ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Որոշումը պետք է կայացնեն ԱՀ իշխանությունները և արցախցիները

Որոշումը պետք է կայացնեն ԱՀ իշխանությունները և արցախցիները
31.03.2023 | 20:35

Օրերս անդրադարձ էի արել Արցախի, Վաղուհաս գյուղի, «Եղցու կտոր» մատուռի գերեզմանատանը բարձիթողի վիճակում գտնվող խաչքարին:

Հաշվի առնելով թեմայի շուրջ ծավալված բուռն քննարկումները և տարբեր կարծիքները, որոշեցի դիմել մասնագիտական կարծիք ստանալուն, բայց նախ ուզում եմ ներկայացնել մի քանի կարծիք.
Արցախի Վաղուհաս գյուղի բնակիչները կտրուկ դեմ են հուշակոթողը տեղափոխելուն, նաև մեր օրերից ելնելով գյուղի ժողովրդի մոտ կա մտահոգություն, որ հատուկ են ուզում տեղափոխել, որ գյուղը համձնեն (համաձայնեք, որ մտահոգությունը տեղին է):
Արցախցիների մի հատվածի մոտ էլ կա նույն մոտեցումը, որ հուշակոթողը պետք է մնա իր տեղում, ուղղակի բարեկարգվի և դառնա ուխտատեղի, կան նաև այլ տեսակետներ:
Իսկ հիմա ձեր դատին եմ ներկայացնում մասնագիտական երկու մոտեցում.

«2010 թ. հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշ խաչքարագործությունը ընդգրկվեց Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում: Հայտնի է, որ այն սկսել է զարգանալ 9-րդ դարում, սակայն հազվագյուտ են այն խաչքարերը, որոնք ունեն այդ դարաշրջանին պատկանող ճշգրիտ թվական։
Այստեղ ուշագրավ է, այն փաստը, որ հայկական միջավայրում խաչքարի կանգնեցման մասին առաջին գրավոր ապացույցը՝ Մեծարանից Սուրբ Հակոբավանքում պահպանված 853 թվի խաչքարի պատվանդանը և ստեղծման ստույգ թվականը հայտնի ամենահին խաչքարը՝ 866 թ., մեզ է հասել Արցախից: Վերջինս արդեն հայրուրամյակներ ընկած է Վաղուհաս գյուղի «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում, բաց երկնքի տակ, ենթարկվելով բնության քայքայիչ ազդեցությանը:
Հաշվի առնելով այն, որ նշված խաչքարը եզակի մշակութային արժեք է ոչ միայն հայ, այլև համաշխարհային ժառանգության համար, ինչպես նաև գյուղաբնակների համար ունի հոգևոր նշանակություն՝ հատկապես պատերազմական այս իրավիճակում, ապա կարծում եմ, որ դրա պահպանման լավագույն ձևը տեղում կանգնեցնելն է: Բնության քայքայիչ վնասներից զերծ մնալու համար անհրաժեշտ է նաև խաչքարը ապահովել ծածկով, իսկ ուխտավորների հավանական վնասներից զերծ պահելու համար էլ այն անհրաժեշտ է շրջափակել և տեղում դնել մոմակալներ»:

Րաֆֆի ՔՈՐԹՈՇՅԱՆ
ՀՃՈՒ` Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն

«Վաղուհասի 866 թ-ի խաչքարի պահպանության հարցը
Խաչքարը որպես մշակութային ժառանգության բացառիկ տեսակ 2010 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց որպես զուտ հայկական մշկութային արժեք: Ամենահին պահպանված թվագիր խաչքարը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում: Խաչքարը տարիներ շարունակ ընկած է գետնին կողքի վրա և բաց երկնքի տակ գտնվելով շարունակաբար ենթարկվում է բնության քայքայիչ ազդեցություններին: Խաչքարը տեղում կանգնեցնելը ունի բնակչության համար ոգևորիչ և պահապան նշանակություն, սակայն այն կարող է ավելի վատ վտանգի ենթարկվել՝ հավատացյալ այցելուների կողմից մոմ վառել-կպցնելով կմոմոտվի և առավել կվնասվի խաչքարը ճիշտ այնպես, ինչպես վնասվել են Արցախի և Հայաստանի բազմաթիվ խաչքարեր: Հաշվի առնելով այն, որ այս խաչքարը եզակի է ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակութային ժառանգության մեջ, ուստի կարծում եմ, որ այն լավագույնս պահպանելու և հետագա սերունդներին անվնաս փոխանցելու ամենալավ տարբերակը այն Ստեփանակերտում «Արցախի պատմության թանգարան» տեղափոխելն ու այնտեղ ցուցադրելն է համապատասխան պայմաններով: Նման ձևով մինչև այսօր Ստեփանակերտի թանգարանում է պահպանվում և ցուցադրվում Դադիվանքի «Դադի դամբարանից հայտնաբերված փայտե գահը, որը նույնպես բացառիկ է հայ մշակույթի մեջ: Իսկ Վաղուհաս գյուղում առաջարկում եմ ստեղծել խաչքարի կրկնօրինակը և տեղադրել խաչքարի հենց նախնական տեղում՝ գյուղի «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում, որը կլինի գյուղացիների պահապանն ու պարծանքը:
Հետագայում զբոսաշրջային նպատակներով գյուղ այցելուներին կներկայացվի խաչքարը, նշելով որ այն ամենահին թվական ունեցող խաչքարի կրկնօրինակն է, որի բնօրինակը գտնվում է Ստեփանակերտի թանգարանում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՃՈՒ հիմնադրամի ճարտարապետ

Իմ կարծիքով, որոշումը պետք է կայացնեն ԱՀ իշխանությունները և արցախցիները:
Աստված պահապան և օգնական Հայաստանիս, Արցախիս և ամբողջ հայ ժողովուրդիս:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ


Լուսանկարը՝ Մեծարանից Սուրբ Հակոբավանքում պահպանված 853 թվի խաչքարի պատվանդանն է. տրամադրել է Րաֆֆի Քորթոշյանը:

Դիտվել է՝ 3979

Մեկնաբանություններ