Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ԼԵԶՈՒՆ` ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԾԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴԻՐ

ԼԵԶՈՒՆ` ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԾԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴԻՐ
06.11.2009 | 00:00

Արտասահմանյան տևական տքնանքից հետո, ուսումնասիրած լինելով գրասեր ժողովուրդների լեզուներն ու դրանց այբուբենները, հնչութային իմաստով բոլոր այդ այբուբեններից առավել շահեկան գրանշաններ ստեղծած լինելով հայերի համար, 405 թվին Մեսրոպ վարդապետն իր ուղեկիցների հետ վերադառնում է հայրենիք: Դիմավորելու նպատակով Վաղարշապատի մերձակայքում նրանց ընդառաջ են ելնում հայոց Վռամշապուհ արքան, սպարապետը, արքունի գունդը, հայոց Սահակ կաթողիկոսը՝ իր հոգևոր դասով, բոլոր նահանգների նախարարները՝ նախարարական գնդերով, հասարակ ժողովուրդը՝ ծովածավալ բազմությամբ: Մեսրոպի աշակերտներից երկուսը, այսօրվա արտահայտությամբ, գովազդային ցուցապաստառ էին պարզել՝ Սողոմոնի առակներից մեկի իմաստուն մի հորդորով. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: 387-ից արդե՛ն երկատված հայրենիքի հետագա կործանման տխուր հեռապատկերն աչքներում՝ հայ հայրենիքն իմաստավորող ու շնչավորող գոնե հայության փրկությունը հայոց աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները պայմանավորում էին նորաստեղծ նշանագրերից ճառագող լույսով: Հայոց պատմական գոյության հետագա ողջ ընթացքն ապացուցեց այդ պայմանավորվածության ճշմարտացիությունը: Բազում դարեր զրկված լինելով պետականությունից, այդ դարերում գրեթե անընդմեջ թրատվելով՝ հայությունը, շնորհիվ գրի լույսի, կարողացավ պահպանել իր տեսակը, այդ ողջ տևական ժամանակահատվածում երբեմն կեռվելով, երբեմն աղճատվելով, այնուամենայնիվ, կարեցավ մեզ հասցնել իր տեսակից ազնիվ մի սերուցք՝ ի տես մեր ազատության համար ոգորող գրչի և զենքի նվիրյալների: Հենց այդ լույսով է բացատրելի այն առեղծվածը, որ նշված բոլոր դարերում, չնայած մեզանում պետականության դարավոր բացակայությանը, հայերենը, փաստորեն, միշտ էլ պետական լեզվի գործառույթ է ունեցել:
Բայց վերստին դառնանք հինգերորդ դարասկիզբ՝ նորովի գնահատելու մշակութային այն հզոր շարժումը, որն ուղղակի մշակութային պայթյունի հանգեցրեց: Ժողովուրդների մշակութային պատմության մեջ հայտնի չէ ուրիշ այնպիսի իրադարձություն, ինչպիսին եղավ մեզանում, երբ գրերի ստեղծման ժամանակաշրջանը նույնացավ իմաստասիրության, տրամաբանության, գիտության և այլ ոլորտները ներկայացնող, թող թույլ տրվի ասելու, դատարկ տարածությունից հայերեն հզոր տերմինաբանության ստեղծման ժամանակաշրջանին. ժամանակակից իմաստասիրության, տրամաբանության, մաթեմատիկայի, լեզվաբանության, աստղագիտության ու մի շարք այլ ոլորտների հայերեն ճաշակավոր ու կենսունակ տերմինների պատկառելի մի շերտ ստեղծվել է հենց հինգերորդ դարում: Այսպիսի բան կարող էր լինել միայն խորապես գիտակցված ու գիտական ռազմավարությամբ մշակված մշակութային համազգային ծրագրի առկայության դեպքում. թարգմանչաց բանիմաց դպրոց պիտի լիներ և ընդհանուր ու մասնավոր գիտությունները խորքով ու խորքից յուրացրած բանիմաց սերունդ, ավելի՛ն, գիտական, իմաստասիրական մտքի յուրացումը թարգմանական արվեստի նրբությունների հետ համատեղող սերունդ պիտի լիներ մեսրոպյան մշակութային դպրոցը՝ թե՛ Աստվածաշնչի կատարյալ թարգմանության, թե՛ օտարալեզու գիտական ձեռքբերումները հայացնելու և թե՛ դրանց հիմքով սեփականը ստեղծելու համար: Հայերենի (և ամեն մի լեզվի) կատարյալ իմացության ապացույցը նրա ստեղծագործական յուրացումն է. նշանակում է՝ լիովին արդարացված էր Մաշտոցի ու նրա աշակերտների արտասահմանյան ուսումնառությունը. նախքան իմացության տարբեր ոլորտների մեջ խորամուխ լինելը` նրանք ուղնուծուծով էին յուրացրել այդ ոլորտները վեր հանող օտար լեզուները, որոնց իմացությունը հետագայում ծառայեցրին հայերենի կատարելագործմանը: Կարծում ենք՝ ներկա համընդհանրացման (գլոբալիզացիայի) պայմաններում սրա գիտակցումը (այն է՝ օտար լեզուների յուրացումը հայերենին ի սպաս դնելը) պետք է լինի պետական լեզվաքաղաքականության հիմքում:
Նշենք նաև, որ Մաշտոցն իր աշակերտների հետ նշված ձեռքբերումներին չէր հասնի, եթե թիկունքին չունենար պետության, այդ պետությունը խորհրդանշող հայոց արքայի անմիջական զորակցությունը: Պետական զորակցությա՛ն շնորհիվ էր, որ տեղի ունեցավ մշակութային պայթյունը. ողջ հայությունն էր ներքուստ պատրաստ իր ոսկեդարին:
Իր նպատակներով ու լուսավորչական գործունեությամբ Մաշտոցի հետ հոգեհարազատության սերտ աղերսներ ունի Խաչատուր Աբովյանը: Նրա՛ն էլ ճակատագիրը վերապահել էր արտասահմանում կրթվելու, լեզուներ սովորելու, իր քայքայված հայրենիքում դպրոցներ հիմնելու տիրատուր կարողություն: Ավա՜ղ, տարբեր էին ոչ միայն ժամանակները, այլև կրթությունից զանգվածորեն հեռացած ժողովրդի ընկալումներն ու հոգեբանությունը, և եթե մաշտոցյան սխրանքն օտար լեզուների հաղթարշավը կանգնեցնելն էր՝ ի շահ հայերենի առաջընթացի, ապա Աբովյանի օրոք ոչ մեծաթիվ կիրթ երիտասարդներին հիմնականում ձգում էին օտար լեզուները՝ շնորհիվ դրանցով ստեղծված կյանքի՛ գրականության, մյուս կողմից էլ` ժամանակակիցների համար օտար լեզու էր դարձել գրաբարը, որով ուսուցվող նյութերն էլ, փաստորեն, խզված էին կյանքից: Ընդգծենք ևս մի տարբերություն. Աբովյանը թիկունքին չուներ պետական հովանավորություն, ինչպես Մաշտոցը: Այնուամենայնիվ, այդ դժվար պայմաններում Աբովյանը ևս կյանքի կոչեց անձնուրաց, խոնարհումի արժանի գործեր:
Կարծում ենք՝ Աբովյանի դպրոցակերտման գնահատողական իմացությունը զգաստություն կպարտադրի ուսուցչական նորեկ սերնդին՝ չտրվելու անդրօվկիանյան շինծու մեթոդներին ու չտարվելու, այսպես ասած, «աշակերտակենտրոն» կեղծ գաղափարաբանությամբ: Տարբեր առիթներով ասվել է, հիմա էլ ավելորդ չենք համարում կրկնել, որ հայոց դպրոցը դարեր շարունակ եղել և այսուհետև էլ լինելու է ուսուցչակենտրոն՝ ի շահ և ի սեր աշակերտի: Խոսքս հոգևոր հենարանի մասին է, որը է՛ ուսուցիչը, և որի ուշադրության կենտրոնում հենց աշակերտն է: Իսկ եթե գոյություն ունի աշակերտին իր ուշադրությունից դուրս թողնող մեկը, ապա նա պարզապես ուսուցիչ չէ:
Երեխայի իրավունքների պաշտպանության մերօրյա՝ շատ կողմերով սարքովի հռչակագրից մոտ երկու դար առաջ Խաչատուր Աբովյանն ինքն է իրագործել այդ պաշտպանությունը՝ իրական ու խորքային մակարդակով՝ իր ստուգած դպրոցներում արգելելով ծեծն ու մարմնական պատժի այլ դրսևորումները, արտադպրոցական ժամերին երեխաների հետ օգտակար զբաղմունք գտնելու անձնական օրինակներ տալով: Դժվար չէ նկատել, որ ասվածը հեռավոր ցեղակցություն իսկ չունի երեխայի արդի «պահանջարկի» հետ, այն է՝ նրա՝ ամեն ինչ իմանալու իրավունքի պատրվակով մինչև անգամ սեռական շեղումների մղող դասընթացների ու դասագրքերի կազմակերպումն ու ստեղծումը:
Հայտնի փաստ է, որ Աբովյանը ոչ միայն իմացել, այլև պատշաճ տիրապետել է մի քանի լեզվի, երկար տարիներ ստեղծագործել և մանավանդ ընտիր թարգմանություններ է կատարել հին հայերենով. ավելին, իր դորպատյան օրագրությունները գրառել է գրաբար՝ հին գրական հայերենով, որին նա կատարելապես է տիրապետել (օրագրություններում հանդիպող վրիպումներն արդյունք են արագ գրառման ու անմշակ են, որովհետև չի նախատեսել տպագրության համար): Սակայն եթե գրաբարն իր համար գործուն գրական լեզու էր, ապա այդպիսին չէր այն լայն զանգվածների շրջանում, որոնց անմատչելի էր դա: Սրտի ցավով տեսնելով, որ իր ժողովրդի, մասնավորապես, երիտասարդության նույնիսկ ուսյալ մասը նախընտրում է օտարալեզու գրականության ընթերցումը, Աբովյանի առաջնային նպատակն է դառնում հայ ընթերցողին հայ գրքին կապելու համար հետաքրքրաշարժ երկեր ստեղծելը մատչելի՝ խոսակցական լեզվով, այլապես` «Հայոց լեզուն առաջիս փախչում էր Կրեսոսի նման»: Աբովյանը լեզվի խոսակցական գոյաձևով մի քանի երկ է ստեղծում, որոնցից առավել արժեքավորն ու կոթողայինը «Վերք Հայաստանի» վեպն է: Ինչպես ասվեց, այդ երկը գրված է ժամանակի խոսակցական լեզվով՝ արարատյան բարբառով, բայց և գեղարվեստական բեկմամբ, այլապես գրական արժեք չէր ունենա: Այս իրողությունը հատկապես նրա համար ենք նշում, որ այսօր էլ դեռ շարունակում է դասագրքային ճշմարտություն համարվել այն մտայնությունը, թե Խ. Աբովյանը նոր գրական հայերենի հիմնադիրն է, մի բան, որի հավակնությունը նա չի էլ ունեցել: Ընդհակառակը, Աբովյանը քաջ գիտակցել է, որ նոր գրական լեզվի կազմավորումը տևական ու տքնաջան աշխատանքի արդյունք է լինելու, իսկ իր լեզուն, իր իսկ արտահայտությամբ, խակ է, և ստիպված է այդ խակ լեզվով թղթին հանձնել իր մտորումները. իր ժամանակ դա միակ ելքն էր՝ հասանելի լինելու հանրությանը. «Թաք ըլի դո՛ւ, դո՛ւ իմ պատվական ազգ՝ քո որդու արածը, քո որդու խակ լեզուն (ընդգծումն իմն է- Դ. Գ.) սիրես, ընդունիս, ինչպես հերը իր մանուկի կմկմալը, որ աշխարքի հետ չի՛ փոխիլ: Երբ որ կմեծանամ, խրթին լեզվով էլ կխոսանք» (նկատի ունի գրական լեզվով բարդ մտքեր արտահայտելու կարողությունը): Այո՛, խորապես է գիտակցել Աբովյանն իր ստեղծվող երկի ոչ գրական լինելը. այսպես՝ խոսելով խոսակցական լեզվի օտարաբանությունների առատության մասին՝ գրում է. «Բայց սրա դեղն էլ հեշտ ա, քիչ-քիչ կարելի ա իստակել, երբ որ ազգն ուսումն առնի ու իր լեզվի բառերը քիչ-քիչ հասկանա»: Եվ, իրոք, Աբովյանի աշխարհաբար երկերը լի են պարսկական ու թրքական փոխառություններով. պատճառը նույնն է և նույն նպատակով է պայմանավորված. նա գրել է իր ժամանակի արարատյան բարբառով, որ մատչելի լինի ու հասանելի իր հոգու խռովքը բազմություններին: Հիշենք այս առիթով Թումանյանի նկատումները. «...Այն հանգամանքը, որ աշխարհաբար է գրված, ...երկրորդական բան է. նրանից առաջ շատերն են գրել աշխարհաբար և նույնիսկ ավելի լավ, քան Խ. Աբովյանի լեզուն է», կամ՝ «...Հայ ժողովրդի անօրինակ տառապանքի ու կաթոգին իղձերի ճշգրիտ ու կենդանի արձանագրությունն է... Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին»: Եվ ես կարծում եմ` «Վերք Հայաստանի»-ի մեծագույն գաղտնիքն էդ է. ոչ թե էն, որ նա գրված էր առաջին աշխարհաբար. մի հանգամանք, որ մինչև անգամ սուտ է, ու նրանից առաջ շատ ավելի լավ աշխարհաբարով գրում էին»:
Այն, ինչ ասվեց վերը, հայ բանասիրության մեջ վաղուց է արծարծվել, բայց եթե արծարծված էլ չլիներ, բավական էին միայն Թումանյանից արված մեջբերումները՝ հարցը լուծված կամ փակված համարելու համար, թե որ ի հայտ եկած չլինեին նորօրյա աբովյանիկներ:
Մի քանի անտաղանդ գրողներ, վկայակոչելով Աբովյանի օրինակը, սկսեցին տարփողել ժողովրդին հարազատ լեզվով գրելու և խոսելու գաղափարը՝ իրենց սահմանափակ հնարավորությամբ անցնելով այագրության ու այախոսության իրացմանը, այսինքն՝ նպաստելով, որ կանոնի մակարդակի բարձրանա խոսակցական ա օժանդակ կամ էական բայը: Համաշխարհային առումով խիստ նպաստավոր ժամանակներում ծլարձակեց այդ գաղափարը, որ լիովին համահունչ է համընդհանրացման՝ բառիս բացարձակ իմաստով ապազգային գաղափարախոսությանը: Անցյալ դարի 80-ականներից Արևմուտքում սկսեց ձևավորվել լեզվաբանական մի ուղղություն՝ ոչ ավելի, ոչ պակաս՝ բնական լեզվաբանություն զավեշտալի անվանմամբ, ինչը չի դիմանում որևէ տրամաբանության: Բայց եթե անվանումը զավեշտահարույց է, ապա այդ ուղղության քարոզումները հեռու են այդպիսին լինելուց՝ ըստ իրենց բերած ավերիչ հետևանքների: Այդ ուղղությունը ոչ գիտական է համարում բոլոր նախորդ և իրեն զուգահեռ գործող լեզվաբանական հայեցակարգերը՝ միակ իսկական լեզվաբանություն համարելով «բնական լեզվաբանությունը», որի պահանջը միմիայն բնական խոսքի ուսումնասիրությունն է և բնական խոսքը՝ ներառյալ նրա հնարավոր բոլոր աղտեղությունները, քարոզելը: Ահա այս քարոզի՛ արդյունքն է մեր հեռուստաեթերի լեզուն՝ իր կենցաղային առոգանությամբ ու գռեհկառատ արտահայտություններով: Այդ քարոզի արդյունքն է ներկա դպրոցի լեզվուսուցման տխուր մակարդակը. եթե առաջնաբեմ է մղվում բնական խոսքը, ապա գրականը կեղծ է, ավելորդ, ուստի պետք չէ «քերականախեղդ անել» երեխային, և ահա այս «մարդասիրական-մանկասիրական» «ազնիվ մտահոգությամբ» էլ ջարդվեց դպրոցի ողնաշարը՝ ըստ էության քերականությունը դուրս մղելով ուսուցման համակարգից: Դե, եթե քերականությունն ավելորդ առարկա է, որովհետև անկենդան լեզվի կանոնների յուրացում է պարտադրում, ավելորդ չէ՞ արդյոք գեղարվեստական գրականությունը, որ գրված է «անկենդան» լեզվով. ահա՛ մտայնությունների այն շարանը, որ քողարկված կամ բացահայտ ներարկվում է մատաղ սերնդին: Աբովյանի գործը հիմք գցելն էր, բարբառը գրականության լեզու դարձնելը, որի վրա աստիճանաբար բարձրանալու էր (և վիթխարի բարձրության հասավ) գրական արևելահայերենի շենքը: Այսօր այդ ճարտարապետական անձեռակերտ կոթողն է ավերվում, և «հայոց լեզուն Կրեսոսի նման փախչում է» մեր բաց աչքերի առջև:
Չնայած աշխարհի լեզուների բազմահազար բազմությանը՝ նրանց մեջ շատ քչերն են, որ ունեն գրական գոյաձև: Այդ քչերից է հայերենը, որը գրական լեզվի գործառության դարավոր փորձ ունի՝ թեկուզ տարբեր փուլերով: Մշակութակիր ժողովուրդների հոգևոր հարստության շարքում ամենաանգնահատելին նրանց գրական լեզուն է, որ ստեղծվում է դժվարությամբ և, ինչպես տեսնում ենք մեր լեզվի օրինակով, ավերվում հեշտությամբ: Մի կողմից` կարող ենք ասել, որ կատարվել է Աբովյանի երազանքը. նրա գցած հիմքի վրա Րաֆֆու, Շիրվանզադեի, Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի ու հետչարենցյան սերունդների ազնիվ տքնանքով, գիտության ոլորտի մշակների մասնակցությամբ հառնել է հզոր մի կոթող, որն ի զորու է մրցակցելու աշխարհի՝ «արդիական» համարվող ամեն մի լեզվի հետ, մյուս կողմից, սակայն, հայակիրներիս աններելի անփութության հետևանքով այսօր «փախչում է» մեր աչքից էլ, մեր ձեռքից էլ, մեր բերանից ու մեր հոգուց էլ:
Հուսանք, որ մեր նոր ձևավորված պետությունը խորապես կգիտակցի, որ վերն արծարծվածներն ազգային դիմագծի պահպանման ու պետության անվտանգության խնդիրներ են, որոնք, ըստ էության, չկարևորելը պարզապես կնշանակի հայոց լեզվի աղավաղումների պետական հովանավորություն:
Արդ` ուզում ենք հավատալ, որ դեռ ուժ կգտնենք մեզանում՝ կյանք բերելու Մաշտոցի, Աբովյանի ու անցյալի մեր բոլոր ազնիվ մեծերի պատգամներն ու երազանքները՝ չզլանալով մեր գովազդները հայատառ պաստառներով ներկայացնելուց, չխորշելով հեռուստահաղորդումները գրական ու արքենի հայերենով վարելուց, որը, ի դեպ, սահմանադրության ու օրենքների պահանջ լինելուց զատ, հոգու հրամայական է, այլապես ավելորդ կարող է համարվել թե՛ մեծ Մաշտոցի, թե՛ մեծ Աբովյանի սխրանքը: Տեր լինենք, ուրեմն, այդ պատգամներին, այդ վսեմ երազանքներին, տեր լինենք մեր լեզվին՝ «մեծ աշխարհի մեր անկյունում» հայկարժան մեր տեղն ու գանձերը գալիք արժանավորներին վստահ փոխանցելու առնացի մեր կամքով:
Օդի պես անհրաժեշտ է մեզ այդ կամքը, քանի որ պատերազմ է հայտարարված այսօր բոլոր ազգերին ու ազգային ամեն մի դրսևորման, իսկ մենք, գոնե մինչև հիմա, հեշտ կուլ գնացողներից չենք եղել: Այդ կամքով է, որ հարկ եղած պահին պիտի շարունակենք հոխորտալ դեռ. «Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել. Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»...
Դավիթ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2866

Մեկնաբանություններ