ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

էս մի կտոր հողի վրա բոլոր մարդիկ քո լեզվով են խոսում

էս մի կտոր հողի վրա բոլոր մարդիկ քո լեզվով են խոսում
20.08.2024 | 11:01

Կեսգիշերի կողմերը, երբ տապն արդեն թողել ա, ու թեթև քամի ա բարձրանում, երբ Նեսոյի քարաբաղնիսից մի կերպ փրկված քաղաքը վերջապես շունչ ա քաշում, ես նստում եմ իմ կախովի բալկոնում՝ սուրճը ձեռիս, ու կանչում եմ քամիներին։ Լսում են, գալիս են, սկսում են շոյել, համբուրել, մազերիս հետ խաղալ, հաճոյանալ, իսկ ես կում-կում սուրճս եմ խմում ու վայելում նրանց սիրախաղը։ Մեկ էլ, որ ներքևում՝ ծառի վրա, ծղրիդը չի սկսում ճռճռալ՝ ճըռռ հա ճըռռ, ճըռռ հա ճըռռ․․․ աչքերս իրան-իրան սկսում են փակվել, ու ոչինչ չի օգնում՝ ո՛չ սուրճը, ո՛չ ծխելը, ո՛չ մտքերը․․․ ճըռռ հա ճըռռ, ճըռռ հա ճըռռ․․․

Դեռ հատուկենտ պատուհաններում լույս ա վառվում։ Էդ պատուհանների հետևում մարդիկ չեն շտապում հրաժեշտ տալ օրվան, մի տեղ կինո են նայում, մի տեղ՝ աշխատում, մի տեղ՝ վիճում, մի տեղ՝ երեխա քնացնում․․․ Ամեն պատուհանի հետևում մի պատմություն ա ծավալվում՝ ճակատագրեր, հարաբերություններ, զգացմունքներ․․․ Մի խոսքով՝ կյանք։

Ես շատ եմ թափառել աշխարհում, որտեղ ասես՝ եղել եմ։ Երբ օտար երկրում փողոցում հանկարծ հայերեն խոսք ես լսում, ուրախանում ես, հարազատություն ես զգում, բայց դա հաճախ չի լինում, անսովոր բան ա, շատ անսովոր։ Հայերենն էդ երկրներում էկզոտիկ լեզու ա։ Իսկ հիմա ես նայում եմ էս պատուհաններին ու գիտեմ, որ բոլոր պատուհանների հետևում մարդիկ հայերեն են խոսում, հայերեն են վիճում, հայերեն են սիրում, անգամ էն պատուհաններում, որոնցում լույսն արդեն հանգած ա, մարդիկ հայերեն են երազ տեսնում։ Երբ հեռախոսով սխալ են զանգում, էլի հայերեն են սխալ զանգում, երբ շոգից բողոքում են, էլի հայերեն են բողոքում, մտնում ես խանութ ու մտքիդ ծայրով անգամ չի անցնում, որ կասկածես, միանգամից հայերեն ես խոսում, ու քեզ հասկանում են, տալիս են քո ուզածը, նույնը՝ ռեստորանում, փողոցում, ավտոբուսում, մանկապարտեզում ու թաղապետարանում․․․ Էդքա՜ն շատ հայերեն, էդքա՜ն խիտ հայերեն․․․

էս մի կտոր հողի վրա բոլոր մարդիկ խոսում են էն լեզվով, որով մայրդ ծնված օրվանից խոսել ա հետդ, քո մոր լեզվով են խոսում, քո լեզվով են խոսում։ Երբ դու միշտ մեջն ես, էդ բանին էնքան էլ ուշադրություն չես դարձնում, բայց երբ ուրիշ երկրներում ես լինում, հետո՝ վերադառնում, հասկանում ես, որ դա հրաշք ա, իսկական հրաշք։ Ուր էլ լինես, գիտես, որ կա մի տեղ, որտեղ մարդիկ անգիր գիտեն քո ապրած կյանքը, քո մանկությունը, քո լեզուն, իրանք էլ են նույնն ապրել, ու ինչքան էլ անծանոթ լինեն, ցանկացած օտարից ավելի ծանոթ են, ու ինչքան էլ անտանելի ու անընդունելի բաներ տեսնես, ինչքան էլ հիասթափվես, ինչքան էլ ջղայնանաս, մեկ ա սա քոնն ա, ուրիշ ոչ մի տեղ քեզ էսքան լավ չեն հասկանա, անգամ Կալիֆոռնիայում․․․ Մեծ պոետն ասում ա՝ գարունդ հայերեն է գալիս, Ձյուներդ հայերեն են լալիս․․․ Երևի դրան են ասում հայրենիք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11764

Մեկնաբանություններ