Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Քննադատել խստորեն, բայց չքարոզել ատելություն

Քննադատել խստորեն, բայց չքարոզել ատելություն
05.02.2023 | 11:02

Լավրովի խոսքերը «հայկական օկուպացիայի» մասին բնավ հաճելի չեն մեզ համար: Դաշնակից երկրի գլխավոր դիվանագետը կարող էր ավելի դիվանագիտորեն արտահայտվել հայկական իրողությունների վերաբերյալ: Բայց և պիտի հասկանալ, թե որն է ռուսական վերնախավի սկսած կոշտախոսության ու խայթոցների պատճառը, թե չէ սխալ եզրահանգումների ջրափոսում կհայտնվենք: Իսկ պատճառը պիտի փնտրել հակառուսական այն տենդի մեջ, որով ներկայումս տապակվում է ՀՀ իշխանությունը:

Լավրովը պատասխանում է «հակառուս» դարձած նիկոլական վարչախմբին ու գործակիցներին, որոնք, ի մասնավորի, ռուսական զինուժի ներկայությունը Հայաստանում արդեն սպառնալիք են համարում հայոց պետականության համար: (Ի դեպ, իսկ սեփականից բացի, այլ ո՞ր զինուժի ներկայությունն է ամրապնդելու մեր պետականությունը. փոքր երկիր ենք, ի վերջո, որևէ հզոր դաշնակցի ներկայության կարիք է լինելու միշտ):

Լավրովը անուղղակի հակադարձում է նիկոլական բախտախնդիրներին: Այո, փոքրոգություն է, ոչ վայել խոշոր ու գլխավոր դաշնակցին: Կրեմլը Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չպետք է արատավորի հայ իշխանավորների հիմար պահվածքի պատճառով: Մեր տարածաշրջանում ՌԴ ռազմաքաղաքական քայլերը մշտապես պետք է լինեն հայամետ՝ դաշնակցային-բարեկամական, անկախ այստեղ գործող իշխանությունների գունավորումից, հատկապես այն իշխանության, որը չի արտացոլում հայ հանրության մեծ մասի կողմնորոշումը: Բայց, ցավոք, արտաքին քաղաքականությունն էլ հաճախ մանրանում ու անձնավորվում է, ինչը հանգեցնում է այս կարգի անախորժությունների:


Պարտավոր ենք Ռուսաստանին շարունակ հիշեցնել, որ մենք պատմական, հոգևոր-մշակութային, տնտեսական ու անձնական ամուր կապերով ենք շաղկապված, և չի կարելի մանրախնդրություն ու փոքրոգություն դրսևորել հարաբերությունների ընդհանուր ծիրում: Մենք պարտավոր ենք մեր դաշնակցին քննադատել ու սթափության հորդոր հղել, բայց ատելություն քարոզել ու թշնամանալ նրա հետ՝ անթույլատրելի է, հղի՝ ողբերգական հետևանքներով: Աչք ու միտք ունեցողը հաստատ տեսնում է դա: Առնվազն հիշել է պետք, որ ներկա պահին Արցախում կանգնած է ռուսական զորքը, և նա առայժմ միակ զսպող ուժն է, որ նոր պատերազմ չսանձազերծվի մեր դեմ: Այս տրամաբնությունից դուրս ցանկացած այլ դիսկուրս և քայլ թեթևաբարո արկածախնդրություն է՝ համազոր թշնամական քայլի:


Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 13636

Մեկնաբանություններ