ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչ ասաց ու ինչի մասին «մի քիչ» չասաց Պուտինը. Արմեն Հակոբյան

Ինչ ասաց ու ինչի մասին «մի քիչ» չասաց Պուտինը. Արմեն Հակոբյան
29.10.2022 | 08:40

Ռուսաստանի նախագահ Վ.Վ.Պուտինի վերջին անդրադարձը Արցախի խնդրին ու Հայաստանի հնարավոր դիրքորոշմանը, առանց իմ նկատելու էլ երևում է, թե ոնց է փոթորկել հայագիր վիրտուալաշենն ու նաև ոչ վիրտուալ խալխին: Սկզբունքորեն, ի՞նչ ասաց Պուտինը այդ մի երեք-չորս րոպեանոց անդրադարձում:


Առաջինը կամ՝ այս պահին հիմնականը. Պուտինն ասաց, որ այս պահին սեղանին (Հայաստանի ու Արցախի մնացորդներից բացի) դրված է երկու տարբերակ.


Ա) «Վաշինգտոնի համաձայնությունը» Նիկոլի ու նրա դոստ ու քիրվա Ալիևի միջև, որը կտրուկ սահմանում է, որ Արցախը, որպես այդպիսին ոչնչացվում է և միանշանակ թողնվում Ադրբեջանին: Պարզ ասած՝ «Արցախը ադրբեջանական է, և՝ վերջ» կամ «ի՞նչ Արցախ, ինչ բան»:


Բ) Կա կամ կարող է լինել «ռուսական տարբերակ», ինչը ենթադրում է սահմանազատում-սահմանագծում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բայց՝ Արցախի յուրահատկությունը, ըստ էության՝ Արցախի հայության հիմնարար իրավունքների երաշխավորմամբ, որոնց շուրջ կարելի է բանակցել, փորձել համաձայնության հասնել Ադրբեջանի հետ, այդ շատ բարդ հարցում:
Հիմա, եթե դիտարկենք, ընտրությունը, այդ դասավորվածության մեջ ցեղասպանական աղետի և վատագույն տարբերակների միջև է: Նկատելի տարբերությունն այն է, որ եթե «Վաշինգտոնի համաձայնությունը» ուղիղ կերպով նախանշում է Արցախի հայության բնաջնջում կամ Արցախի կտրուկ հայաթափում, ապա հավանական «ռուսական տարբերակը» դեռ թեթևակի շնչելու և պայքարելու տեղ թողնում է, գոնե՝ տեսանելի հեռանկարում:
Երկրորդը, ինչի մասին բավականին պարզ խոսեց Վ. Վ. Պուտինը, այն է, որ Ռուսաստանը համաձայն է «խաղաղության» ցանկացած տարբերակի, որին համաձայն են Հայաստանի ժողովուրդը կամ ՀՀ իշխանությունները: Հա, ու որ Ռուսաստանը, այսպես ասենք, Հայաստանի վրա «ճնշելու չունի»: Կարճ ասած. ձեր գլուխ՝ ձեր ցավ, թե որ տարբերակը կընտրեք, Ռուսաստանը պարտադրելու բան չունի:


Երրորդը, ինչը յուրովի հետաքրքիր է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ արտահայտվողը Վ. Վ. Պուտինն է, ով ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ տերություններից մեկի ղեկավարն է ու դիրքավորվում է որպես «Հայաստանի ռազմավարական դաշնակից» ու «Ադրբեջանի ռազմավարական գործընկեր»: Այ, այստեղ հարցեր ծագում են:
Պուտինն ասում է, թե՝ «երկար տարիների ընթացքում հայկական կողմի հետ երկխոսություն էինք վարում և առաջարկում էինք Ղարաբաղի հետ կապված հարցը կարգավորել այսպես...»: Եթե հակիրճ՝ 7 շրջաններից 5-ի վերադարձ ադրբեջանական կողմին, բացառությամբ՝ Քարվաճառի ու Քաշաթաղի... «Բայց հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով, ինչպես հայտնի է, դա հանգեցրեց այն իրավիճակին, որը ձևավորվել է այսօրվա դրությամբ...»,-ասում է Պուտինը:


Հարց. խոսքը «երկար տարիներից» հատկապես ո՞ր տարիների մասին է: Եթե ելակետ ընդունենք Պուտինի՝ Ռուսաստանի ղեկավար դառնալը, ապա այդ ժամանակահատվածում Հայաստանը երեք տարբեր ղեկավարներ և իշխանություններ է ունեցել՝ նախագահ Ռոբերտ Քոչարյան (1998-2008թթ.), նախագահ Սերժ Սարգսյան (2008-2018թթ.) և վարչապետ Նիկոլ (նզովյալ) Փաշինյան (2018-ցմահ):
Ըստ այնմ, եթե Վ. Վ. Պուտինը, խոսելով «երկար տարիների» մասին, նկատի ունի 1998-2018թթ. միջակայքը, ապա ռուսերեն ասած՝ «кривит душой», այն է՝ լիովին անկեղծ չէ կամ՝ ընդհանրապես անկեղծ չէ իր արտահայտություններում:
Բանն այն է, և Պուտինը դա առավել քան հրաշալի գիտե, որ նշված 20 տարվա միջակայքում եղել է Արցախի հիմնախնդրի կարգավորման առնվազն 3 ռեալ հնարավորություն (վերջնական փաստաթուղթ ընդունելու մասին է խոսքը), մասնավորապես, 2001-ին՝ Քի Վեսթում, 2006-ին՝ Ռամբույեում և 2011-ին՝ Կազանում: Ի դեպ, մեկը՝ ԱՄՆ-ում, մյուսը՝ Ֆրանսիայում, երրորդը Թաթարական ինքնավարության մայրաքաղաքում, որը Ռուսաստանի դաշնային կազմավորումներից մեկն է:


Բոլոր երեք դեպքերում միջնորդների բանակցած և նախնական համաձայնության բերված որոշումների ընդունումը տորպեդահարվել է Ադրբեջանի կողմից: Կհիշեք, օրինակ, Կազանում դա կատարվեց ամենավերջին պահին:
Այսինքն՝ հարցն այն չէ, որ ՀՀ իշխանությունները «գնացին իրենց ճանապարհով», այլ այն, որ ոչ առանց Թուրքիայի ուղղորդման, Հեյդար, ապա Իլհամ Ալիևիները վերջին պահին հետ կանգնեցին նման համաձայնության գնալուց:
Մեկ այլ կարևոր պահ է և միարժեք ճշտման կարիք ունի, թե՝ ինչը ինչի դիմաց:
Հայաստանի նախկին ղեկավարները, միջազգային հարթակներում մշտապես շեշտել են համարժեք փոխզիջումների սկզբունքով խնդիրը կարգավորելու պատրաստակամության մասին: Եթե հակիրճ, ապա խոսքը հետևյալ բանաձևի մասին է. «Տարածքների (5 շրջան) վերադարձ Արցախի հայության ինքնորոշման ճանաչման, ՀՀ-ԼՂՀ ցամաքային կապի (Արցախի անկլավայնության վերացման, Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների պահպանում) և անվտանգության միջազգային երաշխիքների»:


Այնպես որ՝ «գնացին իրենց ճանապարհով, ինչը հանգեցրեց այսօրվա իրավիճակին» պուտինյան արտահայտությունը, մեղմ ասած, կեղծ դատողություն է՝ կտրված իրադարձությունների զարգացման միջավայրային ու տրամաբանական կապից:
Իսկ եթե «երկար տարիներ» ասելով Վ. Վ. Պուտինը նկատի ունի 2018 թվականից մինչև մեր օրերը, ապա ինքն ու ԱԴԾ-ն գիտեն, թե ինչ են պայմանավորվել Նիկոլ Վավաևիչի հետ: Ինչ են առաջարկել, ինչ՝ ոչ: Չնայած, Պուտինը, օրինակ, 2020-ին, պատերազմից հետո բացահայտեց, որ՝ ա) «ոչ մի Շուշիի վերադարձի հարց չի եղել, այն ծագել է պատերազմի ընթացքում», բ) ինքն Ալիևի հետ համաձայնության էր հասել հոկտեմբերի 19-ից դադարեցնել պատերազմական գործողությունները, մերժել է Նիկոլ Վավաևիչը...


Կա մեկ այլ հարց, հատկապես «ռազմավարական դաշնակցի» պահով: Չի կարելի մոռանալ, որ անցած տասնամյակների ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինություն է վաճառել: Հանուն ճշմարտության, չի կարելի նաև մոռանալ, որ նույն Ռուսաստանը համարժեք սպառազինումթյուն, զենք-զինեմթերք տրամադրել է նաև Հայաստանին: Բայց ամեն պարագայում, «ռազմավարական դաշնակիցը» չէր կարող չհասկանալ, որ նաև իր միջոցով սպառազինվող Ադրբեջանի նպատակը հավասարակշռությունը խախտելն է: Այնպես չէ, որ Բաքուն չէր կարող Իսրայելից, Թուրքիայից կամ Պակիստանից սպառազինություն գնել, բայց, կներեք, Իսրայելը, Թուրքիան ու առավել ևս՝ Պակիստանը չեն Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը», եթե չասենք, որ նշվածներից երկուսը ուղղակիորեն Հայաստանի թշնամի են:


Մի հարցում Պուտինը լիարժեք իրավացի է. որոշողը Հայաստանի ժողովուրդն է: Բայց հարցն այն է, թե «Հայաստանի ժողովուրդը», հատկապես՝ ոչ նիկոլական զանգվածն ու հականիկոլական դիրքավորվող քաղաքական շրջանակները որքա՞ն վճռական ու նախաձեռնող կլինեն, որպեսզի ձևավորեն իրավիճակ, այլ ոչ թե ծուռվիզ քստքստացնեն` իրադարձությունների պոչի հետևից ընկած: Ու սա ամենից էական հարցն է:

Դիտվել է՝ 13062

Մեկնաբանություններ