«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Դավիթ Սարգսյան. Հանուն նվիրական նպատակի կարելի է անգամ սատանային հանդիպել

Դավիթ Սարգսյան. Հանուն նվիրական նպատակի կարելի է անգամ սատանային հանդիպել
19.02.2022 | 10:22

Ի պաշտպանություն ԱԳՆ-ում օրերս տեղի ունեցած քննարկման հրավիրյալների չէ, որ գրում եմ, այլ ի պաշտպանություն ճշմարտության, հօգուտ՝ հանուն ազգային և պետական անվտանգության պայքարի սկզբունքային այն մոտեցման, ըստ որի գերադասելի է կանխավ հանդիպել բանակցող անձանց և մատնացույց անել այն կարմիր գծերը, որոնց հատումը անթույլատրելի և հղի է անկանխատեսելի և կործանարար հետևանքներով մեր երկրի համար, հուշել, որ դիվանագիտական հարաբերությունների հիմքում պետք է դրված լինի պատմագիտությունը, նաև ուղղորդել՝ պատմական արդարությանը, հասարակական կարծիքին, գիտական մտքին, ազգային շահին հավատարիմ լինելու մասին:

Ոմանք, ցավոք, հետամուտ են մեկ այլ մոտեցման, այն է, սպասել փաստի կայացմանը, դիտորդի դերում հանդես գալ մինչև այն պահը, երբ ճակատագրական սխալները կհաջորդեն մեկը մյուսին պետական վահանակների առջև հայտնված հայ-թուրքական հարաբերությունների «բարերնպաստ» ազդեցության ջատագովների կողմից, որպեսզի ավելի խոցելիորեն թիրախավորեն մեղավորներին: Որքան հասկանում եմ, պտղատու ծառին քար նետողների պակաս չի զգացվում, առողջ ընդդիմության ամրությունը պառակտողների քանակ՝ նույնպես: Ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանն ու Ռուբեն Սաֆրաստյանն այն գիտնականները չեն, որոնց նվիրվածությունն ու պայքարը հանուն ազգային և պետական շահի ապացուցման կարիք ունի:

Հանդիպո՞ւմն է վրդովեցրել ոմանց, քավ լիցի, մի՞թե դուք չեք առնչվել և առնչվում, չեք շփվել և շփվում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հետ: Մի՞թե խռովկան երեխայի կեցվածքն է արդյունավետ՝ բախտորոշ հիմնախնդիրների առերեսվելու հանգամանքներում:
Հայտնի ճշմարտություն է, որ հանուն նվիրական նպատակի, անհրաժեշտության պարագայում, կարելի է անգամ սատանային հանդիպել և ներկայացնել կռվաններ, որոնք անհերքելի են, հետ պահել մեղսագործությունից, հակառակ պարագայում մեղադրանքն առավել քան արդար ու իրավացի կհնչի՝ իսկ որտե՞ղ էին մեր գիտնականները, ինչո՞ւ էին ձեռքերը լվացել և մի կողմ քաշվել, համրացել: Չեմ ցանկանում մանրամասնել և առավել սպառիչ մեկնաբանել ոմանց կողմից հանդիպման մասնակիցների, այսպես կոչված, դատապարտումը համացանցային գրառումներում, որն, ըստ իս, շինծու և արհեստական օրակարգ է:

Ցավալիորեն, հիշեցնում եք Կռիլովի հայտնի առակներից մեկը: Միայն մեկ խորհուրդ կտամ. մի՛ փորձեք ձեր տեսակետը, որը, անկեղծ ասած, բնավ համոզիչ չէ, փաթաթել պայքարի փորձառու անձանց վզին, ովքեր նախընտրում են կանխել աննախադեպ աղետը՝ չսպասելով հետևանքների առաջացմանը և հետո միայն ձեռնամուխ լինելուն դրանց հեղափոխականորեն վերացման պայքարին կամ այդ հրդեհի բոցերի միջից շագանակները հանելուն:

Դիտվել է՝ 6044

Մեկնաբանություններ