Սյունիքի մարզի հեռավոր Բարձրավան գյուղի խնդիրներից ամենամտահոգիչը դպրոցի անմխիթար վիճակն ու դրանում տիրող անառողջ մթնոլորտն է: Դպրոցում սովորում է ընդամենը հինգ աշակերտ՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 10-րդ դասարաններում, դասավանդում է 15 ուսուցիչ: Հեռավոր համայնքի դպրոցում աշխատանքային իրավունքներից անտեղյակությունն ու անձնական շահերով առաջնորդվելը հանգեցրել են անօրինության այդ ուսուցիչներից մեկի նկատմամբ:
Դեռ երեք տարի առաջ Բարձրավանի դպրոցի տնօրեն Էդիկ Հովհաննիսյանը ժամանակավոր ուսուցչի կարգավիճակով 9,25 դասաժամով ՆԱԻՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ընդունում է աշխատանքի որպես ռուսաց լեզու, ֆրանսերեն և քիմիա առարկաների ուսուցչուհի:
Այնուհետև 2016 թ. դպրոցում ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում Նաիրան, հաղթահարելով անցողիկ շեմը, իրավունք է ստանում զբաղեցնելու ուսուցչի օգնականի հաստիքն ու ռուսաց լեզու և ֆրանսերեն առարկաների դասաժամերը՝ 13,25 ընդհանուր դասաժամով, ինչը համարվում է կես դրույքային միավոր: Նաիրան սոցիալական փաթեթի շրջանակներում իրեն հասանելիք հանգստից օգտվելու խնդրանքով դիմում է տնօրենին, սակայն վերջինս պատասխանում է, թե այն ձեռք բերելու համար պետք է նույն ծանրաբեռնվածությամբ աշխատի ևս վեց ամիս: Նաիրա Միքայելյանը նման պատասխան է ստանում նաև Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնից, որտեղ դիմել էր խնդիրը պարզաբանելու ակնկալիքով: Դպրոցի տնօրենը գլխացավանքից ազատվելու նպատակով Նաիրային ազատում է աշխատանքից ուսուցչի օգնականի հաստիքի կրճատման և բանավոր պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ: Նաիրայի հետևողական պայքարի արդյունքում պարզվում է, որ նա համարվում է աշխատանքի մեջ, թեև նրա փոխարեն տնօրենն աշխատանքի էր ընդունել մեկ ուրիշի:
«Տնօրենն ինձ ազատել է աշխատանքից առանց իմ դիմումի, ես դիմում չեմ գրել, ծանուցագրում նշվել է, որ իբրև լուծվել է բանավոր աշխատանքային պայմանագիրը, ինչն անօրինական է, քանի որ նման պայմանագիր գոյություն չունի: ՈՒ՞մ հայտնի չէ, որ պայմանագիրը լինում է գրավոր: Ես դիմել եմ մարզպետարան, որտեղից ինձ պատասխանել են, որ ես հիմա էլ համարվում եմ աշխատանքի մեջ»,- ասում է Նաիրան:
Էդիկ Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում խոստովանեց, որ ուսուցչին աշխատանքից ազատել է բանավոր պայմանագրի լուծման պատճառաբանությամբ, ինչն իր կողմից եղել է սխալ և որի համար մարզպետարանի համապատասխան բաժնից ստացել է նկատողություն:
Նաիրան աշխատանքի վերականգնման հեռանկարով դիմել է Հայաստանի կրթության և գիտության նախարարություն, որտեղից պատասխանել են, որ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Նաիրան չունի մասնագիտական որակավորում:
«Ես ավարտել եմ Գորիսի պետական համալսարանի տարրական կրթություն, մանկավարժություն և մեթոդիկա ֆակուլտետը և նույն բաժնի մագիստրատուրան, ունեմ երկու դիպլոմ մանկավարժի որակավորմամբ: Այս քաշքշուկից եկել եմ այն եզրահանգման, որ իմ դիպլոմների տվյալները մարզպետարանի կրթության բաժնի տվյալների բազայում գրանցված են ոչ թե իմ, այլ մեկ ուրիշի անունով: Դարձյալ դիմել եմ ԿԳ նախարարություն, պատասխանում նշված էր՝ քանի որ խնդիրը դուրս է նախարարության լիազորությունների շրջանակից, ուստի այն հասցեագրվում է ՀՀ ոստիկանությանը, որն էլ իր հերթին գործը հանձնարարում է Գորիսի ոստիկանական բաժնին: Այստեղից ինձ պատասխանում են, թե իրենց հավաքած փաստարկներում հանցագործության տարր չկա: Բայց մի՞թե աշխատանքից անօրինական ազատումը կամ սոցիալական փաթեթի յուրացումն անօրինականություն չէ: Բազմիցս մարզպետարանում հայտարարել եմ, որ իմ դիպլոմների տվյալները գրանցել են այլ անձանց անունով, եթե ես զրպարտում եմ, ինչու՞ ինձ պատասխանատվության չեն ենթարկում օրենքի սահմաններում»:
Երկու տարի ձգձգվող այս խնդրին տեղյակ է եղել նաև նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, սակայն առայսօր 29-ամյա Նարինե Միքայելյանի գործի հանգուցալուծումը տեսանելի չէ: Այնուհանդերձ, նա համոզված է, որ իր ոտնահարված աշխատանքային իրավունքը կվերականգնվի: Նարինեն նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, մեծ հույսեր է կապում նաև Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի հետ: Անհասկանալի է դպրոցի տնօրենի և մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուների վերաբերմունքը երիտասարդ մասնագետի հանդեպ, որը, ի տարբերություն Գորիսից եկող մանկավարժների, ապրում է Բարձրավանում:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ