38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պատերազմում չզոհվածների զոհաբերությունը վիճակագրական գնահատման չի ենթարկվում

Պատերազմում չզոհվածների զոհաբերությունը վիճակագրական գնահատման չի ենթարկվում
30.08.2024 | 15:22

Օգոստոսի 30-ը անհետ կորածների միջազգային օրն է

-Բալե՜ս․․․

Տատու չորացած, փոս ընկած աչքերից վաղուց մոռացված երկու կաթիլ արցունք դուրս պրծավ ու սկսեց հոսել կոշտ, ճմրթված այտերի վրայով, ինչպես առուն անապատի ավազների միջով։ Դռների մեջ կանգնած էր մեռնելու չափ հարազատ կերպարանքը, որին տեսնելու հույսն ամեն օր մաշվում էր՝ իր կյանքի նման։ «Փառքդ շատ, Տե՛ր Աստված, մենք արդեն վաղուց․․․»,- միտքը դանակով կտրեց, որ հանկարծ դժբախտ բառ տուն չմտնի։

Մայրը պապանձված կանգնել էր սենյակի մեջտեղում ու վախենում էր՝ քայլ անի, որ հանկարծ տեսիլքը չանհետանա։ Եթե դա տեսիլք էր, ուզում էր՝ խելագարվեր, որ միշտ տեսնի։ Հայրը, որ ժպտալուց անգամ միշտ ժլատ էր եղել, աթոռին նստած քարացել էր ու չէր էլ ուզում սրբել աչքերը, որոնց մեջ լողում էր որդու հարազատ պատկերը։

Մենակ փոքր քույրիկը վազեց ու կախվեց վզից, էնքան ամուր գրկեց վիզը, որ քիչ էր մնում խեղդեր։

- Ես գիտեի, որ կգաս, սպասում էի․․․

Ինչքան էլ պատկերացրել էր էս պահը, հիմա կարծես երազում լիներ։ Տան հոտը, էդ անհասկանալի հոտը՝ ջերմ, ապահով, հարազատ, ինչքա՜ն էր փնտրել էդ հոտը թմրամոլի նման․․․ ծխից սևացած առաստաղը, որ ամեն օր երազում տեսնում էր, ահա, աչքի առաջ էր․․․ մեխով պատի մեջ փորած անցքը, որի համար հինգ տարեկանում ծեծ էր կերել․․․ տատը, հայրը, մայրը, քույրիկը․․․ բոլորն առաջվանն են, բացի իրենից։

Ինքը առաջվանը չի։ Երկու ամիս առաջ էս դռնից դուրս եկած անհոգ պատանին մնացել էր սարերում, ու հիմա վերադարձել էր հարյուր տարեկան մի պատանի։ Նրա հոգին էնքան էր կոշտացել, որ կարելի էր ձեռքով շոշափել։ Նա, որ թաղումների ժամանակ աչքերը փախցնում էր դագաղից, որովհետև վախենում էր մեռելներից, մեռելների մեջ օրերով քնել էր, խառնվել էր դիակներին, դեռ աղջիկ չտեսած՝ կենակցել էր մահվան հետ, ընկերներ էր թաղել։ Հիմա նրա հանգիստը զրույց էր մեռելների հետ, քունը՝ մղձավանջ, ուտելիքը՝ անհամ պատառ, որը պետք էր մի կերպ կոկորդով անցկացնել, որ չխեղդվեր․․․

Պատերազմում չզոհվածների զոհաբերությունը վիճակագրական գնահատման չի ենթարկվում, ամեն մեկն իր ուսերին լուռ տանում ա էդ բեռը մինչև մահ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8502

Մեկնաբանություններ