Հունիսի 1-ից մինչև 21-ն անցկացվեցին պետական ավարտական և միասնական քննությունները: Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գագիկ Մելիքյանը ամփոփեց այս տարվա բուհերի ընդունելիության քննությունների արդյունքները: ԳԹԿ տնօրենի տեղեկացմամբ՝ այս տարի արձանագրվել է մոտ 15 հազար դիմորդ։ Միասնական քննությունների արդյունքներով (այստեղ ներառված չեն ներբուհական քննությունները) 1302 դիմորդ ընդունվել է անվճար համակարգում։ Տարբեր արտոնություններով անվճար ուսուցման համակարգում ընդունվել է ևս 97 դիմորդ։ Վճարովի համակարգում բուհ են ընդունվել 9099-ը։ Տարբեր պատճառներով բուհ չի ընդունվել մոտ 2500 դիմորդ։ Միասնական քննությունների ընթացքում դրական միավոր է հավաքել, սակայն մրցութային շեմը չի հաղթահարել շուրջ 600 դիմորդ։ Նրանք իրենց միավորներով հնարավորություն կունենան մասնակցելու բուհերում թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին։
Ըստ բուհերի հետևյալ պատկերն է. ամենաշատ դիմորդ ունեցել է Երևանի պետական համալսարանը (4050), որից 3338-ն ընդունվել են։ Այնուհետև՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 1882 դիմորդ, Մանկավարժական համալսարանը՝ 1171, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ 1152 դիմորդ, որից ընդունվել են 982-ը, Երևանի պատական բժշկական համալսարանում դիմորդների թիվը եղել է 1092, նրանցից ընդունվել են 888-ը։
Այս տարի շատ են փափուր տեղերը։ Այդպիսիք չկան միայն տնտեսագիտական և բժշկական համալսարաններում։ Մասնավորապես, ԵՊՀ-ում գրանցվել է 310 թափուր տեղ։ Այստեղ թափուր տեղեր կան հիմնականում մաթեմատիկական, բնագիտական առարկաների գծով, հումանիտար բլոկում այդպիսիք չկան։ Ագրարային համալսարանում, տնտեսագիտական բլոկի մասնագիտություններից բացի, բոլոր ֆակուլտետներում, ընդհանուր առմամբ, կա 886 թափուր տեղ։ Ամենաբարձր մրցույթը գրանցվել է տնտեսագիտական համալսարանում և բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում։ Դիմորդները շատ էին նաև ԵՊՀ միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում, քաղաքագիտություն մասնագիտությունների գծով։ Մանկավարժական համալսարանի տեխնոլոգիայի ֆակուլտետում գրեթե դիմորդ չկա, բավականին նվազել է հետաքրքրությունը քիմիա, ֆիզիկա առարկաների նկատմամբ։
Արդյոք սեպտեմբերից նախատեսվող ուսման վարձավճարների բարձրացումը չի՞ ազդել ընդունելության և դիմորդնրի ակտիվության վրա։ Ըստ Գագիկ Մելիքյանի՝ վարձավճարների բարձրացման մասին հայտնի է դարձել դիմում-հայտերի ընդունումից հետո, ուստի դրանց ազդեցությունը հստակ կլինի միայն ուսումնական տարվա մեկնարկից հետո։
Գագիկ Մելիքյանը նշեց, որ արդեն իսկ պատրաստվում են 2014թ. միասնական քննություններին։ Ըստ նրա՝ շտեմարանները կվերանայվեն։ Որոշակի փոփոխություններ, քննարկումներ կկատարվեն թեստի կառուցվածքի հետ կապված։ Դրանք կբարելավվեն՝ մրցույթն ավելի հեշտ իրականացնելու համար։ Եթե թեստերը հեշտ են, կառուցվածքը չի նախատեսում որոշակի բարդ առաջադրանքների ներառում, ունենում ենք մեծ թվով 18-20 միավորներ, ինչը դժվարացնում է մրցույթը։ Եվ հակառակը՝ բարդ թեստերի արդյունքում ունենում ենք շատ բացասական գնահատականներ, ինչի հետևանքով ավելանում է թափուր տեղերի թիվը։ ԳԹԿ տնօրենի տեղեկացմամբ՝ առաջիկա մեկ տարում բոլոր առարկաներից կկատարվի թեստեր գրողների ընտրություն, կկազմակերպվի թեստերի տպագրություն, քննական կենտրոնների ձևավորում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ