Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ` ԽԱԺԱՄՈՒԺԻ ԿՈԽԱՆ

ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ` ԽԱԺԱՄՈՒԺԻ ԿՈԽԱՆ
21.06.2011 | 00:00

Վերջին շրջանում «Իրատես de facto»-ի «…Եվ ոչ միայն մշակույթի մասին» շարքի հյուրերի թվում քիչ չեն եղել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վաստակաշատ մշակները (Վլադիմիր Աբաջյան, Ժենյա Ավետիսյան, Վահե Շահվերդյան, Հեղինե Հովհաննիսյան, Լորենց Առուշանյան, այլք): Հարցազրույցների գլխավոր թեման եղել է գանգատն առ այն, որ մայր թատրոնը դարձել է վարձակալությամբ տրամադրվող տարածք զանազան էժանագին շոուների համար: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, երբեմն մտածել եմ, որ «հայի չափը չափազանցն է» դեմիրճյանական որակումի հետ գործ ունեմ, և գուցե թե այնքան էլ դատապարտելի չէ, որ թատրոնի ադմինիստրացիան` մշակույթի մշտապես դատարկ գանձանակը փոքրիշատե լցնելու նպատակով, տարածք է տրամադրում այլևայլ ստեղծագործական խմբերի և դրանով ապահովում որոշակի շահույթ` իր առօրյա կարիքները բավարարելու համար: Երևի թե այս թյուրըմբռնումը կշարունակվեր երկար, եթե դժբախտություն չունենայի ընկերներիս հրավերով ներկա գտնվելու թատրոնի դահլիճը վարձակալած հերթական «ստեղծագործական» կոլեկտիվի «աստղային» ելույթաշարին` բաղկացած «վոկալ», ակրոբատիկ, պարային, աճպարարական, պաղպաղակային (դեժավյու` պիոներական ճամբարների մոտիվներով), ապարանաանեկդոտային կատարումներից:
Եթե օժտված լինեի Կաֆկայի հանճարով, ապա Սունդուկյան թատրոնում անցկացրածս ժամանակահատվածը լիովին բավարար կլիներ համաշխարհային գլուխգործոց երկնելու և ազգիս փառք ու պատիվ բերելու համար: Բայց քանի որ, կաֆկայական այդ իրականությունից տպավորված, ի զորու եմ ընդամենը մեկ հրապարակում պատրաստելու, ուստի հայցում եմ ընթերցողների ներողամտությունն ու խոստանում պատմել մայր թատրոնի վարձակալական ոդիսականի մանրամասները` ակամա ականատեսի անաչառությամբ:
Ակնհայտորեն, ինձ կամ ինձ նման մեկին Սունդուկյան թատրոնում այդ օրը ոչ ոք չէր սպասում: Ես սպիտակ ագռավի կարգավիճակում էի, թեև ավելի ուշ ի հայտ եկած չարագուշակ մտադրություններս` գրելու տեսածիս-լսածիս մասին, ակնարկիս հերոսների աչքում ինձ կդարձնեն սևից էլ սև, որովհետև վստահ եմ, որ դժվարամարս այս պատառը երկար պիտի մնա ոմանց կոկորդում:
Խոստովանեմ, որ հրավերն ստանալիս մտածում էի, թե պիտի ձանձրալի, անհետաքրքիր մի բանի հանդիսատեսը դառնամ, բայց բեմում և բեմից դուրս կատարվածը վեր էր իմ բոլոր սպասելիքներից և, անկեղծ ասած, ծայրահեղորեն զգայացունց: Նախ տարօրինակ էր, որ ինձ «համերգ» հրավիրողը չգիտեր, թե ինչ ծրագիր է լինելու: Առավել տարօրինակ էր, որ այդ մասին ոչինչ չգիտեին նաև մեզ դահլիճ մտնել շտապեցնող հսկիչները: Դահլիճն անհամեմատ ավելի լեցուն էր, քան Սունդուկյան թատրոնի խաղացանկային ներկայացումներից շատերի ժամանակ: Որքան հասկացա, դահլիճում գտնվողների գերակշիռ մասն արարատցիներ էին` Արտավազդ արքայի ժամանակներից իրենց ներսում անթեղած թատրոնի և թատերականի հանդեպ տոհմական կարոտը:
Սկսվեց «համերգը»` համերգավարների անճաշակ-անմշակ կատակ-երկխոսությամբ, որի ընթացքում մանրամասնորեն խեղաթյուրվում էր մեր մայրենին: Հընթացս մեզ հրամցվեցին «անվանի-ճանաչված-սիրված», բոլորիս համար անհայտ-անծանոթ-անհեթեթ երգիչ-երգչուհիների ելույթները` սեփական և «Блестящие» խմբի «А я все летала» շլյագերի (վերջինը` ոմն Սոնայի «կատարմամբ») ֆոնոգրամաների ուղեկցությամբ:
Առանձնահատուկ պատիվներով բեմ հրավիրվեց, իր իսկ խոստովանությամբ, 7 տարի բեմ չբարձրացած, բայց Ֆրանսիայում անցկացված մրցույթում (տեսնես ի՞նչ մրցույթ է եղել, և եղե՞լ է արդյոք) առաջին տեղը գրաված մի «գերաստղ», որը ցնցեց դահլիճը հայ և օտարազգի արտիստներին նմանակելու իր բացառիկ ապաշնորհությամբ: Հայտարարելով, որ իր պաշտելի երգիչը Թաթան է, նրան «ցիտելուց» առաջ ցավ հայտնեց, որ հետը գլխարկ չի վերցրել, բայց այս մեծ բացթողումն ինչ-որ կերպ մեղմելու համար հորդորեց հանդիսականներին իր երգի ընթացքում համատեղ ու համաչափ թափահարել գլուխները` «a la Թաթա»:
Հետո նույն այդ ֆենոմենը, իր էյֆորիկ ոռնոցների արանքում, սկսեց իմպրովիզներ անել` նորօրյա ռաբիսի գլուխգործոցներից մեկի վարիացիաներով` յուրովի խմբագրելով հեղինակային տեքստը և վստահաբար իրեն վերագրելով Սունդուկյան հասած, Սունդուկյանի բեմը նվաճած երգչի փառքը: Մինչև այս պահը դեռ կարելի էր մայր թատրոնի բեմում ճամարտակողներին մեծ վերապահումներով կարեկցել, բայց երբ բանը հասավ սեփական անձի արժևորմանը` ըստ սունդուկյանական չափանիշների, այստեղ արդեն ազգային դժբախտությունը դարձավ հայրենիքին դավաճանելու նման մի բան: Չգիտեմ, թե որքան է տեղին համեմատությունս, բայց սա ինձ հիշեցրեց մեր ազգային ողբերգությունների այն դրվագները, երբ տունդ, հայրենիքդ խլելուն զուգահեռ` բռնաբարում են կույս աղջիկներիդ ու անասնաբար հրճվում զոհի տառապանքից:
Սունդուկյանի դահլիճը լքեցի անբացատրելի ցասումով և որոշեցի պարզել, թե ով է այս խայտառակության հեղինակը: Հարցերիս պատասխանեց միայն Սունդուկյան թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Մարիամ Հարությունյանը, ում հետ ճեպազրույցը ներկայացնում եմ առանց մեկնաբանությունների:
-Ինչպե՞ս է Սունդուկյան թատրոնում ելույթ ունենալու թույլտվություն ստացել այս խումբը:
-Մեզ մոտ յուրաքանչյուր կազմակերպություն կարող է գալ և վարձակալել դահլիճը:
-Ո՞վ է հետևում ներկայացվելիք ծրագրի բովանդակությանը, ո՞վ է հետաքրքրվում, թե ինչի համար է վարձակալվում դահլիճը:
-Մենք դահլիճն ենք տրամադրում, չենք կարող համերգային ծրագրին հետևել:
-Որևէ նախապայման գործո՞ւմ է, կա՞ն արգելքներ, թույլատրելի և անթույլատրելի սահմաններ վարձակալողների համար:
-Ինչպե՞ս կարող են լինել, եթե մենք չգիտենք, թե ինչ պիտի անեն վարձակալողները:
-Իսկ եթե կասկածելի մեկը բեմում բազմիցս հորջորջում է Սունդուկյան թատրոնի անունը` իրեն երևակայելով այդ բեմը նվաճած արտիստ, որքանո՞վ է դա հասկանալի և թույլատրելի: Նա ՞նչ իրավունք ունի իր այդ մակարդակով տալու Սունդուկյան թատրոնի անունն ու իրեն մայր թատրոնում տեր զգալու:
-Նրանք ընդամենը վարձակալներ են և իրավունք չունեն ընդհանրապես մեր թատրոնի անունը տալու:
-Հիմա նա խախտել է այդ գրված, թե չգրված նորմը: Ինչ-որ տույժի ենթարկվելո՞ւ է դրա համար:
-Դա անթույլատրելի բան է, դրա համար նա պիտի պատասխան տա: Ես չգիտեմ, թե նա ինչ է ասել: Ձեզնից եմ լսում: Կարող ենք հիմա կանչել դահլիճը վարձակալած խմբի ղեկավարին և զրուցել նրա հետ:
-Լա՛վ, մինչև ղեկավարին կանչելը կցանկանայի Ձեր կարծիքն իմանալ. սա բանակա՞ն մոտեցում է, երբ մայր թատրոնի դահլիճը տրվում է մարդկանց` առանց վերահսկելու, թե ինչ պիտի անեն նրանք այդ դահլիճում:
-Յուրաքանչյուր վարձակալող ներկայացնում է իր ծրագիրը, ասում, թե ինչ է անելու:
-Օրինակ, ասե՞լ են, որ ինչ-որ աղջիկ պիտի երգի «ըսպրՑքՌպ» խմբի ֆոնոգրամայի տակ:
-Իհարկե` ո՛չ:
-Իսկ այն, որ մյուսները ևս, առանց բացառության, երգում են ֆոնոգրամայով, նո՞ւյնպես նորմալ է: Եվ սա այն դեպքում, երբ մենք ունենք մշակույթի նախարարության աղմուկ հանած հրամանը` ֆոնոգրամաներն արգելելու մասին:
-Հիմա բոլոր տեղերում էլ ֆոնոգրամայով են երգում, միայն մեր դահլիճում չէ: Դա ես հարյուր տոկոսով եմ ասում:
-Փաստորեն, դա անգամ բանավոր դիտողությա՞ն չի արժանանում: Ստացվում է` նշածս հրամանն ընդամենը թղթի վրա գրված անկարևոր բա՞ն է:
-Այո՛, դա ընդամենը թղթի վրա գրված մի բան է, և բոլոր տեղերում էլ այս վիճակն է: Դուք այլ տեղերում չե՞ք լսել, որ ֆոնոգրամայով են երգում:
-Ես նման տեղերում երբեք չեմ լինում: Հիմա էլ, ի դժբախտություն օրվա հերոսների, շատ պատահաբար եմ հայտնվել այստեղ:
-Նույն բանն է կատարվում թե՛ օպերայում, թե՛ ֆիլհարմոնիայում:
-Լա՛վ, վերանանք այն հանգամանքից, որ Դուք Սունդուկյան թատրոնի ադմինիստրատորն եք: Որպես հայ մարդ` ինչպե՞ս եք ընդունում, որ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի տուն-թատրոնում այսպիսի բան է կատարվում:
-Ես չեմ ընդունում:
-Իսկ ո՞րն է սրա լուծումը:
-Լուծումն այն է, որ նման մարդկանց պիտի թատրոն չթողնենք:
-Ո՞վ պիտի դա անի:
-Դե՛, մեր տնօրենը հիմա գործուղման մեջ է, Ամերիկայում է: Դահլիճը վարձակալելու թույլտվությունը փոխտնօրենն է տվել:
-Այս համերգն իր մակարդակով բացառությո՞ւն է մյուս համերգների համեմատությամբ:
-Այո՛, սա բացառություն է: Այսպիսի բան երբեք չի եղել: Որ սա անհեթեթություն է և շատ անշնորհք բան, ես համաձայն եմ:
-Կարո՞ղ եք ասել այս անհեթեթության հեղինակի անունը: Ստիպված եմ պատիվ անել և հրապարակմանս մեջ նշել այն:
-Վաչե Խուրշուդյան: Նա է ամբողջ ծրագրի հեղինակը: ՈՒնի իր կնիքը, բոլոր լիազորությունները` համերգներ կազմակերպելու և ներկայացնելու: Նա այսպիսի համերգներ կազմակերպում է շատ տեղերում:
-Սա աղետ է, համաձայն չե՞ք:
-Ես համաձայն եմ Ձեզ հետ: Նույն կարծիքին էին և բոլոր այն մարդիկ, ովքեր համերգի կեսից վրդովված դուրս եկան դահլիճից:
Դահլիճն անժամանակ լքած հանդիսատեսից փորձեցի տեղեկանալ, թե ինչ տրամաբանությամբ էին եկել համերգ, եթե չգիտեին` ինչ ծրագիր է ներկայացվելու: Մարդիկ նախ զգուշավոր լռեցին (պատճառը միացված ձայնագրիչն էր), ապա (ձայնագրիչս անջատելուց և պայուսակս դնելուց հետո) ոմանք բացատրեցին, որ տոմսերն իրենց պարտադրվել են: Թե ում կողմից, չհամարձակվեցին ասել, բավարարվեցին միայն խորհրդանշական պատասխանով. «Շատ վերևից»: Փաստորեն, ևս մեկ անգամ հաստատվում է ազգը դեգրադացնելու, դիմազրկելու` վերևներում մշակվող հետևողական ծրագրի իրողությունը:
Համերգի ավարտից հետո փորձեցի գտնել տխրահռչակ Վաչե Խուրշուդյանին: Դա նույն այն DJ-ն էր, որ դահլիճում խոշտանգում էր լսելիքս` իր գործընկեր DJ-ուհու հետ: Վերջինս ներկայացավ իբրև Սպենդիարյանի անվան դպրոցի «Սմայլ» պարային խմբի գեղարվեստական ղեկավար: Խմբի ելույթները նույնպես ընդգրկված էին ծրագրում: Ի դեպ, դրանք, երկու ակրոբատուհիների կատարումների հետ, կարելի էր գրանցել հաջողվածների շարքում` մեզ մատուցված համատարած աղբի հորձանուտում:
Վաչե Խուրշուդյանի հետ զրուցելու մտադրությունս չիրականացավ: Պարոնը չափազանց զբաղված էր այդ պահին, ուստի խնդրեցի նրան տալ ինձ որևէ հեռախոսահամար, որով հնարավոր լինի կապվել իր հետ և պարզել որոշ հարցեր: Նրա տված 54-24-55 քաղաքային հեռախոսահամարը, ըստ ինքնապատասխանիչի, գոյություն չունի: Եվ դա ինձ բնավ չի զարմացնում: Իսկ համերգի տոմսերն արարատցիներին պարտադրած «վերևներին» խորհուրդ կտանք նույն ջերմեռանդությամբ հոգ տանել, որ մարդիկ գնեն Սունդուկյան թատրոնի ներկայացումների տոմսեր և դառնան իսկապես թատերական փաստի ականատես, թեև խիստ կասկածելի է, որ այդքան խոտան իր կամարների ներքո հանդուրժած դահլիճը կարճ ժամանակում կարող է վերագտնել ակադեմիական թատրոնի մթնոլորտը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2087

Մեկնաբանություններ