Համաշխարհային ջրհեղեղի մասին աստվածաշնչյան ավանդապատումը դարեր շարունակ մարդիկ որպես ճշմարտություն են ընդունել, և հիմա էլ շատ քչերն են կասկածում դրան, մանավանդ, ականատես լինելով նոր ժամանակներում աշխարհի տարբեր մասերում հաճախակի տեղի ունեցող ավերիչ հեղեղումների։
Չնայած դարերով արմատացած հավատին, կործանարար ջրհեղեղի ավանդապատումը մնում է չպարզաբանված, առեղծվածային, քանի դեռ չի հաստատվել իրական փաստերով։ Եվ դրա համար էլ մարդիկ ժամանակ առ ժամանակ Արարատ լեռն են բարձրանում կամ տիեզերքից են հետազոտում` Նոյյան տապանի հետքը գտնելու հույսով։ Նման հետազոտություններին հաճախ հետևել են ցնցող հայտարարություններ, թե լեռան սառույցների կամ հողաշերտերի տակ տեսել են տապանը, նկարագրել նրա մասերն ու չափերը։ Այդ ամենը, թերևս, հետազոտողների երևակայական նմանակումներն են, բայց չկան արժանահավատ փաստեր և գիտական պարզաբանումներ։ Նրանք հավանաբար չեն ցանկանում հիասթափեցնել աստվածաշնչյան այդ ավանդապատումի բազմաթիվ հավատացողներին։ Ոմանք էլ, չգտնելով Նոյյան տապանի հետքերը, չեն էլ հերքում նրա եղելությունը և առաջարկում են փնտրել այն լեռան այլ մասերում։ Աստվածաշնչյան ավանդապատումի արժանահավատության օգտին է խոսում մոտ 100 տարվա վաղեմություն ունեցող պատահական մի հայտնագործություն։ 1915 թվին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, ռուսական բանակի գնդապետ Ալ. Կոորն իր զորամասով անցնելով Մեծ Արարատի հարավ-արևելյան լանջերով, Փոքր Արարատի դիմաց` բարձր ժայռի վրա նկատում է արդեն դժվար նշմարվող պատկերագիր արձանագրություններ, որոնք նա գրի է առնում (նկարում), համարելով դրանք շումերական կամ հին բաբելոնական հիերոգլիֆներ։
Վերադառնալով արդեն բոլշևիկյան Ռուսաստան, Ալ. Կոորը ստիպված է լինում գաղթել ԱՄՆ։ Հետագայում նա իր հայտնաբերած արձանագրությունները փոխանցում է «Աստվածաշնչյան ուսումնասիրությունների բյուրոյի» տնօրեն Ֆ. Քիննամանին, որն էլ, վերլուծելով դրանք, 1946 թ. հրապարակում է իր խմբագրած «Bible Archacological Digest» հանդեսում (առանց հիերոգլիֆների) հետևյալ թարգմանությամբ. «... Աստված լցրեց խոսքի սերմեր ջրի մեջ... ջրերը լցրեցին (ծածկեցին) երկիրը թափվելով վերևից... նրա որդիները կանգ առան լեռան վրա»։
Իսկ մինչ այդ, 1945 թվի նոյեմբերի 2-ին, Չիկագոյի համալսարանի Արևելքի ինստիտուտի տնօրեն Ջոն ՈՒիլյամսը գրել էր ԱՄՆ-ի իշխանություններին, որ իրենք ունեն նոր տեղեկություններ Արարատի լանջին գտնվող հնագույն արձանագրությունների մասին և տեղում հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ է գիտական արշավախումբ կազմակերպել։ Չսպասելով արշավախմբին, 1969 թ. Է. Մամինգսը և Լ. Հյուիթը սեփական նախաձեռնությամբ, Ալ. Կոորի քարտեզներով գնացել և գտել են նրա նկարագրած հնավայրերից մեկը, որը շատ բնորոշ է վաղ բրոնզի դարերին։
Ավելի մանրամասն կամ նոր տեղեկություններ Արարատյան այդ արձանագրությունների կամ հնագույն բնակատեղերի մասին դեռևս չկան։ Բայց այդքանն էլ բավական է, որ հավատանք, թե Նոյյան տապանի Արարատի լանջին հանգրվանելու վայրը եղել է Ալ. Կոորի հայտնաբերած բնակավայրի տարածքը։ Պարզ է, որ մեծ ջրհեղեղից անմիջապես հետո փրկվածները դժվար թե կարողանային հեռու գնալ, քանի որ շրջապատն ավերված էր, և իմաստ չուներ տեղափոխելու իրենց ունեցվածքը, սննդի պաշարները, կենդանիներին այլ տեղ և, որ ամենակարևորն է, տապանը շարունակել է ծառայել նրանց որպես հարմար ապաստան, մինչև որ մոտակայքում կառուցել են քարե տնակներ` օգտագործելով տապանի փայտամասերը որպես շինանյութ, վառելիքի և կենցաղային այլ կարիքների համար։ Այնպես որ, տապանի մնացորդները պետք է փնտրել Ալ. Կոորի հիշատակած վայրում, որտեղ էլ Նոյ նահապետը կամ նրա հետնորդները թողել են ժայռափորագրությունները։
Աստվածաշնչյան այս ավանդապատումի առեղծվածի լուծման վերը նշված հիշատակումները նոր և լուրջ հետազոտությունների ու պարզաբանումների կարիք ունեն։
Դերենիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ