանադրական կարգի վերականգնումը, որպեսզի կորուստները քիչ լինեն։ Որքան խաղաղ դա ընթանա, այնքան լավ, որքան անցումը լինի անցավ, այնքան երկրի իմիջի համար` լավ։ Այս ամենը պիտի ընթանա խոհեմությամբ, ճշգրիտ քայլերով։ Ո՛չ ՀԱԿ ղեկավարությունը, ո՛չ ժողովուրդն արկածախնդիր քայլերի չեն դիմի։ Կազմակերպված, խոհեմ քայլերը հեռանկարային են։
-«Խոհեմ» մարտավարությունը ենթադրում է պայքարի երկարատև ընթացք, որի վերջը ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններն են։
-Դա չեմ բացառում, բայց զարգացումները գնալով արագանում են։ Անգամ չես հասցնում վերլուծել դրանք։ Եթե նախորդ մեկ ամսվա ընթացքում միջազգային հանրությունը երեք փաստաթուղթ էր ուղարկել Հայաստան, այս ամսվա ընթացքում` 3+2, այսինքն, գործընթացներն արագանում են։ Այս արագացումը նկատվում է բոլոր ոլորտներում։
-Արագացում է նկատվում նաև խորհրդարանական ուժերի ճամբարում։ Ինչո՞վ եք բացատրում այս շտապողականությունը։
-Այն տեղեկությունը, որ մենք ունենք, իրենք, վստահ եմ, դրանից ավելին ունեն։ Տեղեկատվական առումով նրանց լծակներն ավելի շատ են։ Նրանք նաև իշխանության խոհանոցում են։ Հաճախ խոհանոցից միայն եփած ճաշերի հոտն է տարածվում, իսկ նրանք ոչ միայն եփում, այլև համտեսում են այդ ճաշը։ ՈՒստի իրավիճակի մասին ավելի շատ են տեղեկացված։ Սա նրանց հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկայում ինչ-որ զարգացումներ են սպասվում։ Այդ ուժերը թիթեռնիկի հոգեբանություն, ծաղկից ծաղիկ թռչելու լավ փորձ ունեն։ Հիմա պիտի ճիշտ որոշեն «թռչելու» պահը, որ չկործանվեն։
-Խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես ՀՅԴ-ն, որն իրեն կառուցողական ուժ է համարում, սկսել է ավելի կոշտ գնահատականներ հնչեցնել իշխանության հասցեին։ Ավելին, խմբակցության ղեկավարը մեղադրում է իշխանություններին, կարծելով, որ «զապադլո» չէ ՀՅԴ-ի խոսքը չլսելը։ Արդյո՞ք իշխանությունը կարիք ունի այդ «ընդդիմադիր» խոսքի։
-ՀՅԴ-ն ընդդիմադիր քայլեր է անում միայն, բայց ընդդիմադիր ուժ չէ։ Երբ իր լծակներով, «Երկիր Մեդիայով» կոնկրետ, համարձակ քայլեր կանի, այն ժամանակ նրանց հետ հաճույքով կաշխատեմ։ Եթե «Երկիր Մեդիան» ցույց չի տալիս օպերայի փակ լինելը, ոստիկանների գործողությունները, լրագրողներին բերման ենթարկելը, հանցագործությունները, թալանող չինովնիկներին, կասկածով եմ վերաբերվում այդ ուժի ընդդիմադիր լինելուն։ Արմեն Ռուստամյանը, ԱԺ-ում լինելով արտաքին խնդիրների համակարգողը, իրավունք ունի արտաքին գործերի նախարարին հրավիրելու իր կաբինետ` զրույցի, առաջարկներ ու ծրագրեր ներկայացնելու։ Եթե այդ մարդն այսօր բողոքում է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից, բանաձևերի բովանդակությունից, ես պարզ հարց եմ տալիս` եղբա՛յր, բա դու ո՞ւր ես, արդյոք դուք պատվիրակություն չունե՞ք Եվրախորհրդում, Սփյուռքի աջակցությունը չունե՞ք, որ միջազգային այդ կառույցի 751 պատգամավորներից մեկը Հայաստանի օգտին չխոսեց։ Ո՞Ւր է ձեր աշխատանքը, դիվանագիտությունը։ Այնպես որ, եթե մեղմ ձևակերպելու լինեմ, վստահ չեմ, թե ՀՅԴ-ն ընդդիմություն է։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ