Իմաստալից ու գեղեցիկ ավանդույթ է՝ յուրայիններին կոչել հայրենի երկրի հին ու նոր անուններով: Հայերս այդ ավանդույթի ջատագովն ենք, եզակիներից մեկն աշխարհում:
Տղամարդկանց սիրով Նաիրի ենք կոչում, ի հավերժացում հայոց պատմական Նաիրի երկրի, իսկ կանանց՝ Հայաստան: Կանանց նաև Նաիրուհի ենք անվանում:
Արցախում Արցախ անունը շնորհվում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց, միաժամանակ գործածվում է Արցախուհի անունը:
Նաիրի անվան հանդեպ սերը մեզանում ակներև է, որոշ չափով՝ միստիկ գունավորմամբ. գուցե այն պատճառով, որ բարեհունչ, երգեցիկ ու վաղնջաբույր բառ է: Բայց ավելի շատ, կարծում եմ, որ հայերի պատմական հիշողությունն անջնջելի է, հայը իր երկրի անցյալի ներկա մարմնավորումն է: Երկրի անունը անձնավորելով՝ երկիրը պահ ենք տալիս առանձին մարդու, նրան դարձնում տեր ու պատասխանատու: Հայը Նաիրի անունով, մտովի և հոգեբանորեն, վերադառնում է իր հին երկիրը: Այսպես երկիրն ու մարդը մշտապես վերադառնում են իրար: Անդադար փոխկանչի մեջ են: Եվ թող անձնական ելևէջներ լինեն այդ փոխատվության մեջ:
Երկիրը պետք է լինի նաև անձնական՝ համարժեք անանձնական նվիրումին:
Եվ անձը պետք է լինի երկրային-հայրենական, եթե անգամ դրա մասին լիարժեք պատկերացում չունի:
ՆԱԻՐԻ. ԱՆՎԵՐՋ ՎԵՐԱԴԱՐՁ
1
Շողուն` ինչպես սիրտ սիրահար,
մի ճայ սուրաց երկինքն ի վեր,
թևերին իր կար սրահար
թախիծ, կրծքում` հուշո նվեր -
նրան, որ խոսք ունի արծաթ
և ապաստան վերք ու հոգու,
նրան, որի դեմքը ագաթ
մոգությամբ է փայլատակում:-
Ճայ իմ, բացիր մի նոր երկինք՝
խոստումի պես աստվածառաք -
երկրի վրա՝ շոյանք ու կիրք,
և քայլերիս` տեր ու ծառա:
Թե չէ կույր է պահը մաքուր -
ընծայի պես ու անհասցե,
մոտենում է հնչումով կուռ
և... շրջանցում Իղձը կեցցե:
2
Պարտություններից սուր, հաղթանակներից վառ
և տրտմության դեղին ծովախորշից
վերադառնում եմ արքայությունը քո,
որ վերքերս ներես, իմ Նաիրի:-
Եվ մեղքերիս վրա աստղադիեր փռես,
և լուսինը փակես հույսի մի վանդակում,
ասես` այս աշխարհը` մի վիթխարի՛ ռոբոտ,
այսքան` զվարթ-խոսուն,
բայց և` կեղծ ու բորոտ…
ՈՒ՞ր է քո եղեգան ձայնը բուրումնալի,
ու՞ր է վարդը մտքիդ` հոգի վերածնող,
դու` նոր-հնամենի իմ զգացում,
վաղվա աչք խոհուն,
գաղտնի պատկերագիր…
Սոսկ ցասման մրրիկ և հեզության կոթող,
վտիտ-անհաղթ մարմին` քո անունին ստրուկ,
քեզ գովերգող տուֆ ու մարմարների շուքով
համբուրում եմ աջդ, իմ Նաիրի:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)