«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՒրվագծվում է Ռուսաստան-Չինաստան-Իրան ապագա «Անտանտան»

ՈՒրվագծվում է Ռուսաստան-Չինաստան-Իրան ապագա  «Անտանտան»
20.08.2023 | 08:36

Կա հիմնավոր տեսակետ, որ Երկրորդ աշխարհամարտն Առաջինի շարունակությունն էր: Առաջինը կիսատ էր մնացել, որովհետև Գերմանիան անվերապահ կապիտուլյացիայի չէր ենթարկվել, այլ պայմաններով էր հանձնվել, որովհետև բուն Գերմանիայի տարածք օտար զինվոր ոտք չէր դրել: Երկրորդի ժամանակ Գերմանիայի ու նրա դաշնակիցների հարցն անվերապահ կերպով լուծվեց, և մինչ հիմա, ըստ էության, նրանք պարտված երկրներ են համարվում:

Կա մեկ այլ հիմնավոր տեսակետ, որ իսկական առաջին աշխարհամարտը եղել է 1756-1763 թթ, դա Յոթնամյա պատերազն էր. կա նաև պնդում, որ հիմա նույնպես աշխարհամարտ է կամ դրա նախերգանքը, թվով 3-րդը, կամ 4-րդը, նայած՝ ոնց կհաշվենք:

Եթե, ըստ որոշ հեղինակավոր կարծիքների, հիմա նույնպես աշխարհամարտ է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, դեռևս պրոքսի՝ միջնորդավորված, ռուս-ուկրաինական պատերազմի տեսքով և, ըստ կանխատեսումների, 2025-ին կամ 2028-ին այն կարող է վերածվել ուղղակի պատերազմի՝ առանց միջնորդների:

Ինչի համար եմ սա գրում:

Ըստ վերը բերված տրամաբանության, Արցախի երկրորդ պատերազմն ընթացող երրորդ համաշխարհային պատերազմի թատերաբեմերից մեկը պետք է դիտարկենք, դա պրոքսի պատերազմ է, որտեղ մեր դեմ, տարբեր կարգավիճակներում, պատերազմում էին Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Պակիստանը, իսկ Ռուսաստանը միջնորդի դերակատարություն էր ստանձնել: Ինչու՞, դա նույնպես պետք է շատ սառը կերպով դիտարկել, ելնելով այդ երկրի ընթացիկ ստրատեգիայից, նաև պետք է հասկանալ, թե որքանով է դա պայմանավորված եղել Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների պահվածքով։

Ֆիքսենք նաև, որ Արցախի երկրորդ պատերազմը չի ավարտվել, այն մինչ հիմա ընթանում է, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի կնքվել հաշտության պայմանագիր ու չի էլ կնքվելու, որովհետև Ադրբեջանի ու իր դաշնակիցների համար պատերազմը կհամարվի ավարտված, եթե գրավեն Սյունիքը: Սակայն չպետք է մոռանալ, որ սա աշխարհամարտի ընդամենը մեկ թատերաբեմն է, և մեր շատ խնդիրներ լուծվում են մյուս թատերաբեմերի արդյունքներից ելնելով:

Տվյալ իրավիճակում Իրանն արդեն գծել է իր կարմիր գիծը՝ Զանգեզուրի միջանցք չի լինելու, Ռուսաստանը նույնպես ձևակերպելէ իր ստրատեգիան՝ Սյունիքն ինքը պետք է վերահսկի, որովհետև Հայաստանն ինքնուրույն դա չի կարող անել, նաև դա կլինի լծակ իր ձեռքին Ադրբեջանով նախատեսվող Իրան-Ռուսաստան ցամաքային կապի վրա ազդեցություն ունենալու համար: Ավելի պարզ բացատրեմ. Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Բոսֆոր-Դարդանել միջանցքին զուգահեռ Իրան-Ռուսաստան ճանապարհը ևս անցնի Թուրքիայի վերահսկողության տակ, դրա համար ինքը պետք է վերահսկի Սյունիքի ճանապարհը, որպես հակակշիռ Բոսֆորին ու Իրան-Ռուսաստան ճանապարհի ադրբեջանական հատվածի:

Վերադառնանք ընթացող աշխարհամարտին, որի բաղադրիչներից է նաև ռուս-ուկրաինական պատերազմը, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի համար մրցակցությունը, Մերձավոր Արևելքում ու Միջին Ասիայի ապագայում հնարավոր թեժ պայքարը:

Այսպիսով, Ռուսաստան-Չինաստան-Իրան ապագա «Անտանտան» ուրվագծվում է, ուրվագծվում է նաև հակառակ ճամբարը, և պատերազմն ուղղակի առճակատման դեռ չի հանգում զուտ միջուկային զենքի առկայության պատճառով:

Թուրքիայի դիրքորոշումը հիմա հակասական է: Իրենք ունեն պատմական փորձ, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ փրկվեցին կործանումից, զերծ մնալով պատերազմի մեջ մտնելու գայթակղությունից՝ պատերազմի ավարտին սիմվոլիկ պատերազմ հայտարարելով Գերմանիային: Հիմա այդ պատմական դասն է նրանց հետ պահում կտրուկ քայլերից, սակայն Հարավային Կովկասում ավելի համարձակ են սկսել գործել:

Հիմա շարունակենք տրամաբանությունը: Այս աշխարհամարտը բաղկացած է հակամարտող կողմերից, հակամարտության ընթացքից կախված դրան ներգրավվելու պատրաստ երկրներից և չեզոքներից: Խնդիրն այն է, որ այդ խմբերից ոչ մեկի մեջ մենք չենք մտնում, այն էլ այն պարագայում, որ պատերազմը հենց մեր տարածքում է ընթանում: Դրա վառ ապացույցն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած գորշ ու անիմաստ նիստը, որում ոչ միայն բանաձև, անգամ հայտարարություն չընդուվեց, որովհետև պարզ չէ, թե մենք որ կողմում ենք, ու մեզ ինչպես վերաբերվեն: Բացի Ադրբեջանից ու Թուրքայից, մենք այնտեղ չունեինք ոչ բարեկամ, ոչ թշնամի՝ մենք ոչ մեկն ենք՝ գորշ խոռոչ:

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ սեղանի շուրջ պոկեր են խաղում, խաղացողները կարող են պարտվել, կարող են հաղթել, որովհետև նրանք խաղի մեջ են: Իսկ նրանք, ովքեր չեն խաղում, այլ հակառակը, «սեղանի» դերում են հանդես գալիս, նրանք ցանկացած պարագայում են պարտվելու: Մինչև մենք մեր մեջքը չուղղենք ու չնստենք սեղանի շուրջը, խաղի մեջ մտնելու համար, վիճակն ավելի է խորանալու: Դրա համար է Հայաստանի հանրությունը, թեկուզ բնազդորեն, զգում, որ մենք քայլ չունենք և ապակողմնորոշված ու պարալիզացված վիճակում է:

Արցախի պահով. քանի Հայաստանը նման կրավորական վիճակում է, Արցախը մնալու է այս ողբերգական դրության մեջ, որովհետև մեզանից սպասում են դիրքորոշում, որից ելնելով, այս կամ այն կողմը կդիմի հստակ քայլերի: Արցախի այս վիճակի թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի, կներեք արտահայտությանս համար, «իշխանության» պատասխանատուներն են:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 8962

Մեկնաբանություններ