«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ֆիդանը նոր Թուրքիայի «ճարտարապե՞ տ»

Ֆիդանը նոր Թուրքիայի «ճարտարապե՞ տ»
17.06.2023 | 07:05
Թուրքիայի նախագահի պոստում 2023-ին վերընտրված Էրդողանն արտաքին գործերի նախարարի պորտֆելը վստահեց Հաքան Ֆիդանին: 9-15 հունիս, 2023 թվագրումն ունեցող «Ազգ» օրաթերթում լույս տեսած հրապարակումից է Վլադիմիր Դարբինյանի «Երբ վերընտրված նախագահ Էրդողանը ուզում է ներկայացնել «Նոր Թուրքիա»...» հոդվածը, որը մեջբերում ենք հատվածաբար:
Նյութը մենք առանձնապես ենք կարևորում արտաքին քաղաքականության մեջ ուրվագծվող տեսլականների առումով և այդ շեշտադրմամբ ներկայացնում ընթերցողի ուշադրությանը:
ՖԻԴԱՆԸ ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ «ՃԱՐՏԱՐԱՊԵ՞ Տ»
{...} Այս (նոր) նշանակումը պարզապես բյուրոկրատական փոփոխություն չի նշանակում, սա զգաստության կոչ է բոլոր շահագրգիռ արտաքին կողմերին, ԱՄՆ-ից մինչև Եվրոմիություն, Ռուսաստանից մինչև արտաքին քաղաքականության մեջ խճճված Մերձավոր ու Միջին Արևելք, Չինաստանից մինչև Հնդկաստան:
Հաքան Ֆիդանը ղեկավարում էր Թուրքիայի ազգային հետախուզությունը 2010 թվականից, այդ նշանակումը իրականացրել էին Աբդուլլահ Գյուլը (այն ժամանակ Թուրքիայի նախագահ), Ռ. Թ. Էրդողանը (վարչապետ) և Ահմեդ Դավութօղլուն (արտգործնախարար): Նշանակման պահին Ֆիդանը 42 տարեկան էր: Նա փոխարինեց 2010-ի հունիսի 15-ին հրաժարական տված Էմրե Թաներին, որին մեղադրում էին Ֆեթուլլա Գյուլենի «Ջամաաթ Գյուլեն» կրոնական միաբանության հետ կապի մեջ:
Հաքան Ֆիդանը կրթություն էր ստացել Թուրքիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում, ԱՄՆ-ում, ավարտել է Մերիլենդի համալսարանը (Maryland College), այնուհետ Բիլքենթի համալսարանը (Bilkent University):
Մինչև հետախուզության պետ նշանակվելը ծառայել էր Զինված ուժերում, ՄԱԳԱՏԵ-ում (Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման միջազգային գործակալություն), 2008-2010թթ. զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնը:
Մագիստրոսի աստիճանը ստանձնելիս Ֆիդանը հետաքրքրական թեզ էր պաշտպանել «Հետախուզությունը և արտաքին քաղաքականությունը» թեմայով: Դոկտորական թեզը ավելի հետաքրքրական թեմայով էր` «Տեղեկատվությունների դարաշրջանում միջազգային համաձայնագրերի կատարման հսկողությունը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»:
Հաքան Ֆիդանը մտերմիկ հարաբերություններ ուներ և Դավութօղլուի, և Էրդողանի հետ:
{...} Հետախուզության պետ նշանակվելուց հետո Ֆիդանը ձեռնարկեց կազմակերպության կառուցվածքային փոփոխությունները ըստ ամերիկյան սխեմաների: {...} «MIT»-ը իր կանոնակարգի մեջ մտցրեց նաև որոշակի հակահետախուզական դրույթներ, որոնք նախապես իրականացվում էին այլ իրավապահների կողմից: Այսինքն` նոր «MIT»-ը միաժամանակ գործելու էր ԱՄՆ ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչություն) և ՀԴԲ-ի (Հետաքննությունների դաշնային բյուրո) տեսլականներով:
{...} Իր տեսլականներում Ֆիդանը նշում էր, որ Թուրքիայի հետախուզությունը լուրջ ձախողումներ է ունեցել ի վնաս իր բարեկամների ռուս-վրացական պատերազմը սկսվելուց առաջ, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում... {...} Եվ, իհարկե, ամենակարևորը, նաև մեղադրում էր հետախուզության նախկին ղեկավարներին քուրդ անջատողականների դեմ լրիվ թափով աշխատանք չտանելու մեջ:
{...} ...աշխատանքի էին ընդունվում կադրեր արաբերենի, անգլերենի, ֆարսիի, բուլղարերենի, ռուսերենի, հունարենի, վրացերենի, հայերենի, միջինասիական ժողովուրդների լեզուների իմացությամբ:
{...} ...Հաքան Ֆիդանը շուտով ոչ թե պարզապես լրտեսների ղեկավար էր համարվում, այլ պետական իստաբլիշմենթի առաջատար դեմքերից մեկը:
{...} ...քիչ տարբերություն կա լավ հետախույզի և արհեստավարժ դիվանագետի միջև, երկուսն էլ տեղեկատվություն են ձեռք բերում իրենց պետության ռազմավարական կոնցեպցիաները (տեսլականները) մշակելու համար, երկուսն էլ ձեռք են բերում տեղեկատվության աղբյուրներ, ազդեցության գործակալներ, աշխատում են և գործընկերների ու բարեկամների, և թշնամիների ու հակառակորդների հետ:
{...} Ինչևէ, հետախուզության միաձուլումը քաղաքական ղեկավարության հետ Հաքան Ֆիդանի ղեկավարության ներքո նոր էջ է բացում Թուրքիայի արտաքին քաղաքականության հարթակում:
{...} Հաքան Ֆիդանը կարող է դառնալ Էրդողանի «ժառանգորդը»: Մի բան ակնհայտ է` Հաքան Ֆիդանը կարող է և ամեն ինչ կանի վերջին ժամանակներս ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ստեղծված լարվածությունը վերացնելու համար:


ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 2948

Մեկնաբանություններ