«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հազարամյակներով մարտնչած Արցախը սպասում է հրաշքի

Հազարամյակներով մարտնչած Արցախը սպասում է հրաշքի
18.08.2023 | 13:22

Այո,անասելի բարդ վիճակում ենք հայտնվել: Մեր քույրերին ու եղբայրներին, նրանց զավակներին թողել ենք թշնամու հայեցողությանը ու երկիրը տվել ենք՝ մեծամասնությամբ, կրկնակի անգամ, մեր իսկ ընտրած իշխանություններին, ում ընտրել ենք, թերևս, իմանալով, որ Արցախը տալու են, կարող են ավելին տալ, ու սահման չկա, թե որտեղ են կանգ առնելու։

Հազարավոր քաղաքագետներ ու ազնիվ մարդիկ վեր են լուծել, պատճառները վեր են հանել, ցույց են տվել այն վիհի խորությունը, որում հայտնվել ենք, և, ցավոք, յուրաքանչյուր վերլուծություն ավելացրել է հուսահատությունն ու ցավը, մեզ էլ ավելի է մխրճել այդ վիհը։

Ու հիմա, հազարամյակներով մարտնչած Արցախը, 2300 քառակուսի կմ-ի վրա, կուչ եկած, պաշարված, սպասում է հրաշքի, իսկ մենք՝ Մայր Հայաստան կոչվող երկրի քաղաքացիներս, ձևացնում ենք, թե ամեն ինչ լավ է, չհասկանալով, որ սա մեր վերջն է։ Ավելին՝ հոխորտում ենք, մեղադրում նրանց, ասելով՝ դու՛ք եք մեղավոր, Քոչարյանն է մեղավոր, Սարգսյանն է մեղավոր, ու այսպես շարունակ։

Ես, առաջին անգամ իմ կյանքում, ամաչում եմ, որ Հայ եմ։ Ես առաջին անգամ «Հայը» ուզում եմ գրել փոքրատառով։ Եվ ես զարմանում եմ, թե ինչպե՞ս ենք կարողանում շնչել։

Բոլորս ենք մեղավոր։ «Նիկոլ Փաշինյան-ֆենոմենը» մեր երեսուն տարիների կուտակված կեղծիքի, կաշառակերության, միջակության քաղաքական շքերթի, սեփական քաղաքացուն դրամով ընտրության տանելու, օլիգարխիկ պետավարչական համակարգի, կերակրվելու սովոր գռեհիկ չինովնիկության ու բազմաթիվ այլ զզվելի բաների արգասիքն է, մեր հայելային արտացոլանքը։ Խորհրդային քննադատված ու մերժված հասարակության պայմաններում այս տեսակը բանտում փտելու էր, և մեկ կմ չէր կարող մոտ գալ իշխանությանը։ Սրան մենք ենք ծնել, սնել, դաստիարակել։ Եվ այստեղ՝ այս ֆեյսբուքներում, մտավորական արցախատյաց լեգիոններն էլ ենք Մենք։ Եվ այս վիհից Մե՛նք ենք դուրս գալու, ուրիշ ելք չկա։

Հիմա հուսալ, որ ընտրություններ կլինեն, ու իշխանության կգա մեկը, ով ազգային կլինի, հետն էլ՝ արդարամիտ ու տաղանդավոր՝ բացառված է։ Հայաստանում տիրող ժողովրդավարության այսօրվա տեսակը անընդհատ ստահակներ է վիժելու։ Իրավիճակը կարելի է փոխել, եթե պատվախնդիր ու ազգային մարդկանց համազգային ճակատ ստեղծվի, որը պիտի ճանապարհներ ու ստանդարտներ տա, դրականով լիցքավորի մարդկանց, ազնիվ լինի, հրաժարվի բոլոր այն ուժերից, ովքեր իշխանության առիթ ունեցել ու ձախողել են։ Իսկ մեր պարտությունը վկայում է, որ բոլորն են ձախողել։

Իշխանությունը թող մնա իշխանությանը։ Եկեք փրկենք Հայաստանը՝ միավորվելով, Հայաստանի ու Արցախի շուրջ վերստին սփյուռք կազմակերպելով, կամավորական շարժմամբ, խստապահանջ մոտեցումներով։ Մենք ունենք այդ հնարավորությունները։ Եկեղեցի, կաթողիկոսներ, քաղաքական կուսակցություններ, համայնքներ, գործիչներ, մտավորականներ, բիզնեսմեններ․․․ Համագումար է պետք, միասնության գալու համագումար։ Մի՛ քնեք, առաջնորդողներ։ Ես չեմ կարող մեղադրել հասարակ քաղաքացուն, ով Նիկոլ է ընտրում, որովհետև նրա որդին էլ է զոհվել հանուն հայրենիքի։ Բայց ձեզ մեղադրելու են անգործության և ձեր իրավասությունների շրջանակում ու շրջանակից դուրս ենթադրվող հնարավորությունները չօգտագործելու համար։

Ես միշտ կարծել եմ, որ մենք նման ենք բռունցքի, սակայն մեր ձեռքը ուսից են վնասել։ Իսկ ոտքի կանգնելու համար Դու՛ք եք, որ պիտի գործեք։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 3338

Մեկնաբանություններ