ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քաղաքական առևտուր Արցախում

Քաղաքական առևտուր Արցախում
26.02.2023 | 10:37

Արցախի նախագահը հրապարակեց իր որոշումը:
Ինչպես և ենթադրում էինք՝ «բենեֆիսը» Ռուբեն Վարդանյանի պատվին էր:
Որոշումը կար, և այն հրապարակվեց:


Ռուբեն Վարդանյանը նախագահի հրամանով ազատվեց պետական նախարարի պաշտոնից:
Այն տեքստը, որը հնչեցրեց նախագահը՝ աբսուրդի ժանրից էր:
Թե ո՞վ էր գրել նման բովանդակությամբ տեքստ ու տվել ձեռքը, որ կարդա՝ հարցի մի կողմն է:
Իսկ թե ո՞րն էր պաշտոնից ազատման բուն պատճառն ու նպատակը՝ հարց հարցոցն է:
Նախ պետք է հասկանալ՝ այդ որոշումն առհասարակ Արայիկ Հարությունյանի՞նն էր, թե՞ վերջինս պարզապես կամակատար է, որը կատարում է ինչ-որ մեկի կամ ինչ-որ կենտրոնի հրահանգները, ցուցումները, հանձնարարականները, բավարարում կարիքներն ու քմահաճույքները:


Այն, որ Վարդանյանի հեռացման ուլտիմատումը Ալիևինն է՝ ողջ աշխարհն է տեղյակ:
Այն, որ այսօր կատարվեց նրա պահանջը, բավարարվեց նրա ցանկությունը՝ փաստ է:
Թե՛ առաջին, և թե՛ վերջին հայացքից՝ դա այդպես է:
Թեկուզ, եթե նույնիսկ դա այդպես չէ:
Այն, որ Ալիևի առաջ քաշած պայմանը համաձայնեցված, սինխրոնացված է Մոսկվայի հետ՝ խիստ հավանական է:
Այն, որ մինչ որոշում հրապարակելը թե՛ Վարդանյանը, և թե՛ Հարությունյանը Մոսկվայում էին՝ իհարկե պատահական չէր:
Այն, որ նման որոշումը պայմանավորվածությունների արդյունք է, և որ այդ որոշումը Կրեմլում է կայացվել՝ անկասկած է:


Այն, որ Արայիկ Հարությունյանի համար Վարդանյանին հեռացնելու հանգամանքը պետք է պայմանավորեցվեր նոր իրողությունների ու զարգացումների հետ, որտեղ Վարդանյանը այլևս տեղ ու անելիք չունի՝ դա հատուկ ընդգծվեց:
Այն, որ Վարդանյանի համար այս որոշումը բնավ սենսացիա չէր, այն սպասված էր, և ինչ-որ տեղ այսպես էլ պետք է լիներ՝ դա ևս փաստ է:
Այն, որ ռուսական սցենարի տապալում էր սա, Վարդանյանն էլ՝ «օգտագործված ու այսուհետ սպառված, միսիան ավարտած»՝ կարծում են շատերը:
Որ Արցախից Հայաստանի կառավարություն «տրանզիտը» այլևս չի գործում՝ վստահ են շատերը:


Այն, որ ՀՀ իշխող քաղաքական ուժի «ճ» կարգի գործիչներն անգամ օրեր առաջ տեղյակ էին ու անկաշկանդ խոսում էին Վարդանյանին հեռացնելու մասին՝ դա ևս փաստ է:
Այն, որ գործող իշխանությունների համար սա ճիշտ որոշում է, թեկուզ որ այդկերպ կատարվելու է Ալիևի ցանկությունը՝ փաստ է:
Ավելին՝ վերջիններս, ի դեմս չկայացած բարձրաստիճան զինվորականի ու տգետ պատգամավորի, անթաքույց հայտնում են, թե Վարդանյանի հեռացումը ոչ միայն կօգնի Բերձորի միջանցքի բացմանն ու Զանգեզուրի միջանցքի հարցի փակմանը, այլ նաև կլուծի Արցախում իշխանության պառակտվածության հարցը: Որ այդ որոշմամբ նաև կվերանա Հայաստանի ու Արցախի միջև առաջացած սեպը:
Էլ չեմ խոսում Վարդանյանին՝ բացահայտ ու անկաշկանդ, Ռուսաստանից գործուղված, դրածո ու ագենտ անվանելու մասին, և թե ինչպես են ճանապարհում այնտեղ, որտեղից եկել է, պնդում, որ նրա բացակայության դեպքում շատ ավելի լավ է լինելու:


Անկախ բոլոր ձևակերպումներից ու գնահատականներից, կարող ենք դիտարկել նաև այն, որ Ադրբեջանի նպատակը՝ Ռուբեն Վարդանյանի հեռանալը՝ որպես կոնկրետ իր պահանջի կատարում ներկայացնելն է ու դրա հետևանքով Արցախում ներքին երկպառակություն, ներքաղաքական բախումներ հրահրելն ու ներսից ջլատելն է։
Թե ինչ կշահենք Ռուբեն Վարդանյանին ԱՀ պետնախարարի պաշտոնից ազատելով՝ դժվար է ասել:


Բայց որ որոշ ժամանակ անց (ինչպես միշտ՝ ուշացումով) կհամոզվենք այդ որոշման անարդյունավետության մեջ՝ դրանում գրեթե կասկած չկա:
Այն, որ Արցախի ժողովուրդը ոտքի չկանգնեց, չվիճարկեց ու հանրային բողոքի չվերածեց նման որոշումը՝ դա էլ է փաստ:
Փաստորեն՝ Ռուբեն Վարդանյանի հրաժարականն ընդունելի էր Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար:
Եվ սա այն պարագայում, երբ արցախահայությունը վերջինիս տեսնում էր որպես առաջնորդ, հավատարիմ ղեկավար, ժողովրդին հույս ու հավատ ներշնչող նվիրյալի:
Իրական ու արժանի լիդերի՝ որի կարիքն ունի ողջ արցախահայությունը:
Շատերն այն կարծիքին են, որ Արցախն ունի Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց աջակցության ու պաշտպանության կարիքը: Այնպես, ինչպես Արցախն ուներ Լևոն Հայրապետյանի պես մարդու կարիքը։


Իսկ Վարդանյանի՝ պաշտոնանկությունից հետո Արցախում մնալու իր անբեկանելի որոշումը խիստ հարաբերական է:
Չի բացառվում նաև այն, որ սա մի նոր բանի սկիզբն է, նոր քաղաքական պրոցեսի մեկնարկ է:
Հնարավոր է, որ Ռուբեն Վարդանյանի համար նոր քաղաքական հնարավորություն լինի այս ազատումը։


Օրինակ՝ Հայաստանում որպես ընդդիմադիր քաղաքական բևեռ ձևավորելն ու այն առաջնորդելը:
Այնպես որ, առաջիկայում՝ ներքաղաքական ինտրիգների, վառ արտահայտված ամբիցիաների, պաշտոնապաշտման «դողէրոցքների» ու աթոռակռվի ականատեսը կարող ենք դառնալ:
Մի բան ակնհայտ է՝ մեծ խաղ է ընթանում:
Անգամ խաղի մեջ ընդգրկված մարդիկ չեն գիտակցում խաղի կանոններն ու իրենց դերակատարությունը:


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 7990

Մեկնաբանություններ