ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՈՒսի վրայով նետած կեսբուռ սերմերից մշակութային բավարար բերք չի աճի

ՈՒսի վրայով նետած կեսբուռ սերմերից  մշակութային բավարար բերք չի աճի
03.07.2012 | 00:09

Մեր օրերում անկատար երևույթների և խաթարված արժեքների շարքը որքան էլ երկար և հուսահատեցնող է, այնուամենայնիվ, ինձ համար ամեն ինչի հիմնասյունը մշակույթն է, և ես բաց նյարդով եմ զգում նրա հետ կապված տաքն ու պաղը, հետևաբար արձագանքս անմիջապես և անմիջական է լինում։ Բարեբախտաբար, մշակութային արդի փսորված կաթի մեջ դեռ կան զտող անհատներ, որոնք, հավատարիմ իրենց ներքին մղումին և առաքելությանը, մերանի դեր են կատարում։ Ցավոք, այսօր ձևավորված և դեռևս իշխող է դյուրասահ և դյուրամուտ մի զանգված, որն իրեն արվեստակիր (հաճախ էլ` արվեստագետ) հորջորջելով` իր անտաղանդության ուրագն է զարկում շահի և հռչակի փայտին։ Դյուրավառ է այդ փայտը, միաժամանակ` սակավ ջերմությամբ։ Ճշմարիտ արվեստագետները, այդ թվում` ԳԵՎՈՐԳ և ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆՆԵՐԸ, իրենց գործունեությամբ ծանրագույն հակակշիռ են այդ զանգվածին, և երկու հանգամանք խթան հանդիսացան անդրադառնալու Գևորգին և Գուրգենին (ազգային երգ-երաժշտության երկու վճիտ ակունք, որոնցից յուրաքանչյուրն իր հունով հոսելով դեպի մեր մշակութային ծով` նրա մակարդակն է բարձրացնում)։

Առաջին շարժառիթը Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի բացումն էր Գավառում, երկրորդը` Գուրգեն Դաբաղյանի «Աննման եղնիկ» տեսահոլովակի թողարկումը։ (Ճշմարիտ արվեստագետին բնորոշ քայլ. լռիկ իր գործն անել ու հանրությանը ներկայանալ հաճելի անակնկալով, մնայուն գործով)։
Այս առիթներով նպատակահարմար գտա ոչ թե հարցազրույց անցկացնել Գևորգի, կամ էլ Գուրգենի հետ (քանզի երաժշտության, երգարվեստի քրմերի ասելիքն իրենց երգն է, իրենց երաժշտությունը, հետևաբար բոլոր հարցերին գործով են պատասխանում), այլ ջատագովը լինելով մեր երախտավորների ստեղծածը լիասիրտ ու աննախանձ արժևորելու, ցանկացա ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել` դրվատել երկուսի գործունեությունը` ոչ մեկին չթողնելով մյուսի ստվերում (ինչպես հաճախ անում են), քանզի, որքան էլ նույն ծառի երկու ճյուղերը լինեն, տարբեր պտուղներ են մատուցում ժողովրդին։
Ի՞նչ հարցնեի Գևորգին. ի՞նչ է Ձեզ համար դուդուկը, թե` ո՞րն է Ձեր կախարդիչ արվեստի գաղտնիքը, կամ` ինչո՞ւ հատկապես Գավառում բացեցիք Ձեր անվան դպրոցը, կամ` առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք, կամ էլ` հայրենիքի և հայրենասիրության ձեր բանաձևումը... Իհարկե ոչ. քանզի նա իր մարդկային որակներով և գործունեությամբ ապացուցել և շարունակում է ապացուցել, որ հայրենասիրության անջնջելի կնիքը գործն է, ազնվության և հավատարմության կնիքն էլ է գործը, սերն առ հայ անաղարտ երաժշտություն գործով է վավերացվում, հայրենիքի համեստ, արժանապատիվ, նախանձախնդիր զավակ լինելու ապացույցն էլ գործն է` կնքված աշխատասիրության, նվիրումի և ավյունի թանաքով, որն արյան որակ և գույն ունի։ Եվ, ի վերջո, ծրագրերից և անելիքներից հարցնելու փոխարեն, կարելի է հավատով սպասել դրանց իրագործմանը, առողջություն և անկոտրում կամք մաղթել, նաև շնորհակալություն հայտնել ոչ միայն մեր մշակույթը հարստացնելու և աշխարհին ներկայացնելու համար, շնորհակալություն` երիտասարդ դուդուկահարների մի ողջ աստղաբույլ և՛ որպես մարդ, և՛ որպես մասնագետ կրթելու, և մեր մշակութային ծառի այդ ճյուղը կենսունակ պահելու համար։
Գուրգենին նույնպես ի՞նչ հարցնեի. ինչպե՞ս ծնվեց քո վերջին տեսահոլովակը, ի՞նչ է քեզ համար հայ երգը, կոնսերվատորիան և մագիստրատուրան ավարտելուց հետո ապագայում ի՞նչ գործունեություն ես ծավալելու կամ շարունակելո՞ւ ես արմատներդ խորացնել հայրենի հողի և հայ երգարվեստի մեջ։
Դարձյալ ոչ, թեպետ Գուրգենի պարագայում ուզում եմ քիչ զուսպ լինել, քանի որ գովեստը, որքան էլ արդարացի, երկսայրի սուր է, և չէի ցանկանա, որ նա, չնայած իր անուրանալի բնատուր շնորհին և արժանիորեն` դեռ վաղ հասակից վաստակած դափնիներին, գովեստի պատնեշով կասեցնի կատարելության հասնելու իր տքնանքը, և ինքնագոհ ու ինքնաբավ դառնալով` լճանա։ (Բարեբախտաբար, առայժմ այդ «հիվանդության» բացիլակիրը չէ)։ Նա մեր մեջ ծնվող շատ ու շատ հարցերի պատասխաններ այն ժամանակ է տվել, երբ 8-ամյա հասակում ողջ ազգի հիացքի, հրճվանքի, զարմանքի և հպարտության թելերից իր ծիրանին հյուսեց, որը բացճակատ կարող է կրել այսօր և ընդմիշտ։ Նաև այն ժամանակ, երբ հերքելով չգրված մի օրենք, որ լավ գործը հետևորդներ չի ունենում, իսկ վատը վարակիչ է, մանուկ և պատանի երգիչների հսկայական բանակ տարավ իր հետևից։ Ի՞նչ հարցնես, երբ պարզից էլ պարզ է, որ իր համար հայ երգը շնչառություն է, կենսակերպ, արյան բաղադրություն, իր մարմնին և ներաշխարհին միաձույլ երկրորդ ԵՍ։
Հետևելով Գուրգենի հաստատուն առաջընթացին` ես հավատում եմ. հավատում եմ, որ նա իր համար հաստատուն հիմք ունենալով այնպիսի հարուստ և պարարտ հող, ինչպիսին հայ աշուղական երգարվեստն է, ժամանակի հարահոս ընթացքին չի խառնվի, և այսօր իսկ հաստատուն, անխորտակ կամուրջ է` զույգ ձեռքերով հենված անցյալի և ապագայի հայ երգի ափերին։ Հավատում եմ, և հիմնավոր է իմ հավատն այնքան, որքան անհերքելի է, որ հազարամյակներ ի վեր զտված, բյուրեղացած և հարստացած մեր մշակույթը, ազգային դիմագիծ, արժանապատվություն և անձնագիր լինելուց զատ, հայ պետականության կառքի չորս անիվներից երեքն է, իսկ բիզնեսը` մեկը, և պետության անկանգ, անխաթար ընթացքն այս կերպ կապահովվի, այս դերաբաշխումով, այլապես կռնակով դեպի մշակույթը կանգնած` ուսի վրայով նետած կեսբուռ սերմերից մշակութային բավարար բերք չի աճի (նաև կիրթ քաղաքացի չի դաստիարակվի), որքան էլ դաբաղյաններն ու նրանց նման այլ նվիրյալներ ինքնայրումով կենսունակ պահեն մշակութային ավիշը։
Ես հավատում եմ մեր մշակութային վերազարթոնքին, վկան` Գևորգ և Գուրգեն Դաբաղյանների և նրանց նման շատերի անխառն արյան հոսքը դեպի հայ մշակույթի մշտատրոփ զարկերակ։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ