ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ես գրում եմ, որ հիշեցնեմ, դուք կարդում եք, որ չմոռանաք»

«Ես գրում եմ, որ հիշեցնեմ, դուք կարդում եք, որ չմոռանաք»
26.02.2013 | 00:11

Երբ խոսվում է հայրենասիրության մասին, պետք է լինել առավել քան իրատես, քանզի զուտ սրտի թելադրանքով առաջնորդվելը կարող է թյուրիմացության մեջ գցել հայրենասեր մարդուն. թերևս հենց այդ է հուշում «Շահնամե»-ում հանճարեղ Ֆիրդուսին.
Եթե խելքով չառաջնորդվես`
Կյանքում քայլել մի փորձիր,
Քանզի սիրտդ մտքիդ հանդեպ
Միշտ հակառակ պիտ գործի:
Այդպես են մտածել նաև մյուս մեծերը` Ռուսոն, Լերմոնտովը, Իսահակյանը:
Վերջերս Հ1 հեռուստաալիքով հարգելի կինոռեժիսորներից մեկը, խոսելով կինոսցենարների մասին, շատ անհարգալից, մերժողական տոնով արտահայտվեց Րաֆֆու «Սամվել»-ի վերաբերյալ: ՈՒշագրավ հաղորդում վարողներից մեկն էլ հեգնանքով ու ծաղրանքով էր խոսում հրաշալի վեպի մասին, ենթատեքստում ունենալով այն միտքը, թե ինչպես կարելի է սպանել հորը կամ մորը, թե դա հակամարդկային է, հակաբարոյական:
Բոլոր նրանց, ովքեր այդպես են մտածում, իսկ նրանք, ցավոք, քիչ չեն, կխնդրեի խղճի մտոք պատասխանել` մի՞թե մարդու սրտում ու հոգում կա ավելի սրբազան սեր, քան սերն առ հայրենիք:
Թովիչ ու քաղցր է
Սերը մայրական,
Բայց կա մի այլ սեր,
Որ սահման չունի,
Դա հայրենիքի
Սերն է սրբազան,-
պատգամել է մեծն Իսահակյանը:
Իր արձակ գործում նույնն է պատգամել հանճարեղ Րաֆֆին. այո՛, հանճարեղ, քանզի եթե նա ապրած լիներ հզոր ու ապահով երկրում և հնարավորություն ունենար դրսևորելու իր ողջ հանճարը, Տոլստոյի ու Դոստոևսկու նման համաշխարհային ճանաչում կունենար:
Մի՞թե մեծն Րաֆֆին չէր հասկանում, թե ինչ հակասական կերպար է կերտում. նա այդ արտասովոր կերպարով հայ մարդուն մեկ անգամ ևս հուշում է, որ հայրենիքից սրբազան չկա ոչինչ: Եվ պատահական չէ, որ սերունդներ են դաստիարակվել նրա հրաշալի գրքերով, գրքեր, որոնք մեր փառապանծ ֆիդայիները պահում էին իրենց ծոցում և մարտնչում «սամվելավարի», «խենթավարի»: Եվ մեծ գրողի հետևյալ տողերը հենց իր վեպի հրաշալի գնահատականն են` «մի լավ գիրք կարող է փրկել մի ողջ ժողովուրդ»։ Իսկ մեծն Պարույր Սևակը գրում է. «Եթե Րաֆֆու գրականությունը չլիներ, թերևս չէր լինի բարի լույսն ու աքաղաղի կանչը»:
Վերջապես, հարգելիներս, ազնվորեն և իրատեսորեն պատասխանեք` ինչպե՞ս պետք է վարվեին ենթադրյալ հայրենասեր որդիներն ու դուստրերը, որոնց հայրերն ու մայրերը եղեռնի տարիներին ակտիվորեն համագործակցում էին թուրք դահիճների հետ` մատնում հայրենակիցների թաքստոցները, հայ մտավորականների ցուցակները կազմում և հանձնում թալեաթներին: Այդպիսի մի նողկալի դավաճանի, ոմն Հարությունի, հենց Ստամբուլի կենտրոնում, թուրք ոստիկանի աչքի առաջ գետնին տապալեց, ծնկեց կրծքին ու գնդակահարեց հայրենապաշտ Միսաք Թորլաքյանը, իսկ օրեր անց պատուհանից գնդակահարեց դավաճան հայ կնոջը: Հերոս, որն այդ անիծյալ քաղաքում 1921 թ. շանսատակ արեց մուսավաթական Ադրբեջանի ներքին գործերի նախարար, 1918 թ. սեպտեմբերին Բաքվի հայերի սարսափելի ջարդերի կազմակերպիչ, արյունարբու Ջիվանշիրին` մի դահճի, որին, չգիտես ինչու, բոլշևիկների պաշտելի Շահումյանը 1918 թ. մարտ-ապրիլ ամիսներին, մուսավաթական խռովությունների օրերին պատսպարել էր իր տանը, իսկ 1920 թ. ոմանց պաշտելի Իլյիչի հրամանով նշանակել էին հնարովի Խորհրդային Ադրբեջանի պաշտոնյա:
ՈՒրեմն մի՞թե տեղին չի հնչում` «Այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև (դավաճան- Ա. Ծ.) ուրացող մորը»: Չէ որ նման դավաճանություններից հարյուր հազարավոր հայրեր, մայրեր, որդիներ, դուստրեր են զոհվում, հայրենիք է կործանվում:
Ի դեպ, ոչ միայն հայրենապաշտ Րաֆֆին է այդպես մտածել ու պատգամել, այլև մեծն Դեմիրճյանը` «Վարդանանք»-ում, ոսկեղենիկ Եղիշեն` «Վարդանանց պատերազմ»-ում: Հիշո՞ւմ եք, երբ առերես ուրացող Վարդանանք վերադարձան Տիզբոնից, այդ իմանալով, հայոց տիկնանց տիկնոջ` Վարդանի մոր հրամանով` «տիկնայք փափկասուն հայոց աշխարհի» զինված գնացին պատժելու դավաճան-ուրացողներին. ինչո՞ւ, որովհետև հայրենիքն է սրբություն սրբոցը:
Հարկ է նշել, որ նման հայրենապաշտ գաղափար է պատգամել նաև մեծն Գոգոլը, որի հերոսը` Տարաս Բուլբան, հրացանազարկ է անում դավաճան որդուն:
Հայրենապաշտ հայը, որտեղ էլ ապրի, հասարակական, քաղաքական, պետական ինչ դիրք էլ ունենա, պարտավոր է խորապես մտահոգվելու հայրենիքի ճակատագրով, ապրելու ժողովրդի հոգսերով, հրճվելու նրա ուրախություններով ու հաջողություններով` իր մտքում, սրտում ու հոգում մշտապես հնչեցնելով հանճարեղ պատանու համամարդկային տողերը. «Տո՛ւր ինձ, օ՜, տեր, ուրախություն անանձնական»։ Այո, չի կարող անձնական երջանկություն լինել հայրենապաշտ հայի համար, եթե երջանիկ չէ հայրենիքը, ժողովուրդը: Այդպես է պատգամել նաև հանճարեղ Չեռնիշևսկին` «Անձնական երջանկությունն անհնար է առանց ուրիշների երջանկության», «Ամենաերջանիկ մարդը նա է, ով երջանկություն է պարգևում առավելագույն թվով մարդկանց» (Դիդրո):
Եթե հանճարեղ պատանու համամարդկային տողերը հնչեն նաև մեր մեծահարուստների սրտերում ու հոգիներում, ապա մեր հայրենիքը ավելի հզոր ու ապահով կդառնա. մի՞թե վայել է քրիստոնյա հայ մարդուն, որ շարունակաբար կապիտալ է դիզում, անհասկանալի ճոխություններ է վայելում` անտեսելով «անանձնական երջանկությունը». «Պետք է համբուրել այն ձեռնարկատիրոջ ճակատը, ով հովանավորում է կրթությունը, մշակույթը, առողջապահությունը, բարեգործությունը» (մեծ չինացի Դեն Սյաոպին):


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 7910

Մեկնաբանություններ