«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է»

«Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է»
16.07.2013 | 11:37

Անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին բնութագրել են իբրև կինոպոեմի վարպետի, կինոգեղագետի, Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ հանճար: «Փելեշյանի լռությունը» ֆիլմի ռեժիսոր Պիետրո Մարչելլոն, փորձելով բացահայտել ռեժիսորի լռության գաղտնիքը, հետաքրքիր եզրահանգման է եկել. «Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է»:
«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունների միջոցառման շրջանակում ներկայացվեցին Արտավազդ Փելեշյանի «Բնիկները», «Տարվա եղանակները», «Վերջ» և «Կյանքը» ֆիլմերը: Տեղի ունեցավ նաև հանդիպում անվանի ռեժիսորի հետ: Իր խոսքը նա սկսեց հումորով, նկատեց, որ ցուցադրվում են իր այն ֆիլմերը, որոնք երիտասարդ տարիներին է նկարահանել, 30, 40, 50 տարի առաջ: «Այն ժամանակ երիտասարդ էի, գանգուր մազեր ունեի, սանր չունեի, հիմա սանր ունեմ, մազեր չունեմ»,- ասաց նա:
Արդեն երկար տարիներ կինոսիրողները սպասում են Փելեշյանի նոր ֆիլմին: Հարց է առաջանում` «Վերջը» ֆիլմը վերջակե՞տ է, թե՞ ստորակետ: Շարունակություն է` ասում է ռեժիսորը: Եթե նորից նկարահաներ «Տարվա եղանակները», ոչինչ չէր փոխի, ֆիլմը մարդկանց է վերագրվում, իսկ մարդիկ չեն փոխվել, համոզված է նա:
«Ըստ Ձեզ` 21-րդ դարի առաջին տասնամյակի ամենամեծ նվաճումը ո՞րն է» հարցին պատասխանեց հումորով` «Որ կենդանի ենք մնացել»:
Կինոաշխարհում գոյություն ունեցող «Փելեշյանի փիլիսոփայություն» արտահայտությունը փորձեց բնորոշել մեկ բառով. «Ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես պետք է լինի, թեկուզ ընդհակառակը լինի»:
«Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» նայե՞լ եք, համաձա՞յն եք այնտեղ նկարագրված ձեր լռության հետ» հարցին անդրադառնալով` ասաց. «Գիտե՞ք ինչ, նայել եմ այդ ֆիլմը: Վերնագիրը` «Փելեշյանի լռությունը», պահանջում է, որ փոքր-ինչ մոտեցում, բացատրություն լինի, թե ո՞րն է գաղտնիքը, բայց ֆիլմի ռեժիսորը ինձնից օրինակ է վերցրել ու ինքն էլ է լռում: Դա իր լռությունն է, ոչ թե Փելեշյանի»:
Փելեշյանի ֆիլմերում տեղ գտած ազգային տարրերը խոսակցությունների առիթ չեն տվել: Միայն մի դիպված է եղել. ռեժիսորին հասկացրել են, որ անհամեստություն է նման վերնագիր դնելը` «Մենք»: «Իմ կարծիքով` նեղ են մոտեցել հարցին. ֆիլմին վերաբերվելով` մենք` հայերս, ես նկատի եմ ունեցել` մենք` մարդիկ, մարդկությունը, որի մի մասն են հայերը»,- ասաց նա:
Ասում են` փելեշյանական կինոն ամեն անգամ նայելիս մի նոր բան ես գտնում։ «Գիտե՞ք դա ինչի հետևանք է: Ես չգիտեմ բառերով ինչպես արտահայտեմ, բայց ասեմ հետևալը. ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները: Դա է պատճառը, որ դուք յուրաքանչյուր անգամ նայելիս նոր բան եք տեսնում: Հետևաբար ամբողջ ֆիլմը կառուցված է, ֆիլմի կեսը, պատկերները բացակա են, բայց մոնտաժի, երաժշտության և պատկերների շնորհիվ նրանք ենթագիտակցության մեջ ներկա են: Ենթադրենք, եթե ես այսօր դրանք ներկայացնեմ, բացակայությունը կվերանա, կստացվի ներկայություն: Հետևաբար խոսքն իսկական բացակայության մասին է»,- ասաց Արտավազդ Փելեշյանը:
Ովքե՞ր են ընդօրինակում մաեստրոյին։ «Կրկնօրինակելը դժվար բան է,- ասում է նա:- Ոչ թե վերցրել են Փելեշյանի մեթոդը, ավելի լավ բառ կա, այդ մարդիկ ոգևորվել են իմ արածից (անհամեստ եմ ասում) և փորձել են մոտավորապես այդ ոճի ֆիլմեր անել, բայց դա չի նշանակում` կրկնել են Փելեշյանին, նրանք կրկնել են իրենք իրենց, բայց օգտվել են, ասենք, այդ մեթոդից»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ