«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պատերազմի զենքերից մեկն էլ տեղեկատվական քարոզչությունն է

Պատերազմի զենքերից մեկն էլ տեղեկատվական քարոզչությունն է
07.07.2023 | 21:18

Արցախը շրջափակված է արդեն յոթ ամիս: 207 օր է, որ Մեծ Հայքի 10-րդ նահանգը հայտնվել է հումանիտար աղետի շեմին՝ զրկված լինելով գոյության ամենատարրական պայմաններից: Եվ այս ամբողջ ընթացքում թշնամին ոչ միայն չի դադարեցրել Հայի՝ իր պատմական բնօրրանում գոյատևելու իրավունքի դեմ գործելուց, ինչը ցեղասպանության դրսևորում է, այլև բոլոր հնարավոր ու անհնարին հարթակներով հակահայ քարոզչություններ իրականացնելուց, ինչպես եղել է միշտ: Եվ սա իրականացնում է ոչ միայն միջազգային, դիվանագիտական հարաբերություններում, այլև ամենապարզ՝ զուտ սոցցանցերի հարթակներում:

Գործում է տեղեկատվական պատերազմի սկզբունքը՝ պարբերաբար հարթակ նետելով Արցախին ու արցախցու կյանքին վերաբերող այնպիսի նյութեր, որոնք այսօր ՝ մեր ծանրագույն ժամանակներում արագ կարող են տեղ գտնել անգամ մասնագիտորեն պատրաստված ու խելամիտ մարդկանց հոգեմտավոր դաշտում:

Այդպիսի օրինակներից մեկը թշնամու երկրի սոցիալական հարթակներով տարածվող մի տեսանյութ է, որտեղ ոմն մեկը ռուսերեն և հայերեն կիսատ խոսքով ներկայացնում է, թե վաճառվում են հայկական խաչքարեր, տներ, իսկ խոսափողի մյուս կողմից էլ մեկ ուրիշը ներկայանում է իբրև գնորդ:

Փորձում են ներկայացնել մի իրավիճակ, թե հայերը արդեն հաշտվել են այս իրականության հետ: Այսպիսի տեսանյութը հայ մարդու մոտ ցասումից և անզորության զգացումից բացի ոչինչ չի կարող առաջացնել:

Մեր նվիրյալ մասնագետների խմբերը, ինչպես նաև օտարազգի հայագետ բարեկամներ Արցախյան երրորդ պատերազմի առաջին օրերից սկսած աշխատում են, որ միջազգային հարթակներում բարձրաձայնեն Արցախի հայկական, համաքրիստոնեական մշակութային ժառանգությունը պահպանելու, թշնամու վանդալիզմից փրկելու հարցը: Եվ այդ վտանգը կա ամեն պահի, ինչը մեր թշնամու ձեռագիրն է:

Սակայն ես փորձեցի պարզել հատկապես ա՛յս տեսանյութի իսկությունը: Եվ կապ հաստատեցի Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

Ներկայացնում եմ մեր կարճ զրույցը, որը, կարծում եմ, շատ հարցերի պատասխան է տալիս.

-Հարգելի՛ Մետաքսե, ինչպե՞ս կմեկնաբանեք հիշյալ տեսանյութը: Արդյոք նման տեսանյութերը հենց թշնամու կողմից մշակված սադրանքներ չե՞ն, որպեսզի ալեկոծեն մեր ազգային-հոգևոր դաշտը, թուլացնեն մեր պայքարը:

-Ես միայն առաջին մի քանի վայրկյանը նայեցի: Եվ Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս՝ չնայել նման բաներ: Այսպիսի քարոզչանյութերը հենց նրա համար են արվում, որպեսզի այդ հոգեբանական ճնշումը լինի: Ես անգամ վստահ չեմ, թե այն մյուս կողմից պատասխանողը նույնպես հայ լինի: Մեծ հավանականություն կա, որ խոսափողի մյուս կողմից պատասխանողն էլի թուրք է: Եվ սա դարձյալ մարդկանց շեղելու, համոզելու համար է արվում: Առաջարկում եմ, որպեսզի ընդհանրապես մեր հայրենակիցները չնայեն նման տեսանյութեր ու չընկնեն այս դաշտ:

Միշտ թող ամենքս մեզ հարց տանք. ինչի՞ց է, որ Արցախում հիմա մարդիկ զրկված են լույսից, գազից, բոլոր կենսապայմաններից, բայց կա անխափան ինտերնետ կապ: Եվ հենց իրենք են ամեն ինչ անում, որ ինտերնետն անխափան գործի: Պատճառը մեկն է. նրա համար, որպեսզի այսպիսի «երևույթներից» ինֆորմացված լինենք: Անձամբ ես՝ որպես փորձագետ, հետևում եմ միայն իրենց «պաշտոնական» հայտարարություններին՝ ՄԻՊ, նախագահ, արտգործնախարար և այլն: ՈՒրիշ ոչ մի կողմնակի լրահոսի չեմ հետևում: Նույնն էլ խորհուրդ կտամ բոլորին, որովհետև շատերը նստած միայն «ադրբեջանական» վերլուծաբաններին են լսում ու կարդում: Եվ հենց դա է, որ մարդկանց մոտ կարող է խուճապ առաջացնել, մարդկանց իրականությունից կտրել:

Իսկ մեր իրականությունն Արցախն ապրեցնելու, յուրաքանչյուր արցախցու կյանքի համար պայքարելու հրամայականն է: Եվ մենք պետք է խորամուխ լինենք նաև ողջ մեդիադաշտը մեր ազգասեր, նվիրյալ, իրենց ասպարեզներում լավ մասնագետների վերլուծականներով ողողելու գործում, որպեսզի այդպես կարողանանք պայքարել թշնամու դեմ: Այդ խնդրի ու դիտարկումների հետ համամիտ է նաև արցախցի պատգամավորը, ով այս օրհասական պահին էլ բոլոր հնարավոր լծակներով պայքարում է Արցախում հումանիտար աղետը կանխելու համար:Մեր այս ծանրագույն ժամանակներում թշնամու քարոզչական ծուղակը չընկնելն արցախցի պատգամավորը նույնպես մեր ազգային հրամայականներից մեկն է համարում:

-Մի անընդունելի միտում էլ կա, որին պիտի գնահատական տրվի. Մենք երբեք չենք տեսնի, որ մեր իսկապես պայքարող, ազգանվեր տեսակի մարդկանց գրառումները լայն տարածում գտնեն, ձևավորեն հստակ գաղափարական դաշտ: Արդյոք հենց պատճառներից մեկը սա չէ՞, որ թշնամու կողմից ասպարեզ նետված նման տեսակի քարոզչական նյութերը արագ տեղ են գտնում սոցցանցերի հայկական հարթակներում,-դիմում եմ Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին :

Եվ պատասխանն ավելի քան հստակ է.

-Համաձայն եմ Ձեզ հետ, որովհետև նման վերլուծականներ անում ենք մենք, իմ մասնագետ կոլեգաները: Ստացվում է այնպես, որ ես իմ բոլոր հարցազրույցներում կանխորոշում եմ գալիք իրադարձությունները: Բայց մարդիկ դրանց , ասես, ավելի թերահավատորեն են նայում, քան այս ադրբեջանական «վերլուծությունները»: Ավելի շատ հակված են դա՛ ընդունելու: Չնայած դա էլ իր հիմքերն ունի, ցավոք: Մենք տեսանք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջ մեդիադաշտը՝ և՛ ընդդիմադիր, և՛ իշխանամետ, ճիշտ չաշխատեց:Պատճառը դա է, որ, մարդիկ արդեն հակված են ավելի շատ ադրբեջանական մամուլ լսել ու կարդալ: Եվ նրանք դրանից օգտվում են ու տալիս են այն, ինչ իրենց է պետք: Միանշանակ համամիտ եմ, որ մեդիադաշտը պիտի մեր մասնագետների նյութերով ու վերլուծություններով ողողված լինի: Ցավոք, այս հարթակում էլ լավ դիրքերում չենք:

…Այսպիսի զրույցներից հետևությունը մեկն է. մեր պատերազմը շարունակվում է: Եվ հայի պայքարը պետք է լինի տեղեկատվական դաշտում՝ և հայկական մեդիադաշտում՝ մեր ազգային, հայրենասիրական ազնիվ ուժերին համախմբելու համար, և թե միջազգային հարթակում՝ թշնամու դեմ արժանապատիվ պայքար տանելու համար:Արցախը պիտի ապրի: Այսօր մեզ բազմավեկտոր պայքար է հարկավոր բոլոր հարթակներում, որը տանուլ տալու իրավունքը չունենք:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀԺՄ անդամ

Հ. Գ. Հիշյալ տեսանյութը կտեղադրեմ միայն հղումով, այլ ոչ թե՝ կից, որովհետև մենք պետք է բացառապես Արցախի և մեր ազգային ժառանգության քարոզիչ լինենք, իսկ թշնամու դաշտից եկող ցանկացած երևույթների պարզապես լինենք տեղյակ՝ մեր պայքարը ճիշտ ուղղություններով տանելու համար:

Տեսնել այստեղ և անել համապատասխան հետևություններ՝ https://www.facebook.com/watch/?extid=CL-UNK-UNK-UNK-AN_GK0T-GK1C&mibextid=2Rb1fB&v=954908849062232

Դիտվել է՝ 1934

Մեկնաբանություններ