Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
29.07.2011 | 00:00

Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդում Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը. հուլիսի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում այս իրադարձությանը նվիրված շնորհանդես-քննարկում էին կազմակերպել Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը և Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Քննարկմանը մասնակցում էին տարբեր երկրների դեսպաններ և դեսպանատների ներկայացուցիչներ, գիտնականներ, պաշտոնատար անձինք: Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզջիգիտովը նշեց, որ Ղազախստանը 1995-ին հիմնադրված Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ է, որը Աստանայում վերանվանվեց Իսլամական համագործակցության կազմակերպություն։ Դեսպանը համակողմանիորեն ներկայացրեց իր երկրի նախագահության ընթացքում նախատեսված քայլերը:
Շնորհանդես-քննարկումից հետո մի քանի հարց ուղղեցինք որոշ մասնակիցների։

-Ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդում Ղազախստանի նախագահությունից,- հարցրինք Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։
-Իսլամական համագործակցության կազմակերպությունում մեր դիրքերը շատ թույլ են, մենք ո՛չ անդամ ենք, ո՛չ դիտորդ` բնական պատճառով` քրիստոնյա ենք, այնուամենայնիվ, կազմակերպության անդամ է 57 երկիր արաբական աշխարհից, աֆրիկյան մայրցամաքից, և մենք ունենք մեր հետաքրքրությունները: Ամենակարևորը` պետք է փորձենք թուլացնել Ադրբեջանի ազդեցությունը, որը կազմակերպության ակտիվ անդամներից է:
-Ինչպե՞ս կարող ենք դա անել` անդամ չլինելով:
-Իսլամական համագործակցության կազմակերպության երկրները բացահայտ ասում են, որ աջակցում են Հյուսիսային Կիպրոսի, Կոսովոյի ժողովուրդներին, այսինքն, ինքնորոշման իրավունքը որդեգրած ազգերին, ինչը նշանակում է, որ նրանց հետ աշխատելու հող կա:
-Ղարաբաղի հա՞րցը նկատի ունեք:
-Այո, ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառումը մի ժողովրդի դեպքում չի կարող աջակցություն ստանալ, մեկ այլ ժողովրդի դեպքում` ոչ:
-Իսկ քրիստոնյա և մուսուլման լինելու հանգամա՞նքը:
-Մի մոռացեք, որ այդ պետություններն աշխարհիկ են:

-Ի՞նչ դեր կարող է ունենալ Ղազախստանը Հայաստանի և Իսլամական համագործակցության կազմակերպության գոյություն չունեցող հարաբերություններում,-
հարցն ուղղեցինք ԱԺ Հայաստան-Ղազախստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար, ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ։
-Ղազախստանով ուղղափառ և իսլամական քաղաքակրթությունների հարևանության սահմանագիծն է անցնում, և դա մեծացնում է Ղազախստանի դերը իբրև հումանիզմի ու համաձայնության գաղափարներ կրողի: Հանրահայտ է, որ Հայաստանի անկախացումից հետո Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը մեր նկատմամբ որդեգրել և վարել է միակողմանի, բացասական քաղաքականություն, որն արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Հայաստանի դերը դատապարտող հայտարարություններով ու բանաձևերով: Դեռ 1992-ի ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշյուքուր Փաշազադեն Շրի Լանկայում հայտարարեց, որ անտարբերությունն ադրբեջանական ժողովրդի նկատմամբ իսլամական համերաշխության պատվիրանների մոռացման է հավասար: Ադրբեջանի ղեկավարները միշտ էլ ուժեր և միջոցներ չեն խնայել մոբիլիզացնելու համար իսլամական աշխարհն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի հայերի: Նույն տարիներին իրենց երկկողմանի հանդիպումներում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները բազմիցս հաստատել են, որ հակամարտությունը կրոնական չէ, և այս դիրքորոշմանը համաձայն են շատ երկրների հոգևոր առաջնորդներ:
-Ղազախստանի նախագահությունը կոնկրետ ի՞նչ հնարավորություններ է բացում մեզ համար:
-Երկխոսության կայացման հնարավորություններ կարող են ստեղծվել Հայաստանի և Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրոնական ու հասարակական կազմակերպությունների միջև, որը փոխադարձ ավելի մեծ տեղեկացվածություն կապահովի: Բացի այդ, Իսլամական կոնֆերանսի երկրների սամմիթում ստեղծվել է ուղեղային կենտրոն: Ղազախստանի ուղեղային կենտրոնները վերջին տարիներին մեծ ակտիվություն են դրսևորում, քաղաքական վերնախավի մեծ մասը ներգրավված է երկխոսության մեջ` ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրներում լավագույն լուծումներ փնտրելու համար: Հիանալի կլիներ, եթե Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը նախաձեռներ Հայաստանի և Ղազախստանի ուղեղային կենտրոնների համագործակցություն, որին կհետևեր Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների համանման կառույցների հետ երկխոսությունը: Բացառված չէ, որ հենց ինտելեկտուալների հաղորդակցության ընթացքում կարող են շփման կետեր ի հայտ գալ, ինչը սկիզբ կդառնա որակական փոփոխությունների:

-Ձեր գնահատմամբ` Հայաստանը կարո՞ղ է սպասելիքներ ունենալ Իսլամական համագործակցության կազմակերպությունից,- հետաքրքրվեցինք ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ։
-Ոչ թե կազմակերպությունից, որի անդամ չենք, այլ կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդում Ղազախստանի նախագահությունից, որը կարող է հանգեցնել Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի որոշակի մեղմացման: Նրանց մեծ մասը պատկերացում չունի իրավիճակի մասին, և ինչ ասում են թուրքերն ու ադրբեջանցիները, ընդունվում է որպես հիմք: Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և ոչ ոք դեմ չի լինում: Իսկ եթե տեղեկատվություն ունենան, Ղազախստանը որոշակի ճանաչողական աշխատանք կատարի և Հայաստանի ու հայերի հետ շփումների հնարավորություններ ստեղծվեն, դրանք քայլ առ քայլ փոփոխությունների կարող են հանգեցնել:
Թեպետ շնորհանդես-քննարկման առանցքում Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդում Ղազախստանի նախաձեռնություններն ու ծրագրերն էին, Հայաստանի հիմնական սպասումը ձևակերպվեց այսպես` բարեկամ երկրի նախագահությունը կարող է հնարավորություն ստեղծել ստի մշուշը ցրելու և միմյանց ավելի տեղեկացված ու ճանաչված դառնալու: Միմյանց` նշանակում է երկու քաղաքակրթությունների, քրիստոնյա Հայաստանի և մուսուլմանական աշխարհի, որտեղ ևս դարեր շարունակ ապրել ու ապրում են հայերը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ