38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չլուծված հիմնախնդիրներ

Չլուծված հիմնախնդիրներ
11.12.2012 | 16:24

Պետության կենարար ու շարժիչ ուժը նրա բարեխիղճ ու բարեպաշտ քաղաքացիներն են, նրանք, որոնք պետությունը համարում են իրենց հայրենական տունը` հայրենիքը, և մշտապես հոգ են տանում, որ այն զարգանա, բարգավաճի ու հզորանա` դառնալով հուսալի հենարան ու պաշտպան:
Յուրաքանչյուր քաղաքացի, ով պարտաճանաչ վճարում է պետության արված ծառայությունների համար, ժամանակին ու ազնվորեն կատարում է աշխատանքային ու հարկային պարտականությունները և սրբորեն ծառայում երկրի պաշտպանության գործին, բոլորի կողմից (հատկապես պետության) պետք է արժանանա հարգանքի, ուշադրության ու աջակցության: Նման փոխադարձ, հաստատուն համագործակցությամբ է միայն հնարավոր հասնել երկրի տնտեսության ու պաշտպանության հզորությանը և ժողովրդի սոցիալական պայմանների բարելավմանը: Սա պարզ աքսիոմ է, ակներև ճշմարտություն, որն ապացուցման կարիք չունի, և դա պետք է հասկանա ու ընդունի յուրաքանչյուր ոք:
Հնում և նոր ժամանակներում պետություններ են կործանվել այն պատճառով, որ թուլացել է ու կտրվել պետության ու ժողովրդի համագործակցությունը: Հիշենք միայն Խորհրդային Միության պես հզոր երկրի կործանման պատմությունը, պետություն, որը պատերազմի դաշտում հաղթում էր թշնամի ուժերին, սակայն ուժասպառվեց ու ներսից փլուզվեց, երբ արդեն կորցրել էր իր ժողովրդի վստահությունը և աջակցությունը:
Տեղին է հիշել նաև հունական հայտնի դիցաբանության մեջ Անթեյի կերպարը, որն անհաղթահարելի էր, երբ կապված էր մայր հողի, այսինքն` ժողովրդի հետ: Բայց Հերկուլեսը նրան հաղթեց` կտրելով մայր հողից: Եվ որպես դաս` ով կտրվում է իր ժողովրդից ու հողից, ի վերջո, պարտվում է:
Նորանկախ պետության ստեղծմանն ու կազմավորմանը հայ ժողովուրդը սպասում էր երկար տարիներ: Իսկ երբ այդ պահը եկավ, ժողովուրդը համախմբվեց ու պաշտպանեց իր իրավունքները, ազատագրական պայքար մղելով` հաղթահարեց բոլոր արգելքները:
Հաղթանակեց նաև Արցախյան ազատամարտում` ազատագրելով իր պատմական տարածքների մի մասը: Ժողովուրդը, ոգևորված անկախության ձեռքբերումներով, պատրաստ էր նաև պայքարելու երկրի տնտեսական զարգացման ու ամրապնդման համար: Սակայն նորանկախ հանրապետության նորահայտ ղեկավարները կորցրին ժողովրդի վստահությունն ու հարգանքը, քանի որ նրանք բաժան-բաժան արեցին ու թալանեցին ժողովրդական ունեցվածքը, սեփականացրին ու փակեցին գործող գործարանները, հիմնարկ-ձեռնարկությունները` ստեղծելով գործազրկության ու աղքատության իրավիճակ, որին էլ անմիջապես հետևեց անկառավարելի արտագաղթը: Երկրում առաջացավ քրեա-կլանային, կոռումպացված մի համակարգ, որը ձևականորեն խոսում է ժողովրդական հիմունքներից, սակայն իրականում հակաժողովրդական քաղաքականություն է տանում:
Սա նման չէր մեր ժողովրդի երազանքների անկախ պետությանը, և այդ պատճառով էլ մարդիկ դժգոհ են տիրող համակարգից, ընդվզում են ու բողոքում ամբողջ հոգով: Ինչպե՞ս գոհ լինեն, երբ աղքատ են ու անգործ, երբ ցավով հեռանում են հայրենիքից, երբ թոշակները, նպաստը և ցածր աշխատավարձերը չեն բավարարում մարդկանց նվազագույն կարիքները, երբ չորս կողմում անարդարություն ու անպատասխանատվություն է, երբ չեն վճարվում նախկինում խնայդրամարկղերում ներդրված ավանդների, ինչպես նաև փոխառության պարտատոմսերի գումարները: Չէ՞ որ այդ գումարներով մարդիկ ժամանակին օգնել են Խորհրդային Հայաստան Հանրապետությանը, և դրանցով կառուցվել են բազմաթիվ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, հիմնարկ-ձեռնարկություններ և աշխատավարձեր ու թոշակ-նպաստներ են վճարվել: Մի՞թե արդարացի է, որ այդ կառույցներին նոր տերեր են դառել մի խումբ մարդիկ և հիմա նրանք բազմապատիկ շահույթներ են ստանում դրանցից, բայց մոռացել են նախկին տերերին (ավանդատուներին) հետ վերադարձնել իրենց հասանելիքը:
Այն ժամանակվա ավանդատուները հիմա առնվազն վաթսունն անց աղքատ թոշակառուներ են, որոնցից շատերը տարբեր հիվանդություններով հաշմանդամ կամ անկողնային վիճակում գտնվող մարդիկ են: Իսկ հարազատ պետությունը նման մարդկանց խնայողությունները սառեցրել է, և հայտնի չէ, թե ե՞րբ է վերադարձնելու կամ կվերադարձնի՞ արդյոք: Տարիներ շարունակ պատասխանատու պետպաշտոնյաները տարբեր պատճառաբանություններ են բերում, որ հնարավոր չէ այդքան գումարները (իբրև 10 միլիարդ դոլար, որը շատ կասկածելի է) միանգամից վերադարձնել: Իսկ ինչպե՞ս եղավ, որ մի քանի տարում արագորեն յուրացվեցին հանրային ունեցվածքի սեփականաշնորհումից ստացված հսկայական գումարները և հնարավոր չեղավ քիչ-քիչ ու աստիճանաբար այդ գումարներից վճարել ավանդատուներին: Մի քանի տարի առաջ ավանդները վերադարձնելու թեթև շարժ եղավ, բայց այն կարճատև էր և շուտով մոռացվեց: Իսկ ինչքա՜ն ավանդատուներ, իրենց գումարները չստացած, տարիքն առած կամ հիվանդություններից տանջվելով, հեռացան կյանքից: Այդպես էլ ամեն տարի նախկին ավանդատուները հուսախաբ, ծանր պայմաններում մի կերպ գոյատևելով և նզովելով իրենց օրինական գումարները չվերադարձնողներին` մահանում են թշվառության մեջ: Դեռևս կենդանի, ավանդներից զրկված թոշակառուները նույնպես անհույս են և չեն հավատում, որ իրենք կամ իրենց հետնորդները երբևիցե կստանան խնայդրամարկղերի գումարները:
Անկախության հենց առաջին տարիներին մի այլ փորձանք էլ եկավ մեր ժողովրդի գլխին: Կարճ ժամանակում պետության հովանավորությամբ բացվեցին տարբեր բանկեր, որոնք, բարձր տոկոսադրույքներ առաջարկելով, շահագրգռում էին դյուրահավատ մարդկանց` գումարներ ներդնել իրենց մոտ (մավրոդիական օրինակով): Հավատալով` բազմաթիվ մարդիկ վերջին խնայողություններն էին տալիս այդ բանկերին: Սակայն որոշ ժամանակ անց բանկերի տերերը, մարդկանց փողերը վերցնելով, փախան: Մի քանիսին միայն հաջողվեց բռնել և դատել, բայց դրանով ավանդատուների գումարները չվերադարձվեցին: Խաբված ավանդատուները բողոքում, ցույցեր էին անում, դիմում պետության ղեկավարներին: Արդյունքում ոչ մի բանի էլ չհասան: Մնաց միայն մարդկանց դժգոհությունը և անվստահությունը նորանկախ պետության ու նրա ղեկավարության հանդեպ:
Ժողովրդական ընդվզումներ կան ամենուրեք: Մարդիկ բողոքում են խմելու ու ոռոգման ջրերի պակասությունից, վթարային շենքերում ապրելու վտանգավորությունից, բժշկական ծառայությունների անհասանելիությունից, չարչարանքներով աճեցրած բերքի իրացման անկարողությունից, պետպաշտոնյաների անտարբերությունից ու անպատասխանատվությունից և ամենակարևորը` գործազրկությունից, որը բազմաթիվ չարիքների ու դժբախտությունների պատճառ է հանդիսանում:
Այս բոլորը բերում է նրան, որ մարդիկ աստիճանաբար օտարանում ու օտարվում են հարազատ պետությունից, այլևս հույս չդնելով նրա աջակցության, հոգատարության ու պաշտպանության վրա: Չկա համարժեք համագործակցություն, չկա և փոխադարձ, վստահելի, ամուր կապ ժողովրդի ու պետության միջև: Ժողովուրդն արդեն չի հավատում, որ իշխող համակարգն ընդունակ է ներկա ոչ կառուցողական ճանապարհով հասնելու էական բարեփոխումների: Իսկ դա լավ ապագա չի խոստանում:
Իշխանավորներն ընտրարշավներում և բարձր ամբիոններից բազմաթիվ խոստումներ են տալիս` կարգավորելու ժողովրդի անմխիթար վիճակը, սակայն դրանք օճառափուչիկների պես շուտով պայթում են ու անհետանում: Էլ ո՞ւմ վրա կամ ինչի՞ վրա հույս դնի ժողովուրդը, եթե յուրայիններն էլ են նրան խաբում և անտարբերության մատնում: Դրա համար էլ մի հսկայական անջրպետ է առաջացել ժողովրդի և պետության միջև: Իշխանությունները ժողովրդին հիշում են միայն ընտրությունների ժամանակ, երբ պետք է ձայներ հավաքել: Երկրի նախագահներից, վարչապետներից, անգամ նախարարներից ու Ազգային ժողովի պատգամավորներից ոչ մեկը երբեք չի մտել մի աղքատ գյուղացու կամ բանվորի տուն, նստել նրանց հետ, զրուցել, իմացել նրանց նիստուկացը, նրանց հոգսերն ու ցավերը, փորձել մտնել նրանց դրության մեջ: Հավատացած եմ, որ նման բան անելուց հետո իշխանավոր մարդիկ կփոխվեին և կհասկանային, որ աշխատավոր մարդուն, բարիքներ ստեղծողին պետք է հարգել ու պատվել: Ովքեր հասկանում են, թե ինչ դժվարություններով են ստեղծվում այդ բարիքները, նրանք երբեք հողի աշխատավորի կամ գործարանի բանվորի հանդեպ ոչ միայն որևէ ոտնձգություն չեն անի, այլև կաշխատեն աջակցել նրանց, ինչքան կարող են: Այդ մարդիկ են իրենց քրտնաջան աշխատանքով կերակրում, հագցնում ու պահում պետական համակարգի ուռճացած կառուցվածքը և մնացած բոլոր բյուջետային կառույցները և, բնականաբար, նրանք էլ առաջին հերթին պետք է երախտապարտ լինեն բարիք ստեղծողին և ամեն կերպ քաջալերեն ստեղծագործ աշխատանքը: Ցավոք, այդպես չէ: Ո՞վ կարող է ասել, որ անկախության անցած քսանմեկ տարիներին որևէ հողագործի կամ բանվորի պետությունն արժանացրել է գովասանքի կամ պարգևատրման: Ի՞նչ է, նրանց մեջ չկա՞ն արժանավորներ: Խորհրդային համակարգում նրանք անտեսված չէին: Ամեն արժանավոր մարդ, ըստ իր կատարած գործերի, համապատասխան հարգանք ու պատիվ էր ստանում: Եվ դա արդարացի էր:
Նոր ժամանակներում ստեղծագործ, բանվոր, հողագործ կամ անասնապահ աշխատավոր մարդկանց փոխարեն առավել հայտնի են գործարար, օլիգարխ, մաֆիոզ և այլ պոչավոր հավելումներով քծնող անձնավորություններ, որոնք գտնվում են իշխանավորներին սրտամոտ ցուցակներում և անհրաժեշտության դեպքում հանվում ու նստեցվում են նախարարական կամ այլ տաքուկ բազկաթոռներում` արժանացնելով նրանց պետական հովանավորության, գովասանքների և այլևայլ պարգևատրումների: Դա հնադարյան ժամանակներից ընդունված, իրար հետ փոխշաղկապված համագործակցությամբ կլանավորված խարդախ մարդկանց խմբավորում է, որն իշխանական լծակներն օգտագործում է սեփական շահերի համար: Դրա էության ամենահամառոտ ձևակերպումը տվել է ժողովուրդը` «Ես քեզ, դու` ինձ» թևավոր խոսքով:
Ահա այդպիսի մարդկանց են իշխանավորներն իրենց ձեռքի տակ պահում և պարզ է, որ այդպիսիներն էլ միշտ պատրաստ են ծառայելու տերերին: Նման համակարգի գործունեությունն արատավոր է, և դրա համար էլ պետք է ժամանակին հրաժարվել դրանից: Սակայն ինքնապաշտպանության բնազդն այնքան ուժեղ է այդ կառույցներում, որ նրա կողմնակիցները հեշտությամբ չեն զիջում իրենց դիրքերը և պատրաստ են ամենակատաղի, ստոր գործողությունների:
Տարիներով պարտադրված ճնշումների տակ ապրելով` մարդիկ հոգնել են իրենց կյանքի բարելավման համար վերևներին հասցեագրված անարդյունք բողոքներից, դիմումներից ու խնդրանքներից, ինչպես նաև պայքարից:
Նրանք արդեն դարձել են խոնարհ ու կամազուրկ քաղաքացիներ, որոնք մտածում են միայն օրվա հացի խնդիրը լուծելու մասին, և շատերը դրա համար պատրաստ են անգամ սատանայի հետ համագործակցելու: Իշխանություններն արդեն հասել են իրենց նպատակին, և շուտով հայաթափված նորանկախ մեր հանրապետությունում, ինչպես իրենք են սիրում ասել` «Այլևս խնդիր չի լինի»: Շատ ծանոթ արտահայտություն է: Այո, Հայաստանում այլևս հայ չի մնա, կամ կմնան նրանք, ովքեր այսօր էլ հայ կոչվելու իրավունք չունեն: Ի՞նչ անենք, անխոս հանդուրժե՞նք այս ամենը: Բայց ի՞նչ պատասխան տանք շուրջ ութ միլիոն այն հայերին, որոնք աշխարհի բոլոր ծագերից մեզ են նայում ու նաև օգնում, որ մենք ոտքի կանգնենք, հզորանանք ու ապրենք համերաշխ, որ ապագայում կարողանանք համազգային ամենաբաղձալի ցանկությունն իրականացել` տեր կանգնել մեր պատմական տարածքներին: Իսկ դա որևէ կուսակցության նեղ շրջանակներում լուծվելու բան չէ: Այն կարող է լուծվել միայն բոլոր հայերի միացյալ ուժերով:


Դերենիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 28687

Մեկնաբանություններ