ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վարդան Խարազյան. Կարծես թե պետք է գինի խմել

Վարդան Խարազյան. Կարծես թե պետք է գինի խմել
12.04.2022 | 09:56

Ինձ հանդիպած որևէ մարդու մահվան հետ ես երբեք չեմ կարող հաշտվել: Ես անպայման հույս ունեմ մի երկրորդ անգամ դեռ նրան հանդիպել: Նա պարտավոր է կրկին ինձ հանդիպել: Ես նրա հետ հաշիվներ ունեմ չփակված, ես նրան այնքան չասված բառեր ունեմ: Անհնար է, որ մարդը մեռնի, դրվի հողի տակ, ու դրանով ամեն ինչ վերջանա: Դա անհնարին է:

Նրա նկարը մնում է սրտիդ մեջ, և որքան տարիներ են անցնում, նա դառնում է ավելի վառ ու ավելի է ցնցում քեզ: Ես սկսել եմ զարմանալ այնպիսի մարդկանց դեմքերի հայտնությամբ, որոնց հետ առնչվել եմ ընդամենը մեկ րոպե. ասենք, մի բարմեն իննսունական թվերին մոսկովյան ինչ-որ ռեստորանում, վաթսունական թվերի մի տղա Թիֆլիսում, որի հետ գնդակ եմ խաղացել, գոմեշի աչքերով մի աղջնակ, որի հետ մեկ բառ անգամ չեմ փոխանակել, բայց հիշում եմ նրան Դաղեթի իրիկնամուտի հրապարակում, երբ Արշակ պապս, իր ձեռնափայտին կզակը դրած-քարին նստած, սպասում էր իր տասը այծերին: Ես ոչ թե հիշողություններից չեմ կարողանում ազատվել, այլ հենց դեմքերից, մարդկանց դեմքերից. նրանց դեմքերը տանջում են ինձ և հատկապես իրիկունները հարձակվում վրաս:


Այստեղ՝ Հոլիվուդ մի հարևան ունեմ, անունը՝ Էմին. տեսնեմ՝ բերել են դռան տակ մի պակետ են թողել, ցերեկը զանգ տվի, որ ասեմ՝ այտա դուրս արի սիրածիդ բանդերոլը վերցրու, բայց հեռախոսը չվերցրեց: Ասի՝ երևի քնած է էս թուրք շան տղեն, թող ուրեմն քնի: Ինքն իրականում թուրք է, բայց մարդ է, կլասիկ մարդ, հետս կսկսի Քրիստոսի խոսքերից ասել, օրինակ, մի օր ասի՝ Էմին, էլ չեմ խմելու, ասաց. «Տի նիկոգդա նե գովորի տակ, սկաժի՝ կակ Խրիստոս վելել, սեգոդնյա նե պյու, ա զավտռա, եսլի պռոժիվու, դայ Բոգ, նե բուդու պիծ»: Ասի. «Օկեյ, Էմին, զավտռա, դայ Բոգ, նե բուդու պիծ, վոբշե նե բուդու, նո սկուկա բերյոտ»... Իրիկունը եկա տեսնեմ՝ պակետը դեռ դռան առաջ դրված է, զանգեցի, էլի չվերցրեց, անհանգստացա, զանգեցի ու ականջս դռան վրա դրի, տեսնեմ հեռախոսը տանը զնգում է:

Ասի՝ երանի սա մի տեղ գնացած լինի ու բջջայինը մոռացած: Պարզվեց՝ երկու օր մեռած, տանը հատակին ընկած է եղել, իսկ ես երկու օր իրենից փաստորեն մի վեց մետր հեռու բան էի թարգմանում: Ես ինչ իմանամ, գուցե մնչոցով կանչել է, գուցե կես ժամ կամ մի ժամ ընկած կանչել է, բայց ոչ ոք չի լսել, բացի Մեկից, Միակից, ես ինչ իմանամ... Ես վեց մետր հեռու իմ տանը նստած բան եմ թարգմանել, իմ դուռն ու իր դուռը իրար դիմաց են, երկու մետր իրարից բաժանող խավոտ միջանցքով: Մարդը կար ու հանկարծ չկա: Ես ո՞նց համակերպվեմ սրա հետ: Դու կհամակերպվե՞ս: Գուցե մեկը նագանը հանի ու մեզ համակերպությա՞ն հասցնի: Այդ դեպքում, ո՞ւմ է պետք այս կյանքը, երբ մենք կարող ենք մոռանալ մեզ, մեզ մոտ ապրող մարդկանց: Ոչ, ես սրա հետ երբեք չեմ հաշտվի, երբեք: Ես մի տեսակ պարտված եմ, մեկը այլևս չկա իմ կողքին, մեկը... Մի օր մի սևամորթ պատուհանիս տակ տվայտում էր, ասի՝ գնա ուրիշ տեղ լացի, չգնաց, ծեծեցի Էմինի դուռը գիշերվա տասերկուսին, դուրս եկավ, ասի՝ տես այս խելագարը ի՞նչ է ուզում: Էմինը դուրս եկավ, անգլերեն խոսեց, ճամփեց, հետո ինձ ասաց՝ նագան պահիր, ասի՝ բայց ես չեմ կարող մարդ սպանել, ասաց՝ կարող ես, ասի՝ այտա, ես ո՞նց մարդ սպանեմ, ասաց՝ երբեմն պետք է առաջանում, և սպանում ես մի շուն շան որդու: Բերեց իր նագանը ինձ ցույց տվեց, ասաց՝ բռնիր, բռնեցի, ասավ՝ հիմա նշան դիր մի գարշելի արարածի վրա, ով մտել է տունդ ու բռնաբարել կնոջդ... Եվ ես կատաղությամբ քաշեցի շնիկը: Ակամա: Հիմա այդ մարդը չքվեց աշխարհի երեսից... Հեռավոր հարազատներն ասացին՝ այրելու ենք ու մոխիրը օվկիանոսի վրա թափենք, և ես հասկացա, որ դա իսկապես անհետացում է, խորագույն անհետացում, անգտնելիություն: Բայց դեմքը անհնարին է ջնջել: Եվ անհնարին է, որ ես նրան նորից մի օր չպատահեմ: Դա ուղղակի անհնարին է, և այդ անհնարինությունը այն ՄԵԿԻՑ է, Ով վերջին անգամ լսեց թուրք Էմինի ձայնը, երբ նա մեռնում էր ինձնից մի քանի մետր հեռու, երկու պատ ինձնից այն կողմ, երբ ես փաստորեն ինչ-որ բան էի թարգմանում... Ու ընկած մնաց այդպես երկու օր իր տան մեջ, իր սենյակում, մեռած բերանքսիվայր...


Ես դեռ կամ, կենդանի եմ այս գեղեցիկ աշխարհում, բայց թե ե՞րբ ես կընկնեմ, ե՞րբ դու կընկնես, ե՞րբ նա կընկնի՝ կարևոր չէ: Կարևորը ընկնել մի օր ու հավիտյանս չքվել, բայց վերջին շնչում կանչել Նրան, Միակին, եթե հասցնես: Եթե հասցնես: Սա է ամենից կարևորը: Եվ ինձ թվում է, թե Էմինը դա հասցրել է՝ սրտի պայթոցից առաջ կամ հետո:

Դիտվել է՝ 11410

Մեկնաբանություններ