ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ընդհանուր ճակատագիր Արևմուտքի ու Ռուսաստանի համար

Ընդհանուր ճակատագիր Արևմուտքի ու Ռուսաստանի համար
10.05.2020 | 11:59

2020-ի գարնանը Covid-19-ի դեմ պայքարը լուրջ հարցեր հարուցեց մեր հասարակությունների կազմակերպվածության և միջազգային հարաբերությունների վերաբերյալ: Միաժամանակ՝ ևս մեկ պատերազմ՝ ռազմական, ամբողջ ուժով վերադառնում է երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակով և առաջարկում է այս բոլոր հարցերին նայել այլ տեսանկյունից՝ L'Opinion-ում գրում են Ալեքսանդրա Կամենսկայան և Ադրիան Պաբստը: Այս տարելիցը մեզ վերադարձնում է այն ժամանակներ, երբ ժողովուրդների միջև եղբայրության ոգին նպաստում էր միլիոնավոր կյանքեր խլած 6 տարվա կոնֆլիկտից հետո հարաբերությունների վերականգնմանը: Դաշնակիցների համատեղ ուժերը, նախևառաջ Սովետական Միության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ազատ Ֆրանսիայի, թույլ տվեցին հաղթել 20-րդ դարի մեծագույն չարիքին՝ նացիզմին, ծնել փոխանակության ու համերաշխության հասարակության գաղափարը միջազգային մասշտաբով: Միջազգային մթնոլորտը փոխվել է, և այսօր էլիտաները Արևմուտքում ու Ռուսաստանում ժողովուրդներին բախում են միմյանց, դիվայնացնում օտարների տեսակետները: Հեռանալով դաշնակցի կերպարից՝ նրանք դարձել են հակառակորդներ, եթե ոչ թշնամիներ: Հաղթանակի 75-ամյակը հատուկ խորհրդանշանական իմաստ է ստանում ռուսական կողմից: Պետք է բոլորին լսելի ազդարարել, որ աննախադեպ զոհաբերության գնով՝ 26 միլիոն մարդ է զոհվել, 10 միլիոն զինվոր, Ռուսաստանն ու խորհրդային նախկին հանրապետությունները վճռական դեր խաղացին նացիզմին հաղթելու մեջ: Սակայն սառը պատերազմի սկզբով, հետո Վլադիմիր Պուտինի հետ տարաձայնությունների պատճառով Արևմուտքում հակված են դա մոռանալ:

Թվերը ինքնին խոսուն են՝ 1945-ին ֆրանսիացիների 57%-ը ԽՍՀՄ-ը համարում էր այն երկիրը, որ ամենից շատ է նպաստել նացիստական Գերմանիանի պարտությանը, 2015-ին ֆրանսիացիների 54%-ը այդ դերը հատկացնում էր՝ ԱՄՆ-ին՝ Ֆրանսիայի Հասարակական կարծիքի ինստիտուտի տվյալներով: Հիշողությունների այս ճակատամարտը վկայում է գաղափարախոսության դերը պատմության հետ մեր հարաբերություններում: Բայց գաղափարախոսությունը թունավորում է և մեր ներկան՝ մեզ մտցնում է վստահության փակուղի ու խոչընդոտում է ժողովուրդների համագործակցությանը՝ միակ միջոցին, որ կարող է դիմակայել համամոլորակային մարտահրավերներին: Կորոնավիրուսի պանդեմիան բոլորիս ակնհայտ դարձրեց՝ մեր հասարակություններում անվտանգությունը բարեկեցությունից բարձր է կանգնած: Եթե այս պահին ինքնամեկուսանալու բնազդը բնական է և ճգնաժամի շրջանում պաշտպանության պահանջարկը պետության կողմից չափազանց բարձր է, ակնհայտ է, որ այսօր մարդիկ ցանկանում են, որ կառավարարությունները կարողանան ոչ միայն կառավարել ու պաշտպանել, այլև համագործակցել միմյանց հետ: Համաճարակից թուլացած ու մասնատված աշխարհում հետպատերազմյան խաղաղության նախագծի մշակութային արմատները մերձեցման նոր ոգու աղբյուր են: Մեր ընդհանուր չափանիշներն ու արժեքները՝ ազատությունը, հավասարությունը, մարդկային անհատականության արժեքավորությունը, 75 տարի հետո կարող են հիմք ծառայել ժողովուրդների համագործության ամրապնդման համար՝ թե Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, թե ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի: Այսօր մենք զրկված ենք մարդկային շփումներից, բայց քաղաքական ղեկավարների ուշադրության կենտրոնում վերջապես հայտնվել է մարդը: Գլոբալ կապիտալիզմի ապահումանիստական ուժերի դեմ հանդիման, որտեղ գերիշխում է շահույթի ու գերիշխանության ձգտումը, Արևմուտքի երկրներն ու Ռուսաստանը մեծ պատասխանատվություն ունեն, որ պահպանեն աշխարհի մոդելը՝ կողմնորոշված դեպի մարդու անհատականությունն ու հիմնված մեր ընդհանուր ճակատագրի վրա:
Ալեքսանդրա Կամենսկայա, Ադրիան Պաբստ, L'Opinion


Հ.Գ. Եթե այսպես մտածեին պետությունների ղեկավարները, ինչքան կհեշտանար կառավարումը: Բայց նրանց խանգարում են ոչ միայն պատմությունն ու հին վիրավորանքները, այլև՝ առևտրատնտեսական, ռազմարդյունաբերական մրցավազքում միմյանցից առաջ անցնելու նպատակադրումը: Միասնության հիմք աշխարհում չկա, կան մրցակցության հնարովի ու իրական պատճառներ: Եվ դա է թե պատերազմների, թե խաղաղության հիմքում, որ գուցե պարադոքսալ է, բայց՝ իրողություն: Լավագույն ժամանակներ երբեք չեն լինում, ոչ մեկի բախտը չի բերում՝ ոչ նրանց, որ ապրում են պատերազմների ժամանակ, ոչ նրանց, որ ապրում են անցումային, ոչ նրանց, որ ապրում են հեղափոխական, կամ հետհեղափոխական ժամանակներում: Պատմությունը չունի դադարներ ու ընթացիկ իրավիճակներ, ամեն ինչ լուրջ է ու ամեն ինչ հանգեցնում է նույն հարցին՝ համագործակցու՞մ եք, թե՞ հակամարտում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ