«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Նոր աստղադիտակը ցույց կտա կյանքի գործունեության հետքերը»

«Նոր աստղադիտակը ցույց կտա  կյանքի գործունեության հետքերը»
16.04.2013 | 13:49

Եվրոպական աստղագիտությունը բավականին առաջատար դեր ունի աշխարհում, հատկապես ցամաքային աստղագիտության մեջ: Մասնավորապես, Եվրոպային են պատկանում Չիլիում գործող 8-մետրանոց հայելիով 4 միանման աստղադիտակները (Եվրոպական հարավային աստղադիտարան` ԵՀԱ), որոնց արդյունարար հզորությունը համապատասխանում է 16-մետրանոց տրամագծով աստղադիտակի: Ներկայումս Եվրոպան կառուցում է 39-մետրանոց աստղադիտակ և այս տարի պատրաստվում է արձակելու «Գայա» (Gaia) տիեզերական աստղադիտարանը, որոնց շնորհիվ աստղագիտության մեջ հեղափոխական հայտնագործություններ են սպասվում:
Թեմայի շուրջ ներկայացնում ենք Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ պարզաբանումները:
-Պարոն Միքայելյան, հավանաբար, խոսքը ծախսատար ծրագրի մասին է, ինչպե՞ս է ընտրվել աստղադիտակի կառուցման վայրը, և ե՞րբ այն պատրաստ կլինի:
-Հիմնականում տեղադրման վայրն ընտրում են` հաշվի առնելով աստղակլիմայի, մթնոլորտի պայմանները, որպեսզի լավ որակի դիտումներ հնարավոր լինի իրականացնել: Ի դեպ, դա 42-մետրանոց դիտակի նախագիծ էր, հետո վերանայեցին բյուջեն, ու որոշվեց կառուցել 39-մետրանոց, որի արժեքը մեկ միլիարդ 200 միլիոն եվրոյի է հավասար լինելու: Գումարներն արդեն տրամադրվում են, և գործընթացը սկսվել է: Բայց կառուցումը տարիներ է տևելու: Նախատեսվում է 2017-ին փորձարկել, և արդեն 2019-ից, հավանաբար, կսկսեն գիտական ծրագրեր իրականացնել:
-Որո՞նք են այն հիմնական ծրագրերը, որ իրականացվելու են նոր, հզոր աստղադիտակով:
-Ասեմ, որ վերոնշյալ բյուջեից հատկացվելու են գումարներ նաև գիտական ուսումնասիրությունների համար: Աստղադիտակի տեխնիկական տվյալները հաշվի առնելով` գիտնականները նշում են, թե ինչ հետազոտություններ կարելի է անել: Առաջինը, հենց կյանքի, այսինքն` բնակելի մոլորակների հայտնագործումն է, որ նման դիտակով հնարավոր կլինի իրականացնել: Այսօր մենք հայտնաբերում ենք բազմաթիվ մոլորակներ և ուսումնասիրում ենք մինչև անգամ նրանց մթնոլորտը, քիմիական բաղադրությունը, բայց դեռևս հնարավոր չի եղել այդքան մանրամասն ուսումնասիրել հեռավոր մոլորակները, իսկ 40-մետրանոց աստղադիտակը ցույց կտա կյանքի գործունեության հետքերը: Այսինքն, ուսումնասիրություններն էլի հիմնականում քիմիական վերլուծության եղանակով են լինելու, բայց արդեն հնարավոր կլինի մոլորակների վրա հայտնաբերել երևույթներ, որոնք միանշանակ կապացուցեն, որ տվյալ մոլորակի վրա քաղաքակրթություն կա:
Երկրորդը տիեզերքի մեծածավալ կառուցվածքի խնդիրն է, որ մինչև հիմա առեղծված է: Վերջին տարիների հայտնագործությունները մասնավորապես ցույց տվեցին, որ տիեզերքը արագացումով է ընդարձակվում: Հնարավոր է` լրացուցիչ էներգիա է գործում, որն առայժմ երևակայական է, ոչ մի նշան, գիտական հիմք դրա համար չկան: Հաջորդ ծրագիրը լինելու է դրանց հիմքերը որոնելու ուղղությամբ. հնարավոր է գտնել որևէ լրացուցիչ էներգիա կամ նոր տեսակի արտասովոր մասնիկներ, որոնք նպաստում են տիեզերքի ընդարձակմանը: Եվ վերջապես, կհասկանանք տիեզերքի էվոլյուցիայի օրենքները, որ մինչ օրս առեղծված են:
Հաջորդ հարցը հետևյալն է` ինչպե՞ս են առաջացել տիեզերական մարմինները: Արդեն կարող ենք ուսումնասիրել այնպիսի աստղեր, որ կտան այդ հանելուկի պատասխանը:
Աստղերի առաջացումը նախնական, մյուս կողմից էլ վերջնական փուլ ունի: Մենք հիմնականում ստանդարտ աստղերն ենք դիտում, որոնք էվոլյուցիայի միջին` կայուն փուլերում են գտնվում: Իսկ սկզբնական փուլում, երբ նոր ձևավորվում է աստղը, օպտիկական ճառագայթումը բավական թույլ է: Վերջին փուլում, երբ արդեն աստղերը, ըստ տեսության, վերածվում են սպիտակ թզուկների, նեյտրոնային աստղերի կամ սև խոռոչների, առավել ևս դժվար է գրանցել օպտիկական թույլ ճառագայթումը:
Տիեզերքում պետք է որ լինեն միլիոնավոր նեյտրոնային աստղեր, բայց դրանցից ընդամենը 1500-ն են հայտնաբերված, ինչը շատ քիչ է` հաստատելու համար էվոլյուցիայի այն պատկերացումը, որ կյանքի վերջում աստղը վերածվում է նեյտրոնային աստղի: Ստացվում է, որ նոր դիտակներով մենք օրական հազարավոր աստղեր կհայտնաբերենք:
-Ինչ կասեք «Գայա» տիեզերական աստղադիտարանի մասին, որն արձակվելու է այս տարի և կարծես թե աստղագիտական հեղաշրջում է խոստանում:
-«Գայան» կարծես մանրակրկիտ քարտեզագրելու է մեր գալակտիկան: Մինչ օրս` սկսած 19-րդ դարից, պարզունակ փորձեր են արվում մեր գալակտիկան պատկերացնելու համար: Մենք ներսում ենք գտնվում և դժվար է ընդհանուր պատկերը ստանալ: «Գայան» չափելու է միլիարդավոր աստղեր, արդեն ունենալու ենք ցուցակներում ամեն աստղն իր տվյալներով, մոտ 1000 անգամ ավելի շատ, քան մեզ էր հայտնի, 1000 անգամ ավելի լավ չափման ճշգրտությամբ: Յուրաքանչյուր աստղի պայծառությունը ստույգ իմանալու ենք տարբեր փուլերում, ինչը հնարավորություն կտա նաև աստղային բնակչության վիճակագրություն անելու: Այսինքն` մենք ունենալու ենք Գալակտիկայի կինեմատիկ պատկերը, այնուհետև դինամիկան, կունենանք աստղային բնակչության տեղաբաշխումն ըստ տարբեր տիրույթների` սկավառակում, հալոյում, այնուհետև կունենանք բազմաթիվ աստղերի, այսպես կոչված` սեփական շարժումները:
Աստղագիտության մեջ պատահաբար են լինում հայտնագործությունները, չափագրումներից հետո կլինեն պլանավորված:
-Ծախսատար այդ նախագծերը, պլանավորված հայտնագործությունները ի՞նչ են տալու մեր մոլորակին:
-Այս դեպքում պետք է ասել` ընդհանրապես աստղագիտությունն ի՞նչ է տալու: Աստղագիտությունն այսօր ֆիզիկայի զարգացման գլխավոր շարժիչ ուժն է: Մենք տիեզերքն օգտագործում ենք որպես հսկայական լաբորատորիա: Ֆիզիկական պարամետրերի ծայրահեղ վիճակները Երկրում հնարավոր չէ ստանալ (բարձր ջերմաստիճան, շատ մեծ արագություն, ցածր ջերմաստիճան, մեծ խտություն և այլն): Ֆիզիկայի հնարավորությունները վերջին հաշվով բերում են կիրառական արդյունքների, և այս ամենը ծառայում է մարդկությանը, չհաշված այն, որ մեր պատկերացումները, մեր աշխարհայացքն են ընդլայնվում: Բայց եթե հարցնում եք` գործնականում ի՞նչ օգուտ կտա, դարձյալ ընդգծեմ, որ աստղագիտությունը գիտության շարժիչ ուժն է, հիմնական նորությունները, գրեթե բոլոր ոլորտներում, ստանում ենք տիեզերական հայտնագործությունների շնորհիվ:
-Իսկ ի՞նչ կտա մեզ հարևան մոլորակների բնակչության հայտնաբերումը:
-Եթե մենք կարողանանք ճիշտ ձևով հարաբերության մեջ մտնել այլմոլորակայինների հետ, նրանցից շատ բան կարող ենք սովորել: Եթե, իհարկե, նրանք ավելի զարգացած են: Բայց չպետք է մոռանալ նաև վտանգը: Մարդիկ միշտ ձգտում են գտնել այլերկրայինների, բայց չի բացառվում, որ նրանց կողմից լինի ոչ խաղաղ տրամադրվածություն:

Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ