ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Մեծ պատերազմից կես քայլ առաջ. խուսափելու հնարավորությունը գնալով նվազում է

Մեծ պատերազմից կես քայլ առաջ. խուսափելու հնարավորությունը գնալով նվազում է
19.02.2022 | 00:05

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը (ԼԺՀ) երեկ հայտարարել է Ուկրաինայի հետ շփման գծում իրավիճակի էական սրման մասին: Լրագրողներին այս մասին տեղեկացրել է ինքնահռչակ ԼԺՀ ժողովրդական միլիցիայի վարչության ղեկավար Յան Լեշչենկոն։

«Վերջին 24 ժամվա ընթացքում մարտական շփմանգծում իրավիճակը զգալիորեն սրվել է,- ասել է նա:-։Հակառակորդը Կիևի ռազմաքաղաքական ղեկավարության անմիջական հրահանգով հակամարտությունը սրելու փորձեր է անում»:


Լեշչենկոն միջազգային դիտորդներին կոչ է արել արձանագրել Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունը և միջոցներ ձեռնարկել արյունահեղությունը կանխելու համար։
Ավելի վաղ Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԼԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել էր, որ փետրվարի 17-ի առավոտյան Ուկրաինայի անվտանգության ուժերը կրակ են բացել հինգ բնակավայրի վրա, օրական չորս անգամ գնդակոծել են իրենց տարածքները «120 և 82 միլիմետրանոց ականանետերից, SPG-9 հաստոցային հակատանկային նռնականետերից, AGS-17 ինքնաձիգ հաստոցային նռնականետերից և խոշոր տրամաչափի գնդացիրներից»:


Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է գրեթե 8 տարի, այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհ է դարձել ավելի քան 13 000 մարդ, մոտ 44 000-ը վիրավորվել է։ Թեև Մինսկի համաձայնագրերով նախատեսված է սահմանադրական բարեփոխում, հրադադարի ռեժիմ և ծանր զինատեսակների դուրսբերում շփման գծից, Ուկրաինայի իշխանություններն այժմ երկրի բանակի կեսը (շուրջ 125 000 զինծառայող) կամ գուցե արդեն ավելին կենտրոնացրել են ԼԺՀ-ի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) հետ շփման գծի մոտ ու պարբերաբար կրակում են աշխարհազորայինների վրա, այդ թվում նաև՝ արգելված զինատեսակների և ռազմական տեխնիկայի (օրինակ` «Բայրաքթար» ԱԹՍ-ների) կիրառմամբ ականանետային ու հրթիռային հարվածներ հասցնում:
Դոնբասում լարվածությունը սրվում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների կողմից, որոնք Ուկրաինային զենք, ռազմական տեխնիկա են մատակարարել ու մատակարարում, տրամադրել նաև ռազմական հրահանգիչներ: Մոսկվան բազմիցս հորդորել է դադարեցնել զենքի մատակարարումը տարածաշրջան, քանի որ դա կարող է Կիևին ռազմական արկածախնդրության դրդել:


Երեկ ավելի ուշ Ուկրաինան և Դոնբասի հանրապետությունները միմյանց մեղադրել են հրետակոծության մեջ: Ինչպես «Donetsk News Agency»-ի վրա հղում կատարելով տեղեկացրել է РБК-ն, Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցչությունը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի արվարձանները գնդակոծելու մասին: Ըստ ներկայացուցչության, Ուկրաինայի ուժայինները Դոնեցկի ուղղությամբ գնդակոծել են Ելենովկա ավանը և Սիգնալնոյե գյուղերը, Գորլովկայի ուղղությամբ՝ Գագարինի և Իզոտովի անվան հանքերի ավանները, Մարիուպոլի ուղղությամբ՝ Պետրովսկոե և Նովոլասպա գյուղերը։ ԴԺՀ-ն հայտարարել է, որ հրետակոծության ժամանակ օգտագործվել են 82 մմ ականանետեր, նռնականետեր և հրետանային զինատեսակներ։
Ուկրաինայի Զինված ուժերն իրենց հերթին հայտարարել են Լուգանսկա գյուղի գնդակոծման մասին։ Ուկրաինական կողմի հաղորդագրության մեջ նշված է, որ երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է, արկերը դիպել են մանկապարտեզին։ Գյուղի կեսը մնացել է առանց էլեկտրականության. Բնակիչները տարհանվել են ապաստարան։
ԴԺՀ-ն հայտնել է, որ կրակ է բացել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ ի պատասխան Դոնբասի շրջանների գնդակոծությունների։


Ուկրաինայի զինված ուժերը հերքել են հրետակոծության մասին տեղեկությունը։ Միացյալ ուժերի գործողության մամուլի ծառայությունը հայտարարել է Դոնբասի հանրապետությունների կողմից հրադադարի ութ խախտման մասին, այդ թվում՝ Մինսկի համաձայնագրի երկու խախտման մասին։
Ըստ ԵԱՀԿ դիտորդական առաքելության տվյալների, փետրվարի 17-ին արձանագրվել է հրադադարի խախտման 591 դեպք։ «Reuters» գործակալության դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ փետրվարի 18-ի օրվա առաջին կեսին արդեն գրանցվել է հրադադարի 80 խախտում։ Ըստ գործակալության աղբյուրի, երեկ սկսված մարտերն ամենամեծն են 2015 թվականից ի վեր։


Ինքնահռչակ հանրապետություններում տարեսկզբից հաղորդում էին ուկրաինական կողմից նախապատրաստվող ռազմական գործողությունների մասին։ ԴԺՀ ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը փետրվարի 14-ին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հանրապետությունների տարածք ներխուժելու ծրագիր են պատրաստել, իսկ Կիևը բազմիցս հերքել է նման լուրերը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ իրավիճակը Դոնբասում, որտեղ «գտնվում է ուկրաինական ուժերի հսկայական պոտենցիալ», լարվում է ու ցանկացած պահի կարող է բռնկվել…։ Ըստ Պեսկովի, վերջին օրերին Դոնբասի շրջանում Կիևի սադրիչ գործողություններն ակտիվացել են։


«Յուրաքանչյուր պահի ռիսկ կա տեղեկատվական հարձակումների ոլորտից անցնելու դրա հետևանքներին, որոնք կառաջացնեն պատերազմի նոր բռնկում մեր սահմանների անմիջական հարևանությամբ»,- զգուշացրել է Պեսկովը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում մենք տեղեկություններ ենք լսում, որ Ռուսաստանը սահմանին հսկայական հարվածային ներուժ է պահպանում, բայց խոսքը գնում է մեր սեփական տարածքների մասին,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։- Սակայն ոչ ոք, արևմտյան ոչ մի ներկայացուցիչ չի խոսում սահմանազատման գծում ուկրաինական զինված ուժերի հարվածային հսկայական ներուժի մասին, և զուգորդված սադրիչ գործողությունների, որոնք վերջին օրվա կամ վերջին օրերի ընթացքում միայն ուժեղացել են, սա շատ ու շատ վտանգավոր իրավիճակ է»:


Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի «ընդդիմախոսները» չեն նկատում Կիևի ագրեսիվ նկրտումները։ Նախօրեին Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մեծ հավանականության մասին: Ավելի վաղ, դեռ փետրվարի 12-ին ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինն էր հայտարարել հանրապետության ուժերի լիարժեք մարտական պատրաստվածության անհրաժեշտության մասին` կապված ուկրաինական կողմից ուժերի կուտակման հետ:


«Reuters»-ի դիվանագիտական աղբյուրը երեկ հայտնել է, որ ԵԱՀԿ-ն «բազմաթիվ հրետակոծություններ» է արձանագրել շփման գծի երկայնքով։ Աղբյուրի համաձայն՝ ԵԱՀԿ-ն երկու կողմերից էլ գնդակոծությունների մասին հաղորդումներ է ստանում։ Միաժամանակ, Ուկրաինայի զինված ուժերի օպերատիվ շտաբը հրաժարվել է «Reuters»-ին մեկնաբանել այս տեղեկությունը։


ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե պաշտոնական Կիևը չի բանակցելու Լուգանսկի և Դոնեցկի չճանաչված հանրապետությունների հետ, այսօր գնահատել է որպես վիրտուալ մերժում է Մինսկի համաձայնագրերից։ Նրա խոսքով` Կիևն այժմ Դոնբասում իրավիճակի լարման փորձեր է անում, 2014 թվականից «մարդկության դեմ հանցագործություններ» է գործում, իսկ Վաշինգտոնն ու Բրյուսելը լռության են մատնում դրանք։ Ուստի, պարզաբանել է Պետդումայի խոսնակը, պատգամավորները, անհանգստացած Դոնբասում բնակվող ՌԴ քաղաքացիների պաշտպանությամբ, կողմ են արտահայտվել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման անհրաժեշտությանը։
«Պատահական չէ, որ Պետդումայի պատգամավորները հանդես են եկել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն որպես ինքնիշխան պետություններ ճանաչելու անհրաժեշտության օգտին,- գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում:- Խաղաղ մարդիկ տառապում են, զոհվում։ Մենք չենք կարող անտարբեր լինել. Մեզ անհանգստացնում է այնտեղ բնակվող Ռուսաստանի քաղաքացիների և հայրենակիցների պաշտպանության հարցը:
ՏԻՄ ընտրությունները, քաղաքական կարգավորումը հարցեր են, որոնք հնարավոր չէ լուծել առանց ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների հետ համաձայնության։ Եթե հակամարտության կողմերը չեն բանակցում, ապա ո՞վ պետք է լուծի այդ խնդիրները։ Զելենսկին, իր իսկ խոսքերով, փաստացի հրաժարվում է մինսկյան պայմանավորվածությունների կատարումից»:


Զելենսկին ավելի վաղ ասել է, որ չի բանակցի չճանաչված հանրապետությունների ղեկավարության հետ, քանի որ, իր կարծիքով, նրանք իրենց գործողությունները համաձայնեցնում են Ռուսաստանի հետ։
ՌԴ Պետդումայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունների գործողությունները 2014թ. պետական հեղաշրջման ժամանակ, Օդեսայի արհմիությունների տանը բռնկված հրդեհը, ինչպես նաև Դոնբասում «պատժիչ գործողությունները» «մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են» և «ցեղասպանություն», որը մասին «լռում է» Արևմուտքը։ Այդ կապակցությամբ Վոլոդինը հիշեցրել է Դոնբասում հայտնաբերված խաղաղ բնակիչների զանգվածային հուղարկավորությունները, ինչի պատճառով Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։Այս հարցում Արևմուտքի դիրքորոշումը նա անվանել է «ջայլամային»:


Նախկինում նման հայտարարություններ են արել մի քանի այլ ռուս պաշտոնյաներ: Մասնավորապես, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը խոսել է ուկրաինական հակամարտությունում Արևմուտքի «ջայլամի» դիրքորոշման մասին, իսկ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հիշեցրել է Դոնբասում զանգվածային հուղարկավորությունների փաստը և նշել է, որ ԱՄՆ իշխանությունները Դոնբասում ռուսների ցեղասպանությունը մերժող իրենց հայտարարություններով ցուցադրում են «պարզունակ և կոպիտ ցինիզմ»։ Այն, ինչ կատարվում է Դոնբասում «ցեղասպանություն» է անվանել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը:


«Եթե խոսենք կոնկրետ Դոնբասի մասին, ռուսական բանակից մի քանի օր կպահանջվի օգնության հասնելու համար»,- «Московский комсомолец»-ի այսօրվա հրապարակման համաձայն, ասել է ԴԺՀ պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովը «Radiotochka NSN Telegram» հեռուստաալիքին տված հարցազրույցում և պնդել, որ շփման գծում իրավիճակի կտրուկ սրումը կարող է վերածվել ինքնահռչակ հանրապետությունների վրա ուկրաինացի զինվորականների լայնամասշտաբ հարձակման:
Դրա հետ միաժամանակ, Ստրելկովը կարծիք է հայտնել, որ այդ մի քանի օրը կուղեկցվի ճանապարհներին կորուստներով ուկրաինական ուժերի հարվածներից: Այդ կապակցությամբ նա առաջարկել է ճանաչել հանրապետությունների անկախությունը և նախօրոք այնտեղ զորքեր ուղարկել, ավելի վաղ տեղակայել` հետագայում, Ուկրաինայի ագրեսիայի ժամանակ անհարկի կորուստներից խուսափելու համար:


«Եթե ռուս զինվորականները պատրաստվում են կռվել միայն Դոնբասի տարածքում, ապա այնտեղ շատ մեծ կորուստներ կունենան»,- կարծիք է հայտնել ԴԺՀ պաշտպանության նախկին նախարարը և այդ կապակցությամբ հայտարարել է, որ ռուսական բանակը պետք է «անտանելի պարտության մատնի Ուկրաինայի զինված ուժերին՝ կորուստներով ոչ միայն Դոնբասում»:
ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինն այսօր, «Коммерсантъ»-ի հրապարակման համաձայն, հայտնել է, որ փետրվարի 18-ից կազմակերպվել է ինքնահռչակ հանրապետության բնակիչների «զանգվածային, կենտրոնացված տարհանում» դեպի Ռուսաստանի տարածք։ Նրա խոսքով՝ տարհանումն իրականացվում է այն պատճառով, որ Ուկրաինայի զինված ուժերը «մարտական կարգերում են և պատրաստ են Դոնբասի ուժային գրավմանը»:


«Իրականում, մեր տեղեկություններով, նրանց ստորաբաժանումները շարված են մարտական կարգերում։ Հրամանը, եթե նրանց դեռ չի տրվել, կտրվի հնարավորինս շուտ։ Մենք այլևս չենք կարող սպասել և վտանգել քաղաքացիական անձանց»,- Telegram-ի իր ալիքում ԴԺՀ-ի ղեկավարի խոսքերն է մեջբերել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Առաջին հերթին պետք է տարհանվեն կանայք, երեխաներն ու տարեցները,- հայտնել է Պուշիլինը։- Թախանձալի խնդրում ենք լսել և ճիշտ որոշում կայացնել։ Ժամանակավոր մեկնումը կպահպանի ձեր և ձեր մերձավորների կյանքն ու առողջությունը։ Ռոստովի մարզում, Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածությունների համաձայն, մեր քաղաքացիներին տեղավորելու վայրերը պատրաստ են։ Տարհանվածներին կտրամադրվի անհրաժեշտ ամեն ինչ։ Բոլոր պայմանները ստեղծվել են անցագրային կետերում արագ անցում կատարելու համար»:


Նույնաբնույթ կոչով հանդես է եկել նաև ԼԺՀ ղեկավարը: Դատելով ամենից, Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման օրը հեռու չէ, դա կարող է լինել ինչպես Դոնբասի վրա Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումից առաջ, այնպես էլ դրանից անմիջապես հետո: Ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ փետրվարի 15-ի համատեղ մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հարցը կապել էր Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետ, ինչից, ի դեպ, Ուկրաինան այսօրվա դրությամբ դեռ հրաժարվում է ու գրեթե բացառված է, որ կատարի հիշյալ պայմանավորվածությունները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր, ՏԱՍՍ-ի հրապարակման համաձայն, Ուկրաինայի իշխանություններին կրկին կոչ է արել նստել Դոնբասի հետ բանակցությունների սեղանի շուրջ:


«Մենք Բելառուսի նախագահի հետ հայտարարել ենք, որ Ուկրաինայում քաղաքացիական խաղաղության վերականգնման և այս երկրի շուրջ լարվածության վերացման բանալին մինսկյան պայմանավորվածությունների իրականացումն է: Կիևին ընդամենը պետք է Դոնբասի ներկայացուցիչների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար միջոցների շուրջ՝ այս հակամարտությունը դադարեցնելու համար»,- ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո և հավելել` «Դա որքան շուտ տեղի ունենա, այնքան լավ»:


«Ցավոք սրտի, հենց հիմա մենք տեսնում ենք ընդհակառակը, իրավիճակի սրում Դոնբասում»,- ասել է ՌԴ նախագահը։
Ուկրաինան, սակայն, ինչպես վերը նշեցինք, հրաժարվել ու հրաժարվում է Մինսկի համաձայնագրերի կատարումից` դրանով իսկ պատերազմը դարձնելով գրեթե անխուսափելի:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 28160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ