«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Էսսեներ գրքի մասին» ժողովածուն նույնպես սիրված գիրք կլինի, որի մասին էլ էսսե կգրեն»

«Էսսեներ գրքի մասին» ժողովածուն նույնպես սիրված գիրք կլինի, որի մասին էլ էսսե կգրեն»
15.07.2013 | 15:33

Գրական մրցույթներն ավելացել են ևս մեկով: «Անտարես» հրատարակչությունը հայտարարում է «Էսսե գրքի մասին» գրական մրցույթ: Աշխատանքները կհրապարակվեն www.antares.am/esse կայքում: Լավագույն էսսեների ժողովածուն կհրատարակվի առանձին գրքով:

Առաջին, երկրորդ և երրորդ տեղը գրաված էսսեների հեղինակները կպարգևատրվեն «Անտարես» հրատարակչության լավագույն գրքերի փաթեթով:
Զրուցակիցս հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանն է:
-Մրցույթին մասնակցելու համար առաջարկում եք գրացանկ, որոնցից կարող են ընտրել մեկ կամ մի քանի գիրք, կարդալ և գրել այդ գրքին նվիրված էսսե: Այդ ցանկում ինչո՞ւ են միայն «Անտարեսի» հրատարակած գրքերն ընդգրկված:

-Կարծում եմ` «Անտարեսը» վերջին երկու-երեք տարում հրատարակել է արժեքավոր գրքերի այնպիսի քանակություն, որ բավարար էր այս մրցույթի համար: Մյուս կողմից` սա նաև որոշակի կանոնակարգում է մտցնում մրցույթի մեջ: Պատկերացրեք, թե որքան մարդիկ կգրեին ասենք, իրենց հարևան, կամ իրենց կուրսեցի ինչ-որ մի գրամոլի գրքի մասին: Մրցույթը առաջին հերթին հատկապես ժամանակակից հայ գրողներին ևս մեկ անգամ մեր հանրությանը ներկայացնելու նպատակ ունի, և եթե այն կայանա, չեմ բացառում, որ մյուս տարի գրքեր կներառվեն նաև այլ հրատարակչություններից:
-Կարծում եմ, մրցույթին մասնակցելու են նրանք, ովքեր գրում են, անկախ նրանից` սիմվոլիկ հոնարար ստանո՞ւմ են գրածի դիմաց, թե ոչ: Նպատակը նաև ինչ-որ առումով խրախուսե՞լն է գրողներին, գրականագետներին:
-Ես էլ եմ կարծում, որ մեծ մասամբ գրելու են նրանք, ովքեր գրելու են: Պարզապես սա լավ առիթ է, որ այդ գրելը չհետաձգեն: Մրցույթի գաղափարն, ի դեպ, արձակագիր Լիլիթ Կարապետյանինն է, ով խոստովանեց, որ վաղուց ուզում է մի գրքի մասին էսսե գրել, բայց հետաձգում է: Այս պարագայում, թեկուզ սիմվոլիկ մրցանակով, կգրի: Մրցույթի նպատակը խրախուսելը չէ, այլ գրքի մասին խոսելը գրի տեսքով: Կարծում եմ` տպագրվելիք «Էսսեներ գրքի մասին» ժողովածուն նույնպես սիրված գիրք կլինի, որի մասին էլ էսսե կգրեն:
-Մրցանակը գրքի տեսքով է: «Անտարեսը» շռա՞յլ է գրքեր նվիրելիս. մի առիթով ասացիք, որ «օրենք» է գիրք չնվիրելը:
-«Անտարեսն» ընդհանրապես շռայլ է գրքեր նվիրելիս այն առումով, որ վերջին երեք տարվա ընթացքում 50-ից ավելի հրաշալի գրքեր ենք նվիրել մեր ընթերցողներին: Իսկ բուն առումով` մենք կարծում ենք, որ գիրքը պետք է գնել, և այդ մշակույթը ձևավորելուն զուգընթաց են զարգանալու և՛ ընթերցանությունը, և՛ նոր գրքերի ի հայտ գալը, և՛ այն տեսլականը, որ հայ գրողն էլ, վերջապես, կարողանա գրականությամբ ապրել: Իսկ կոնկրետ այս մրցույթի պարագայում շռայլ ենք լինելու այն առումով, որ լավագույն էսսեների հեղինակները կարող են որպես նվեր ընտրել այն գրքերը, որոնք իրենք կուզեն:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ