Հունիսի 1-ին ամփոփվեց Երեւանի ավագ դպրոցներում անցկացված ԴասԱ կրթամշակութային ծրագրի առաջին փուլը։ Հիշեցնենք, որ ԴասԱ-ն անցկացվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ ավագ դպրոցների աշակերտներ։
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ՀՀ դպրոցներում իրականացվում են մշակութային մի շարք ծրագրեր, եւ հաջողվածներից մեկն է ԴասԱ-ն։ «Կարծում եմ՝ ծրագիրը սիրվել է աշակերտների կողմից. մենք արձագանքներ ստանում ենք դպրոցներից՝ տնօրեններից եւ ուսուցիչներից, որոնք մասնակցել են ԴասԱ-ի թե՛ դասախոսական հատվածին, թե՛ համերգներին։ Սա կրթության մատուցման այն ձեւն է, որը ապագայում բնորոշ է լինելու կրթական համակարգին ամբողջ աշխարհով մեկ։ Մենք 21-րդ դարի աշակերտին պետք է կրթությունը մատուցենք նրան հաճելի գործիքներով։ Այս նախագծի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ մեր աշակերտները վաղ տարիքից կարողանան հաղորդակցվել բարձր արժեհամակարգի հետ։ ԴասԱ-ն թույլ է տալիս այնպիսի հնարավորություններ ստեղծել, որպեսզի պատանին ավելի հաճույքով գնա համերգասրահ, եւ իր համար դասական երաժշտությունը հարազատ ու հասկանալի լինի»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ կազմակերպիչների հետ կքննարկեն, թե ինչ խնդիրներ են առաջացել ծրագրի իրականացման ընթացքում, որպեսզի համապատասխան շտկումներ արվեն՝ հետագայում ԴասԱ-ն աշակերտներին է՛լ ավելի հասանելի ու մատչելի դարձնելու համար։
Արայիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ հետագայում ծրագիրն է՛լ ավելի մեծ հաջողություններ կունենա։ Նա նաեւ հիշատակեց այն փաստը, որ միջազգային մամուլը նույնպես հետաքրքրվել այս նախագծով՝ շեշտելով, որ Հայաստանը ստեղծում է այնպիսի պորդուկտներ, որոնք նորություն են ավելի զարգացած կրթական համակարգ եւ ավելի մեծ մշակութային հնարավորություններ ունեցող երկրների համար։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ բոլոր հանդիպումների ժամանակ երեխաներին հղված ուղերձը եղել է այն, որ դասական երաժշտությունը կարող փոխել նրանց կյանքի որակն ու աշխարհայացքը։ Սերգեյ Սմբատյանը կոչ արեց ծրագրին մասնակից աշակերտներին դառնալ դասական երաժշտության տարածողը իրենց շրջապատում։ Նա խոսեց նաեւ հայաստանցի եւ արտասահմանցի անվանի երաժիշտների մասին, որոնք ԴասA-ի շրջանակում դասախոսություն են կարդացել` Ալեքսանդր Ռոմանովսկի, Հովհաննես Չեքիջյան եւ այլք։ Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ հատկապես արտասահմանցի աշխարհահռչակ երաժիշտները, ում հետ հաճախ զրուցում է ԴասԱ-ի մասին, չեն պատկերացնում, որ Հայաստանում իրականացվում է կրթական այնպիսի նախագիծ, որը միտված է երեխաներին տալ գիտելիք՝ դասական երաժշտության մասին:
Հանդիպման ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց տպավորությունները ծրագրի մասին՝ հարցեր ուղղելով նախարարին, դիրիժորին։ 11-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Պետրոսյանը նշեց, որ շատ տարիներ առաջ լսում էր դասական երաժշտություն, եւ ԴասԱ-ն նպաստեց, որպեսզի արթնանա գեղեցիկ երաժշտության իր նախասիրությունը։ «Դուք օգնեցիք ինձ գտնել մարդուն եւ բնությանը կապող օղակը դասական երաժշտությամբ»,- ասաց Թամարա Պետրոսյանը։
ԴասԱ-ն 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում մուտք է գործել Երևանի 35 ավագ դպրոցներ՝ ընդգրկելով 10-12-րդ դասարանների ավելի քան 13500 աշակերտների։ Նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների շրջանում։ Հետադարձ կապը ԴասA-ի մասնակիցների հետ ցույց է տվել, որ ծրագրի արդյունքում ավելի քան 2000 աշակերտ վերադարձել է համերգասրահ: Եվ հաշվի առնելով բազմաթիվ դիմումները մարզային դպրոցներից՝ մայիսի 28-30-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Օտրի տրիո» անսամբլն այցելել է Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի մարզեր՝ հանդիպելով Չարենցավան, Գավառ, Արամվիր, Աշտարակ, Դիլիջան քաղաքների աշակերտների հետ և ներկայացնելով «ԴասA» նախագիծը։ Ի դեպ, ԴասԱ-ի առաջին փուլի ամփոփիչ հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաեւ «Օտրի տրիո» անսամբլը։