Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմն ընդամենը հետաձգվեց

Ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմն ընդամենը հետաձգվեց
23.02.2022 | 23:55

2022 թվականի 22.02. հիշեք այս ոչ սովորական ու պատմական օրը. Դոնբասում ու նրա շուրջ իրադարձություններն այդ օրը ստացան ինչ-որ առումով այլ և անսպասելի ընթացք: Կանխատեսվում էր, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Արևմուտքի կամ նրանց համատեղ սադրանքի արդյունքում Դոնբասում լայնածավալ պատերազմ կբռնկվի, ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները տեղի բնակչությանը պաշտպանելու նպատակով կմտնեն Դոնբաս ու կսկսվի ռուս- ուկրաինական մեծամասշտաբ պատերազմը:

Իրականում ինչ տեղի ունեցավ…

ԱՄՆ-ի, Արևմուտքի կողմից զինված ու շարունակաբար զինվող ուկրաինական ուժերը, որոնք 22-ից դեռ մի քանի օր առաջ` փետրվարի 17-ից կտրուկ սաստկացրել էին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) դեմ իրականացվող իրենց սադրանքների, հարձակումների շարքը, ընդ որում, նաև արգելված զինատեսակների և ռազմական տեխնիկայի կիրառմամբ, փետրվարի 21-ից Դոնբասի պաշտպաններին և խաղաղ բնակչությանը հարվածներ են հասցրել երկու հանրապետությունների հետ շփման գծի ողջ երկայնքով, փորձելով հատուկջոկատայինների ու դիվերսիոն խմբերի միջոցով ներթափանցել նույնիսկ Ռուսաստանի հետ Դոնբասի սահմանային հատված: Գնալով լարվող իրավիճակը սպառնում էր հաջորդ օրվանից` փետրվարի 22-ից վերածվելու մի կողմից Ուկրաինայի, իսկ մյուս կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի միջև լայնածավալ պատերազմի:


Սակայն, ինչպես արդեն հայտնի է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ի ուշ երեկոյան ժողովրդին ուղղված իր ուղերձում () հայտարարեց Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անհապաղ ճանաչման անհրաժեշտության, այդ կապակցությամբ ընդունված որոշման մասին, այնուհետև ստորագրեց ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն որպես ինքնիշխան պետություններ ճանաչելու հրամանագրերը, բացի այդ, նշված հանրապետությունների ղեկավարների հետ ստորագրեց ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ ՌԴ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրերը:


ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հրամանագրերի 4-րդ կետով Պուտինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարել է ապահովել խաղաղության պահպանումը ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում, ՌԴ Զինված ուժերի միջոցով խաղաղապահ գործառույթներ իրականացնել այնտեղ` նախքան ԴԺՀ -ի և ԼԺՀ-ի հետ համապատասխան համաձայնագրերի ստորագրումն ու վավերացումը:


Փետրվարի 22-ի գիշերը ռուսական խաղաղապահ զորակազմը մտավ Դոնբաս:
Այսպիսով արձանագրենք.
1. Պուտինի կատարած նախաձեռնողական քայլերի շնորհիվ փետրվարի 22-ին Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների միջև լայնամասշտաբ պատերազմ չսկսվեց, այն կանխվեց:
2. Ռուսական զորքը փետրվարի 22-ին, այնուամենայնիվ, մտան ԴԺՀ և ԼԺՀ` տեղի բնակչությանը պաշտպանելու նպատակով:
3. Չնայած Դոնբաս ռուսական զորքի մուտքին, ինչպես նաև Պուտինի և Ռուսաստանի կատարած հետագա քայլերին, Ուկրաինան լայնամասշտաբ պատերազմ չնախաձեռնեց ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի և (կամ) Ռուսաստանի դեմ, ինչը, սակայն, չի նշանակում այդ գաղափարից հրաժարվել: Ուկրաինան պարզապես ժամանակ է վերցրել առավել զինվելու, ԱՄՆ-ից, Արևմուտքից նաև ֆինանսական և այլ բնույթի լրացուցիչ օգնություններ ստանալու, ինչպես նաև Արևմուտքի միմյանց հաջորդող ու հաջորդելիք պատժամիջոցների արդյունքում պատերազմից առաջ Ռուսաստանի առավել թուլացմանը հասնելու նպատակով: Այլ խնդիր է, որ Ռուսաստանը կարող է դա կանխել, իր հերթական նախաձեռնողականությամբ թույլ չտալ…


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 22-ին հայտարարել է, որ Ուկրաինան «ոչ մեկին ոչինչ չի տա», որևէ մեկին չի զիջի իր տարածքները:
«Մենք մեր հողի վրա ենք։ Մենք ոչնչից և ոչ մեկից չենք վախենում։ Մենք ոչ մեկին ոչինչ պարտք չենք: Մենք ոչ մեկին ոչինչ չենք տա: Մենք համոզված ենք դրանում»,- մեկնաբանելով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը, ասել է Զելենսկին ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում, որը հեռարձակվել է «Ռադա» հեռուստաալիքով:
Նախագահը նաև հայտարարել է, որ «ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ Ուկրաինան իրեն իրավունք է վերապահում անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության»։ Զելենսկու խոսքով` այժմ կարևոր է հասկանալ, թե ով է Ուկրաինայի իսկական բարեկամն ու գործընկերը, «և ով կշարունակի բառերով վախեցնել Ռուսաստանի Դաշնությանը»։


«Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության վերջին գործողությունները միանշանակ որակում է որպես մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։ Նշված գործողությունների հետ կապված հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
«Այժմ կարևոր է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես խուսափել պատերազմից և ստիպել Ուկրաինային դադարեցնել Դոնեցկի և Լուգանսկի դեմ հրետակոծություններն ու սադրանքները»,- Զելենսկու վերոնշյալ հայտարարությունից առաջ, ТАСС-ի տեղեկացմամբ, ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված է եղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։


Ռուսաստանը երաշխավորում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անվտանգության ապահովումը. փետրվարի 22-ին հայտարարելով այս մասին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հավելել է` «Կարծում եմ, որ բոլորը դա հասկանում են»…
Նույն օրը Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կարող է խզել Ռուսաստանի հետ իր դիվանագիտական հարաբերությունները, իսկ ՌԴ Պետդուման վավերացրել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրերը` իր լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ հավանություն տալով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրերի վավերացման մասին դաշնային օրենքին։ Նշված պայմանագրերը նույն օրը վավերացրել են նաև ՌԴ Դաշնային խորհուրդը և Վլադիմիր Պուտինը: Դարձյալ նույն օրը` փետրվարի 22-ին, ՌԴ նախագահը Դաշնային խորհրդին խնդրել ու ստացել է արտերկրում ռուսական բանակն օգտագործելու իրավունք:


Այնուհետև, նույն օրվա ընթացքում, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչել է ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն նրանց սահմանադրություններով սահմանված նշված հանրապետությունների սահմաններում, որոնք համընկնում են Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանների հետ։ Նշենք, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքների մի մասն այժմ փաստացի բռնազավթված է Ուկրաինայի կողմից:
«Դե, մենք ակնկալում ենք, սա շեշտում եմ, որ բոլոր վիճելի հարցերը կլուծվեն Կիևի ներկայիս իշխանությունների և այս հանրապետությունների ղեկավարության միջև բանակցությունների ընթացքում»,- ասել է նախագահը։


«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը Ուկրաինային կոչ կանի կամավոր դուրս բերել զորքերը Լուգանսկի շրջանից, հակառակ դեպքում միջոցներ կձեռնարկվեն»,- «Коммерсантъ»-ի տեղեկացմամբ, ասել է ԼԺՀ խորհրդարանի փոխխոսնակ Դմիտրի Խորոշիլովը (կարդալ 12:01-ի տեղեկատվությունը)։


Փետրվարի 22-ի ուշ երեկոյան Զելենսկին ուկրաինական բանակի համալրման համար հայտարարել է պահեստազորայինների զորակոչ, իսկ այսօր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է նաև պլան «Բ»-ի մասին, ըստ որի, Կիևը «կպայքարի յուրաքանչյուր թիզ հողի համար»։ Այսօր Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է ընդունել Ուկրաինայում արտակարգ դրություն սահմանելու մասին, բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի, քանի որ 2014-ից այնտեղ գործում է հատուկ իրավական ռեժիմ: Այսօր հայտնի դարձավ նաև, որ Ուկրաինայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները սկսել են անձնակազմի տարհանումը:


Վերոնշյալ բոլոր տեղեկությունները, ինչպես նաև իրադարձությունների զարգացման այն մանրամասները, որոնք ժամանակի սղության պատճառով հնարավոր չեղավ ներառել սույն հրապարակման մեջ, հիմք են տալիս եզրակացնելու, որ ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմը ոչ թե բացառվել, այլ ընդամենը հետաձգվել է, թերևս, կարճ ժամանակով… Դա կախված կլինի Դոնբասում մարտական գործողությունների հետագա ծավալումից:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 28916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ